Home / Canadahye  / «Հայ տուն»-ի միջոցով այս տարի Քվեբեկ է մեկնել 3 ամգամ պակաս սիրիահայ, հաջորդ տարվա թիվը կառավարությունը կրճատել է ևս 10 տոկոսով

«Հայ տուն»-ի միջոցով այս տարի Քվեբեկ է մեկնել 3 ամգամ պակաս սիրիահայ, հաջորդ տարվա թիվը կառավարությունը կրճատել է ևս 10 տոկոսով

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ 2018թ-ի ընթացքում Կանադայի Հայոց թեմի «Հայ տուն» կազմակերպության օժանդակությամբ Քվեբեկ նահանգ է մեկնել մոտ 170 ընտանիք՝ ավելի քան երեք անգամ պակաս նախորդ տարվա համեմատ: Այս մասին Noranor.ca-ի հետ զրույցում հայտնեց Հայ տուն»-ի տնօրեն Նարոտ Օդաբաշյանը:

 

ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵՑ

Սիրիահայերն, ովքեր պատերազմի հետևանքով ստիպված եղան լքել իրենց ծննդավայրը, զգալի թվով դիմումներ ներկայացրին Կանադա մեկնելու համար: Ոմանց հաջողվեց սկզբնական շրջանում օգտվել հովանավորչական ծրագրերից, մյուսները ստիպված եղան երկար սպասել կամ դեգերել՝ ժամանակավոր հաստատվելով Լիբանանում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Հայ տուն»-ի տնօրենը, իրենց հերթին սպասողների թիվը հասնում էր շուրջ 14 000-ի:

 

Նույնիսկ փորձառու կազմակերպություն ըլլալով Քեպեքի մեջ՝ միայն 30 ափլիքեյշնի իրավունք տվավ, բնավ չէ եղել ասանկ բան

 

«Շարունակեցինք 2018-ի տարեշրջանին, իմիգրացիոն Քեպեքն այս տարի շատ օրենքները փոխեց, նույնիսկ փորձառու կազմակերպություն ըլլալով Քեպեքի մեջ՝ միայն 30 ափլիքեյշնի իրավունք տվավ, բնավ չէ եղել ասանկ բան, ամեն տարի նվազագույնը 200 եղած է: Շատ ամփոփ, շատ փոքր կրցանք ներկայացնել Քեպեքի կառավարություն, 100-ավոր հոգի կսպասե մեր զանգերուն, բայց «Հայ տուն»-ը առիթ չունի նոր դիմումագիր ընդունելու, միայն հիներու համար կրնանք աշխատիլ»,-պատմում է Նարոտ Օդաբաշյանը:

 

Իսկ ի՞նչն է Քվեբեկի իշխանությունների կողմից ներգաղթյալների թվի կրճատման պատճառը, այն դեպքում, երբ Կանադայի իշխանությունները հայտարարում են միլիոնավոր ներգաղթյալներ ընդունելու պատրաստակամության մասին:

 

ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ

Երկու շաբաթ առաջ Քվեբեկի կառավարությունը տեղեկացրել է, որ դանդաղեցնում է ներգաղթյալների ընդունման գործընթացը: Թե ինչն է պատճառը, «Հայ տուն»-ի տնօրենը պարզաբանում է.

 

Կդանդաղեցնե, որ լավ ներգրավվին

 

«Պատճառն այն է, որ կու գան, բայց լավ չեն ներգրավվի Քեպեքի կյանքին մեջ: Հիմա կդանդաղեցնե, որ լավ ներգրավվին»:

 

Այս պատճառաբանությանը գոնե սիրիահայերի դեպքում համաձայն չէ «Հայ տուն»-ի ղեկավարությունը, վստահեցնում են, որ իրենք՝ որպես ամենափորձառու կազմակերպություն, ամեն ինչ անում են, որ նման խնդիր իրենց հովանավորյալները չունենան: Ասում է.

 

Մեր կարծիքով սխալ է, բնավ լավ լուր չէ, մենք ընտանիքներուն հոգ կտանինք, արժեքները Քեպեքի կփորձենք սովորեցնել

 

«Մեր կարծիքով սխալ է, բնավ լավ լուր չէ, մենք ընտանիքներուն հոգ կտանինք, արժեքները Քեպեքի կփորձենք սովորեցնել, բայց կան ուրիշ կազմակերոպթւյուններ, Քեպեքի կողմեն հովանավորված անձինք,  չեն կարողանում, որովհետև մենակ են: Մեր ընտանիքները, որովհետև հոս ընտանիքներ ունին, երաշխավոր մը ունին, ընտանիքի անդամը միասին «Հայ տուն»-ի հետ ձեռք ձեռքի կփորձենք, որ ընտանիքը արժեքները հասկնա, արագ ֆրանսերեն սորվի, լեզուն շատ կարևոր է, ծառայություններ կստեղծենք, որ շփում ստեղծվի օտար ազգերու հետ, որ արագ շփվին»:

 

«Հայ տունն» այս կապակցությամբ հայտնել է իր դժգոհությունը նահանգային ղեկավարությանը, «Մենք նամակ գրեցինք կառավարություն, որ լավ բան չէ, մեր ընտանիքները կներգրավվին կյանքին մեջ, նորեն մտածեք որոշումին մասին, մենք մեր մտահոգությունը կհայտնենք»,-ասում է մոնրեալահայ պատասխանատուն: Սակայն մեծ չեն սպասումները, որ կընդառաջեն, հատկապես արդեն հայտարարել են, որ 2019-ին 10 տոկոսով կամ 10 000 մարդով պակաս ներգաղթյալներ են ընդունելու»:

 

Նահանգային իշխանությունների այս հայտարարությունը անհանգստություն է առաջ բերել դիմումատուների շրջանում, ովքեր անհամբերությամբ են սպասում իրենց հերթին, տարբեր հարցերով դիմում են «Հայ տուն»-ի տնօրինությանը: Նարոտը ներկայացնում է դրանց բովանդակությունը՝ ասելով.

 

Եթե «Հայ տուն»-ի ձևով չկարողանանք գալ, ուրիշ ի՞նչ ճանապարհներ կան

 

«Հարցերը այս են, թե ուրիշ առիթներն ինչ են, եթե «Հայ տուն»-ի ձևով չկարողանանք գալ, ուրիշ ի՞նչ ճանապարհներ կան, դժբախտաբար լուծում չունինք: Պետք է ուրիշ քաղաքներ դիմեն, Տորոնտո, Վանկուվեր իմիգրացիոն կազմակերպություն դիմեն»:

 

Հստակ իրավիճակը գնահատել, թե հաջորդ տարի քանի սիրիահայ ընտանիքի առջև կբացվեն դռները, «Հայ տուն»-ը չի կարող, զուտ կառավարության քայլերից է կախված: Թերևս ըստ հերթականության որոշ ընտանիքների հաջողվեի մեկնել Կանադա, բայց թե ովքեր կլինեն նրանց ցանկում, դժվար է ասել:

 

ԸՍՏ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Ամեն պարագայում, ներգաղթյալներն ըստ հերթականության են մեկնում, անցնող տարում գոնե այդ կարգով են ընդունել: Ներկայացնում է.

 

Մենք 10 օր առաջ լուր կունենք, որ այս ընտանիքը այս թռիչքով կու գա

 

«Հերթականությամբ Լիբանանում Կանադայի դեսպանատան մեջ բոլոր փուլերը կանցնին, երբ որ ամեն բան լավ է, կստանան, և անկե հետո մենք 10 օր առաջ լուր կունենք, որ այս ընտանիքը այս թռիչքով կու գա: Օր կնշանակվի, հարցազրույցեն կախված է, կու գան, մեզ ալ լուր կու գա»:

 

Անկախ եկողների թվից, «Հայ տուն»-ը անելիքներ ունի, արդեն Կանադայում հաստատված ընտանիքների կենցաղային հարցերից մինչև ինտեգրման խնդիրներ իրենց հոգածության տակ են առել: Իսկ օրեր առաջ տեղի է ունեցել նորեկների Կաղանդի ճաշը, որի ընթացքում շուրջ 250 կանադահայեր հնարավորություն են ստանալ ուրախանալ, տոնել ու ծանոթանալ նոր միջավայրում:

 

Խանդավառ մթնոլորտ մըն էր, ընտանիքները նվերներ ստացան

 

«250 հոգի կար, մեր սրբազան Տեր հայրներով, քաղաքապետարանից ներկայացուցիչ կար, խանդավառ մթնոլորտ մըն էր, ընտանիքները նվերներ ստացան»,-ոգևորությամբ է պատմում «Հայ տուն»-ի պատասխանատուն: