Home / Canadahye  / Տորոնտոյի հայկական դպրոցի վաճառքը ՀԲԸՄ-ի կողմից արշավանք է Մաշտոցի և հայի ինքնության դեմ. Գրիգոր Թաթուլյան

Տորոնտոյի հայկական դպրոցի վաճառքը ՀԲԸՄ-ի կողմից արշավանք է Մաշտոցի և հայի ինքնության դեմ. Գրիգոր Թաթուլյան

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) _ ՀԲԸՄ Արմեն Օնթարիոյի ղեկավարությունը, ինչպես հայտնի է, որոշում է կայացրել վաճառքի հանել ՀԲԸՄ կենտրոնը կամ որ նույնն է, Հայ առաքելական եկեղեցուն կից գտնվող դպրոցի շենքը: Այս մասին հայտարարությունները մեծ աղմուկ են բարձրացրել համայնքում: Սպառնալիքը, որ ևս մեկ հայկական կալվածք կարող է անցնել օտարների ձեռքն ու հայտնի չէ, թե ինչ տեղի կունենա Հայ առաքելական եկեղեցուն ու մարզական կենտրոնին կից տարածքում, լուրջ մտահոգություններ է առաջացրել:

 

Համայնքը սա որակում է ՀԲԸՄ-ի՝ 2000-ականների սկզբից իրականացրած քաղաքականության շարունակություն, երբ սփյուռքում գտնվող իրենց ենթակայության տարածքները մաս առ մաս վաճառում են: Որոշ դեպքերում ձեռնարկները հաջողվել է կանխել, մյուսների պարագայում՝ ոչ:

 

Տորոնտոյի դպրոցի հարցում համայնքը հաստատակամ է. Պետք է հնարավորինս միջոցներ ձեռնարկել այն կանխելու համար, թեև երկրորդ տարբերակն էլ են նախաձեռնել՝ դրամահավաք, միայն թե վստահ են, որ առաջարկվող արժեքով հնարավոր չէ ձեռք բերել այն:

 

 ԱՐՇԱՎԱՆՔ ՄԱՇՏՈՑԻ ԴԵՄ

Հարցի շուրջ Noranor.ca-ի հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնում ՍԴՀԿ Մոնրեալի մասնաճյուղի ատենապետ Գրիգոր Թաթուլյանը: Նա այս գործընթացին այլ որակում չի տալիս, քան Մեսրոպ Մաշտոցի դեմ իրականացվող արշավ:

 

Բարերարները, որ դպրոցը կառուցած են, նպատակ դրած են, որ այդ դպրոցը հայ պատանի պիտի դաստիարակե, որ հայ մարդ դառնա, և ժամկետով չէ, որ կառուցած են

 

«Սա առաջին երևույթը չէ, շարունակական գործընթաց է Բարեգործականի կողմից, այսինքն՝ արշավանք Մեսրոպ Մաշտոցի դեմ, յուրաքանչյուր դպրոց կպատկանի Մ. Մաշտոցին, ոչ թե տնօրինող կազմակերպության, որովհետև բարերարները, որ դպրոցը կառուցած են, նպատակ դրած են, որ այդ դպրոցը հայ պատանի պիտի դաստիարակե, որ հայ մարդ դառնա, և ժամկետով չէ, որ կառուցած են՝ 5 կամ 10 տարի, իրենց հավատքն ունեցած են, որ այդ դպրոցները պիտի բարգավաճին և հարատևեն սերնդե սերունդ, այդ նպատակով է, որ դպրոցները կանվանակոչվին որևէ բարերարի անուն-ազգանունով»,-ասում է Գրիգոր Թաթուլյանը:

 

Իսկ մինչ շինության վաճառքը, ըստ Թաթուլյանի, ՀԲԸՄ-ն արդեն իսկ որոշակի քաղաքականություն էր տարել իր նախաձեռնությունը արդարացնելու համար, այն է. Դպրոցը 2010թ-ին դադարել է գործել, իսկ դա պատահական չէր, նա վստահեցնում է.

 

Իր կառույցներուն մեջ ոչ կոմպիտենտ մարդկանց նշանակելով, ժամանակի ընթացքին նվազեցնելով աշակերտությունը, այսպես կվարվի, որպեսզի փակելու ժամանակ իրենց արդարացնե

 

«Ենթադրենք մի քաղաքային վարչություն ուզում է իր քաղաքի մեջ գեղեցիկ այգի մը վերացնել, և իմանալով, որ այդ այգին վերացնելուն պես կրնա մեծ բողոքի ալիք բարձրացնել, տարիներ ի վեր հատուկ մեթոդներով այդ այգին չորացնում են, որ ժամանակի ընթացքին ժողովուրդն ինքը հոգնի այդ փտած ծառերեն, և այդ փտած ծառերը վերացնելով ու ճանապարհ բանալով՝ ժողովուրդը պիտի չանդրադառնա, թե ինչ մեթոդներով կվերացնե: Նույնն ալ բարեգործականն է, իր կառույցներուն մեջ ոչ կոմպիտենտ մարդկանց նշանակելով, ժամանակի ընթացքին նվազեցնելով աշակերտությունը, այսպես կվարվի, որպեսզի փակելու ժամանակ իրենց արդարացնե»,-կարծում է կանադահայ գործիչը, ով քայլը համարում է մեծագույն հարված հայի ինքնությանը:

 

Նա վստահ է, որ ճիշտ ղեկավարելու դեպքում դպրոցը կարող էր գործել, Մոնրեալի կաթոլիկ եկեղեցուն պատկանող Սուրբ Նարեկ դպրոցի օրինակն է բերում, երբ մինչև 6-րդ դասարան ունեցող հաստատությունը ճիշտ կառավարման արդյունքում աստիճանաբար ընդլայնեց դպրոցի գործունեությունը՝ հասցնելով մինչև ավարտական դասարաններ:

 

ՀԲԸՄ ևս մեկ հաստատություն՝ Արմեն-Քեպեք 8-ամյա դպրոցն էլ գործում է Մոնրեալում, որին, բարեբախտաբար, փակման վտանգը չի սպառնում:

 

Ի՞ՆՉ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՄԲ

Իսկ ի՞նչ իրավասություն ունի ՀԲԸՄ-ն վաճառքի հանելու մի շինություն, որը կառուցվել է բարերարների ջանքերով և հանձնվել իր պահպանությանը. Պարզվում է՝ տնօրինման բոլոր իրավունքները տրված են հենց այս կառույցին, որն էլ, ըստ Թաթուլյանի, կամայականորեն է ղեկավարում այն, ասում է.

 

Մի քանի հոգու տրամադրությունեն է կախված իրենց հոգածության տակ դրված կառույցները

 

«Կազմակերպությանը կենթարկվի, ղեկավարված է ու կպատկանի հոգաբարձուներու խորհրդին, կենտրոնական վարչության:  Մի քանի հոգու տրամադրությունեն է կախված իրենց հոգածության տակ դրված կառույցները, այսինքն՝ նույնիսկ Ալեք Մանուկյանը, որ տարիներ ի վեր ղեկավարած է Բարեգործականը, իր անունով դրված կառույցները վաճառքի հանած են, և Լիբանանի դպրոցները փակած են, ասկե մեկ ամիս առաջ Հորդանանի մեջ դպրոցը պիտի փակեին, աշխարհով մեկ բողոքի ձայն բարձրացավ, և այդ հարցը փակեցին, կրկին դպրոցը վերաբացվեց»:

 

ԱՌԱՋԻՆ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԳՆՈՐԴԸ՝ ԵԿԵՂԵՑԻՆ

Կարծում է, որ միայն, այսպես ասած, «առևտրային մտածելակերպով» չպետք է առաջնորդվի հայկական կառույցը: Սուրբ Երրորդություն եկեղեցին, որն իր հայապահպան ակտիվ գործունեությամբ է հայտնի, կարող է նույն հաջողությամբ նաև դպրոցի վերաբացման հարցը լուծել, չի կասկածում ՍԴՀԿ ատենապետը: Վստահեցնում է, որ մեկ տարի առաջ այս հարցը առաջ քաշվել է՝ նկատի առնելով նման վտանգները:

 

Առաջարկված է, բայց գումարը սարսափելի հսկա է, և որևէ մեկ բան չկա ըսված, որ մենք այս դյուրությունը կհատկացնենք

 

«Եթե կան եկեղեցիներ, ուր կիրակի օրերը մարդ չի հաճախել, այս եկեղեցին մարզախումբերով, պարախումբերով, տարբեր խումբերով կգործե, ժողովուրդը կհաճախե, չի կրնա մեկը դատարկ մնա, մյուսը աշխույժ լինի: Նման պարագային կառույցը օգտակար կհանդիսանա: Ասկե տարիներ առաջ կանադահայության առաջնորդ Աբգար Սրբազանը և Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվը մոտեցած են Բարեգործականին, իրենց աջակցությունը հայտնած են, որ կենտրոնները վերաշխուժացնեն, բայց բացարձակ համագործակցության քայլ չի եղած, և այսօր, երբ կհայտարարվի վաճառքը, պայմանը այդպես էր, որ առաջին գնորդը Սուրբ Երրորդություն եկեղեցին է, առաջարկված է, բայց գումարը սարսափելի հսկա է, և որևէ մեկ բան չկա ըսված, որ մենք այս դյուրությունը կհատկացնենք, հավասար պայմաններ  տրված են»,-ներկայացնում է ՍԴՀԿ ատենապետը:

 

ԼՈՒԾՈՒՄԸ՝ ՀԲԸՄ ԶԻՋՈՒՄԸ

Եկեղեցին համայնքի հետ քննարկումներից հետո նախաձեռնել է դրամահավաք, որից սպասելիքները մեծ չեն, որքան էլ որ խնդրով մտահոգ են ոչ միայն Ամերիկայի, այլև Եւրոպայի հայ համայնքները:

 

Թաթուլյանը կարծում է, որ ՀԲԸՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի, զիջումների գնա, ոչ թե նվիրի կառույցը եկեղեցուն, այլ գոնե ժամկետներն ու գումարի չափը փոփոխի:

 

Իսկ թե ինչն է նման նախաձեռնությունների պատճառը, հղում անելով Բարեգործականին՝ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչն ասում է, որ Հայաստանում այլ բարեգործական ծրագրերի իրականացումը: Նրա համոզմամբ՝ այդ առաքելությունը Հայաստանում կարող են շատ միջազգային կազմակերպություններ իրականացնել, բայց սփյուռքում հայկական դպրոց պահել ոչ ոք չի կարող, հետևաբար պետք է նաև համազգային շահերից բխող որոշումներ կայացնել:

 

Noranor.ca-ը հարցի առնչությամբ փորձեց լսել նաև հակառակ կողմի՝ ՀԲԸՄ տեսակետը, սակայն առայժմ չի հաջողվել: Մենք հետևողական կլինենք խնդրի լուծման ընթացքին և կփորձենք նաև  հստակ պատասխան ստանալ, թե որոնք են ՀԲԸՄ-ի՝ նման գործելակերպի նպատակն ու պատճառները: