Home / Canadahye  / Կանադա մեկնելու նպատակով միգրացիոն կենտրոն դիմողների թիվը վերջին 4 ամսում նվազել է. Երևանի գրասենյակի տնօրեն Լուսինե Միրզոյան

Կանադա մեկնելու նպատակով միգրացիոն կենտրոն դիմողների թիվը վերջին 4 ամսում նվազել է. Երևանի գրասենյակի տնօրեն Լուսինե Միրզոյան

 

Երևան (Նորանոր) _ Ընթացիկ տարում մոտ 10, իսկ անցյալ տարվա ընթացքում 13 հայ ընտանիքներ Երևանում գործող Կանադայի միգրացիոն ծառայության գրասենյակի միջոցով մեկնել են Հյուսիսային Ամերիկա: Բայց դիմողների ու հետաքրքրվողների թիվը մի քանի անգամ ավելին է, գրասենյակի տնօրեն Լուսինե Միրզոյանը Noranor.ca-ի հետ զրույցում պատմում է, թե եղել է ժամանակաշրջան, երբ ամսական 60 քաղաքացի է դիմել, թեև, իհարկե, ոչ բոլորն են հնարավորություն ստացել օգտվել որևէ ծրագրից:

 

Գրասենյակի տնօրենը խոսել է Կանադայի ներգաղթի ծրագրերի բոլոր մանրամասներից, ներկայացրել, թե ինչպես կարող են քաղաքացիները դիմել, ինչ պահանջներ են ներկայացնում Կանադայի իշխանությունները, որքանով են համապատասխանում, անդրադարձել է նաև հարցին, թե արդյոք իր գործունեությամբ արդեն 11 տարի գործող գրասենյակը չի նպաստում միգրացիային:

 

ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Այն աշխատանքը, որ կատարում են, միտված է օգնել այն հայ քաղաքացիներին, ովքեր արդեն իսկ տրամադրված են հաստատվել այլ երկրում: Որպեսզի ստիպված չլինեն դա կատարել անօրինական եղանակով, միգրացիոն կենտրոնը ցանկացողներին բացատրում է գործող  բոլոր օրինական ծրագրերը: Հենց այդ նպատակով էր, Լուսինեի վստահեցմամբ, տարիներ առաջ բացվեց կենտրոնը:

 

Գնում էին Եւրոպա, հանձնվում էին, հսկայական գումարներ էին ծախսում

 

«Քանի որ շատ մարդիկ որոշում էին երկրից գնալ անօրինական տարբերակով, որոշեցինք իրավաբանական աջակցության գրասենյակ բացել ու օգնել մարդկանց օրինական տարբերակով դիմել այս կամ այն ծրագրին, որովհետև հիմնականում տուրիստական արտոնագրերով գնում էին Եւրոպա, հանձնվում էին, հսկայական գումարներ էին ծախսում և այդպես էլ չէին կարողանում տվյալ երկրի քաղաքացիություն ձեռք բերել, շատերն էլ արտաքսվում: Եթե կա տարբերակ, մարդկանց հենց առաջին իսկ օրվանից օրինական կացության և աշխատանքի իրավունքով օգնել մուտք գործել Կանադա, ինչո՞ւ ընտրել փախստականի ուղին»,-ասում է Լուսինե Միրզոյանը՝ հավելելով, որ ընդամենը երեք տարի ապրելով Կանադայում՝ մարդիկ կարող են ստանալ Կանադայի քաղաքացիություն և վերադառնալ հայրենիք։

 

Իսկ հայրենակիցներին աջակցելը չի նշանակում, որ իրենք պակաս հայրենասեր են ու նպաստում են արտագաղթին, կարծում է.

 

Եթե մարդ  որոշել է իր կյանքը այլ երկրում կառուցել, մենք օգնենք, թե ոչ, ամեն ձև կգնա, կհասնի

 

«Ամեն մարդ ինքն է որոշում՝ որտեղ կառուցի իր ապագան, ես մտածում եմ, որ եթե մարդ  որոշել է իր կյանքը այլ երկրում զրոյից սկսել, կերտել ապագան լրիվ նոր եկրում, մենք օգնենք, թե ոչ, ամեն կերպ կգնա, կհասնի իր երազանքին: Շատերս ենք լսել, թե ինչպես են անօրինական կերպով մարդիկ փախչում ԱՄՆ Մեքսիկայի միջոցով։ Գնում հանձնվում են, տասնյակ հազարավոր դոլարներ ծախսում փաստաբանների վրա, վերջում արտաքսվում երկրից։ Այսինքն՝ եթե տվյալ քաղաքացին ուզում է գնալ, չի նայի՝ կօգնե՞նք, թե՞ ոչ: Կան նաև մարդիկ, որոնց նպատակն է ուղղակի ստանալ երկքաղաքացիություն, որ որոշ ժամանակ ապրեն Հայաստանում, որոշ ժամանակ՝ այնտեղ։ Այսինքն՝ դա հնարավորություն կտա իրենց և երեխաներին ստանալ լավ կրթություն Կանադայում, օգտվել կրթաթոշակներից, անվճար բժշկություն ստանալ, բոլորս էլ սիրում ենք մեր հայրենիքը, բայց եթե կա այլ տարբերակ, պետք է տվյալ շանսից օգտվել, մենք ոչ մեկին չենք ստիպում դիմել մեզ, մարդիկ իրենք մեզ գտնում են, գալիս դիմում են, որ իրենց գործը կազմակերպենք, մեծ սիրով օգնում ենք»:

 

 

ԿԱՆԱԴԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Իսկ դիմում են ամենատարբեր ծրագրերով՝ սկսած մշտական բնակությունից մինչև ուսանողական, տուրիստական և այլն: Նախ գնահատվում է դիմորդների հնարավորությունները, ապա առաջարկվում ծրագիրը, իսկ դրանք միայն պետական ծրագրեր են՝ Կանադայի կառավարության առաջարկությամբ:

 

Այնտեղ ունենք ծառայություն, դիմավորում, նաև օգնում են աշխատանքի հարցով, հայկական համայնքները մեծ են

 

«Համագործակցում ենք բազմաթիվ փաստաբանների հետ, այնտեղի լիցենզավորված մասնագետների հետ ու օգնում ենք ոչ միայն վիզայի հարցով, այնտեղ ունենք ծառայություն, դիմավորում, նաև շատ դեպքերում օգնում են աշխատանքի հարցով։ Տորոնտոյում և Մոնրեալում մեծ հայկական համայնքներ կան, և քանի որ շատ մարդիկ ենք ուղարկել, հարյուրավոր ընտանիքներ, նաև օգնում ենք կապ հաստատել միմյանց հետ, օգնել միմյանց տարբեր հարցերով, ու հայերով շփումը շատ ջերմ է լինում»,-ներկայացնում է գրասենյակի տնօրենը:

 

Հիմա Կանադան բարդացրել է, պետք են որակավորված մասնագետներ տարածքները վերաբնակեցնելու համար

 

Անդրադառնալով պահանջներին՝ Լուսինե Միրզոյանը նշում է, որ տարիների ընթացքում դրանք փոխվել են, զուգահեռ փոխվել է նաև դիմորդների թիվն ու կրթական որակը: Օրինակներ է բերում՝ նշելով. «Տարիներ առաջ ավելի հեշտ էր դիմելը, թե՛ քննություն հանձնելը, թե՛ ծրագրերը: Հիմա բարդացել է, ու ոչ բոլորն են համապատասխանում պահանջներին, այսինքն՝ լեզուների իմացություն, բարձրագույն կրթություն, աշխատանքային փորձ… Սրանք հիմնական պահանջներն են, իսկ նախկինում եղել են խոհարարության, մաքրության, շինարարության, ոսկերչության հետ կապված ծրագրեր, որոնց դեպքում բարձրագույն կրթությսւն չի պահանջվել, բայց հիմա Կանադան բարդացրել է, պետք են որակավորված մասնագետներ տարածքները վերաբնակեցնելու համար, ու մինչև 2020 թ-ը բավականաչափ մեծ թվով միգրանտներ պետք է ընդունեն»:

 

ՈՎՔԵ՞Ր ԵՎ ԻՆՉՈ՞Ւ

Պահանջների բարդացմանը զուգահեռ, չի հերքում, պակասել է դիմորդների թիվը, բայց առավել ևս ընթացիկ տարվա վերջին ամիսներին է դիմորդների թվի անկում նկատել, ասում է. «Մոտ 3-4 ամիս է՝ նվազել է դիմորդների քանակը, նկատելի է, որ երկրում տեղի ունեցող փոփոխություններն էլ են ազդել միգրացիոն տրամադրություններ ունեցող անձանց որոշումների վրա»։ Իսկ թե ովքեր են դիմում, Լուսինեն ասում է, որ հիմնականում երիտասարդներն են ձգտում նոր միջավայրում հաստատվել, կարիերա անել դրսում և գուցե վերադառնալ, ինչու ոչ։

 

Շատերը կան, որ ուզում են գնալ որպես զբոսաշրջիկ, Կանադան ուսումնասիրեն և վերադառնան

 

«Նորաստեղծ ընտանիքներ են, բալիկներ ունեցողներ, որոնք մտածում են երեխաների ապագայի մասին, որ լավ կրթություն ստանան, երկքաղաքացիություն ունենան: Կան նաև չամուսնացած մարդիկ, կրթական նպատակներով, հետագայում բնակության նպատակով կամ տուրիստական նպատակով, շատերը կան, որ ուզում են գնալ որպես զբոսաշրջիկ, Կանադան ուսումնասիրեն և վերադառնան»,-ասում է կենտրոնի պատասխանատուն:

 

Մինչև 35 տարեկանները կարող են դիմել Էքսպրես էնթրի ծրագրի համար, որն ամենատարածվածն է, բայց նաև ամենաբարդը, իսկ մինչև 45 տարեկանների համար այլ ծրագրեր են առաջարկվում: Իսկ թե ինչպիսիք կլինեն դիմորդների հնարավորությունները, կախված է նաև նրանց մասնագիտական որակներից, բարձրագույն կրթության աստիճանից և այլն:

 

Մենք առ այսօր կապ ենք պահում Կանադայում բնակվող մեր բոլոր հաճախորդների հետ, ուրախանում և հպարտանում նրանց մասնագիտական հաջողություններով

 

«Մենք առ այսօր կապ ենք պահում Կանադայում բնակվող մեր բոլոր հաճախորդների հետ, ուրախանում և հպարտանում նրանց մասնագիտական հաջողություններով, գրեթե բոլորը աշխատում են իրենց մասնագիտությամբ, ստացել են նաև երկրորդ մասնագիտություն»,-նշեց գրասենյակի ղեկավարը: