Home / Armenia  / Սփյուռքի նախարարության օպտիմալացումը նոր իշխանությունների վրե՞ժն է նախկիններից, թե՞ արդարացված քայլ. Սփյուռքահայերը դե՞մ են, թե՞ կողմ

Սփյուռքի նախարարության օպտիմալացումը նոր իշխանությունների վրե՞ժն է նախկիններից, թե՞ արդարացված քայլ. Սփյուռքահայերը դե՞մ են, թե՞ կողմ

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան, Տորոնտո, Բեյրութ (Նորանոր) _ ՀՀ նոր իշխանությունները նոր Հայաստանի քաղաքականության մշակման ճանապարհին որոշել են օպտիմալացնել մի շարք նախարարություններ ու միությունները: Դրանց թվում է նաև Սփյուռքի նախարարությունը, որը, ըստ նախնական տեղեկությունների, որոշվել է որպես վարչություն՝ ընդգրկել Արտաքին գործերի նախարարության կազմում:

 

Սփյուռքի նախարարությունը հիմնադրվել էր 2008թ-ին,  և 10 տարի շարունակ միակ նախարարը եղել է Հրանուշ Հակոբյանը, միայն հեղափոխությունից հետո գերատեսչության ղեկավարումը հանձնվեց ամենաերիտասարդ նախարարին՝ Մխիթար Հայրապետյանին:

 

Որքանո՞վ է արդարացված նոր իշխանությունների այս քայլը, ի՞նչ արեց այս տարիների ընթացքում նախարարությունը և ի՞նչ կտար հետագա գործունեությունը, ի՞նչ միտումներ ունի նախարարության փակումը, հարցերի շուրջ Noranor.ca-ը ներկայացնում է տարբեր երկրներում ապրող, ինչպես նաև հայրենադարձ սփյուռքահայերի տեսակետները:

 


ԱՐՄԻԿ ՓԱՆՈՍՅԱՆՀայրենադարձ Լիբանանից

Օգուտ չեմ տեսած Սփյուռքի նախարարությունեն, ճիշտն ասած…ի՞նչ էին անում, դա էլ հստակ չէր. Երևի եթե ճիշտ աշխատեին օգուտ կլիներ…

Ես կարծում եմ, որ սփյուռքի հարցերով պետք է զբաղվել, բայց երևի ոչ իբր զատ նախարարություն:

 


ՀՐԱՉ ՋԱԲՐԱՅԱՆ – AGAPE (Armenian Gas and Power Enterprises) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, տորոնտոհայ

 

Չեմ կարծում ոչ մի խնդիր կլինի, եթե ինչ-որ կառույց ստեղծվի արտգործ նախարարության ներքո, բայց երեւույթը, գոնե այս պահին գոնե մակերեսային լավ չի… Չեմ կարծում նախկին իշխանութեան ժամանակ շատ բան տվել է, բայց մանրամասն չգիտեմ…իսկ իշխանափոխությունից վերջ ավելի աշխուժ երեւույթ ուներ:

 


ԱԶԱՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԿանադայի ինֆորմատիզացիայի ակադեմիայի նախագահ

 

Այսպես կոչված «Սփյուռքի նախարարությունը» իր ստեղծման պահից ոչ մի բան չի արել։ Նախարարության ղեկավարները և աշխատողները շատ հեռու են Սփյուռքում ապրող հայությունից։ Այնպես որ, այս նախարարության փակումը չի էլ զգացվի, ինչպես չի զգացվել իր գոյութունը մինչև օրս։

 


ՍԵՎԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ  Լիբանանի «Զարթոնք»օրաթերթի գլխավոր խմբագիր

Հիմնվելով հայկական, մանավանդ ավանդական սփյուռքին՝ սեփական պետություն չունենալու բարդույթին վրա՝ Սփյուռքի նախարարության աշխատանքի արդյունավետության քննարկումեն անդին և վեր (ուր ամեն պարագայի տարբեր և նույնիսկ հակասական կարծիքներ կրնան հնչել) Սփյուռքի նախարարի մը կերպարը նախ և առաջ ու անոր հետ սփյուռքահայու կապը «պետություն-քաղաքացի» հոգեբանական  մերձեցում ստեղծած էր հայրենիքի հետ, և հայրենիքն ու պետությունը ավելի շոշափելի և սրտամոտիկ դարձուցած: Ավելին ըսեմ, սփյուռքահայը «նախարարի» հանդեպ ունի իր ուրոյն ակնածանքը, որ նույնպես արդարացի բարդույթի մը արդյունքն է անշուշտ:

 

Կա այլ հոգեբանական ազդակ մը ևս: Հակառակ ենթադրություններու, ամեն սփյուռքահայ չէ, որ անպայման հայրենիք այցելած է: Շատերուն համար ալ Հայաստան-Հայրենիքը վերացական գաղափար մըն է: Սփյուռքի նախարարի անձը նման անձերուն համար վերջին 10 տարիներուն ծառայած է նաև որպես խորհրդանիշ: Չկա վերացական գաղափար մը, որ առանց շոշափելի խորհրդանիշի երկար ազդեցություն ունենա անհատին վրա: Երբ խորդանիշը վերցնենք, գաղափարը կը տուժե:

 

Վերադառնալով Հայաստանի նոր իշխանության՝ նախարարություններ կրճատելու, որոնց կարգին նաև Սփյուռքի նախարարությունը փակելու որոշումին, որուն որպես հիմնական պատճառ՝ կտրվի բյուջետական կրճատում, իմ մոտ կառաջացնե կարգ մը հարցադրումներ:

 

Ազգային Ժողովի 105 պատգամավորը 132-ի բարձրացնող կողմը ի՞նչ խնայողության մասին կխոսի:

 

Այլ տեսանկյունե, եթե Ազգային Ժողովի պատգամավորներու թիվը ինչ-որ չափով և հարաբերականորեն  առնչված է երկրի մը բնակչության կամ ընտրողներու թիվին հետ, ապա նախարարներու պարագային նույնը չէ:

 

Գալով կրճատումի գաղափարին, ան ընդհանրապես կկատարվի ավելորդը, նվազ պիտանին կամ անպետքը դուրս ձգելով: Ո՞վ և ինչպե՞ս կրնա արդարացնել, որ իր բնակչության քառապատիկը սփյուռք ունեցող պետության մը սփյուռքի նախարարությունը փակվելու ենթակա ըլլա…: Կամ Գեղարդն ու արվեստի հսկայական ժառանգություն ունեցող երկրի մը մեջ Մշակույթի նախարարությունը բյուջեի բրա բեռ համարողների փորձություն ունեցողներուն չեմ գիտեր՝ ինչ կարելի է կոչել…:

 

Իսկ եթե գործելաոճի կամ գործելադաշտի մը մասին է խնդիրը, ապա պետք է սահմանել Սփյուռքի կամ որևէ նախարարության աշխատանքային դաշտը ինչ որ կրնա ոմանց չափանիշով արդյունավետության հասնիլ և ոչ թե փակել զայն:

 

Հիմնվելով վերոհիշյալներուն վրա, Աստված չընե, որ Սփյուռքի նախարարության փակվելու որոշումը որևէ կապակցություն ունենա զայն հիմնողները «պատժելու» գաղափարին հետ, որովհետեւ այդ տրամաբանությամբ օր կու գայ, որ տվեալ կողմը կրնա մտածել նաև «պատժել» այն կրպակները, որ ատենին որոշ կուսակցության մը դրոշները կամ այլ խորհրդանիշերը ունեին իրենց ծախած ապրանքներուն շարքին…:

Կմնա ի՞նչ, մտածել, որ եթե մեր ուժերեն վեր է նախարարության մը փակվելուն դեմ կենալ ապա արդյո՞ք կարտոնվի մեզի առաջարկել, որ հետևելով ու օգտվելով մեզ նման սփյուռք ունեցող երկրի մը օրինակեն՝ նվազագույնը գոնե հաստատել Հայրենադարձության մեծ գործակալություն մը պետական հովանավորությամբ, որ սկսի գործնականորեն ու ամեն միջոցներով կազմակերպել մեծ մասշտաբի հայրենադարձություն, որպեսզի օր գայ, ուր սփյուռքը մեծավ մասամբ հայրենադարձվի և հետեւաբար իրապես անիմաստ դառնա Սփյուռքի նախարարության գոյությունը:

 


ԶՈՀՐԱՊ ՍԱՐԳՍՅԱՆ Տորոնտոյի Հայ Դատի նախկին ներկայացուցիչ

Սփյուռքի նախարարությունը որ կար. չեմ գիտեր՝ ինչ գործունեություն տարած է: Եթե պիտի արժեվորենք, թե Սփյուռքի նախարարությունը ինչ գործ ըրած է, դրանով պահել, այս պարագային լավատեղյակ չեմ Սփյուռքի նախարարության աշխատանքեն, բայց ինչ որ ապրող եմ սփյուռքի մեջ, նախարարությունը ավելորդ աշխատանք չի տարած, նախաձեռնություններ չէ ըրած, բայց իմ կարծիքով չի նշանակե, թե պետք է փակել, այլ պետք է գտնել պատճառները, թե ինչու չէ ըրած: Այսինքն՝ եթե նախարարությունը կա, պետք է դեսպանատան մոտ ունենա գործունյա ներկայացուցիչ՝ հստակ ծրագրով, ով իր հետ ունենա մի խումբ համայնքի բոլոր գաղութների ներկայացուցիչներեն, Տորոնտոյի գաղութը չի համապատասխանե, ինչ որ Կալիֆորնիան է,  Լոս Անջելեսը կամ Լիբանան: Ուրեմն աշխատանք անպայման պետք է տարվի, և պետք է մնա Սփյուռքի նախարարությունը և ամեն տեսակետով մասնակից դառնա սփյուռքի կյանքին մեջ: Ի՞նչ կնշանակե դեսպանատուն ունինք, բայց աշխատանք չունինք սփյուռքի նախարարության կողմե, չունենալը լուծում չէ, ավելի լավ է ունենանք գործունյա նախարարություն, գործունյա ներկայացուցիչ նշանակե դեսպանատան մոտ, ով դեսպանատան հետ միասին կաշխատի:

 

Ուներ ներկայացուցիչ, բայց մեկ հոգիով ի՞նչ պիտի ընե, ինչ է իրեն պաշտոնը՝ ներկայությո՞ւն, թե՞ գործունեություն է: Եթե գործունեություն է, մեկ հոգով չի կարելի ընել, պետք է ներկայացուցիչը հանձնախումբ ունենա, որուն հստակ ծրագիր կունենան, որը կորոշվի գաղութին հետ, նախարարությունը չի կրնա որոշել, թե գաղութը ինչ պետք ունի, կամ ինչ է սփյուռքի նախարարության նպատակը՝ օգտվի՞լ, թե՞ օգնել, կամ ի՞նչ դերերու մեջ օգտվիլ կամ օգնել՝ նյութական, բարոյական, տնտեսական, բիզնեսի, ի՞նչ ծիրերու մեջ, ամեն մեկ գաղութի տվյալներ ունին, ուսումնասիրվին և ընեն:

 

Ես գործնական մարդ եմ իմ առօրյայի մեջ, նշանակությունը սփյուռքի նախարարոթյան անունը չէ կամ ԱԳՆ անունը, իրականության մեջ գործնականորեն ինչ ենք անում, ինչ էր սփյուտքի նախարարությունը և ի՞նչ պետք է աներ, եթե այդ ամենը կրնա ԱԳՆ միջոցով ընել, ինչո՞ւ չէ: Եթե 10 հոգիով կվերջանա այսդ գործը, թերևս նախարարություն պետք է, եթե 3 հոգիով, ուրեմն պետք չունի, բայց ի՞նչն է նպատակը, եթե նպատակը սփյուռքեն մեկը Սփյուռքի նախարարություն պիտի երթա, բարև ձեզ, ինչպե՞ս եք, լավ եք ասե, պետք է օգտվի սփյուռքեն, կամ օգնե, հստակ է: Որպես ՀՀ հետ ապրող հայ, չեմ ուզեր, ոչ Հայաստանի Հանրապետությունն անտեղի ծախսեր անի, պաշտոններ ստեղծե, և հակառակը: