Home / Armenia  / Արցախի Իշխանաձոր գյուղում վերաբնակեցված սիրիահայերն ու լիբանանահայերը պատերազմից չեն վախենում. համայնքը մեծանում է

Արցախի Իշխանաձոր գյուղում վերաբնակեցված սիրիահայերն ու լիբանանահայերը պատերազմից չեն վախենում. համայնքը մեծանում է

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Իշխանաձոր (Նորանոր) _ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղը սիրիահայերով ու լիբանանահայերով վերաբնակեցված ամենամեծ համայնքներից մեկն է, 2018թ-ին այստեղ հաստատված վերջին բազմանդամ ընտանիքը բնակարան ստացավ: Բնակարաններով ապահովված նորեկներն այստեղ արդեն նաև հողատերեր են:

 

250-ՈՎ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Համայնքի ղեկավար Արսեն Թելունցը Noranor.ca-ի հետ զրույցում պատմել է ընդամենը 20-ամյա համայնքի զարգացման մասին: Գյուղը, որի հիմնադիրները մտադիր էին բնակչության թիվը հասցնել 1000-ի, արդեն 600 բնակիչ ունի, իսկ նորերին ընդունելու համար նոր կացարաններ չունի:

 

«Այս տարի համարյա 250 հոգի ավելացել է, 50 տուն են սարքել վերաբնակեցման ծրագրով, պետական, Հայկական բարեգործական հիմնադրամի  միջոցներով, դպրոցում 100-ից ավելի երեխա ունենք»,-ուրախությամբ է ներկայացնում վիճակագրությունը Արսեն Թելունցը:

 

Իշխանաձորում դատարկ կացարաններ այլևս չկան, կան դժվարություններ ու նոր խնդիրներ բնակիչների թվի ավելացմանը զուգահեռ: Դրանցից մեկն օրինակ, դպրոցի տարածքի խնդիրն է, 100-ից ավելի աշակերտներին այլևս չի բավարարում:

 

Մի կողմից լավ է, որ գյուղը մեծանում է, վերաբնակեցնում ենք, մյուս կողմից  էլ նոր խնդիրներ են առաջ գալիս

 

«Հաջորդ տարին արդեն խնդիրներ կունենանք, գյուղում մանկապարտեզի խնդիր ունենք, դպրոցն արդեն փոքր է, փորձում ենք տեսնենք՝ հնարավոր կլինի՞ սարքել, շատ խնդիրներ են առաջանում, մի կողմից լավ է, որ գյուղը մեծանում է, վերաբնակեցնում ենք, մյուս կողմից  էլ նոր խնդիրներ են առաջ գալիս»,-պատմում է համայնքի ղեկավարը:

 

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ

Եթե չլինեն այս խնդիրները, Արսեն Թելունցը հավաստիացնում է, որ միշտ էլ պատրաստ են ընդունել նոր հայրենակիցներին, որոնց իրենց լավ բարեկամներն են համարում: Արցախցուց ոչ պակաս հայրենասեր, արցախցուց ոչ պակաս նվիրված հողին ու պատրաստ պայքարի, սա ցույց տվեց 2016թ-ի Ապրիլյան պատերազմը, երբ տեղաբնակներին հավասար նրանք էլ ցույց տվեցին իրենց քաջությունը՝ պատրաստ մեկնելու առաջին գիծ ու պահելու հայրենիքի սահմանը:

 

«Ապրիլյան պատերազմին մասնակցել են շատ ակտիվ ձևով, մի քանիսին էլ մինչև նախագահի մեդալի են ներկայացրել»,-ասում է գյուղապետը:

 

Պատերազմի պատճառով ծննդավայրը թողած սիրիահայերը չեն ընկրկում Արցախում ապրելուց: Այստեղ ևս կա պատերազմի սպառնալիք, բայց չկա օտարության զգացում, ուստի կռվելն այս հողի համար պարտք է ու հպարտություն, վստահեցնում է Արսեն Թելունցը՝ պատմելով.

 

Ասում են՝ ո՞ւմ համար կռվենք, ո՞ւմ հողի համար կռվենք: Ղարաբաղը մեր հողն է, կմնանք, կպահենք

 

«Սիրիահայերը շատ հայրենասեր մարդիկ են, բոլորն էլ գալիս են՝ իմանալով, որ սա իրենց հայրենիքն է, և չեն վախենում պատերազմից, մանավանդ որ պատերազմ տեսել են: Խոսում ենք իրենց հետ, հարցնում, թե ինչու չեք մնացել, այստեղ մնալու փոխարեն, ասում են՝ ո՞ւմ համար կռվենք, ո՞ւմ հողի համար կռվենք: Ղարաբաղը մեր հողն է, կմնանք, կպահենք»:

 

50 ՀԱ ԱՅԳՈՒ ՀԻՄՆՈՒՄ

Հետևաբար համայնքն ավելի մեծ պարտավորություն է զգում իր ուսերին անհնարինը անելու և այս մարդկանց կյանքը բարելավելու համար: Այդ նպատակով գյուղատնտեսական նոր ծրագրեր են մշակում, հաջորդ տարվա համար պլանավորել են 50 հա այգի հինել:

 

Բնակիչներից ով ցանկություն է հայտնել այգի հիմնելու, տալիս ենք

 

«Պետությունն աջակցում է տնկիներով, գյուղում էլ հողեր ունենք, որ չենք մշակում, ուզում ենք ժողովրդին բաժանել: Համայնքի միջոցներով չի, բնակիչները,  անհատները պիտի անեն, պետությունը ծառերը տրամադրում է, պետական ծրագիր կա, լավ սորտի տնկիներ է տալիս, փորձում ենք համայնքում այդ ծրագիրը իրականացնել, բնակիչներից ով ցանկություն է հայտնել այգի հիմնելու, տալիս ենք»,-վստահեցնում է արցախցի գյուղապետը:

 

Արցախ աշխարհին, հայ ազգին խաղաղություն եմ մաղթում

 

Ակտիվ կյանքով ապրող համայնքը ծաղկելու ու նորովի զարգանալու հեռանկարներ է խոստանում, անկախ նրանից, որ խնդիրներ էլ ունի, դժվարություններ էլ: Ճանապարհների անբարեկարգ վիճակ, տեխնիկայի բացակայություն, մանկապարտեզի խնդիր և այլն: Բայց գյուղապետի կարծիքով՝ սրանք բոլորն էլ լուծելի են տարբեր ծրագրերի ու բարերարների շնորհիվ, ւստի միակ բարեմաղթանքը, որ Ամանորի շեմին հղում են միմյանց, Թելունցը չի վարանում կրկնել. «Մաղթում ենք խաղաղություն Արցախ աշխարհին, հայ ազգին խաղաղություն եմ մաղթում»: