Home / Canadahye  / Խնդիրը «արմատից հեռացնե՞լն» էր ամենաճիշտ քայլը. Ոմանք ողջունում են Սփյուռքի նախարարության լուծարումը, մյուսները՝ զարմանում

Խնդիրը «արմատից հեռացնե՞լն» էր ամենաճիշտ քայլը. Ոմանք ողջունում են Սփյուռքի նախարարության լուծարումը, մյուսները՝ զարմանում

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո, Լոնդոն (Նորանոր) _ Հայրենադարձված մի խումբ անձինք ևս միացել են Սփյուռքի նախարարության նախկին աշխատակիցներին, ովքեր բողոքում են այս գերատեսչության փակման դեմ: Այն, որ նախարարությունը բովանդակային լուրջ փոփոխությունների կարիք ուներ, չեն հերքում կառույցի փակմանը ինչպես դեմ, այնպես էլ կողմ արտահայտվողները, իսկ ընդհանրապես վերացնել մի ամբողջ համակարգ, որը 10 տարի շարունակ զարգացման ճիգեր է գործադրել, ոչ բոլորն են տեղին համարում:

 

 

ԱՐՄԱՏԻՑ ՀԵՌԱՑՆԵԼ

Ի տարբերություն նման կերպ մտածողների, կանադաբնակ Արա Տեր-Հարությունյանը, ով զբաղվում է տպագրական աշխատանքով, նաև Տորոնոտոյի շաբաթօրյա վարժարանի փոխտնօրեն է, վստահ է, որ ամենաճիշտ քայլը խնդիրն արմատից հեռացնելն է, քան տարիներ շարունակ ձգձգելն ու լուծումներ գտնելու իզուր փորձերը:

 

Լավ ու սրտցավ բժիշկը երկրորդ տարբերակն է ընտրում՝ անտեսելով հիվանդի բողոքներն ու ճիչերը

 

Noranor.ca-ի հետ զրույցում հետևյալ օրինակն է բերում պարոն Տեր-Հարությունյանը. «Անգործացած ատամից ազատվելու երկու տարբերակ կա. Ա. ցավազրկիչով հանդարտեցնել ցավը, հետաձգել-ձգձգել ընթացքը, Բ.  դանակը վերցնել, վիրահատել, հեռացնել փտած ատամը: Լավ ու սրտցավ բժիշկը երկրորդ տարբերակն է ընտրում՝ անտեսելով հիվանդի բողոքներն ու ճիչերը»:

 

Իսկ որ նախարարությունը իր գործունեության ընթացքում ճիշտ այդպիսի հիվանդի տպավորություն է գործել, շատերն են հաստատում: Այն ըստ էության Հայաստան-Սփյուռք հարաբերությունների որևէ ոլորտում էական փոփոխություն չի մտցրել, վստահ է կանադահայ գործիչը:

 

Իրավական ոչ մի պարտադրանք չպարունակող օրենքի բացակայությունը սփյուռքահայության բարձրացրած հարցերն ու տեսակետները պահեցին ստվերում

 

«Թէև Հայաստանի կառավարության կազմում Սփյուռքի նախարարություն ունենալու լուրը ոգևորություն առաջացրեց հայության մոտ, սակայն երկար չտևեց ի հայտ գալու այն փաստը, որ այդ նախարարությունն ավելի ձևական դերակատարություն կունենար, քան գործնական հնարավորություններ: Բազմամիլիոնանոց սփյուռք ունեցող ժողովուրդը պետք ուներ հայրենի կառավարության մեջ տեսակետ հայտնելու մեխանիզմ, սակայն իրավական ոչ մի պարտադրանք չպարունակող օրենքի բացակայությունը սփյուռքահայության բարձրացրած հարցերն ու տեսակետները պահեցին ստվերում: Սփյուռք-Հայաստանի կապերին առնչվող բոլոր պահանջները շարունակում են աշխատել դեռ մինչև նախարարության կազմությունը գտնված մեխանիզմներով»,-ասում է Շաբաթօրյա վարժարանի փոխտնօրենը:

 

ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

Որպես այդպիսիք բավական է թվարկել մի քանի ոլորտներ, օրինակ՝ հոգևոր  դաշտում Էջմիածնի կաթողիկոսությունն իր թեմերով ու եկեղեցական կառույցներով հզոր ներկայություն ու դերակատարություն ունի սփյուռքում: Տնտեսական դաշտում գործարարներն ու մասնագետներն իրենց գործընկերներին են գտնում ու աշխատանքը ծավալում առանց կարիք ունենալու սփյուռքի նախարարութեան:

 

«Մշակութային ասպարեզում,-թվարկում է տորոնտոհայ գրաֆիկ-դիզայները,- հազարավոր մշակութային միջոցառումներ են կազմակերպվում, խմբեր, երգիչներ, թատերախմբեր են հրավիրվում սփյուռքի գաղթօջախներ առանց նույնիսկ իմաց տալու կամ կարիքը ունենալու Սփյուռքի նախարարության միջնորդությանը: Սփյուռքում գործող կրթական հաստատությունները Հայաստանի իրենց գործակիցների կամ հրատարակիչների հետ ուղղակի կապ հաստատելով՝ շատ ավելի արագ արդյունքի են հասնում, քան այլ միջնորդություներով: Այլ ասպարեզներում ևս նախարարությունը փայլուն ոչ մի արդյունք չի ունեցել»:

 

Ավանդական կուսակցություններն էլ լավագույն ձևով ապահովում են քաղաքական կամ համայնքներ ձևավորելու գործը, վստահեցնում է սփյուռքահայ գործիչը, ով այս իրավիճակը չի պայմանավորում նախարարների թերացումներով: Նրա կարծիքով՝ հարցը շատ ավելի խորքային է: Ասում է.

 

Ունեին գեղեցիկ գաղափարի կերպար, սակայն խորքում ոչ մի լուրջ ու հիմնական արդյունք չպարունակող նախաձեռնություններ էին

 

«Նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը ճարպիկ գտնվեց անգործության սպառնալիքի դեմ կանգնած նախարարության համար կազմակերպելու մեծ ձայն ու արձագանգ ստեղծող ծրագիրներ, ինչպես «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը, «Արի տուն»-ը, Հայաստան-Սփյուռք համագումարները և այլն, որոնք ունեին գեղեցիկ գաղափարի կերպար, սակայն խորքում ոչ մի լուրջ ու հիմնական արդյունք չպարունակող նախաձեռնություններ էին»:

 

Նրա համոզմամբ՝ կենսական անհրաժեշտություն է Հայաստան-Սփյուռք կապն ամրապնդող որևէ կառույցի գոյության, բայց այն իր բնույթով պետք է էականորեն տարբերվի Սփյուռքի նախարարությունից:

 

«Այն ոչ թե պիտի զբաղվի մակերեսային հասարակ ծրագիրներով՝ մեծ ու փոքր համերգ-փառատոններով կամ զբոսաշրջիկներ, աշակերտներ Հայաստան բերելով, ձևական համագումարներ-ժողովներ կազմակերպելով ու սրան-նրան շքանշաններ շռայլելով, այլ այդ մարմինը պիտի լինի սփյուքը ճանաչող եւ ուսումնասիրող հասարակագետներով, կրթական մեթոդիստներով, քաղաքագետ-փաստաբաններով համալրված հավաքականություն, որը ուսումնասիրելով ամեն մի գաղութի կամ համայնքի կարիքներն ու կարելիությունները՝ կկարողանա գործադրելի առաջարկներով օգտակար լինել սփյուռքյան տվյալ համայնքի գոյատևման կարիքները բավարարելուն, զուգահեռաբար այդ համայնքում առկա ներուժն ու հնարավորությունների ճշգրիտ գնահատումն ունենալով, գտնել ձևեր համայնքի ներուժը ծառայեցնելու Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը»,-ասում է «Տորոնտոհայ» պարբերականի համահիմնադիրը:

 

ԶԱՐՄԱՆԱԼԻ Է, ՈՐ ՓԱԿԵՑԻՆ

Սփյուռքի նախարարության փակման հարցը աշխարհի ցանկացած երկրում ապրող հայերի ուշադրության կենտրոնում է: Լոնդոնաբնակ,  Երևանի Կանանց աջակցման կենտրոնի (Women’s Support Centre (WSC)) անդամ, միջազգային հարաբերությունների և ժողովրդավարական քաղաքականության գծով մասնագետ Անեթ Մոսկոֆյանը ևս համամիտ է, որ նախարարությունը կարող էր ավելին անել իր գոյության ընթացքում, քան արեց, սակայն վստահ է, որ այն փակելը հարցի լուծում չէ:

 

«Նախարարություն հիմնելու գաղափարը լավն է: Բայց հաջողվե՞ց նրանց հոգ տանել Սփյուռքի հետաքրքրությունների մասին: «Արի տուն» ծրագիրը կարող էր ավելի հաջողված լինել, բայց նրան այդպես էլ չհաջողվեց հայրենիք բերել ավելի մեծ թվով երիտասարդների»-նշում է Մոսկոֆյանը:

 

Հեղափոխությունից հետո երկու երիտասարդ ղեկավարները փորձեցին էնտուզիազմ դրսևորել ու նորարարական գաղափարներով հանդես գալ, ինչպիսին օրինակ «ՆերՈւժ» ծրագիրն էր, բայց այդպես էլ ընթացք չտրվեց: Իսկ ծրագրի ճակատագիրն անորոշ էր, քանի որ, ըստ լոնդոնաբնակ մասնագետի, հայտնի չէր իրացման հեռանկարը:Ասում է.

 

«Նրանց ջանքերը բարձր են գնահատվում, միայն թե հայտնի չէր, թե ինչպես պետք է նրանք իրականացնեին դրանք և որքանո՞վ կհաջողվեր»:

 

Իսկ Սփյուռքի նախարարության գոյությունը անհրաժեշտ է այնպիսի երկրին, որն սփյուռքում ավելի մեծ թվով հայեր ունի, քան երկրի սահմաններից ներս, ուրեմն այս երկու հատվածների անմիջական կապն ապահովող կառույցը պետք է գոյություն ունենա:

 

Զարմանալի է, որ որոշեցին փակել նախարարությունը ծախսերի կրճատման պատճառաբանությամբ

 

«Պետք է շատ սերտ հարաբերություններ լինեն Հայաստանի և Սփյուռքի միջև, և զարմանալի է, որ որոշեցին փակել նախարարությունը ծախսերի կրճատման պատճառաբանությամբ: Սփյուռքը իրականություն է, և նրան առնչվող հարցերը մշտապես պետք է ուշադրության կենտրոնում լինեն»,-կարծում է միջազգային հարաբերությունների և ժողովրդավարական քաղաքականության գծով մասնագետը:

 

Նրա համոզմամբ, փոխադարձ աջակցության եղանակներ պետք է ստեղծվեն, քանի որ այնքան, որքան սփյուռքը Հայաստանի, նույնքան էլ Հայաստանը սփյուռքի կարիքն ունի, ուրեմն հավելում է. «Սփյուռքի ռեսուրսը շատ կարևոր է Հայաստանի պետականաշինության  համար:  Բայց դա պետք է լինի փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման հիման վրա»: