Home / Canadahye  / Տորոնտոյի հայ ակումբը, որն անում է այն, ինչը չեն կարողանում անել մյուս հայկական կազմակերպությունները

Տորոնտոյի հայ ակումբը, որն անում է այն, ինչը չեն կարողանում անել մյուս հայկական կազմակերպությունները

 

Տորոնտո (Նորանոր) _ 1996թ-ին, երբ հիմնադրվեց Տորոնտոյի հայ ակումբը, նպատակ ուներ մեկ հարկի տակ համախմբել կանադահայության այն հատվածին, որն ընդգրկված չէր որևէ կազմակերպության կազմում: Իսկ ինքը՝ Ակումբն էլ առանձնանում է հենց դրանով, որ որևէ եկեղեցու, կուսակցության մաս չի կազմում:

 

Մենք կարող ենք ձեռնարկներ անել, որ մյուսները չուզեն կամ չկարողանան անել

 

«Մեր նման միությունները, որ դժբախտաբար շատ էլ չկան, որ կողմնորոշում չունեն, շատ կարևոր են: Պատճառներից մեկն այն է, որ մենք կարող ենք ձեռնարկներ անել, որ մյուսները չուզեն կամ չկարողանան անել, օրինակ՝ Մոնթեի այրու՝ Սեդա Մելքոնյանի հրավերը այնքան էլ հեշտ աշխատանք չէր, կամ Մոնթե Մելքոնյանի եղբորն էինք հրավիրել տարիներ առաջ, որ որոշ կազմակերպությունների կողմից շատ էլ ընդառաջված չէր, բայց դրանք աշխատանքներ են, որ պիտի լինեն, մենք կարող ենք դրանք անել, դա մեր ամենամեծ առավելություններից է»,-կարծում է Տորոնտոյի Հայ ակումբի ատենապետը՝ Վահե Ծատուրյանը:

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՒ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ

Ավելի քան 20 տարիների ընթացքում բազմաթիվ մշակութային, կրթա-դաստիարակչական, ճանաչողական ծրագրեր է իրականացրել Ակումբը, վերջիններից մեկը եղել է դերասան Վարդան Պետրոսյանի ելույթը, այս տարվա նախաձեռնությունների թվում էր նաև պատմաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանի հանդիպման կազմակերպումը տորոնտոհայերի հետ: Սրանք նախաձեռնություններ են, որ կատարվում են իրենց տարեկան ծրագրերին զուգահեռ:

 

Այդ բոլորի կողքին ունենք մեր ավանդական ծրագիրները

 

«Այս տարի բավական ճոխ ծրագիրներ ենք ունեցել, այդ բոլորի կողքին ունենք մեր ավանդական ծրագիրները, օրինակ՝ Զատկական տոնակատարությունը, ունենք Նոր տարին, երեխաների՝ ձմեռ պապիկի դիմավորումը, փիկնիկ. Դրանք ծրագիրներ են, որ ամեն տարի ունենում ենք, կողքին էլ աշխատում ենք մշակութային միջոցառումներով, դասախոսություններով լրացնենք»,-ներկայացնում է Ծատուրյանը:

 

ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻ ՋԱՆՔԵՐՈՎ, ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Իսկ միությունը, որն ստեղծվել էր իրանահայերի ջանքերով, միայն իրանահայերին չէ, որ ընդգրկում է, ատենապետի վստահեցմամբ՝ դռները բաց են համայնքի բոլոր անդամների առջև, ովքեր կցանկանան ներկա գտնվել:

 

Ճիշտ է, մեծամասնությունը պարսկահայեր են եղել, բայց ունեցել ենք հայաստանցիներ, որ վարչական են եղել, ունենք հայաստանցի, պարսկահայ, արևմտահայ ընկերներ, որ մեր հանձնախումերի մեջ են աշխատանք տանում

 

«Կոչվում է Տորոնտոյի հայ ակումբ, դռները բաց են բոլոր հայերի համար: Ճիշտ է, մեծամասնությունը պարսկահայեր են եղել, բայց ունեցել ենք հայաստանցիներ, որ վարչական են եղել, ունենք հայաստանցի, պարսկահայ, արևմտահայ ընկերներ, որ մեր հանձնախումերի մեջ են աշխատանք տանում»,-հավաստիացնում է ատենապետը:

 

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՐԻՔ

Այնպես չէ, որ այսպիսի աշխատանք տանելը դյուրին գործ է, ունեն նաև խնդիրներ, որոնց լուծման հարցում համայնքի կարիքն զգացվում է: Կարող են օգտակար լինել, օրինակ, որպես կամավորներ, միջոցառումներ կազմակերպելիս Ակումբի անդամներին օգնության ձեռք մեկնելու համար:

 

Տարեկան 10-ից ավելի ծրագիրներ տանելը հեշտ չի, շնորհակալ եմ կամավորներին, բայց միշտ կարիք ունենք

 

«Դժվարություններ ունենում ենք, դրանցից մեկը կամավորական ուժը գտնելն է, որ կարողանա մեզի օգտակար լինի, թե՛ որպես վարչական անդամ, թե՛ հանձնախմբերի մեջ աշխատող, որովհետև այդ ծրագրերը բավական աշխատանք են տանում, տարեկան 10-ից ավելի ծրագիրներ տանելը հեշտ չի, շնորհակալ եմ կամավորներին, բայց միշտ կարիք ունենք»,-հայտարարում է կառույցի պատասխնատուն:

 

Ստեղծվել է նաև հիմնադրամ, որի շնորհիվ Ակումբը կարողանում է աջակցություն ցուցաբերել Շուշիի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցին, իսկ իրենք ֆինանսական դժվարություններ չունեն, ներկայացնում է.

 

Այս տարի փորձեցինք մի քիչ ավելի աշխուժացնել և ընդլայնել աշխատանքները

 

«Ծրագիրները մեր ծախսերը փակում են: Այս տարի փորձեցինք մի քիչ ավելի աշխուժացնել և ընդլայնել աշխատանքները, որովհետև նախկինում դրանք վարչության վրա էին, այս տարի աշխատանք մեր հանձնախմբերին ավելի ուժ տանք, թողնենք իրենք իրենց ձևով»:

 

Այսպիսով վարչության աշխատանքը փոքր-ինչ դյուրին կլինի, ինչի շնորհիվ կկարողանան ավելի լավ տանել կազմակերպչական աշխատանքները և մտածել այլ խնդիրների լուծման ուղղությամբ: