Home / Canadahye  / Մոնրեալում բնակվող Դիանա Քոսյանի՝ հայկական սուջուխի նորաստեղծ բիզնեսը խոստանում է ծաղկել Նոր տարվա շեմին

Մոնրեալում բնակվող Դիանա Քոսյանի՝ հայկական սուջուխի նորաստեղծ բիզնեսը խոստանում է ծաղկել Նոր տարվա շեմին

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Հայկական ընկույզով քաղցրավենիքը, որ բոլորին հայտնի է «սուջուխ» անունով, Մոնրեալում այս օրերին դարձել է հայ ընտանիքների ամանորյա սեղանի ամենապահանջված ուտեստներից մեկը: Դիանա Քոսյանը որոշել է հաճելի հիշողություններ արթնացնել Կանադայում ապրող հայերի սրտերում, իսկ դրա համար շատ բան հարկավոր չէ. Հայկական ավանդական ձևով պատրաստված դոշաբ, ընկույզ, մեծ ցանկություն ու արհեստավարժ ձեռքեր:

 

ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԸ

Այս ամենի համատեղման արդյունքում Դիանան, ով 12 տարի առաջ է ընտանիքի հետ Հայաստանից արտագաղթել Կանադա, ամեն տարի պատրաստում էր իր տան անդամների, ընկերների ու հյուրերի համար: Այս տարի որոշեց մյուս հայրենակիցներին էլ հնարավորություն տալ հայրենիքի համուհոտը վերհիշելու:

 

«Համեղ ուտեստներ էի պատրաստում, ընկերուհիներս շատ վաղուց էին ինձ ասում՝ Դիան ջան, ինչո՞ւ պատվերով չես անում, ու այս անգամ փորձեցի, ահագին պատվերներ ստացա սուջուխի վրա, ուրախացնում եմ մեր հայերին, ուրախ կլինեմ, որ իմ առաջին փորձը լավ  անդրադառնա հայ համայնքի վրա»,-Noranor.ca-ին պատմում է Դիանան:

 

Հայկական ավանդական եղանակով պատրաստում է դոշաբով շփոթը, այնպիսի խնամքով, կարծես իր զավակների համար է անում, նույն հոգատարությամբ շարում ընկույզը՝ պատրաստման գործում ներդնելով իր ամբողջ հմտությունն ու ջերմությունը, հետո էլ առանց ավելորդ համեստության՝ ասում. «Շատ համեղ եմ սարքում,-ապա հավելում,- ինձ ի՞նչն ուրախացրեց, ոնց որ կարոտ կա, կարոտում են մարդիկ հայրենիքին, ու սրա միջոցով կարող են մի պահ կարոտը հագեցնել»:

 

«ԿԱՐՈՏԸ ՀԱԳԵՑՆՈՂ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԸ»

Առջևում Ամանոր է, հենց սա էլ ամենալավ առիթն է նոր բիզնեսին զարկ տալու, թեև ինքը՝ Դիանան, սա դեռ բիզնես չի համարում, բայց չի էլ հերքում, որ պահանջարկ լինելու դեպքում կշարունակի զբաղվել այս գործով՝ համատեղելով օգտակարն ու հաճելին:

 

Միայն գումար վաստակելու հարցը չէ, մի փոքր հիշողություն արթնացնեմ

 

Ոգևորությունը կկրկնապատկվի, եթե ինչպես ինքն է անվանում,  «կարոտը հագեցնող քաղցրավենիքը» հավանեն հայրենակիցները, անհամբերությամբ է սպասում յուրաքանչյուր արձագանքին, որոնք թերևս Նոր տարվանից հետո կհասնեն իրեն:  «Միայն գումար վաստակելու հարցը չէ, մի փոքր հիշողություն արթնացնեմ, պատրաստում եմ մաքսիմում լավ»,-վստահեցնում է հմուտ խոհարարը:

 

ՀԱՅԵՑԻ, ՈՉ ՀԱՅԱՎԱՐԻ

Իսկ իր հմտությունները ոչ միայն այս քաղցրավենիքի հարցում են նկատելի: Այլ ուտեստներ ևս պատրաստում է, թեև ոչ վաճառելու նպատակով: Ամանորին ընդառաջ բոլոր հայրենակիցներն են հայկական սեղաններ բացում, միայն թե հայերի նման 13 օր տնետուն չեն շրջում:

 

Մի քիչ դժվար է Հայաստանում այդ հարցը, մինչև ամսի 13-ը տներով ման են գալիս

 

«Ես ինչքան շփվում եմ հայերի հետ, բոլորը պատաստում են նույն ձևով, ոնց որ Հայաստանում, բուդ են դնում, սալաթներ են սարքում, խմորեղեններ, ոչ մի բանով չի զիջում Հայաստանին: Ուղղակի ընկերներով հավաքվում-նշում ենք, ու այդ բանը չկա գնալ-գալ, ոչ մեկը չի ստիպում, մի քիչ դժվար է Հայաստանում այդ հարցը, մինչև ամսի 13-ը տներով ման են գալիս: Այստեղ ամեն ինչ հեշտ է անցնում»,-պատմում է կանադաբնակ հայուհին, ով Հայաստանում պարարվեստով էր զբաղվում ու երբևէ չէր մտածում, որ սիրած զբաղմունքը կդառնա աշխատանք:

 

Պատմում է նաև, որ ի տարբերություն հայրենակիցների՝ Կանադա տեղափոխվելով այլ աշխատանքների չի ձգտել, զբաղվել է երեխաների դաստիարակությամբ, տնային տնտեսությամբ, ամուսինն աշխատել է, իսկ զավակները թեև հայկական դպրոց չեն հաճախել, բայց հայեցի դաստիարակություն են ստացել ընտանիքում, իրենց ընկերներն ու միջավայրն էլ մեծամասամբ հայերն են:

 

«Շփվում ենք հայ համայնքի հետ, օտար ընկերներ չունենք, բոլոր հայ են, մեր հայ օջախի տաքությունը պահպանում ենք, ոչ մի բան չենք փոխում, մեր երեխաներին էլ հայեցի ենք մեծացնում, հայկական արմատները չենք մոռանում»:

 

Այս տարիներին մի քանի անգամ էլ այցելել են հայրենիք, բայց վերադառնալ չեն կարող, Կանադայում արդեն նաև բնակարան ունեն, այլ հարց է, եթե երեխաները որոշեն Հայաստանում ապրել: Պայմանները ստիպեցին տեղափոխվել Կանադա, բայց կարոտը հայրենիքի հանդեպ անսպառ է, հավաստիացնում է կինը, ով փորձում է բաց չթողնել հայկական որևէ միջոցառում, այդ թվում նաև Հայ համայնքի կողմից կազմակերպված Սուրբ ծննդյան հավաքույթը, որին պատրաստվում են և անկեղծորեն մաղթանք հղում գալիք տարվա առիթով.

 

Հայաստանում որ ամեն ինչ լավ լինի, այտեղ էլ լավ կլինի, մենք այդ դարդուցավով ենք ապրում

 

«Կարևորը Հայաստանում ամեն ինչ լավ, խաղաղ լինի, ուրախ ենք, որ հեղափոխություն եղավ, Հայաստանում որ ամեն ինչ լավ լինի, այտեղ էլ լավ կլինի, մենք այդ դարդուցավով ենք ապրում»: