Home / Canadahye  / Կանադահայ. 10 բան, որ պետք է իմանալ այս տարեվերջին

Կանադահայ. 10 բան, որ պետք է իմանալ այս տարեվերջին

 

 

Տորոնտո, Մոնրեալ, Երևան (Նորանոր) _2018թ-ին Հայաստանում և Կանադայում տեղի ունեցող այն բոլոր իրադարձությունները, որոնք հետաքրքրում են կանադահայ համայնքին, շարունակեցին մնալ Noranor.ca կայքի ուշադրության կենտրոնում: Լինեն դրանք հայ-կանադական հարաբերություններ, պաշտոնական փոխադարձ այցելություններ, թե պատմություններ հայրենադարձների ու Կանադայում ապաստանած ներգաղթյալների մասին: Այս բոլոր միջոցառումներին ու զարգացումներին Noranor.ca-ի ընթերցողները հնարավորություն ունեցան հետևել մեր լրատվամիջոցի օպերատիվ ու անաչառ լուսաբանման միջոցով:

 

Տարեմուտին մենք առանձնացրել ենք կանադահայ ամենակարևոր իրադարձությունները, որոնք եղել են բոլորիս ուշադրության կենտրոնում: Իսկ հայ ժողովրդի համար շրջադարձային համարվող 2019թ-ը իրավ հագեցած էր բուռն իրադարձություններով:

 

Եւ այսպես.

  1. Տարվա ուշագրավ կանադահայ իրադարձություններից առաջինը թերևս Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պաշտոնական այցն էր Հայաստան, նման այցելություն վարչապետի մակարդակով պատմության ընթացքում տեղի ունեցավ առաջին անգամ: Երիտասարդ վարչապետի այցելությունը հայ ժողովրդի հիշողության մեջ մնաց հետաքրքիր դրվագներով: Ինչպես պատմել էր noranor.ca-ը, Թրյուդոն պաշտոնական ընթրիքի ժամանակ ասել էր. «ՍԱ ԲՆԱՎ ԷԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԹՐԻՔԻ ՆՄԱՆ ՉԷ, ԿԱՐԾԵՍ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՈՎ ՆՍՏԱԾ ԼԻՆԵՆՔ, և ԱՅԴՊԵՍ ԷԼ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ», իսկ Նիկոլ Փաշինյանը Թրյուդոյին  մատուցել էր յուրահատուկ նվեր՝ ասելով. «ՀԱՅՏՆԻ ԵՄ ԻՄ ՍԵԼՖԻՆԵՐՈՎ, ԻՍԿ ՊԱՐՈՆ ԹՐՅՈՒԴՈՆ՝ ԻՐ ԳՈՒԼՊԱՆԵՐՈՎ», և նրան էր նվիրել խորհրդանշական եռագույն գուլպաներ:

 

2. Կանադայի վարչապետը Հայաստանում էր նաև Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, որը տարվա կարևորագույն իրադարձություններից էր, ինչի առիթով Երևան ժամանեցին Կանադայի մեծ թվով պատվիրակություններ: Նրանց թվում էին նաև Կանադայի ժառանգության, պետական լեզուների ու ֆրանկոֆոնիայի նախարար Մելանյա Ջոլին, նրան ուղեկցող կառավարության անդամներ, այդ թվում՝ մոնրեալահայեր, պատգամավորներ, լրագրողներ, կանադահայ գործարարներ և այլ պաշտոնյաներ:

 

 

3. Կանադահայ համայնքն անմասն չմնաց Հայաստանում ծավալվող իրադարձություններից, իսկ որ դրանք կարևոր ու շրջադարձային էին աշխարհի ցանկացած անկյունում գտնվող հայի համար, աներկբա է: Հետևաբար հեղափոխությանն իրենց մասնակցությունը բերեցին ոմանք անմիջական մասնակցությամբ, մյուսները՝ միայն դիտողի կարգավիճակում: Տորոնտոյում ևս տեղի ունեցավ հավաք, որը մեր լրատվամիջոցը ներկայացրեց ուղիղ միացմամբ:

 

 

4. Հեղափոխությունից հետո այլ տրամադրություններ զարգացան: Ոմանց համար կատարվածն ամենաընդունելի տարբերակն էր՝ հեղափոխություն, այնուհետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ նոր իշխանության ձևավորում, մյուսները հանդես եկան քննադատություններով ու մտավախություններ արտահայտեցին նոր իշխանության քայլերի նկատմամբ:

 

5. Հեղափոխությա՞ն, թե՞ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի արդյունքում էր, որ մի շարք գործարարներ հանդես եկան հայրենիքում ներդրումներ կատարելու նախաձեռնություններով: Թե ինչպիսի ընթացք ու զարգացումներ կունենան դրանք, առայժմ դժվար է կանխատեսել, բայց նման ցանկություն են հայտնել ու կատարված աշխատանքների մասին պատմել Noranor.ca-ին այնպիսի գործարարներ, ինչպիսիք են Վան Լապոյանը, Լևոն Աֆեյանը, Շանթ Ղազարյանը և այլք:

 

 

6. Ոչ միայն կանադացի պաշտոնյաներն այցելեցին Հայաստան, այլև տեղի ունեցան հայ պաշտոնյաների այցելություններ Կանադա, հանդիպումներ կանադահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հատկանշական է, որ նման այցել կատարեցին նախկին և ներկա իշխանությունների փոխվարչապետերը՝ Վաչե Գաբրիելյանն ու Տիգրան Ավինյանը, իսկ թե ինչպիսին էին արդյունքները, noranor.ca-ն այդ մասին իր ընթերցողներին տեղեկացրել է ժամանակին:

 

 

7. Ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ կանադացի ու կանադահայ հասաակությունն այս տարի սգաց աշխարհահռչակ հայազգի երգիչ, հայ ժողովրդի մեծանուն դեսպան Շառլ Ազնավուրի մահը: Այս կապակցությամբ յուրաքանչյուրը հիշեց որևէ դրվագ 94-ամյա երգչի հետ հանդիպումից կամ նրա ստեղծագործություններից որևէ մեկի հետ կապված պատմություններից:

 

 

8. Կանադայի Պահպանողական կուսակցության անդամ Արիս Պապիկյանը հաղթեց Օնտարիոյի նահանգային երեսփոխանական ընտրություններում, իսկ նրա այս հաջողությունը աննախադեպ էր: Նա դարձավ Օնտարիո նահանգի առաջին հայը, ով հաղթանակ է տանում նահանգային ընտրություններում:

 

 

9. Կանադահայ մի շարք երիտասարդներ 2019թ-ի ընթացքում լուրջ հաջողություններ արձանագրեցին սպորտի, մշակույթի ու գիտության  բնագավառներում: Նրանցից էին կանադահայ երաժիշտներ Լինետ Իսրայելյանը, Նունե Մելիքը, գիտության բնագավառում հայտնագործություն կատարած նորեկ սիրիահայ Շուշի Բաքարյանը, ֆուտբոլիստուհի Լարա Ղազանչյանը և այլք:

 

 

10. 2019թ-ին ևս շարունակվեց սիրիահայերի հոսքը Կանադա, թեև որոշ նահանգների կառավարություններ սահմանափակել էին ներգաղթող սիրիահայերի թիվը, սակայն հարյուրավոր ընտանիքներ տեղափոխվեցին ու հաստատվեցին Մոնրեալում, Տորոնտոյում, Վանկուվերում: