Home / Armenia  / Ինչո՞ւ Սալբի Ագարակյանը հրաժարվեց փոխնախարարի պաշտոնից և ինչպե՞ս վերջապես իրականացրեց Հայաստանում ապրելու իր երազանքը

Ինչո՞ւ Սալբի Ագարակյանը հրաժարվեց փոխնախարարի պաշտոնից և ինչպե՞ս վերջապես իրականացրեց Հայաստանում ապրելու իր երազանքը

 

Երևան (Նորանոր) _ 2004թ-ից մինչ օրս 110 երեխաներ, ովքեր տառապում էին խլությամբ, վիրահատվել են Հայ համաշխարհային բժշկական հիմնադրամի միջոցներով: Հիմնադրամի ներկայացուցիչներից մեկը, ում ջանքերով իրականացվում են վիրահատությունները Հայաստանում, ամերիկահայ Սալբի Ագարակյանն է, նրա նախաձեռնությամբ վերջերս նաև Հայաստանում է հիմնադրվել ֆոնդը:

 

20 ՏԱՐԻՆԵՐԻ ԵՐԱԶԸ

Սակայն մինչ հիմնադրամի ստեղծումն էլ՝ դեռ 1990-ականներից, Սալբի Ագարակյանը մշտապես այցելում էր Հայաստան, հարյուրավոր անգամներ եկել ու մեկնել է՝ համակարգելով աշխատանքները ինչպես Հայաստանում, այնպես էլ Ամերիկայում՝ հիմնադրամի աշխատանքներն ու նվիրատվությունների շարունակականությունը ապահովելու ուղղությամբ: Նրա այցելությունները Հայաստան առավելագույնը մեկ ամսով էին լինում, բայց հիմա առաջին անգամ Ագարակյանն արդեն 7-րդ ամիսն է Հայաստանում: 44 տարի աշխատելուց հետո որոշել է թոշակի անցնել ու ի վերջո հաստատվել Հայաստանում:

 

Թոշակի անցնելը չի վերաբերում այն աշխատանքին, որ տիկին Սալբին կատարում է հիմնադրամի շրջանակներում, դա նշանակում է, որ այժմ ավելի շատ ժամանակ է տրամադրում այս գործին, բացի դրանից, ի վերջո իրականացնում է 1997թ-ից ի վեր Հայաստանում ապրելու իր երազանքը:

Իմ երազն եմ հիմա ապրում

 

«Իմ երազանքս այն է, որ 20 տարի առաջ գայի այստեղ ապրեի, սիրում եմ իմ ժողովրդի մեջ ապրել, ես հայերու մեջ եմ այստեղ, ես մեծ ընտանիքի մեջ եմ, անծանոթ եմ, բայց կողքս հայ են, իրիկունը հանգիստ դուրս եմ գալիս: Այս նոր որոշում չի եղած ինծի համար, բայց հասած էր ժամանակը, որ թոշակի անցնեմ, ու նյութականս ապահովելեն ետք կարողացա այս որոշումը առնել: Կուզեի, բայց  գիտեի, որ կարելի չէր այն ժամանակ, քանի որ ֆինանսականով չէի կարող այստեղ ապրել, թեև 2000թ-ին առաջարկվեց առողջապահության փոխնախարարի պաշտոն, բուժքույրերու բաժին պիտի ստեղծվեր, բայց չհամաձայնեցի, քանի որ գիտեի, որ ֆինանսականով չէի կարող ապրել, քանի որ կառավարությունները փոխվում էին, ու դուրս կգայի, իմ երազն եմ հիմա ապրում»,-վերստին շեշտում է տիկին Ագարակյանը:

 

Հայաստանում հաստատվելու որոշումը, սակայն, անգամ թոշակի անցնելուց ու նյութականը ապահեվելուց հետո հեշտ չէր, քանի որ հիմնադրամի աշխատանքների համար իր փորձառության կարիքն էր զգացվում, բայց սա էր էր կազմակերպել, ասում է.

 

Ինչպե՞ս կարողացա այսպես երկար մնալ, որովհետև ես այնտեղ հզոր խումբ կազմեցի

 

«Ինչպե՞ս կարողացա այսպես երկար մնալ, որովհետև ես այնտեղ հզոր խումբ կազմեցի, որ կարող են առանց իմ մենեջմենթի առաջ գնալ, ամեն օր իրենց հետ հաղորդագրություններով ինֆորմացիա կուղարկեմ, հաջորդ այս պետք է անենք, որովհետև չեմ կարող այստեղ մնալով տկարացնել, որովհետև փողն այնտեղից պետք է աշխատեմ, որ երեխաները վիրահատվեն, դա էլ ուրիշ աշխատանք է, որ 4-5 հզոր աշխատողներ կարողացա պատրաստել, որ անեն»:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՄ ԱՌԱՆՑ ԴՐԱ

Դրան զուգահեռ ինքն էլ Հայաստանում է լուրջ աշխատանք տանում բոլորի հետ՝ մասնագետների, պետական կառույցների ու ծնողների: Դյուրին չէ, բայց հաջողվում է անգամ գումարի բացակայության պայմաններում կազմակերպել անհնարին թվացող վիրահատություններ: Վերջերս մի երեխայի անհապաղ վիրահատության համար պատրաստ էր անգամ իր անձնական միջոցներն օգտագործել, քանի դեռ հովանավոր չէր գտնվել, իր կողմից անընդունելի քայլին էլ գնաց՝ միջնորդեց առողջապահության նախարարության երեխայի վիրահատական ծախսերը հոգալ, իսկ դա քիչ չէ:

 

Անձնապես վերջերս միջամտեցի, որ հաճելի չէ ինծի համար

 

«Անձնապես վերջերս միջամտեցի, որ հաճելի չէ ինծի համար: Երեխան վիրահատվեց, հայրը զինվոր էր, նախարարը հիվանդանոցի ծախսի մի մասը վճարեց, որի համար չեմ կարող ասել՝ չեմ գնահատի, ես շնորհակալություն հայտնեցի, այդ գումարը գնաց հիվանդանոցի աշխատակազմը վճարելու, իսկ մնացածը՝ նվիրեցին Քուշկյանները, այդպես երեխայի հարցը փակվեց»,-պատմում է կինը:

 

Իսկ վիրահատոթյունը կազմում է 5 500 դոլար, իմպլանտը, որ տեղադրվում է, 18 000 դոլար արժե, վերջինիս ձեռքբերման հարցը հիմնադրամն է լուծում, վիրահատական ծախսերը մնում են տեղի առողջապահական հաստատությունների վրա:

 

Առաջին օրեն էդ ռազմավարություն դրած ենք, որ ֆոնդի փողը չպիտի օգտագործենք մեր անձնական ծախսերի համար

 

«Վիրահատական ծախսերը ֆոնդի կողմից է, դրամահավաքը ԱՄՆ մեջ ենք կազմակերպում, վերջերս Հայաստանի կառավարությունը սկսեց օգնել մեզ վիրահատության ծախսով, Էրեբունի հիվանդանոցն էլ է օգնում, երբ երեխան չի կարողանում վիրահատական ծախսն անել, մի քանի ուղիներով է, որ անում ենք: Մենք կամավոր ենք, թե իմ ծախսը , թե մեր պրոֆեսորի, որ տասնյակ տարիներ ի վեր ինքն ալ իր ժամը նվիրում է: Առաջին օրեն էդ ռազմավարություն դրած ենք, որ ֆոնդի փողը չպիտի օգտագործենք մեր անձնական ծախսերի համար»,-ներկայացնում է ամերիկահայ կինը:

 

Տարի եղած է, որ երկու երեխա վիրահատած ենք, տարի եղած է, որ 10 երեխա վիրահատած ենք, չենք ունեցած դոնոր մը, որ մշտապես աջակցած է

 

Ուրեմն վիրահատական ծախսերը մնում է ծնողների կամ այլ բարերարների հույսին, իսկ կառավարությանը հարգում են, բայց ոչ միշտ է, որ դիմում են օգնության խնդրանքով: «Երբեմն հարցնում են՝ ո՞նց ես անում, կառավարությունը չի՞ աջակցում: Եթե այդպես սկսեի ծրագիրը, հաջորդ ամիսը փակած կլինեի, ես իմ ուժերի վրա եմ կանգնած: Տարի եղած է, որ երկու երեխա վիրահատած ենք, տարի եղած է, որ 10 երեխա վիրահատած ենք, չենք ունեցած դոնոր մը, որ մշտապես աջակցած է, եղած են մարդիկ, ովքեր տարբեր գումարներ տված են, բայց հիմնական մեկը չկա»,-նշում է հիմնադրամի ներկայացուցիչը:

 

ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐԻ ԱՆՑ

Սալբի Ագարակյանը մինչ այս ծրագիրն ադեն Հայաստանում եղել էր առաքելությամբ. USAID-ի առաջարկով նրան դրամաշնորհ էր հատկացվել 1995թ-ին Հայաստանում տարբեր բարեսիրական աշխատանքներ իրականացնելու համար, 9 տարիների ընթացքում բազմաթիվ աշխատանքներ կատարեցին՝ ծրագրեր իրականացնելով կանանց, Լոռու ընտանեկան բժշկության, Գյումրու մոր և մանկան կենտրոններում և այլն, իսկ իր առաջին այցը եղել է երկրաշարժից մեկուկես տարի անց, երբ եկել էր աղետներից պաշտպանվելու ԱՄՆ-ի փորձը փոխանցեր տեղացիներին:

 

«Սպիտակի կոնֆերանսին մասնակցեցանք, դոմիկներու մեջ մարդոց այցելեցի ու մինչև այսօր կապի մեջ եմ, որ հանդիպեցա, իմ ներդրումը եղած է այն, թե ինչպես ուսուցիչները պիտի պատրաստենք երկրաշարժի աղետեն առաջ ու վերջ, ոնց դասարանները պիտի վարվին, ջուրի, վիրակապի հարցերը և այլն: Ինձ խնդրած էին անոր մասին խոսիմ, քանի որ կամավոր աշխատանք էի տանում հայկական դպրոցի մեջ, ուզեցի, որ իմ գիտցածը բաժանեի: Կալիֆորնիան աղետի գոտի է, ու այդ կանոնները շատ խիստ են դրված ես, և ես էլ՝ որպես կամավոր, աշխատում էի առողջապահական գետնի վրա, այդ ամենի պատասխանատուն էի, սովորեցրած էի ուսուցիչներուն առաջին բուժօգնության մոտեցումները»,-պատմում է իր աջակցությունը բերած բժշկուհին:

 

Այդ բանը չպետք է խոսեն, նյութականը չպետք է հարց ըլլա

 

Ապա վերադառնում է հարցին, թե ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է որևէ երեխայի բուժումը չիրականացնելու պատճառ դառնա, շեշտում է. «Նայում եմ` մարդիկ ինչ են խոսում, շտկում եմ, որ այդ բանը չպետք է խոսեն, նյութականը չպետք է հարց ըլլա»: