Home / Canadahye  / 8,5 մլն կանադական դոլար 90-օրյա ժամկետում Տորոնտոյի հայկական եկեղեցին եթե կարողանա հավաքագրել, ձեռք կբերի ՀԲԸՄ-ի կողմից վաճառքի հանված տարածքը. Բարեգործականը զիջումների չի գնում

8,5 մլն կանադական դոլար 90-օրյա ժամկետում Տորոնտոյի հայկական եկեղեցին եթե կարողանա հավաքագրել, ձեռք կբերի ՀԲԸՄ-ի կողմից վաճառքի հանված տարածքը. Բարեգործականը զիջումների չի գնում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _  Noranor.ca-ն նախորդ հրապարակումներից մեկում ներկայացրել էր ՀԲԸՄ-ի կողմից իր ենթակայության Տորոնտոյի դպրոցի շենքի վաճառքի հարցը, որը լուրջ ընդդիմության է արժանացել համայնքի կողմից:  Հայտնի է, որ դպրոցը 2012թ-ին փակվել էր աշակերտների թվի պակասի պատճառով: Իսկ շինությունը գտնվում է Սուրբ Երրորդություն Հայաստանյայց առաքելական եկեղեցու տարածքի հարևանությամբ, այսինքն՝ համայնքի գլխավոր մտահոգություններն էին այն, որ հերթական անգամ համայնքը վաճառքի է հանում իր կալվածքներից ևս մեկը, երկրորդ՝ հայ եկեղեցին պետք է գործի օտարների հարևանությամբ:

 

Ինչո՞ւ առաջացավ շինության վաճառքի անհրաժեշտություն, ինչո՞ւ գոնե եկեղեցուն, որը իրավասություն ու ցանկություն ունի վաճառվող տարածքը ձեռք բերելու, ավելի մատչելի գնով հնարավոր չի լինում վաճառել: Այս և այլ հարցերի զրուցել ենք պատասխանատու կողմի՝ Բարեգործական միության Տորոնտոյի մասնաճյուղի գործադիր տնօրենի Սալբի Տեր-Ղազարյանի հետ

 

ԻՆՉՈ՞Ւ ԿԾԱԽՎԻ

Առաջին հիմնավորումը, որ ներկայացնում է տիկին Տեր-Ղազարյանը Բարեգործականի շենքի վաճառքի վերաբերյալ, այն է, որ դպրոցը վաղուց չի գործում, իսկ շենքը մեծ է և գտնվում է  անհարմար տեղում, հետևաբար որոշել են այն վաճառել և փոխարենը ձեռք բերել ավելի փոքր շինություն քաղաքի կենտրոնական մասում, այնտեղ, որտեղ շատ ավելի մեծ թվով հայեր են բնակվում:

 

Ստիպված կըլլանք օտարներին վարձու տալու, որ շենքի պետքերը հոգանք, հայերը 1/6-ը հազիվ կօգտվին

 

«Ինչո՞ւ կծախվի, այս նյութը մի քանի տարի է, որ կա, կենտրոնը շատ մեծ է գաղութի պետքերուն համար, հայերը շատ չեն օգտագործում, ստիպված կըլլանք օտարներին վարձու տալու, որ շենքի պետքերը հոգանք, հայերը 1/6-ը հազիվ կօգտվին: Խելքին մոտ է, որ ավելի փոքր տեղ երթանք, կենտրոնական, ու ավելի փոքր, որպեսզի ինքնաբավ ըլլա, ստիպված չըլլան վարձու տալ»,-պարզաբանում է Սալբի Տեր-Ղազարյանը:

 

ՉԻ ԳՈՑՈՒՄ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ

Այսինքն՝ ՀԲԸՄ-ի մասնաճյուղում միաժամանակ մի քանի հաստատություններ են գործում՝ մարզասրահ, մշակութային կենտրոն, դպրոցը, որն այլևս փակ է, ինչպես նաև վարչություն: Գործադիր տնօրենը հավաստիացնում է, որ մյուս հաստատությունները գործելու են:

 

Այնպես չէ, որ կգոցվի շենքը, պարզապես կտեղափոխվի

 

«Մենք պիտի շարունակենք մեր գործունեությունը, ըլլա մազական, ըլլա մշակությաին, պարզապես շատ մեծ է շենքը ու պահելը դժվար կըլլա, այնպես չէ, որ կգոցվի շենքը, պարզապես կտեղափոխվի»,-կրկնում է գործադիր տնօրենը:

 

Ինչ վերաբերում է դպրոցին, ապա ստիպված էին այն փակել ժամանակին, քանի որ հայ ծնողներն իրենց զավակներին ուղարկում էին օտար դպրոցներ, վստահեցնում է Սալբի Տեր- Ղազարյանը, իսկ այն մեղադրանքներին, թե ՀԲԸՄ-ն ինքն է իր սխալ կառավարման ու ոչ ճիշտ մասնագետների ընտրությամբ հանգեցնում այս իրավիճակին, նա արձագանքում է.

 

Մոնրեալինը շատ հաջող է, չեմ իմանում՝ ինչ իմաստ ունի ադ ըսելը, գաղութն ալ պիտի օգնե

 

«Նման խնդիր չկա, մենք շատ հաջող դպրոցներ ունինք, օրինակ Կալիֆորնիայի դպրոցը ահագին աշակերտություն ունի, Մոնրեալինը շատ հաջող է, չեմ իմանում՝ ինչ իմաստ ունի ադ ըսելը, գաղութն ալ պիտի օգնե, եթե աշակերտություն ըլլար, դպրոցը չէր գոցվի: Աշակերտությունը կպակսեր տարվետարի, իմաստ չունի, որ մի դասարանի մեջ մեկ-երկու աշակերտ լինի: Եթե ծնողները քաջալերեին, բերեին, փակելու պատճառ չըլլար»:

 

ԱՌԱՆՑ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ

Ինչ վերաբերում է տարածքի վաճառքին, բանակցություններ եղել են թեմի պատասխանատուների հետ տարածքը նրանց հանձնելու առնչությամբ: Նախապես եկեղեցին հայտարարել էր, որ պատրաստ է գնել, եթե ի վիճակի լինի նվիրատվություններով գումար հավաքագրել:

 

Իսկ գումարը, հիշեցնենք, կազմում է 8,5 մլն կանադական դոլար: Տիկին Սալբիից հետաքրքրվեցինք, թե վաճառքի գումարի հարցում զիջումների չե՞ն գնա եկեղեցու դեպքում, պատասխանեց.

 

Եթե չկարողանան, ամեն ջանք պիտի գործադրե Բարեգործականը, որ շատ չտուժին

 

«Իրենց անշուշտ առիթ տրվեցավ, որ եթե կարենան գնել, նվիրատվություններով և այլն, նախընտրությունը իրենց պիտի տրվի, իսկ եթե չկարողանան, ամեն ջանք պիտի գործադրե Բարեգործականը, որ շատ չտուժին»:

 

Նույնը նաև ժամկետների վերաբերյալ, ինչպես օտար կազմակերպությունների պարագայում, եկեղեցուն ևս 90 օր ժամանակ է տրված նախատեսվող գումարը ձեռք բերելու համար, այլապես Բարեգործականը կառաջնորդվի ըստ համաձայնագրի:

 

90 օր իրավունք ունին, եթե հավաքեն դրամը, կրնան գնել

 

«Համաձայնագրի մեջ ատանկ գրված է, որ 90 օր իրավունք ունին, եթե հավաքեն դրամը, կրնան գնել, բայց ինչքան հեշտ է, չեմ գիտեր, գաղութի մեջ կան հարուստ նվիրատուներ, եթե կարողանան գտնել, շատ լավ»:

 

Իսկ մինչ վաճառքի և այլ հարցերի կարգավորումը ՀԲԸՄ-ն ևս երկու-երեք տարի կգործի նույն հասցեում, ասում է Սալբի Տեր- Ղազարյանը, շենքում ոչ միայն այս շրջանում, այլև տեղափոխվելուց հետո էլ կշարունակեն գործել մարզական ակումբը և մշակութային միությունը: