Home / Canadahye  / Կանադահայ. 2019թ-ի լավագույն բարեմաղթանքները

Կանադահայ. 2019թ-ի լավագույն բարեմաղթանքները

 

Օտտավա, Մոնրեալ, Տորոնտո (Նորանոր) _ 2018թ-ը՝ հավատարիմ ու բարի շան տարին փակում է իր դռները՝ ճանապարհ տալով հաջորդ՝ 2019թ-ին: Տարեմուտը առիթ է ոչ միայն շնորհավորանքների ու նորանոր սպասումների, այլև ամփոփելու անցած 365 օրերին կատարած աշխատանքը, գնահատելու ձեռքբերումները, փորձելու հասկանալ բացթողումները, որոնք հարթելու հնարավորություն գուցե կտա հաջորդ տարին:

 

Noranor.ca-ն անցնող տարվա ընթացքում իր ուշադրության կենտրոնում պահեց Հայաստանում ու Կանադայում տեղի ունեցող անցուդարձը, ընթերցողների ուշադրությունը պահեց իրադարձությունների զարկերակի վրա՝ վաստակելով շատերի համակրանքը: Այդ մասին է վկայում հավատարիմ ընթերցողների մեծ թիվը: Այսօր մեր զրուցակիցները Noranor.ca-ի ընթերցողներին են հղել  լավագույն բարեմաղթանքները:

 

 

ՎԱՆ ԼԱՊՈՅԱՆ – Կանադահայ գործարար, Կանադայում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոս

 

Կանադահայ իմ բոլոր բարեկամներին և բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում եւ Սփյուռքում, մաղթում եմ  ուրախ և բարգավաճ տարի 2019 թվականին: Հուսով եմ, որ նոր տարին մեզ բոլորիս կբերի միասնական մեկ նպատակի շուրջ՝ հնարավորինս աջակցել ու օժանդակություն ցույց տալ մեր երկրին՝ Հայաստանում մեր հայրենակիցների կյանքն ու կենսապայմաններն ավելի բարձր չափանիշների հասցնելու համար:

 

Նաև սահմանը պահող մեր զինվորներին մաղթում եմ խաղաղ տարի ու հակամատության խաղաղ կարգավորում, որպեսզի նրանք կարողանան կենտրոնանալ «ուժեղ, արդար և բարգավաճ նոր Հայաստան» կառուցելու վրա:

 

ԱԲԳԱՐ ԵՊՍ. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Կանադահայոց թեմի առաջնորդ

 

Ժամանակի անիվը մեկ շրջան ևս կատարեց, և Փրկչական 2019 թվականի շեմին՝ լիահույս եւ խանդավառ ենք, որ Աստուծմե զի բաժին վիճակված այս նոր ժամանակաշրջանը, Իր Ողորմածության Շնորհքով, ալ ավելի բարեբաստիկ ու արդյունավոր պիտի ըլլա։

Աստուծմեն մեզի շնորհված կյանքը տևական ներկայություն է, որ անմիջականորեն պայմանավորված է մեզի կյանքի կոչած և Հավիտենական կյանքի համար սահմանած Արարիչ Աստուծմով, «քանի որ Անորմով կապրինք և կշարժինք և կանք»:

 

Աստված մեզմե գործակցություն կակնկալե, իսկ մեզի տրված ժամանակը վերջ ունի, և իզուր չէ, որ ժողովրդական իմաստությունը ժամանակը ոսկի կորակե։ Ամենաերկար ժամանակն անգամ ոչինչ է Հավիտենականության համեմատությամբ, իսկ «Տերը յավիտենական, առավել քան հավիտենական թագավոր է»: Ժամանակը գործելու և արդյունավորելու համար է, որմով կ՚իմաստավորվի մարդկային կյանքն ու կփառավորվի Աստուած։

2018 թվականը շրջադարձային եղավ Հայության համար. Հայությունը կուռ միասնականություն ըլլալու ու միակամությամբ լեռներ շարժելու իր կարողությունը եւս մեկ անգամ աշխարհին փաստեց՝ Մայր Հայրենիքի հանդեպ իր սերը ցուցահանելով։

Հայը գործեց ու կգործե՝ լիահավատ սպասելով հունձքի ժամանակին, որ Աստված է, որ պիտի հասունացնե։

 

Աստուծո Փառքը փնտրելով, մերձավորին սիրելով, փոքր բաներուն անգամ հավատարիմ մնալով, բարիին ետևեն ընթանալով՝ արժևորենք մեր սահմանափակ ժամանակը՝ Հավիտենականությունը շահելու համար։

Դադարինք սոսկ մեզի համար ապրելեն և Աստուծո Փառքը փնտրենք. Ճշմարիտ Լույսով լուսաւորուելով՝ ի ցոյց դնենք մեր Աստվածաշնորհ սերն ու բարի գործերը, որ մեզի հետ մյուսներն ալ փառավորեն Երկնավոր մեր Հորը։

Մեր աղոթքն է, որ Բարին Աստված Կանադահայությանը կենաց արևշատութիւն պարգևէ և զորավիգ ըլլա` ազգաշահ առաքելությունն իրագործելու գործունեությանը:

Տիրոջ օրհնությամբ՝ Նոր Տարվա ու հրաշափառ Սուրբ Ծննդյան Լոյսի ջահը լուսավորե Ձեզ և Ձեր ընտանեկան հարկերը։

 

 

ԱՐԵԳ ԷԼԻԲԵԿՅԱՆ  կանադաբնակ գեղանկարիչ

 

2018 թվականի ամենամեծ ձեռքբերումը համայն Հայության համար դա ապրիլ ամսվա ընթացքում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն էր, որը իրականացրեց հայ ժողովուրդը։ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին մեծ ուշադրությամբ հետևում էր համայն աշխարհի հայությունը, այդ թվում նաև Կանադայի հայկական համայնքը։ Հիմա, որ արդեն արդարության մթնոլորտը հաստատվում է հայրենիքում և օրեցօր տեղի են ունենում դրական փոփոխություններ, բոլորիս հայացքները պետք է ուղղված լինեն մեր հայրենիքին։ Իմ ցանկությունն է, որ մեր Սփյուռքի բոլոր հայրենակիցները ամրացնեն իրենց կապը հայրենիքի հետ, այցելեն Հայաստան, մտածեն ներգաղթի մասին։ Ես իբրև Հայ արվեստագետ ինքս լրջորեն մտածում եմ այդ քայլը անելու մասին։

 

Ինչ վերաբերում է այլ ձեռքբերումների մասին, ապա կարող եմ ասել, որ տարին շատ հաջող և հագեցած էր Էլիբեկյանների համար։ Մենք ունեցանք բազմաթիվ կարևոր ցուցահանդեսներ հայրենիքում և արտերկրում՝ ներկայացնելով մեր արվեստի աշխատանքները հայ և օտար արվեստասեր հանրության։

 

ՍԱԼԲԻ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ ՀԲԸՄ Բարեգործական միության Տորոնտոյի մասնաճյուղի գործադիր տնօրեն

 

Տորոնտոյի գաղութը բավական հարուստ է իր բազմաթիվ հայկական կազմակերպություններով և ուրեմն բավական աշխույժ իր գործունեություններով: Սիրիահայերու գաղթը ավելի ևս հարստացուց գաղութը:

Կկարծեմ որ 2018 թվականը բավական հաջող տարի մըն էր բոլոր կազմակերպություններուն համար:

Ամենամեծ մարտահրավերը, որ ունինք մեր գաղութին մեջ, հետաքրքրություն արթնացնելն է նոր սերունդին մեջ, որպեսզի մասնակցին հայապահպանման աշխատանքներուն:

Կհուսանք, որ Տորոնտոյի այս գաղութի բոլոր կազմակերպությունները համերաշխորեն կգործակցին միասնաբար 2019 թվին՝ ներգրավելու նոր սերունդը , միևնույն ժամանակ կապերը ամրապնդելով մեր նոր Հայրենիքի հետ:

 

ԳԵՎՈՐԳ ԵԳԱՆՅԱՆ Օտտավայի Հայ Ուսանողական Միության նախկին նախագահ

 

2018 թվականը մոտենում է իր ավարտին, լի հարուստ իրադարձություններով։ Հեռացող տարվա մարտ ամսին Օտտավայի Հայ Ուսանողական Միությունը պատիվ ունեցավ ընդունել հռչակավոր գիտնականներ Ռիչարդ Հովհաննիսյանին, Ռուբինա Պիրումյանին և Վիգեն Չեթերյանին։ Գիտնականները ժամանել էին “Ցեղասպանությունից պետականություն, 900 օրական հանրապետություն” կոնֆերանսին մասնակցելու նպատակով։ Սերտորեն համագործակցելով Մհեր Գարագաշյանի հետ՝ մեր միությանը հաջողվեց միջոցառումը իրականացնել Օտտավաի Քարլթընի Համալսարանի պատերի մեջ։
Սեպտեմբեր ամսին նույն համալսարանում տեղի ունեցավ հայտնի պրոֆեսոր Ալան Ուայթհորնի դասախոսությունը Մեծ Եղեռնի մասին, որը, բնականաբար, ստացավ մեր ուսանողների աջակցությունը։
Մեր ուսանողական միությունը սատարեց Օտտավայի Հայ Մշակութային կազմակերպությանը, որը ապրիլի 23-ի գիշերը իրականացրել էր ավանդական մոմավառությունը ի հիշատակ ցեղասպանության զոհերի։ Միջոցառման ընթացքում ես դիմեցի հավաքվածներին համապատասխան պատգամով։ Հաջորդիվ, ապրիլի 24-ին, մեր ուսանողությունը ակտիվորեն մասնակցեց Մեծ Եղեռնի հիշատակման արարողությանը Կանադայի Խորհրդարանի առջև, ինչպես նաև դեպի Թուրքիայի դեսպանություն քայլարշավին։ Ինչպես գիտեք, 2015թ-ից ի վեր ապրիլի 24 -ը օրենքի ուժով համարվում է Ցեղասպանության զոհերի հիշատակման պաշտոնական օր Կանադյի օրացույցում։
Մշտապես մտածելով հայ պատմությունն ու մշակույթը օտարներին ներկայացնելու ուղղությամբ՝ ս․թ․ դեկտեմբեր ամսին նախաձեռնեցի այց դեսպանություն Քարլթընի Համալսարանի Եվրոպական, Եվրասիական ու Ռուսական ուսումնասիրությունների ֆակուլտետի դասավանդական և ուսանողական կազմի համար, որտեղ դեսպանության հյուպատոս Արա Մկրտչյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև դեսպանության գործառույթները։
Հարկ է նշել, որ Օտտավայի Հայ Ուսանողների Միությունը տարվա կտրվածքով կազմակերպել է տարաբնույթ սպորտային, մշակութային, կրթական և այլ տեսակի միջոցառումներ։
Այս տարի լրացավ իմ՝ որպես Միության նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Նախագահությանս երկու տարիները անցան անչափ հետաքրքիր, լեցուն նվաճումներով և մարտահրավերներով։  Գործը չի արվել միայնակ, ինձ օգնել են մեր գործադիրի անդամներ՝ Մելանի Թուրաբյանը, Մեթյու ու Մայքլ Կազարյանները և Նիկո Եգանյանը։ Չմոռանանք նաև այն բոլոր ուսանողներին ովքեր հստակ պաշտոն չունեին Միության մեջ, սակայն ակտիվորեն մասնակցում էին մեր աշխատանքներին։
Երախտապարտ եմ մեր բոլոր սատարողներին, իսկ նոր թիմին մաղթում եմ եռանդ և նորանոր նվաճումներ։
Ճանապարհելով 2018-ը, ցանկանում եմ կանադահայությանը և առհասարակ հայ ժողովրդին տոկունություն, առաջընթաց, պարզ մարդկային երջանկություն, իսկ մեր զինվորներին հարատև խաղաղություն։