Home / Canadahye  / Հրդեհի պատճառով բնակարանից զրկված ամուսինները նոր տուն ու մեծ ընտանիք են գտել Մոնրեալի տարեցների տանը. 126 տարեց սպասում է իր հերթին

Հրդեհի պատճառով բնակարանից զրկված ամուսինները նոր տուն ու մեծ ընտանիք են գտել Մոնրեալի տարեցների տանը. 126 տարեց սպասում է իր հերթին

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Եգիպտոսից, Սիրիայից, Հայաստանից կամ որևէ այլ երկրից տարեց հայրենակիցները ապրում են մեկ հարկի տակ, նույն հոգատար խնամակալության պայմաններում: Հանգամանքները, որոնց հետևանքով նրանք հայտնվում են տարեցների տանը, տարբեր են, բայց ամեն ինչ մնում է անցյալում, երբ նրանց հաջողվում է բնակություն հաստատել «Արարատ բնակարաններում»:

 

ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Նույնը պատահեց նաև 75-ամյա Ժակլին Առաքելյանի հետ, ով Habitations Ararat-ում է ապրում իր ամուսնու հետ դժբախտ պատահարից հետո, երբ կրակի բաժին դարձավ իրենց տունը: Կորցնելով այն՝ ավելի մեծ տուն գտան ու նաև մեծ ընտանիք, պատմում է տիկին Ժակլինը:

 

Չեմ ուզեր բաժնվիլ, շատ աղվոր բաներ ունինք

 

«4 տարի առաջ արկած մը պատահեցավ, տուներնիս այրեցավ, և ստիպվեցանք այս շենքը գալ,  աննման շենք մըն է, շատ հաճելի է, ընտանիքի պես է, ճաշի ժամանակ կիջնենք, կուրախանանք, կխնդանք, չեմ ուզեր սենյակս երթալ: Չեմ ուզեր բաժնվիլ, շատ աղվոր բաներ ունինք, վաղը և մյուս օրը թատրոն ունինք, մարզանք ունինք, շաբաթը երեք անգամ մարզանք կընենք, սինեմա ունինք»,-թվարկում է տիկին Ժակլինը:

 

Ժակլին Առաքելյանը նախկին եգիպտահայ է, ով ամուսնացել և հարս է գնացել Սիրիա՝ Դամասկոս, իսկ 1990-ականներին, երբ որդիների զորակոչման տարիքն էր հասնում, իսկ երկիրը գտնվում էր պատերազմական վիճակում, ստիպված եղան հեռանալ, ընտրեցին Կանադան, որտեղ հարազատներ ունեին:

 

Քույրս հոս էր, երաշխավորեց և եկանք հոս

 

«Մեծ տղաս՝ Ռուբենը Հայաստան կուսաներ, 7 տարի ուսանեց, իսկ մենք 1990-ին տեղափոխվեցանք Կանադա, աղվոր քաղաք է, բոլորին համար պայմաններ կապահովե, իսկ տարիքովներուն և պստիկներուն՝ մասնավորաբար: Քույրս հոս էր, երաշխավորեց և եկանք հոս»,-ասում է նախկին եգիպտահայը:

 

Բան մը պետքություն չունինք, ամեն բան կա

 

Երկար տարիներ աշխատեցին, այսօր զավակներն իրենց ընտանիքներն ունեն, իրենք էլ իրենց կյանքը պատկերացնում են միայն «Արարատ բնակարաններ»,-ում, որտեղ իրենց երկսենյականոց տարածքն ունեն, «Հոս ամեն մեկն իր տունն ու գործերն ունին, մենք էլ այս շենքի մեջն ենք, որ ուրիշ տեղի հետ չենք բաղդադեր: Բան մը պետքություն չունինք, ամեն բան կա»,-պատմում է կինը:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Նրան, ինչպես աշխարհի տարբեր ծայրերից Կանադայում ապաստանած մյուս հայերին, առավել գրավում է հայկական միջավայրը, որն ապահովված է, իսկ Հայաստանը երազ է, որտեղ կյանքում երկու անգամ է եղել, բայց ապրել չի կարող, քանի դեռ իր զավակները նման որոշում չունեն:

 

Միտքս էր Հայաստան հողի վրա իջնալ, ան էր իմ ուզածս

 

«Մեկ 46 տարի առաջ եմ այցելել Հայաստան, հորաքույրս հոն էր, Հալեպեն գացած էր, երկրորդ անգամ 7 տարի առաջ, եկեղեցին կազմակերպած էր պտույտ մը, գնացինք, որ տեսնեմ ընտանիքը: Իմին փափագս պարզապես Հայաստան տեսնալն էր, ոչ թե նայելու համար, թե ինչ ձևով առաջ գացած է, հարստացած է, այլ միտքս էր Հայաստան հողի վրա իջնալ, ան էր իմ ուզածս, աղվոր պտտեցանք»,-ասում է մոնրեալաբնակ հայը:

 

ՀԵՐԹԱԳՐՎԱԾ 126 ՏԱՐԵՑ

Մարալ Մովսեսյանը, ով «Արարատ բնակարաններ»-ի պատասխանատու աշխատակիցներից է, քարտուղարուհին, ամեն օր տասնյակ դիմումատուների հետ է աշխատում: 74 հարկաբաժիններն զբաղված են, իսկ 126 տարեցներ էլ հերթագրված՝ սպասում են այստեղ տեղափոխվելու իրենց հերթին: Պատճառը ոչ թե այն է, որ նրանք ապրելու տեղ չունեն, այլ այս միջավայրի հարմարավետությունն ու առավել ևս ապահովությունը:

 

Կուգան, որ անպաշտպան չմնան, մեր շենքը ապահով է միշտ, տարիքի մը ավելի ապահով տեղ կուզեն նստիլ

 

«Չեն ուզեր, որ մենակ ապրին, ակտիվիստներ ունենք, միջոցառումներ կընենք, մարզանքին համար, թատրոն, ամեն տեղ, կուգան, որ անպաշտպան չմնան, մեր շենքը ապահով է միշտ, տարիքի մը ավելի ապահով տեղ կուզեն նստիլ: Ամենաշատը ապահով է, ու հայկական տեղ է, անոր համար կու գան»,-պատմում է տիկին Մարալը:

 

Անդրադառնալով «Արարատ բնակարաններ» տեղափոխվողների տարիքին՝ ասում է. «Եթե 60 կամ 70 ըլլաս, հետո կրնաս գալ հոստեղ, իրավունք չունինք ավելի շուտ ընդունել, որովհետև մեծահասակները մեծ տունի մեջ չեն ուզիլ նստիլ, իսկ հոս մանավանդ հայ ժողովրդին հետ կըլլան»,-կարևորում է կառույցի քարտուղարուհին:

 

Վստահեցնում է, որ հայկական այս մեծ ընտանիքում տարեցները հարազատի կամ ընտանիքի բացակայություն չեն զգում, նրանք, ովքեր թոռներ ու զավակներ ունեն, հաճախ են հյուրեր ընդունում, իսկ ովքեր չունեն, այս նոր ընտանիքն է լրացնում նրան պակասը: