Home / Canadahye  / Հայրենիքը վերջին կայարանը ցանկացած հայի. Կանադայում ապրող լիբանանահայի համոզմունքը

Հայրենիքը վերջին կայարանը ցանկացած հայի. Կանադայում ապրող լիբանանահայի համոզմունքը

 

Տորոնտո (Նորանոր) _ 12 տարի առաջ Եփրեմ Թոքչյանը Լիբանանից Կանադա տեղափոխվեց, «Երանի այդ ժամանակ ես ունենայի այդ պայմանները և Հայաստան տեղափոխվեի, բայց Կանադան ուներ հնարավորություններ, ու եկա Կանադա»,-ասում է նա իր որոշման մասին: Լիբանանում ապրած դժվարություններից հետո Կանադայում հնարավոր էր ավելի արագ ոտքի կանգնել, իսկ այսօր լիբանանահայերի հոսքը հիմնականում Հայաստան է, ինչի առիթով Կանադայում հրատարակվող ՍԴՀԿ պաշտոնաթերթի՝ «Լուսաբաց»-ի խմբագիրը միայն ուրախանում է:

 

Հայրենիքը վերջին կայարանը կրնա հանդիանալ որևէ հայու

 

«Ինձ համար մեծ ուրախություն է տեսնել այդ, հայրենիքը վերջին կայարանը կրնա հանդիանալ որևէ հայու, ինչ-որ արվում է, շատ հուսալի է, հսկա ծավալով ներգաղթ պիտի լիներ, հեղափոխությունը խթանեց, որ հույսով լցվեն ու ապագային վառ հույսերով նային»,-կարծում է նա:

 

Ի ՆՊԱՍՏ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Մտահոգություններ կան նաև այսօրվա Հայաստանի համար, թեև նախկին իշխանություններին մշտապես ընդդիմացած Հնչակյան կուսակցության ներկայացուցիչը վստահ է, որ առաջիկա ընտրություններով հեղափոխությւնն ավելի է ամրապնդելու իր դիրքերը, իսկ թե ինչպիսի կառավարում է հաջորդելու դրան, ավելի ուշ պարզ կդառնա: Այդ կառավարմանը մասնակցելու մասին հայտարարել էր նաև ՍԴՀԿ-ն, իսկ թե ինչու չմասնակցեց, Թոքչյանը կարծում է՝ Հայաստանի կուսակցությունների որոշելիքն է:

 

Մի բանում համոզված է. Սատար են կանգնելու նոր իշխանություններին իրենց նախաձեռնություններում: Իրենք էլ սփյուռքում իրենց անելիքն ունեն, վստահ է, որ բոլորի առաքելությունը պիտի լինի որևէ քայլով նպաստել Հայաստանի բարեկեցությանը: Իրենք, ասում է, դա անում են իրենց պարբերականի միջոցով:

 

Մեր թերթի ուղղությունը ժողովուրդը լիցքավորել հայրենասիրությամբ

 

«Լուսաբաց»-ը, որ հրատարկվում է հիմնականում տպագիր, բայց ընթերցողներին են հասցնում նաև էլեկտրոնային տարբերակը, հիմնականում լուսաբանում է հայրենիքում կատարվող իրադարձությունները, անդրադառնում քաղաքական զարգացումներին, մարզական ու այլ ոլորտների հաջողություններին: «Մեր թերթի ուղղությունը ժողովուրդը լիցքավորել հայրենասիրությամբ, ասոր կհավատանք, հայրենիքը մեր վերջին հանգրվանն է»,-կարճ բնորոշում է խմբագիրը:

 

Մեր բոլոր օրգանների՝ Ամերիկայի, Լիբանանի, Կանադայի օրգանների նպատակը հայրենիքի սերն ավելացնելն է

 

Իսկ ընդհանուր առմամբ, ավելի հեռահար նպատակներ ունի, ասում է. «Մեր բոլոր օրգանների՝ Ամերիկայի, Լիբանանի, Կանադայի օրգանների նպատակը հայրենիքի սերն ավելացնելն է, հայրենիքի կապվածությունը ամրապնդելն է, այս է, որպես լրատվական միջոց կարիք չունեն որևէ մեկ թերթ կարդալու, առաքելությունը պիտի ըլլա հայրենասիրություն քարոզել, Հայ դատի գրությունները տպել և հայապահպանման աշխատանք տանել»:

 

ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՁԳՏՈՒՄՆԵՐԻ

Թեև տպագիր հրատարակչությունն այսօր ետին պլան է մղվում, սակայն դեռ կա մի սերունդ, որն այս եղանակով է կապ պահպանում հայրենիքի հետ, վստահեցնում է Եփրեմ Թոքչյանը: Ինքն ավելի քան 4 տարի է՝ ստանձնել է խմբագրման աշխատանքները, իսկ բացի դրանից, իր առաքելությունն է համարում հայապահպանմանը նպաստելը: Հայկական կուսակցությունների գործը, կարծում է, հենց դա պիտի լինի սփյուռքում:

 

Քաղաքական ձգտումների տեղ չունինք, մեր գործը հայապահպանությունն է

 

«Քաղաքական ձգտումների տեղ չունինք, մեր գործը հայապահպանությունն է: Կուսակցության դերակատարությունը կրնա ամրանալ դպրոցով, կենտրոններով, որևէ մեկ կուսակցության պարագային մենք կձգտինք ավելի մեծ կենտրոն ունենալու, եթե ստեղծվին պայմանները հայկական վարժարան հիմնելու, այդ ուղղությամբ, դժվար է հայապահպանումը սփյուռքի մեջ, մեր կարելիություններին ներած չափով այդ ուղղությամբ կաշխատինք»,-նշում է Թոքչյանը:

 

Իսկ կուսակցությունը, վստահեցնում է, պակաս ակտիվ չէ, քան սփյուռքում գորևծող մյուս ավանդական կուսակցությունները: «ՀՅԴ-ն ավելի ծավալուն գործունեություն ու կարելիություններ ունի, բայց ըսել չէ, որ մենք գործունյա չենք, մենք ևս ներկայություն ենք, ակտիվ մասնակցություն կբերենք համահայկական ձեռնարկներին, մեր յուրահատուկ ձեռնարկներն էլ կունենանք»,-հավատացնում է ՍԴՀԿ անդամը:

 

Սիրիահայերի հոսքը դեպի Կանադա ավելացրեց մեր անդամների թիվը

 

Իսկ իրենց քաղաքական ուժի դերի ամրապնդմանը հատկապես նպաստեց սիրիահայերի հոսքը Կանադա, նշում է. «Սիրիահայերի հոսքը դեպի Կանադա ավելացրեց մեր անդամների թիվը, իսկ տեղական առումով երիտասարդներ ունինք, որ կազմակերպություններուն կմիանան, կազմակերպությունների պարագան ալ կօգնե, բայց սիրիահայերի հոսքը՝ առավել»: