Home / Canadahye  / Կանադաբնակ գեղանկարիչ Արեգ Էլիբեկյանը ձգտում է ներդրում ունենալ հայրենիքում արվեստի զարգացման գործում և կարծում է, որ Հայաստանը չի կարող մեծ թվով արվեստագետներ կերակրել

Կանադաբնակ գեղանկարիչ Արեգ Էլիբեկյանը ձգտում է ներդրում ունենալ հայրենիքում արվեստի զարգացման գործում և կարծում է, որ Հայաստանը չի կարող մեծ թվով արվեստագետներ կերակրել

 

Մոնրեալ (Նորանոր) _ Բնությունն է Արեգ Էլիբեկյանի ներշնչանքը՝ իր բոլոր նրբերանգներով, մի մարդու, ով երրորդ սերնդի ներկայացուցիչն է Էլիբեկյանների հայտնի տոհմի, շարունակողը վաստակավոր գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի ազատ ու անկաշկանդ գեղանկարչական արվեստի: Արեգ Էլիբեկյանի ստեղծագործությունների վերջին ցուցադրությունը տեղի ունեցավ վերջերս՝ Համազգային հայ կրթական ու մշակութային միության Սանահին մասնաճյուղի նախաձեռնությամբ:

 

Սա մոնրեալաբնակ գեղանկարչի բազմաթիվ ցուցահանդեսներից մեկն էր, որն արտահայտում էր բնության նկատմամբ մարդու սերն ու պաշտամունքը: Noranor.ca-ին տված հարցազրույցում երկար տարիներ Կանադայում բնակվող արվեստագետը պատմում է իր ստեղծագործական ուղու, ձեռքբերումների, սփյուռքում հայ ստեղծագործողների դերի և հայրենիքում անհրաժեշտ քայլերի մասին:

 

ԼՐՋԱԳՈՒՅՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ

«Շուրջ մեկ տարի է, որ Համազգայինի մշակութային միության կողմից կազմակերպվում էր,  անհատական մեծ ցուցահանդես էր, լրջագույն ստուգատես էր, քանի որ ես իմ աշխատանքներս պետք է տեսնեի, հանդես գայի հանրության առջև՝ «Կյանքի գույներ»  խորագրով: Խորագիրը պատահական չէր. երկու տարի առաջ իմ մասին մի պատկերազարդ գիրք տպագրվեց, հեղինակը ցոիցահանդեսին և գրքին այդ խորագիրն էր տվել, և ընտրեցի դա, քանի որ այդ կոնցեպտը արված էր»,-պատմում է Արեգ Էլիբեկյանը:

 

Կարճ դադար, ու գեղանկարիչը կշարունակի բնությունը նրբորեն փոխանցել կտավին՝ դրանում արտացոլելով ոչ միայն գույներ ու պատկերներ, այլև զգացմունքներ: Իսկ հայ նկարչի աշխատանքներում դրանք անպակաս են, որքան էլ, խոստովանում է, որ Կանադայում բնակվելու տարիներին կրել է երկրի ազդեցությունները:

 

Այս երկիրը, իր բնությունն ու միջավայրը ազդել են նկարչությանս վրա, իմ աշխատանքներից էլ է երևում, քանի որ բնապաշտ եմ

 

«Միշտ փնտրտուքի մեջ եմ, արվեստագետների ձգոտւմն է միշտ դեպի ավելի լավը, ավելի խորանալը: Չեմ կարող ժխտել, որ այս երկիրը, իր բնությունն ու միջավայրը ազդել են նկարչությանս վրա, իմ աշխատանքներից էլ է երևում, քանի որ բնապաշտ եմ, բայց դա չի նշանակում, որ ես իմ երկրից կտրված եմ, կամ իմ արվեստի մեջ չկա հայկականությունը, կան ազդեցություններ, բայց ազգությունս պահել եմ, օտարներն էլ գիտեն, մեր լավագույն պատկերասրահներից մեկում ցուցադրվում եմ, մասնակցում եմ այլ ցուցահանդեսների»,-նշում է գեղանկարիչը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՆԲԱԺԱՆ

Հայաստանից կտրված չէ ոչ միայն իր արվեստով, այլև ֆիզիկապես, Կանադայում ապրելով՝ պարբերաբար այցելում է հայրենիք՝ հարազատներին, հաղորդակցվում հայրիկի, այլ արվեստագետների հետ, ծանոթանում նորություններին, ստանում ներշնչանքի չափաբաժինն ու վերադառնում Կանադա: Պատմում է.

 

Ես միշտ գնացել եմ ու այդ սնունդը հայրենիքից ստացել եմ, բայց Հայաստանն ու Կանադան տարբեր բևեռներում են

 

«Իհարկե, հայրենիքից հեռու լինելը դժվար է, բայց ես բախտավոր եմ եղել, որ գրեթե ամեն տարի կամ երկու տարին մեկ անգամ շրջել եմ Հայաստանում, աշխատել եմ, կապս չեմ կտրել, մարդիկ կան, որ գնացել են ու չեն վերադարձել, բայց ես միշտ գնացել եմ ու այդ սնունդը հայրենիքից ստացել եմ, բայց Հայաստանն ու Կանադան տարբեր բևեռներում են»:

 

Տարբեր բևեռներում, բայց լրացնում են իրար, Կանադան տարիներ առաջ Արեգ Էլիբեկյանին ընդունեց հարազատի նման, տվեց դրսևորվելու լայն հնարավորություններ, ոչ միայն ստեղծագործում է, այլև դասավանդում, իսկ սփյուռքում հայ արվեստագետների դերը կարևորում է:

 

Ներկայանում ենք որպես հայ, բայց հանդես ենք գալիս նաև որպես կանադացի

 

«Սփյուռքում հայ արվեստագետները՝ բոլոր ասպարեզներից, հայ ազգն ու մշակույթն են ներկայացնում, Կանադայում ունենք բարձրորակ արվեստագետներ, կինոյի, երաժշտության քանդակի ոլորտում, ունենք կայացած արվեստագետներ, իհարկե ներկայանում ենք որպես հայ, բայց հանդես ենք գալիս նաև որպես կանադացի»,-պատմում է Մոնրեալի քաղաքապետարանի մշակույթի տանը, ինչպես նաև Մոնրեալի գեղեցիկ արվեստի թանգարանում դասավանդող հայ արվեստագետը:

 

Բազմազբաղ գեղանկարիչը այսքանով չի սահմանափակվում. Մտադիր է ընդլայնել գործունեությունը՝ նաև Հայաստանում իր հնարավորությունների չափով ներդրում կատարել: Ներկայացնում է, թե ինչպես.

 

Իմ ցանկությունն է գնալ, իմ ներդրումն անել

«Հայրս ուզում է երեխաների համար մեծ կենտրոն բացել, որտեղ դասեր պիտի տրվեն, իմ ցանկությունն է գնալ, իմ ներդրումն անել, քանի որ մեծ փորձ ունեմ, աշխատել պարզապես»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանում գեղարվեստի զարգացման մեծ դաշտ կա, կարծում է կանադաբնակ հայ նկարիչը: Արվեստագետների մեծ մասը արտասահմանում է ստեղծագործում, իսկ բոլորի Հայաստան վերադառնալը Արեգ Էլիբեկյանը իրատեսական չի համարում՝ ասելով.

 

Բնական է, որ արվեստագետներն էլ են դուրս գալիս, նորմալ է, կարևորը որ չկտրվեն հայրենիքից, չմոռանան ակունքները

 

«Հայաստանը իր բնակչության, տնտեսության փոքրության պատճառով չի կարող այդքան արվեստագետ կերակրել, դրա համար բնական է, որ արվեստագետներն էլ են դուրս գալիս, նորմալ է, կարևորը որ չկտրվեն հայրենիքից, չմոռանան ակունքները»:

 

Իսկ արվեստի նկատմամբ պետությունը պետք է դիրքորոշում ունենա, իրականացնի ծրագրեր, հովանավորի դրանք, այդ դեպքում ստեղծագործող անձն էլ իրեն լիարժեք կզգա, իսկ սոցիալական խնդիրները միայն Հայաստանին չէ, որ բնորոշ են, նշում է. «Կարծում եմ, որ աջակցություն պիտի լինի, որպեսզի այն վիճակը չլինի, որ արվեստագետը չիմանա ինչպես հաց հայթայթի, բայց բոլոր տեղերում է դա բնորոշ, չի նշանակում, որ արևմուտքում դա հեշտությամբ է ստացվում, մի կողմից աշխատում են, մյուս կողմից այլ գործով զբաղվում»: