Home / Canadahye  / Ինչպե՞ս անծանոթ կանադահայը նոր կյանք տվեց սիրիահայ երիտասարդ ընտանիքին. Վեհան Պարսամյանի ու զավակների խաղաղության աղոթքը

Ինչպե՞ս անծանոթ կանադահայը նոր կյանք տվեց սիրիահայ երիտասարդ ընտանիքին. Վեհան Պարսամյանի ու զավակների խաղաղության աղոթքը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Մոնրեալ (Նորանոր) _ Վեհան Պարսամյանը, ի տարբերություն շատ սիրիահայ կանանց, Սիրիայում աշխատում էր ու սիրում իր աշխատանքը: Հալեպահայերը հաճախ ասում են, որ աշխատելու կարիք երբևէ չեն ունեցել, ընտանիքի մեկ անդամի աշխատանքով ամբողջ ընտանիքն է ապրել, Վեհանը երբևէ չի դժգոհել, սիրով է կատարել իր աշխատանքը շինարարական ընկերությունում որպես հաշվապահ աշխատելիս: «Շատ հանգիստ էին մեր աշխատանքի պայմանները, բոլորս մեկ ընտանիքի նման էինք»,-սիրում է կրկնել նա:

 

Նախկինում էր, որ սիրիահայ ընտանիքի մեկ անդամի աշխատանքը բավարար էր, հիմա Հալեպում կյանքն այլ հունով է ընթանում, իսկ Վեհանի ընտանիքի ճանապարհը 2015-ից շատերի նման շեղել է իր հունը՝ ուղղություն բռնելով նախ Լիբանան, իսկ 2017 թ-ի մարտի 1-ից՝ Կանադա:

 

ՓՐԿԵՆՔ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐՈՒՆ ԱՊԱԳԱՆ

Երբ ընդդիմադիրները հաստատվեցին Հալեպում, բնակիչների համար խաղաղությունը դադարեց, պատմում է Վեհանը, ով ևս հարազատներ է կորցրել պատերազմական Հալեպում:

 

Երբ կեցած վիճակի մեջ շենքերը ամբողջովին բնաջինջ եղան, ալ որոշում առինք, որ պետք է մեկնինք Հալեպեն

 

«Մեկը հորեղբայրս էր: Երբ ավելի վատացավ վիճակը, և մի օր, երբ կեցած վիճակի մեջ շենքերը ամբողջովին բնաջինջ եղան, ալ որոշում առինք, որ պետք է մեկնինք Հալեպեն և փրկենք մեր զավակներուն ապագան, քանի չէինք գիտեր՝ տակավին ինչեր մեզ կսպասեին, մանավանդ որ սկսավ փոքրերու վրա վատ ձևով ազդեցություն ունենալ»,-Noranor.ca-ին պատմում է Վեհան Պարսամյանը:

 

ԿՅԱՆՔ ՄԸ ՓՐԿԱԾ ԿԸԼԼԱՄ

Մեկնելով Լիբանան՝ նա աշխատանքի է անցնում ավիատոմսերի վաճառքով զբաղվող կազմակերպությունում: Աշխատանք ունեին, բայց Լիբանանում ևս սոցիալական պայմանները վատթարանում էին: Սիրիա վերադառնալ չէին կարող, որոշեցին Կանադա, բայց ինչպե՞ս, այնտեղ հարազատներ չունեցող ընտանիքի համար անորոշ էր: Բայց շուտով հանգամանքները դասավորվեցին հօգուտ իրենց: Պատմում է.

 

Հարց կու տամ իրեն՝ կրնա՞ք ինծի սպոնսեր դառնաք: Անձը առանց վրդովվելու կըսե՝ անշուշտ:

 

«Ես այս հարցով մտահոգ էի, երբ գրասենյակ աշխատած տեղս կու գա կանադահայ մարդ մը՝ մոտ 60 տարեկան, հարց կու տա տոմսերու մասին, և ես իրեն օգտակար կդառնամ, բայց կքաշվիմ առաջարկելու սպոնսերի համար, անձը կմեկնի: Հաջորդ օրը դարձյալ կու գա, և մեջս ուժ կգտնեմ խոսելու: Հարց կու տամ իրեն՝ կրնա՞ք ինծի սպոնսեր դառնաք: Անձը առանց վրդովվելու կըսե՝ անշուշտ: Կզարմանամ, կըսեմ՝ կատակ կընե՞ք, կըսե՝ ոչ, հայ չե՞ք, կյանք մը փրկած կըլլամ: Եւ կհանե իր անձնագիրը՝ Եղիա Վանյան, կու տա ինծի, որ օրինակ մը առնիմ և, հեռախոսին համարը ինձ փոխանցելով, կըսե խոսիր հետս, և այս կըլլա»:

 

Այս բարեհաջող դեպքը նոր ուղի է հարթում Վեհանի ու երկու զավակների համար: Կինը ներկայացնում է դիմումները, պատրաստվում և հույսով սպասում, որ 2016թ-ի Կանադայի կողմից ընդունվող 25000 սիրիացիների շարքում կլինեն նաև իրենք: Բայց ապարդյուն:

 

«Անցան օրեր, շաբաթներ, ամիսներ, և որևէ մեկ լուր չստացանք, արդեն ետքը իմացանք, որ 25 000 առած էր կանադական պետությունը, և հիմա դանդաղ վիճակի մեջ է, ատկե ետք հունիսին ըրինք մեր ինտերվյուն, բայց Կանադա եկանք 2017-ի մարտի 1-ին»:

 

Եղիա Վանյանն ու իր ընտանիքը ոչ միայն օգնում են երիտասարդ կնոջը Կանադայում հաստատվելու, այլև բնակարան վարձելու և աշխատանք գտնելու հարցում, այնպես որ առաջին հուսալի օգնությունից հետո շատ ավելի ամուր ոտքերի վրա են կանգնում:

 

Այդ օրեն տարբեր ընտանեկան կապ մը կունենանք իրենց հետ

 

«Այդ օրեն տարբեր ընտանեկան կապ մը կունենանք իրենց հետ, մանավանդ որ իր կրտսեր դուստրը՝ Վանա Վանյանը, ամեն ինչով կհասնի»,-ասում է կինը՝ հավելելով. «Հովանավորս և իր ընտանիքը բացառիկ անձեր էին: Նախքան Քվեբեկ հաստատվիլս ինծի տուն վարձեցին, բնակարան ամբողջությամբ լեցուցին կահ-կարասիով, գործս դարձյալ իրենք ապահովեցին, որ մինչև ներկայիս կաշխատիմ շաբաթավերջը, իսկ շաբթու ընթացքին արդեն ֆրանսերեն լեզվի քոլեջ կհաճախիմ»:

 

Ֆրանսերենին տիրապետելը դժվար էր, բայց ոչ անհնար, այսօր արդեն նա ոչ միայն հասկանում ու խոսում է, այլև ունի իր միջավայրը, տեղացի գործընկերներ, որոնց հետ լավ հարաբերություններ է հաստատել, իսկ մանկահասակ զավակների համար շատ ավելի հեշտ էր ներգրավվել նոր միջավայրում:

 

«Մանչս, երբ եկանք, փոքր էր՝ 4 տարեկան, շատ տարբերություն չզգաց քանի հաճախեց հայկական դպրոց, իսկ դուստրիս համար մի քիչ դժվար եղավ, քանի ստիպվեցավ եղավ պետական դպրոց երթալու, ետքը շուտ ընտելացավ, քանի մեծամասնությամբ հայ և արաբախոս էին դասընկերուհիները: Դուստրս բավական ուրախ է հոս և շատ չի մտածե Սիրիայի համար, քանի երբ Սիրիայեն ելանք, 8 տարեկան էր»:

 

Քվեբեկը ամենանախընտրելի նահանգն է կնոջ համար, որտեղ կյանքն ավելի հանգիստ է, ասում է, եղել է Տորոնտոյում ու հասկացել, որ այս քաղաքում ապրելը դժվար է: Ասում է. «Քվեբեկը միակ կառավարությունն է, որ կօժանդակե փոքրիկներ ունեցող ընտանիքներուն, անշուշտ իրենց նյութական օրենքներու համաձայն, իսկ ինչ կվերաբերի Քվեբեկի ժողովրդին, արդեն իմ աշխատանքիս մեջ ունիմ բնիկ տեղացիներ, որոնք ինձ շատ մոտ են և շատ լավ մարդիկ են»:

 

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ

Վեհանն իր զավակների հետ երկրորդ անգամ է Նոր տարին անցկացնելու Քվեբեկում, տոնի առանձնահատկությունը այն ջերմությունն է որ ստանում է ամեն անգամ ընտանիքի հետ նշելիս: «Ընտանիքիս հետ միատեղ հավաքվիլ և տաքուկ այդ մթնոլոտը ունենալն ամենամեծ և ուրախ առիթն է»,-ասում է հալեպահայ կինը:

 

Զավակներս անբացառաբար ամեն գիշեր կաղոթեն և շնորհակալություն կհայտնեն Աստուծմե, որ այսպիսի առիթ տվավ իրենց խաղաղ ապրելու

 

Մեկ այլ ընտանեկան սովորույթ էլ կա, որը պահպանում են փոքրիկ Սարին ու Վարագը, մայրը պատմում է. «Զավակներս անբացառաբար ամեն գիշեր կաղոթեն և շնորհակալություն կհայտնեն Աստուծմե, որ այսպիսի առիթ տվավ իրենց խաղաղ ապրելու»:

 

Լավատես եղեք, որ ամեն ինչ լավ լինի

 

Իսկ ինքը ոչ միայն Աստծուն է շնորհակալ, ապա նաև իր հովանավոր ընտանիքին ու «Հայ տուն» կազմակերպությանը, որ բազմաթիվ սիրիահայերի նոր ապագայի հույս են տալիս: «Լավատես եղեք, որ ամեն ինչ լավ լինի»,-հորդորում է մոնրեալաբնակ հայուհին: