Home / Armenia  / Խորհրդարանական ընտրություններ՝ առանց սփյուռքահայ դիտորդների և բացակա ընտրողների չշտված տվյալներով

Խորհրդարանական ընտրություններ՝ առանց սփյուռքահայ դիտորդների և բացակա ընտրողների չշտված տվյալներով

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Երբ Հայաստանում վերջին խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին՝ 2017թ-ի ապրիլի 2-ին, ոչ միայն հայ ժողովրդի, այլև աշխարհասփյուռ հայության գերխնդիրն էր դարձել միջոցներ ձեռնարկել, որպեսզի դրանք անցնեն ազատ, արդար ու թափանցիկ, առանց ընտրախախտումների ու ընտրակաշառքի: Այս նպատակով անգամ սփյուռքում դիտորդական խմբեր ձևավորվեցին, որոնք փորձեցին ներկա գտնվել ու կանխել ցանկացած խախտում:

 

Այն, որ բուն ընտրությունների ընթացքն անցել էր նորմալ, բայց չէր արտացոլում ժողովրդի կամքը,  այդ մասին վկայեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը, որը հետևյալ բովանդակությունն ուներ.

 

«Ընտրությունները լավ էին կազմակերպված և հիմնարար ազատությունները ընդհանուր առմամբ պահպանվել էին: Չնայած այն հանգամանքին, որ իրավական դաշտում իրականացվել են ողջունելի բարեփոխումներ և նոր տեխնոլոգիաներ են ներդրվել նվազեցնելու ընտրական խախտումների դեպքերը, ընտրությունները ստվերվեցին ընտրակաշառքների և հանրային ծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին արժանահավատ տեղեկություններով: Դա նպաստեց հանրության կողմից ընտրությունների նկատմամբ ընդհանուր վստահության ու հավատի բացակայությանը: Ընդհանուր առմամբ ընտրության օրը հանգիստ էր և խաղաղ, սակայն արձանագրվեցին կազմակերպչական խնդիրներ և գործընթացին անհարկի միջամտություններ, հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից»:

 

Դեկտեմբերի 9-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ի տարբերություն նախորդների, չկա նման նախանձախնդրություն՝ մասնակցել ու բացահայտել խախտումներ: Իրավիճակի փոփոխությունը վստահություն է առաջ բերել ընտրական գործընթացների հանդեպ, իսկ նոր իրավիճակում կայացած ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ հնարավոր է ապահովել թափանցիկ ու արդար ընտրություններ:

 

Բայց եթե սփյուռքահայ գործիչներն այլևս նման խնդիր չեն տեսնում, ապա տեղի կազմակերպությունները, անկախ ամեն ինչից, կատարում են իրենց առաքելությունը: Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դարձյալ կներգրավվի որպես դիտորդ, նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն են արդեն գտնվում Հայաստանում, բայց բացակա են սփյուռքահայ գործիչները:

 

ՕԳՈՒՏ ՉԵՆ ՏԱԼԻՍ

Իրականում որքանո՞վ էր նկատելի նրանց դերը, կազմակերպության ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը կարծում է, որ նրանց ներկայությունը ավելի շատ խորհրդանշական էր, քան արդյունավետ:

 

Գուցե հասկացան, որ մեծ օգուտ չեն կարող տալ, կոնտեքստին ծանոթ լինեն, ուրիշ բան

 

«Սփյուռքահայ խմբեր այս տարի չկան, չեմ կարող ասել, թե ինչի արդյունք է, ենթադրում եմ, որ իրենք որոշել են, որ այս նոր իրավիճակում խախտումներ չեն լինի, դա մեկ, մյուս կողմից՝ գուցե հասկացան, որ մեծ օգուտ չեն կարող տալ, կոնտեքստին ծանոթ լինեն, ուրիշ բան, կամ պետք է լինեն այստեղից գնացածներ, այդպիսիների ներկայությունը մեծ օգուտ կտա: Հակառակ պարագայում ես անձամբ մեծ էֆֆեկտ չեմ տեսնում»,-Noranor.ca-ի հետ զրույցում ասում է Հոկտանյանը:

 

Իսկ տեղական դիտորդների ներկայությունը, վստահեցնում է, որ արդյունք տալիս է, ասում է. «Եթե իսկապես սկզբունքային լուրջ դիտորդական խմբեր են, կարողանում են բացահայտել խախտումները»:

 

ՉՃՇՏՎԱԾ ՑՈՒՑԱԿՆԵՐ

Խախտումներն այս անգամ, սպասում են, որ համեմատաբար քիչ կլինեն նաև ընտրողների ցուցակների հետ կապված: Այլոց փոխարեն քվեարկությունների, մահացածներին երկրորդ կյանք տալու դեպքերի չեն սպասում, բայց սա չի նշանակում, թե ամբողջովին պարզ է ընտրողների իրական թիվը, քանի որ չափազանց դժվար է արտագաղթած կամ արտերկրում գտնվող քաղաքացիների թիվը ճշտել: Վարուժան Հոկտանյանը հենց գործընթացի այդ մասով է զբաղվում, ասում է.

 

Դա մեծ ռեսուրսներ պահանջող գործ է, որ տուն առ տուն պետք է ստուգվի, այդ մարդիկ արտագաղթել են, թե ոչ

 

«Դրսում գտնվող ընտրողների տվյալները հնարավոր չէ ճշտել: Դա պետք է դիտորդական առաքելությունները անեն, եթե երկարաժամկետ դիտորդներ են: Եթե հկ-ներն են անում, դա մեծ ռեսուրսներ պահանջող գործ է, որ տուն առ տուն պետք է ստուգվի, այդ մարդիկ արտագաղթել են, թե ոչ: Անձամբ մեր ցուցակներում կան մահացածներ, որ տեսնում ես 90-անց է, արտագաղթել է, դրսում մահացել է, հիմա ինչքանն են նրանք, ոչ ոք չգիտի»:

 

Վտանգը բավականին փոքրացել է, եթե կա ցանկություն, դա կստուգվի

 

Իսկ թե նրանց փոխարեն քվերակության դեպքեր կլինե՞ն, եթե այո, ապա հնարավոր կլինի՞ բացահայտել, Հոկտանյանն այս անգամ լավատես է: «Վտանգը բավականին փոքրացել է, եթե կա ցանկություն, դա կստուգվի, իհարկե, այդքան հեշտ գործ չի, որովհետև անցյալ տարվա որոշ օրինակներ ցույց տվեցին, որ կարող է ինչ-որ ընտրող ասի, որ այս մարդը Հայաստանում չի, իր փոխարեն քվերակել են, հետո նրան կարող են մեղադրել սուտ մատնության մեջ, թե որտեղից գիտես, ապացուցի և այլն: Ուրիշ բան, որ գալիս է քվերակելու, տեսնում է իր փոպարեն քվերակել են, այս տարի դժվար նման բան լինի»,-կարծում է կառույցի ծրագրի ղեկավարը: