Home / Canadahye  / Սիրիահայ որոշ ընտանիքներ Լիբանանում երկար սպասելուց հետո որոշում են ոչ թե Կանադա մեկնել, այլ Սիրիա վերադառնալ. Տորոնտոհայ Ռիտա Օջախյան

Սիրիահայ որոշ ընտանիքներ Լիբանանում երկար սպասելուց հետո որոշում են ոչ թե Կանադա մեկնել, այլ Սիրիա վերադառնալ. Տորոնտոհայ Ռիտա Օջախյան

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ Հստակ վիճակագրություն, թե ավելի մեծ թվով սիրիահայեր Մոնրեալո՞ւմ են ապաստան գտնում, թե՞ Տորոնտոյում, դժվար է ունենալ: Տարբեր կազմակերպություններ ու անհատներ են հովանավորում նրանց այցելությունը Կանադա, որոնցից մեկն էլ Տորոնտոհայ ըտնտանիքների աջակցության ծառայությունն (Armenian Family Support Services (AFSS))է, որն ամեն տարվա նման մոտ 40 սիրիահայ ընտանիքների է «բարի գալուստ» ասել:

 

Մոնրեալում, ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր Noranor.ca-ը, այս տարի սահմանափակվել էր ներգաղթյալների թիվը Քվեբեկի կառավարության հրահանգի համաձայն, իսկ հաջորդ տարի մոտ 10 տոկոսով պակաս ներգաղթյալներ կընդունեն: Տորոնտոյում նման հրահանգ կազմակերպության ատենապետին հայտնի չէ, իրենց ամենամյա 38 ընտանիքների հյուրընկալության աշխատանքները կկատարեն:

 

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԺՊԻՏ

Այստեղ, որտեղ բոլոր աշխատակիցները կամավորներ են, բացի մեկից, դժվար է կազմակերպել նորեկների դիմավորման, ընդունման, աշխատանքի տեղավորման, ուսուցման և այլ հարցերը, բայց որ անհնար չէ, ցույց են տալիս ամեն տարվա արդյունքները, իսկ կամավոր-աշխատակիցները երբեք չեն տրտնջում:

 

Ամենամեծ վարձատրությունը նորեկների ուրախությունն է

 

«Ամենամեծ վարձատրությունը նորեկների ուրախությունն է,-ասում է կազմակերպության ատենապետուհի Ռիտա Օջախյանը և շարունակում,- երբ զգում են, որ կռվից հեռու են, զավակները կրնան դպրոց երթալ, իրենց մանկությունը վայելեն, ոչ թե փախստականի պես ապրեն»:

 

Այս ամենը հնարավոր է, երբ լուծվում են ամենադժվար հարցերը՝ լեզվի ուսուցման և աշխատանքի տեղավորման, սրանից հետո սիրիահայերը շատ արագ են ոտքի կանգնում, հավատացնում է Օջախյանը:

 

ՈՒՍՄԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նրանց, ովքեր ձեռքի աշխատանքի հմտություններ ունեն, կարողանում են գործատուների հետ համաձայնության գալ ու անցնել աշխատանքի: Միայն մեկ խնդիր կա, ասում է.

 

Ուզում են անմիջապես աշխատել ու իրենց կարողությունով ոտքի կանգնել, չեն  ուզում անգլերեն սովորեն

 

«Ընտանիքները, որ գալիս են, այնքան հպարտություն ունեն, ուզում են անմիջապես աշխատել ու իրենց կարողությունով ոտքի կանգնել, չեն  ուզում անգլերեն սովորեն, որ առաջ երթան, ասում ենք՝ միշտ էդ գործով չես մնալու, առաջ ես երթալու, պիտի անգլերեն սովորես, դա շատ դժվար է, այդ մասի վրա ենք շատ աշխատում»:

 

Հատկապես երիտասարդների հետ հաճախակի հանդիպումներ են կազմակերպում, փորձում հասկանալ նրանց նախասիրությունները, ըստ այդմ ուղղորդել լիարժեք կրթություն ստանալու, նրանց դեպքում մեկ այլ խնդիր էլ կա. Շատերը երկար ժամանակ կտրված են եղել կրթական միջավայրից:

 

Այս աշխատանքն էլ տարել ենք, որ հավաքենք, ասենք,  որ պիտի մի հատ երազ ունենաս,  ու ուղղորդենք

 

«Երիտասարդները, որ գնացել են Լիբանան, կռվից փախել են, տարիներ դպրոց չեն գնացել,  հետ են մնում, որ երթան դպրոց, համալսարան: Այս աշխատանքն էլ տարել ենք, որ հավաքենք, ասենք,  որ պիտի մի հատ երազ ունենաս,  ու ուղղորդենք համալսարան, որ կրթություն ստանան ու իրենց ապագան սարքեն, ոչ թե տեղում մնան»,-ասում է կազմակերպության ատենապետը:

 

ՀԻՆԸ ՏՎԵՑ ՄԵԿ ՈՒՐԻՇ ՆՈՐԵԿԻ

Ինչպես հայտնի է, կառավարությունն առաջին տարին նորեկներին շատ հարցերում օգնում է, բայց ոչ աշխատանքի տեղավորման հարցում: Իսկ արդյո՞ք մեկ տարվա ընթացքում նրանք հասցնում են ոտքի կանգնել, Օջախյանը վստահեցնում է, որ այո: Նույնիսկ նման մի օրինակ է բերում՝ որպես խոսքերի հավաստիք.

 

Չեն մոռանում իրենց անցած ճանապարհը, ասում են՝ մեզ օգնել են, մենք էլ կարող ենք մեկ ուրիշին օգնել

 

«Մի սիրիահայ ընտանիք կար, շատ էլ կրթված չէր, ձեռքի՝ կարի գործ է անում, մենք իրան կահ-կարասի էինք տվել: Ինքը ձեռքի գործով այնքան առաջ գնաց, որ գնաց նոր կահույք  առավ ու իր հինը տվեց մեկ ուրիշ  նոր եկածի: Սա շատ լավ օրինակ է, որ չեն մոռանում իրենց անցած ճանապարհը, ասում են՝ մեզ օգնել են, մենք էլ կարող ենք մեկ ուրիշին օգնել»:

 

ԵՏ՝ ԴԵՊԻ ՀԱԼԵՊ

Իսկ Կանադայում հաստատվելուց հետո գրեթե ոչ ոք չի մտածում Հալեպ վերադառնալու մասին, հիշում են, կարոտում, բայց հասկանում են, որ այստեղ իրենց զավակների կյանքն ապահով է: Այլ է նրանց ճակատագիրը, որոնց չհաջողվեց սկզբնական շրջանում հասնել Կանադա, դիմողներից ոմանք նույնիսկ արդեն հրաժարվել են այդ մտքից ու որոշել են Լիբանանից վերադառնալ Հալեպ:

 

Ըսել են, չէ, մենք չենք ուզում Կանադա գաղթել, կուզենք վերադառնալ Սիրիա

 

«Ունեինք ընտանիքներ, որ պիտի երթային կանադական դեսպանատուն Լիբանան, որ ըսել են, չէ, մենք չենք ուզում Կանադա գաղթել, կուզենք վերադառնալ Սիրիա: Կան, բայց քիչ են, վստահ եմ, որ այնքան վատ վբիճակի մեջ են Լիբանան, թե ինչքան սպասենք, կմտածեն ավելի լավ է՝ վերադառնալ Սիրիա»,-ասում է նորեկներին աջակցություն ցուցաբերող ծառայության պատասխանատուն:

 

Իսկ Սիրիայում և Իրաքում համեմատաբար հանգիստ վիճակն անդրադառնում է նաև Կանադայի կառավարության որոշումների վրա, որը նվազեցնում է սիրիահայերի ներգաղթի ծավալները, օրինակ՝ այսօրվա պատկերն անհնար է համեմատել 2016թ-ի հետ, յուրաքանչյուր կազմակերպության այսօր մի քանի տասնյակ ընտանիքների ընդունման իրավունք է տալիս: Օջախյանը պարզաբանում է.

 

Սկզբի տարիները մոտ 150 հատ ափլիքեյշն էին տալիս, հիմա քչացել է, 38-ից ավելի չեն տալիս

 

«Սկզբի տարիները մոտ 150 հատ ափլիքեյշն էին տալիս, հիմա քչացել է, 38-ից ավելի չեն տալիս: Օրինակ՝  կառավարությունն  ուզում է 10 հզր հոգի գան, բայց նրանց մեջ եգիպտացի, իրաքցի, արաբ, հայ այսպես բաժանում են, հիմա որ Սիրիա և Իրաք կռիվը դադարել է, պակասեցնում է կառավարությունը»: