Home / Canadahye  / Իրանահայ ամուսինները նախընտրեցին իրավական երկիր Կանադան, բայց հանուն հայրենիքի պատրաստ էին անգամ գնալ պատերազմի

Իրանահայ ամուսինները նախընտրեցին իրավական երկիր Կանադան, բայց հանուն հայրենիքի պատրաստ էին անգամ գնալ պատերազմի

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ 1975թ-ին պաշտպանված իրավունքներ ունենալու ձգտումն էր, որ Կարախանյան-Սիրակի ամուսիններին առաջնորդեց դեպի Կանադա: Նախ Անգլիան եղավ իրանահայ Թոմաս Սիրակիի համար մի վայր, որտեղ մարդն ազատ է ու պաշտպանված, կարող է արտահայտել իր ցանկությունները, պաշտպանել ազգային, կրոնական արժեքները, ապա հասկացան, որ այս հարցում Կանադան շատ ավելի առաջատար է, ու որոշումը կանգ առավ այս երկրի վրա, պատմում է կինը՝ Ալվարդ Սիրակին:

 

ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Ի տարբերություն շատերի, ովքեր Կանադա են տեղափոխվել բարեկեցիկ կյանք ու ապահով ապագա ունենալու նպատակով, Սիրակի ամուսիններին այս երկիր բերեց իրենց՝ որպես հայ, այլոց հետ հավասար իրավունքներով օժտված լինելու ցանկությունը: Իրանից, որն աչքի չէր ընկնում ազգային փոքրամասնությունների արժեքների հանդեպ առանձնակի հարգանքով, շատերն են ճնշված հեռանում: Ալվարդ Սիրակին ասում է, դժգոհ չէ, սակայն նախընտրելի է իրավական երկրում ապրել:

 

Պարսկաստանում հայերը շատ հարգված ու ազատ էին, ոչ մի խտրություն չկար, ազատ էին պարախումբեր, երգչախումբեր գործնական գետնի վրա, բայց հայկական դպրոցները ուզեցին փակել

 

«Իմ ամուսինը Անգլիա էր ուսանում, շատ անդրադարձավ մարդկային իրավունքներին ու արժեքներին, այսինքն՝ Անգլիայում շատ մեծ սոցիալական հավասարություն եղավ, մարդկային արժեքները, իրավունքները, չնայած Պարսկաստանում հայերը շատ հարգված ու ազատ էին, ոչ մի խտրություն չկար, ազատ էին պարախումբեր, երգչախումբեր գործնական գետնի վրա, բայց հայկական դպրոցները ուզեցին փակել, մի քիչ այդպիսի բաներ եղան: Իսկ Կանադան ավելի սոցիալիստ է, ավելի մարդկային իրավունքները պաշտպանող երկիր է, դրա համար, երբ տեղափոխվեցինք, շատ լավ էր, մարդու արժեքը, անձի արժեքը բարձր է»,-Noranor.ca-ի հետ զրույցում պատմում է տիկին Ալվարդը:

 

ՄՏՔՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Այս երկրում ստացան հնարավորություն դրսևորելու իրենց մասնագիտական ունակությունները, ԱյԹի ոլորտի մասնագետ Թոմաս Սիրակին համապատասխան աշխատանք գտավ, կինն էլ օգնում էր նրան, իսկ հետագայում ամուսինների նախաձեռնությամբ հիմնվեց Տորոնտոյի Հայ ակումբը:

 

Ամեն ինչը շատ լավ էր, գեղեցիկ, բայց Պարսկաստանեն սկսած՝ միշտ մեր ուշքումիտքը Հայաստան է եղել, որովհետև ամեն ինչը Հայաստանի շուրջ էր, մեր մտքում Հայաստանն էր

 

«Երբ արդեն եկանք, փոքրիկ ունեինք, իմ ամուսինը շատ ճիշտ աշխատանք գտավ, այն տարիներին բավական դժվար էր, Փառք աստծո դժվարություն չունեցանք, ամեն ինչը շատ լավ էր, գեղեցիկ, բայց Պարսկաստանեն սկսած՝ միշտ մեր ուշքումիտքը Հայաստան է եղել, որովհետև ամեն ինչը Հայաստանի շուրջ էր, մեր մտքում Հայաստանն էր, «Խոսում է Երևանն» էինք լսում, բայց այն տարիներին անկախ չէր Հայաստանը, երբ տեղափոխվեցինք Կանադա»,-պատմում է Տորոնտոյի հայ ակումբի անդամը:

 

Չհաստատվեցին հայրենիքում, սակայն առիթներ ունեցան այցելելու, ճանաչելու, ամենակարևորը, նրա գնահատմամբ, անկախությունն էր, որ ստացել էր երկիրը, իսկ հիմա նաև թավշյա հեղափոխությունը, որից հետո մեծացել են ակնկալիքները, կարծում է նա: Ի՞նչն է, որի կարիքը զգում է, ասում է.

 

«Հոգեւոր արժեքներն են, որ ձգում են հայերին, միայն հոգեկանը, միշտ ամենագեղեցիկ բանն ունես, բայց քոնը չի, իսկ հայրենիքդ քոնն է, ապերախտ չենք Կանադայի նկատմամբ, որովհետև ինքը շատ հնարավորություններ է տվել մեզ»:

 

ՊԱՏԵՐԱԶՄ ԿԳՆԱՐ

Հայաստանը կտա լիարժեքություն, իսկ ի՞նչ կարող էին տալ իրենք հայրենիքին, առաջինն, ինչ անվարան շեշտում է կինը, սա է. «Ամուսինս որ հաստատ կգնար պատերազմի դաշտ, անկասկած, այսինքն՝ մենք հիմա հոս հանգստի կոչված ենք, երկար աշխատանք, ամուսինս էլ չի աշխատում, բայց շատ կփափագեր այդ մասին, որ Հայաստան գոնե որևէ ներդրում ունենար»:

 

Հայրենիք պահելը խոսքով չէ, գործով է

 

Ավելին, տիկին Ալվարդն ասում է, թե չէին վարանի իրենց տղային ուղարկել հայոց բանալ: Հիշում է խոսքերը, թե հայ կինը երկու որդի պիտի ծնի՝ մեկը իր, մյուսը հայրենիքի համար: «Եթե հայրենիք կպահես, այդ հայրենիք պահելը խոսքով չէ, գործով է, եթե մենք պատերազմին այդտեղ լինեին,  ամուսինս սահման կերթար հաստատ, ինքը 90-ականներին Սուրմալու ջոկատին օգնություն էր ուղարկում»,-համոզված է նախկին իրանահայը: