Home / Armenia  / Որո՞նք կլինեն 12-օրյա քարոզարշավի անդառնալի հետևանքները հաջորդ 4 տարիներին կամ ի՞նչ վտանգ են պարունակում նախընտրական «ցեխարձակումները»

Որո՞նք կլինեն 12-օրյա քարոզարշավի անդառնալի հետևանքները հաջորդ 4 տարիներին կամ ի՞նչ վտանգ են պարունակում նախընտրական «ցեխարձակումները»

 

Տորոնտռ (Նորանոր) _ Հայաստանում ընթացող 12-օրյա քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակից ուժերին հնարավորություն է տրված քննարկել, բանավիճել, ներկայացնել ծրագրերը, և վերջապես գաղափարական պայքար տանել, որի ընթացքում ի հայտ կգան իրենց մոտեցումներն այս կամ այն հարցին:

 

Բանավեճեր, որպես այդպիսին, լինում են, սակայն դրանք չեն, որ հանրության քննարկման առարկա են դառնում: Ծրագրերն ու գաղափարները երկրորդ պլան են մղվում, երբ քարոզարշավի մասնակից հիմնական ուժերը ընտրարշավի յուրաքանչյուր օրը «ծաղկեցնում են» որևէ նոր արտահայտությամբ՝ «ասֆալտին փռելու», «հանցագործ բանդաներ բացահայտելու», Արցախի հարցը շահարկելու և այլնի վերաբերյալ: Ականջ շոյող արտահայտությունների ու խոստումների տակ չկան ծրագրեր, ուստի սա պետք է որ մտահոգություն առաջ բերեր, ինչից էլ օգտվում է իրեն, այսպես կոչված,  «սև ուժ» ճանաչած քաղաքական ուժը ու մտահոգվածներին հրավիրում իր դաշտ, որտեղ ևս ըստ էության ծրագրեր չկան:

 

Ի՞նչ է նշանակում քարոզարշավի նման ընթացքը, որքանո՞վ է ընդունելի նմանատիպ ընտրարշավը Արևմուտքում, և ի՞նչ վտանգներ այն կարող է պարունակել: Օնտարիոյի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արիս Պապիկյանը համեմատականներ է անցկացնում ու ի հայտ բերում վտանգները:

 

ՍՈՒՂ ԺԱՄԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Առաջին լուրջ խնդիրը Պապիկյանը համարում է քարոզարշավի կարճ ժամկետը. 12 օրում որևէ կուսակցություն չի հասցնի ծրագիր ներկայացնել, եթե նույնիսկ չմասնակցի այդ միմյանց փոխադարձ սևացնելու գործին, այլ զբաղվի միայն սեփական ծրագրի ներկայացմամբ:

 

Անկարելի է, որ որևէ մեկ կուսակցություն կամ թեկնածու այս ժամկետի մեջ կարողանա իր պատգամը, իր ծրագիրը ներկայացնել ժողովուրդին

 

«Այդ պայմանաժամը շատ կարճ է, անկարելի է, որ որևէ մեկ կուսակցություն կամ թեկնածու այս ժամկետի մեջ կարողանա իր պատգամը, իր ծրագիրը ներկայացնել ժողովուրդին, և ժողովուրդը կարողանա վերլուծել, որովեհետև մեր սովորություններով առնվազն մեկ ամիս ընտրաշրջան է, որի ընթացքին թեկնածուները կրնան երթալ իրենց մոտեցումները ներկայացնել, բանավեճերու մասնակցիլ և այլն»,-ասում է Պապիկյանը:

 

Երկար ժամկետը այլ՝ ավելի կարևոր հնարավորություն ևս տալիս է: Մի բան, որն այս քարոզարշավի հիմնական առանցքն է՝ հանցագործությունների և թերացումների մասին հայտարարություններ հնչեցնելը, որքան էլ հասարակության համար գրավիչ գործոն լինի, պահանջում է փաստեր ու ապացույցներ. Եթե հնչում են դրանք, պետք է նաև տրված լինի հնարավորություն ապացուցելու կամ հերքելու, ինչը գործնականում սուղ ժամկետում հնարավոր չէ:

 

Որովհետև մեր քով պայմանաժամն ավելի երկար է, հակառակորդ թեկնածուները առիթ կունենան, որպեսզի բացահայտեն այդ տեղեկությունները, որ կփոխանցվին կուսակցություններու մասին

 

«Ժխտական ընտրապայքար ամեն տեղ կա, Կանադայի մեջ ալ, ԱՄՆ ալ, արևմուտքի մեջ ալ, կուսակցությունները իրարու դեմ նեգատիվ հարձակողական ընտրաշավ կտանիին, բայց որովհետև մեր քով պայմանաժամն ավելի երկար է, հակառակորդ թեկնածուները առիթ կունենան, որպեսզի բացահայտեն այդ տեղեկությունները, որ կփոխանցվին կուսակցություններու մասին»,-ասում է ընտրական գործընթացների մասնակցած կանադահայը:

 

ԿՐՆԱ ԸԼԼԱԼ՝ ԾՐԱԳԻՐ ԷԼ ՉՈՒՆԻ

Հայաստանում հակառակորդը ժամկետի սղության պատճառով հնարավորություն չունի որևէ բան ապացուցելու, ընտրողն էլ կողմնորոշվելու համար ստիպված է հիմնվել հենց հայտարարությունների վրա, իսկ իրական ծրագրեր չի տեսնում, ու վատագույնը այն կլինի, որ վերջինս միայն ընտրությունից հետո բացահայտի, որ իր ընտրած կուսակցությունը կամ թեկնածուն ընդհանրապես որևէ իրատեսական ծրագիր չունի:

 

Այս տեսակի ժխտական ընտրարշավ կընեն, որպեսզի շեղեն ուղղությունը ժողովուրդի

 

«Այդ ժխտական, նեգատիվ ընտրաշավը, որ կըլլա, ցեխարձակումները իրար վրա, ասոնք ընտրությունների ժամանակ լուծվելիք հարցեր չեն: Եթե կողոպտում եղած է երկրի մեջ, ով կողոպտած է, ասոնք ժամանակի հարց են, դատարանները պիտի ժամանակ ունենան, որ ուսումնասիրեն, երբ որ կարճ ընտրապայքարին ընթացքին այսպիսի մեղադրանքներ առաջ կքաշեն իրարու հանդեպ, ուրեմն ադիկա պարզապես խուսափելու համար է այդ կուսակցության իսկական ծրագիրները ներկայացնելե, որովհետև կրնա ըլլալ, որ ծրագիր ալ չունի, կրնա ըլլալ՝ լուծում ալ չունի, պարզապես ցույց տա, որ մտահոգված է ժողովուրդով, այս տեսակի ժխտական ընտրարշավ կընեն, որպեսզի շեղեն ուղղությունը ժողովուրդի»,-չի բացառում Օնտարիոյի խորհրդարանի պատգամավորը:

 

ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԸՆՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Այս մտավախության իրատեսական լինելու հավանականությունը մեծ է, եթե հաշվի առնենք, որ այդ փոխադարձ մեղադրանքները հնչում են այսօր արդեն անհավասար ուժերի միջև, ուրեմն ի՞նչ է ստիպում կենտրոնոնալ հենց այդ վարկաբեկող արտահայտությունների ու հայտարարությունների վրա: Պապիկյանն ասում է.

 

Եթե կառավարություն կազմեն, կամ խորհրդարան գան, անկից վերջն է, որ պիտի մեջտեղ ելնե, թե ինչն է իրենց տեսլականը Հայաստանի տնտեսական, դատական և այլ ծառայություններու մասին

 

«Կուսակցությունները առիթը պիտի տան, որ ժողովրդին զբաղեցնեն այդ ժխտական բանավեճերով և ժողովուրդին հոգսերուն մասին բացարձակապես չարտահայտվին, մեծ-մեծ լոզունգներ կնետեն մեջտեղ, և ժողովուրդը այդ բաղձանքը, որ ունի՝ նորություն տեսնե, ադիկա առիթ պիտի տա կուսակցություններուն, որ եթե հաջողին, եթե կառավարություն կազմեն, կամ խորհրդարան գան, անկից վերջն է, որ պիտի մեջտեղ ելնե, թե ինչն է իրենց տեսլականը Հայաստանի տնտեսական, դատական բարելավման, մարդկային իրավունքներու, արդարության, ընկերային ծառայություններու մասին, որովհետև այս 12 օրը անկարելի է, որ ժողովուրդը կրնա լավ ձևով ուսումնասիրել կուսակցություններու ծրագիրները»:

 

Պապիկյանը չի հերքում, որ բանավեճեր անցկացնելու նորամուծությունը առավելություն է, սակայն դարձյալ հանգում է նույն՝ ժամանակի սահմանափակ լինելու խնդրին: Հենց դա էլ կարող է պատճառ դառնալ, որ ժողովուրդը միայն ազդեցությունների տակ իր ձայնը տա որևէ թեկնածուի՝ առանց գաղափար ունենալու ծրագրերի մասին, կամ կորցնի վստահությունն ու չմասնակցի ընտրություններին: