Home / Canadahye  / 5 տարի առաջ Հայաստանից Կանադա արտագաղթած Նվեր Ղազարյանը երկրորդ անգամ նույն քայլին չէր գնա. Ընտանիքի կրած դժվարություններն ու հաջողությունները Տորոնտոյում

5 տարի առաջ Հայաստանից Կանադա արտագաղթած Նվեր Ղազարյանը երկրորդ անգամ նույն քայլին չէր գնա. Ընտանիքի կրած դժվարություններն ու հաջողությունները Տորոնտոյում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ 5 տարիների ընթացքում Կանադա տեղափոխված Նվեր Ղազարյանի օտարազգի ծանոթներն այդպես էլ չեն սովորել ճիշտ արտասանել նրա անունը. Ոչ թե Նվեր, այլ never (երբեք) են անվանում նրան, որքան էլ բացատրում է թե’ անվան նշանակությունը, թե’ նման կերպ իրեն անվանելու պատճառը:

 

«Իրենց համար ն-ից հետո ի-ն չի հնչում, ասում եմ, որ Նվեր հայերեն նշանակում է gift, բացատրում եմ, որ ուշ եմ ծնվել, դրա համար ծնողներս նվեր են համարել ու դրել են այդ անունը, բայց ամեն անգամ ծիծաղում ենք»,-Noranor.ca-ի հետ զրույցում իր հետ Կանադայում պատահած ծիծաղաշարժ դեպքերից մեկն է հիշում Նվեր Ղազարյանը:

 

ԷՇԻՑ ԻՋՆԵԼԸ՝ ԵՐԿՈՒ ԱՄՈԹ

5 տարի առաջ՝ 2013թ-ի մայիսին Մեղրիի Կարճևան գյուղում ծնված ու ՀՀ մաքսային ծառայության Մեղրիի մաքսակետում մոտ 16 տարի աշխատող Նվեր Ղազարյանը որոշեց ընտանիքի հետ տեղափոխվել Կանադա, երբ երկու տարի սպասելուց հետո հաստատվեց ծրագիրը: Երկարատև մտորումներից հետո կայացած որոշում էր, որը կյանքի կոչեց ոչ թե հանուն օրվա ապրուստի, այլ հանուն երեխաների ապահով ապագայի:

 

Թունելի ծայրում հույս չկար, որ կլավանար

 

«Թունելի ծայրում լույս չկար, որ կլավանար, ավելի էր վատանում, թեև ես լավ աշխատանք ունեի, բայց լույս չէի տեսնում, դրա համար ասացի, որ երեխաներիս կտանեմ, հասցնեմ այստեղ, նորմալ կրթություն, նորմալ ապագա կստեղծեմ»,-պատճառն է ներկայացնում սյունեցի ներգաղթյալը:

 

Բայց այն, ինչի ձգտում էր, այնքան էլ դյուրին չտրվեց ընտանիքին, հեռվից ամեն ինչ ավելի գունեղ է, երբ հայտնվում ես այնտեղ, անսպառ ջանքեր են պահանջվում կայուն կյանք ապահովելու համար, վստահեցնում է Նվերը, ում համար սկզբնական շրջանում ծանր էր, «Ոնց ասում են, էշ նստելը մի ամոթ է, իջնելը՝ երկու»,-հիշում է հայտնի ասացվածքն ու պատմում այն ճանապարհի մասին, որով անցավ:

 

Ծանոթիս միջոցով տունը վարձել էի, ու երբ եկա այստեղ, տեսա, որ AFSS կազմակերպությունն ամեն ինչ բերել է այստեղ

 

«Մինչև այստեղ գալս գրել էի Armenian Family Support Services (AFSS) կազմակերպւթյանը, և, ճիշտն ասած, չէի էլ մտածում, թե մեծ օգնություն կլինի, ծանոթիս միջոցով տունը վարձել էի, ու երբ եկա այստեղ, տեսա, որ կազմակերպությունն ամեն ինչ բերել է այստեղ, առաջին անհրաժետության գույքը, որը պետք է օգտագործման համար: Եւ դա միակ օգնությունն էր,  որ ստացել եմ»,-ասում է Նվերը:

 

ՆՈՐԻՑ ՉԷՐ ԱՆԻ

Մասնագիտությամբ դերձակ կինը սպասվածից ավելի շուտ աշխատանք գտավ, ինքը, որ մասնագիտությամբ  ինժեներ էր ու երաժիշտ, դժվարությունների հանդիպեց: Սկզբում անվտանգության համակարգում աշխատեց, հետո մեկ այլ աշխատանք, որը կայուն չէր, և միայն  քոլեջում որոշ ժամանակ ուսումնառություն անցնելուց հետ հաջողվեց հիմնական աշխատանքի անցնել:

 

Հիմա որ նայում եմ անցածս ճանապարհը ու մտածում, թե եթե հետ գնայի, նորից կանեի՞, ու երևի թե չէի անի

 

«Հիմա երկու տարբեր հիվանդանոցներում եմ աշխատում, հիմա շատ լավ է, բավարարված եմ աշխատանքովս, բայց այս հինգ տարիներից ինձնից տարել են շատ բան, լիքը ջանք են տարել: Եւ հիմա որ նայում եմ անցածս ճանապարհը ու մտածում, թե եթե հետ գնայի, նորից կանեի՞, ու երևի թե չէի անի, շատ բաների միջով ես անցնում, որ քո կյանքից, էներգիայից տանում է»,-ասում է կանադաբնակ հայը:

 

Ասում է՝ իր շրջապատում ոմանք մտածում են Հայաստան վերադառնալու մասին, պատճառը ստացած տպավորությունների ու իրականության բախումն է, նշում է.

 

Երբ որ ինտերնետում կարդում ես, ամեն ինչ շատ գունավոր է, բայց Կանադայում 6 տոկոս գործազրկություն կա

 

«Երբ որ ինտերնետում կարդում ես, ամեն ինչ շատ գունավոր է, բայց Կանադայում 6 տոկոս գործազրկություն կա, մանավանդ Տորոնտոն: Եթե այս պրոգրամները գիտես, ոլորտի մարդ ես, խնդիր չի լինի, գործ կգտնես շուտ, բայց  ուրիշ ասպարեզից ես, հեշտ չի լինի, օրինակ ես կարծում էի, թե միայն Հայաստանում է ծանոթով գործգտնելը, բայց այստեղ էլ է  նույնը, միայն անունը reference է դրված»:

 

Չի բացառում, որ շատ կան նաև հաջողակ օրինակներ, հատկապես ֆինանսիստների ու ծրագրավորողների համար աշխատանք հեշտությամբ է գտնվում, բայց որակավորման բարձրացման պահանջները մշտապես կան: Նշում է.

 

Այստեղ որ գալիս ես, պետք է մտնես իրենց խողովակի մեջով, բարձրանաս: Այս երկիրն այնպես է, որ լճացած չեն պահում

 

«Շատ մարդիկ կան, որ Հայաստանում լավ գործ են ունեցել, այստեղ չեն գնում ներքևի գործերի, որովհետև իրենց թվում է, որ իրենք հետքայլ են անում, բայց այստեղ որ գալիս ես, պետք է մտնես իրենց խողովակի մեջով, բարձրանաս: Այս երկիրն այնպես է, որ լճացած չեն պահում, այնպիսի պայմաններ են ստեղծում, որ մղեն քեզ վերաորակավորվելու: Դրանից երկու բան են շահում, նախ՝ քո որակավորումն ես բարձրացնում, երկրորդ՝ այդ քննության համակարգերը գումար են աշխատում»:

 

Նվեր Ղազարյանը բացի հիմնական աշխատանքից նաև Համազգայինի «Գուսան» երգչախմբի անդամ է, դեռ մանկուց սիրել ու զբաղվել է երաժշտությամբ, հաճախել երաժշտական դպրոց, բայց հետագայում հոր խորհրդով ընտրությունը կանգ է առել ինժեների մասնագիտության վրա, Կանադայում առիթ է ունեցել զբաղվել սիրած գործով: 16-ամյա որդին ևս օժտված է երաժշտական ունակություններով, դուդուկ է նվագում, Տորոնտոյի Սուրբ Երրորդություն, կաթոլիկ, ավետարանական և այլ եկեղեցիներում են ելույթներ ունեցել:

ՊՈԿԵԼ ԵՄ ԱՐՄԱՏԻՑ

Այսօր արդեն ապագայի հետ կապված ծրագրերը զավակներին են վերաբերում, որդուն, որ շուտով բանակ զորակոչվելու տարիքին կհասնի, բայց հայրը չէր ցանկանա նրան երկրորդ անգամ փորձության միջով անցկացնել:

 

Հիմա, երբ որ էստեղ ուզում է հասնի մի բանի, նորից կտրել, կնշանակի տրավմա եմ տալիս իրեն

 

«Ես իմ տղային արդեն մի անգամ պոկել եմ իր արմատից, բերել եմ այստեղ, ու հիմա, երբ որ էստեղ ուզում է հասնի մի բանի, նորից կտրել, կնշանակի տրավմա եմ տալիս իրեն: Եթե լիներ ալտերնատիվ տարբերակ, ոչ թե խուսափելու բանակից, այլ ուրիշ ձևով ծառայենք Հայաստանին, երեխան արդեն Կանադայի քաղաքացի է, ես չեմ կարող որոշել, բայց եթե ինքը որոշի, ես արգելք չեմ լինի»,-ասում է հայրը, ով ծառայել է բանակում ու կարծում է, որ դա փախուստ չէ, այլ պետությունը պետք է տարբերակ մշակի, որ իրենք էլ այլ կերպ ծառայություն մատուցեն երկրին:

 

Իսկ տղան, ով իր ասպարեզում լուրջ երաժշտական հաջողությունների է հասել, այսօր էլ հայկական դուդուկի կատարումները պրոֆեսիոնալ մակարդակի հասցնելու համար տեսակապի միջոցով հայ մասնագետի հետ է պարապում, լուրջ հաջողություններ է խոստանում:

 

«Հայ երաժշտությամբ այստեղ չես կարող տուն պահել, ինքը ծրագրեր է ուզում սովորի, երաժշտությունը կմնա հոբբիից ավելի բարձր մակարդակի, սիրում է, ամեն տեղ հաճույքով նվագում է: Աղջիկս համալսարանը որ ավարտի, ինստիտուտի մեջ արդեն աշխատում է»,-ասում է նա:

 

Չի կասկածում, որ զավակները որպես հայ կապրեն այս երկրում, այլ հարց է, թե ինչպիսին կլինի նրանց զավակների ապագան, կպահպանե՞ն ազգային ինքնությունը: Նշում է.

 

Տանը 4 հոգի հայ, սկսենք անգլերե՞ն խոսել իրար հետ

 

«Հաճախ մեզ հարցնում են՝ անգլերեն ե՞ք խոսում տանը, ո՛չ, տանը 4 հոգի հայ, սկսենք անգլերե՞ն խոսել իրար հետ, հո քաղքենի չե՞նք: Բայց երեխաներին ոնց կմեծացնեն, ո՞ւմ հետ կամուսնանան, այդ մտավախությունը կա, որովհետև չենք խառնվի, եթե իրենք որոշեն ոչ հայի հետ ամուսնանալ, չենք ասի, թե իր հետ մի ամուսնացի, որովհետև հայ չէ»: