Home / Armenia  / Շուկայական Երևանը, Երևանի կիսադատարկ շուկան և գազի ու հացի խնդիրը՝ Նոր Հայաստանում

Շուկայական Երևանը, Երևանի կիսադատարկ շուկան և գազի ու հացի խնդիրը՝ Նոր Հայաստանում

 

Երևան (Նորանոր) _ Շնորհավոր ձեր Նոր տարին:

_Շնորհակալություն, Ձերը նույնպես: Ի՞նչ եք ցանկանո՞ւմ…

Հարցուպատասխանը շարունակվում է հացի վաճառակետում, որտեղ 7-օրյա հանգստից հետո առաջին աշխատանքային օրն է: Տոնական տրամադրությանը հաջորդում է հաճախորդի զարմացած հարցը.

_Ինչպե՞ս, հացը թանկացել է:

Վաճառողուհու դրական պատասխանից հետո գնորդը տարուբերում է գլուխն ու կատարելով գնումները, ինչ-որ բան մտմտալով՝ դուրս գալիս: Վաճառողուհին բացատրում է՝ մինչ այժմ մյուս վաճառակետերի համեմատ աշխատել են նվազագույն գնով, բայց ալյուրի թանկացումից հետո ստիպված են եղել փոքր-ինչ բարձրացնել:

 

Սակայն ի տարբերություն նախատոնական օրերի, հետտոնական շուկան կիսադատարկ է, ոչ միայն առևտուրը չի եռում, այլև սեղաններն աղքատիկ են, գները՝ զեղչված, հետտոնական ապրանքն՝ ավելի էժան: Ընդամենը օրեր առաջ մեղվի փեթակների նման աշխատող մեծ ու փոքր խանութներում այսօր լճացում է:

 

ՀԱՆԳԻՍՏ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻՆ

Մի պահ թվում է՝ կյանքը կանգ է առել նույնիսկ ոչ աշխատանքային օրերի ավարտից հետո: Արժե՞ր արդյոք մի ամբողջ կես ամիս հանգստանալ, քաղաքացին վստահ է՝ այո, հատկապես, եթե մեծ մասը գործազուրկ է, կարծում է փայտարվեստով զբաղվող ժողովրդական վարպետ Հովսեփ Այվազյանը:

 

Հանրապետությունում 80 տոկոսը չի աշխատում, 8 օր ավելի, 8 օր պակաս, չի ազդում

 

«Տնտեսության վրա ազդող գործոն չկա, վտանգներ չկան, որովհետև Հանրապետությունում 80 տոկոսը չի աշխատում, 8 օր ավելի, 8 օր պակաս, չի ազդում: Տնտեսության վրա ազդում է գյուղացու չաշխատելը, բայց դե գյուղացին շաբաթ-կիրակի չունի, աշխատում է»,-Noranor.ca-ի հետ զրույցում ասում է նա:

 

Զրույցի ընթացքում հավաքում է անձյուն ձմեռվա ընթացքում չորացած ծառի ճյուղերը, կուտակում մի անկյունում. «Իմ աշխատանքների համար է»,-բացատրում է, կիսաչոր ճյուղերը տունը ջեռուցելու համար չեն, որքան էլ Նոր տարվա ուրախությունը հարամեց Ռուսաստանից եկող գազի գնի թանկացման թեման:

 

Եթե հանկարծ թանկացրին, ուրեմն հաշվի առեք, որ Նիկոլ Փաշինյանը 6 ամսից հրաժարական կտա

 

«Գազի գնի կամ հոսանքի գնի հարցերի հետ կապված ժողովուրդը մեծ հույսեր ունի, եթե դրանք կարողանան էժանացնել, ամեն ինչ ավտոմատ կէժանանա: Եթե հանկարծ թանկացրին, ուրեմն հաշվի առեք, որ Նիկոլ Փաշինյանը 6 ամսից հրաժարական կտա կամ ժողովուրդրդը կհանի, որովհետև եթե թանկացավ, ամեն ինչ թանկացման է գնալու,  ներդրողներն էլ կտեսնեն իրավիճակը, չեն գա ներդնեն»,-ասում է, բայց հույս հայտնում, որ դա տեղի չի ունենա:

 

Կարծում է, որ սուբսիդավորումն էլ պետությունը ոչ թե իր վրա պետք է վերցնի, այլ բացահայտի, թե ինչու է 150 կամ նույնիսկ 165 դոլարով Հայաստան ներմուծվող գազը մի քանի անգամ թանկ գնով վաճառվում:

 

76-ԱՄՅԱԿՆ ԱՌԱՆՑ ՏՈՐԹԻ

Դրա պատճառով է, որ միայնակ  76-ամյա տարեց Սեդա տատիկը իր ու միակ հավատարիմ զրուցընկերոջ՝ Սիսի շնիկի օրերը ջերմացնելու համար ամբողջ տարին խնայում է.

 

Տարվա մեջ իմ թոշակից մի քիչ ավելի մուծում եմ, որ ձմռանը կարողանամ տաքացնել

 

«Տարվա մեջ իմ թոշակից մի քիչ ավելի մուծում եմ, որ ձմռանը կարողանամ տաքացնել: Կուտակվում է, չեմ նեղվում: Նեղվում եմ, որ աշխատանք չկա, անցյալ տարի 75-ս լրացավ, հանեցին, ինչո՞ւ, եթե ոտ ու ձեռ ունեմ, կարողանում եմ աշխատել, ինչո՞ւ են հանում»,-սրտնեղում է, բայց հավատացնում, որ ինքը լավատես է, բայց ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունից որևէ ակնկալիք չունի:

 

Սեդա տատիկի 76-ամյակն այսօր է լրացնում, տորթ գնել չի կարող, շուկայի թանկացումներից էլ անտեղյակ է, նույնիսկ հացի գնի փոփոխությունն այս ժուժկալ կնոջ համար էական չէ, հարստանալու նկրտումներ չունի:

 

100 դրամանոց հաց եմ առնում, ուղիղ չորս օր ուտում եմ, հլը կեսն էլ ծտերին եմ տալիս

 

«Ես աշխարհից բան չեմ ուզում՝ առողջություն, խաղաղություն ողջ աշխարհին, մնացածը մի կերպ կապրենք, ինձ համար ոչ մի բան չի փոխվել, նույն վիճակն է, ես մեծահասակ կին եմ, շուկա չեմ գնում, 100 դրամանոց հաց եմ առնում, ուղիղ չորս օր ուտում եմ, հլը կեսն էլ ծտերին եմ տալիս»:

 

Առողջություն մաղթելով Սեդա տատիկին ու նրա սովորությունները յուրացրած Սիսի շնիկին՝ հեռանում եմ: Մերթընդմերթ հանդիպող քաղաքացիները լավ են տրամադրված, թեև գազի գնի, Ղազախստանում հայերի նկատմամբ ճնշումների, հավանական թանկացումների մասին լուրերն իրենց ականջին էլ են հասել, բայց նման դժվարությունները սպասելի են համարում:

 

ԱՎԵԼԻ ՃՈԽ ԱՄԱՆՈՐ

Նախկին զինծառայող Արմեն Բաբայանն, ով իրեն այսօր էլ պաշտպանության բանակի մարտիկ է համարում, ասում է. «Եւ սեղանները,  և տրամադրությունն ավելի ճոխ էին այս Ամանորին: Մեր կենացներն էլ Արդարության վերականգնման և խաղաղության մաղթանքներով էին: Քանի որ վատը մնացել է հետևում, դժվարություններ են սպասվում, բայց հաղթահարելի են:»:

 

Քաղաքացիներից մեկն էլ՝ միջին տարիքի մի տղամարդ, ով չցանկացավ ներկայանալ, կարծում է, որ բացասական փոփոխություններ են եղել. «Թանկացումներ, մթերքը թանկացել է»,-օրինակ է բերում, բայց գազի գնի հարցում վստահում է նոր իշխանություններին՝ ասելով.

 

Երևի պետությունը կսուբսիդավորի, չեն թանկացնի ժողովրդի համար

 

«Երևի պետությունը կսուբսիդավորի, չեն թանկացնի ժողովրդի համար, էժանացնելու փոխարեն թանկացնում են»: