Home / Armenia  / Ինչո՞ւ է մեծահարուստ սփյուռքահայությունը հայրենիքին նվիրաբերում չնչին գումար. Հայկ Նահապետյանը՝ երկրի զարգացման արտաքին ու ներքին խոչընդոտների մասին

Ինչո՞ւ է մեծահարուստ սփյուռքահայությունը հայրենիքին նվիրաբերում չնչին գումար. Հայկ Նահապետյանը՝ երկրի զարգացման արտաքին ու ներքին խոչընդոտների մասին

 

Երևան (Նորանոր) _ Հայկական սփյուռքի մոտիվացումը կարող է լրջագույն արդյունքների հանգեցնել երկրի-սոցիալ-տնտեսական, ռազմական վիճակը, պետական ազգային շահերը մեծացնել, և հենց այդ մոտիվացիայի բացակայությունն է պատճառը, որ հզոր սփյուռք ունեցող Հայաստանին չի հաջողվում կենտրոնացնել միջոցները մեկ ուղղությամբ. Այս համոզմունքին է ռազմական փորձագետ, երկարամյա զինծառայող, բանակային զորամիավորման փոխհրամանատար Հայկ Նահապետյանը:

 

Նահապետյանը սփյուռքի ներուժը համարում է լավագույն զենք ցանկացած երկրի համար, օրինակ է բերում Թուրքիան, որը նույնպես ուժեղ սփյուռք ունի, կարողանում է լավագույնս օգտագործել վերջինիս հնարավորությունները:

 

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ

«Թուրքիան մեծ սփյուռք ունի Ռուսաստանում: Հաճախ ասում ենք՝ ինչո՞ւ մեզ և Թուրքիային Ռուսաստանը տարբեր խնդիրների լուծման ժամանակ հավասարաչափ չի նայում. տարբեր քաշային կարգերում ենք, Թուրքիան քսանյակի երկիր է, տարածաշրջանում բավական լուրջ դերակատարում ունի, շուտով հավակնում է դառնալ գազային ամենամեծ տարանցիկ երկիրը:  Թուրքիայի ԶՈՒ-երը գտնվում են այսօր երկու հարևան երկրներում , և այդ քայլը միջազգային հանրության քննադատող խոսքերից զատ այլ արձագանք չունի: Խոսքը Իրաքի ու Սիրիայի մասին է, այդ երկրների կառավարության հրավերքով չի, որ Թուրքիայի զինուժը գտնվում է այդ երկրներում, Թուրքիայի զինուժը գրավեց Կիպրոսի մի մասը»,-ներկայացնում է Հայկ Նահապետյանը:

 

Բայց միայն հզոր սփյուռքի շնորհիվ չէ, որ այս երկիրը ինքնավստահ կերպով առաջանում է, լուրջ ֆինանսական միջւոցներն են տալիս այդ հնարավորությունները, ասում է.

 

Թուրքական սփյուռքը, լոբբինգը հիմնվում է Թուրքիա-պետության լուրջ ֆինանսների վրա

 

«Թուրքական սփյուռքը, լոբբինգը հիմնվում է Թուրքիա-պետության լուրջ ֆինանսների վրա, և Էրդողանը ստեղծում է իսլամական խալիֆայության իրականացման ծրագիրը սունի մահմեդականության վրա, որի մեջ ինքը ներգրավում է նաև արաբներին»:

 

ԱՐՏԱՔԻՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ

Սակայն այնպես չէ, որ այդ ֆինանսական ռեսուրսներից Հայաստանը զուրկ է: Աշխարհում հայ ժողովրդի ակտիվները գերազանցում են շատերին, սակայն, ըստ նախկին զինծառայողի, բազմաթիվ գործոններ կան, որոնք կասեցնում են դրանց հոսքը Հայաստան:

 

Ներդրումները տնտեսական քաղաքականություն է, միգուցե պետք չի որ անեն, գալիս է սփյուռքի այն կառույցների ստեղծումը, որպեսզի կարողանա այդ ճնշումն այդ երկրներում իրագործի

 

«Մեծ ներդրումները դրսից երբ որ չեն արվում, ոչ թե հայերը չեն ուզում, այլ ուղղակի մեծ ներդրումն ինքը տնտեսական քաղաքանություն է այդ  երկրի կողմից, եթե երկրի քաղաքական ղեկավարությանը ձեռք չի տալիս, որ Հայաստանում ներդրում արվի, ապա ես վստահեցնում եմ, այդ երկրի ղեկավարությունը ունի համապատասխան լծակներ, որ արգելի իր երկրի քաղաքացիներին՝ ազգությամբ հայ և ոչ միայն, որ Հայաստանում ներդրումներ անեն, որովհետև այդ ներդրումները տնտեսական քաղաքականություն է, միգուցե պետք չի որ անեն, այսինքն՝ այլևս գալիս է սփյուռքի այն կառույցների ստեղծումը, որպեսզի կարողանա այդ ճնշումն այդ երկրներում իրագործի»,-ասում է բանակային զորամիավորման նախկին փոխհրամանատարը:

 

Այսինքն՝ արտաքին այս հանգամանքը գործոններից մեկն է, իսկ Հայաստանի կողմից սպասվող քայլը մոտիվացիան է, լուրջ աշխատանքը բոլոր գաղութների հետ՝ Ռուսաստանում, Եւրոպայում կամ ԱՄՆ-ում: Եւ դա չպետք է անել անհատների մակարդակով, այլ կազմակերպությունների, վստահ է փորձագետը:

 

Խնդիրը հետևյալն է. Սփյուռքը ինչքանո՞վ է կազմակերպված

 

«Անհատները այդ երկրների քաղաքացի են ու իրականացնում են այդ երկրների ազգային պետական շահերը, իրենցից պահանջել անել բան, որը չեն կարող անել, պետք չի: Սփյուռքը պետք է ոչ շատ գերագնահատել, ոչ էլ թերագնահատել, խնդիրը հետևյալն է. Սփյուռքը ինչքանո՞վ է կազմակերպված: Սփյուռքի առաջին խնդիրը հայապահպանությունն է, երկրորդ՝ Հայաստանին օժանդակելը իրենց հնարավորությունների սահմաններում, իրենք մասնագիտորեն կարող են օժանդակել, մասնագետներ պատրաստել, կարող են գալ այստեղ ներդրումներ անել»:

 

ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՆԵՐ, ՉՆՉԻՆ ՆԵՐԴՐՈՒՄ

Վերջերս տեղի ունեցավ հերթական «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքը, սա առիթ էր այդ ներդրումների համար, մանավանդ, եթե այդ միջոցների պակասը սփյուռքը չունի: Ասում է՝ հայ ժողովրդի ակտիվներն աշխարհում հասնում են տրիլիոն դոլարների, «Այսինքն՝ միլիարդներ Հայաստանում ներդնելը հայության համար ոչինչ է, իսկ ինչու չի արվում, նույն նվազագույն արդյունքները: Իսկ ի՞նչն էր պատճառը»,-ասում է և պատճառը դարձյալ մոտիվացիայի բացակայությունն է համարում: Հավելում է.

 

Ինչո՞ւ այսքան փոքր գումար, սա ինքնին հուշում է, որ նախ կազմակերպված չենք

 

«Այս դրամահավաքը, որ վերջերս արվեց, լավագույն ցուցիչն է, հայության ակտիվները աշխարհում շատ-շատ են, բայց ինչու այսքան փոքր գումար, սա ինքնին հուշում է, որ նախ կազմակերպված չենք, այսինքն՝ ամեն հայի երազանքը պիտի լինի Հայաստանում ծառայելը, քո հայրենիքին: Ես զուգահեռ բերեմ, օրինակ Իսրայել պետությունում իրենց զինուժում ծառայում են նաև այլ երկրի ազգության հրեա քաղաքացիներ, որոնք պատիվ էին համարում գալ, 5 տարի ծառայել, իսկ Իսրայելը գտնվում է կիսապատերազմական վիճակում: Հիմա հարց եմ տալիս. մեզ մոտ եթե նայենք, սփյուռքից որքա՞ն են եկել»:

 

Ավելին, հնարավորություն է տրվում մտածել ծառայությունից խուսափելու տարբերակների մասին, ինչն իր կարծիքով, անընդունելի է: Նշում է.

 

Դու մարդուն հնարավորություն ես տալիս ամենակարևոր պարտականությունից՝ հայրենիքին ծառայելուց հրաժարվել, գումարով

 

«Այստեղ նույնիսկ վերջերս ասում էին, որ որքան հայեր որ խուսափել են բանակից, դուրս են գնացել, Հայաստանի քաղաքացի են, վճարել են, որ իրենց չծառայած տարիները գումարով փոխծհատուցեն: Ես սկզբունքորեն դա սխալ եմ համարում, ինչու, որովհետև դու մարդուն հնարավորություն ես տալիս ամենակարևոր պարտականությունից՝ հայրենիքին ծառայելուց հրաժարվել, գումարով»:

 

Այսինքն՝ եթե աշխարհը ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը հնարավորություն չունենա զարգանալու, խոչընդոտում է ակտիվների հոսքը, ապա գոնե հայ ժողովուրդը պետք է կազմակերպվի և ստեղծի պայմաններ, որ զինվորը արժանապատվորեն ծառայի, ոչ թե ծառայությունից խուսափելու այլընտրանք գտնի, կարծում է փորձագետը: