Home / Canadahye  / Վանկուվերահայ երգչուհի Ալինա Ռասկինը վստահ է, որ եթե Հայաստանը ծաղկի, ապա աշխարհի հայությանը ոչինչ չի սպառնա

Վանկուվերահայ երգչուհի Ալինա Ռասկինը վստահ է, որ եթե Հայաստանը ծաղկի, ապա աշխարհի հայությանը ոչինչ չի սպառնա

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Վանկուվեր( Նորանոր) _ Վանկուվերը համեմատաբար ավելի տաք էր, քան հայաշատ մյուս քաղաքները, ուստի Ալինա Ռասկին-Բադալյանի ընտանիքը 19 տարի առաջ որոշեց հենց այս քաղաքում հաստատվել: «Երևի այդ տարիքում առանձնապես չէինք մտածում, որ հայաշատ համայնքում ապրենք, հիմա ես մտածում եմ, որ այսօրվա Հայաստանից չէինք գնա, շատ մարդկանց, ազգերի հետ ծանոթանալուց հետո սկսում ես վերարժևորել քոնը»,-ասում է Ալինա Ռասկինը:

 

Այն ժամանակ Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտին, ով ապրում էր Սովետական միությունում, աշխարհը տեսնելու ձգտումն էր, որ ստիպեց Հայաստանից դուրս գալ: Նախ Իսրայել, ապա Կանադա: Մոտ երկու տասնամյակ այս երկրում ապրելուց հետո դժվար է նոր ծրագրեր գծագրել, բայց հնարավոր է նորովի կառուցել կյանքը, հատկապես Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին:

 

Նաև այս մասին է ծավալվել մեր զրույցը տիկին Ալինայի հետ, ով Վանկուվերում կարողացել է ոչ միայն կայանալ որպես երաժիշտ, այլև հիմնել երաժշտական դպրոց, որը կոչվում է Ռասկինների երաժշտական դպրոց (Raskin’s Scool of Music):

 

ՄԵԿ ՀԱՅ

Հեշտ չէր կայանալ ու դրսևորվել մի երկրում, որտեղ ոչ ոք քեզ չի ճանաչում: Երկար ժամանակ չպահանջվեց, սակայն, Ալինա Ռասկինից ցույց տալ իր գիտելիքներն ու տաղանդը, որը զարգացրել էր Հայաստանում: «Երաժշտության ասպարեզում կայանալ որևէ երկրում բարդ է, բայց երբ որ շատ ես ցանկանում, ստացվում է, Կանադայում երբ որ մենք եկանք, առաջին քայլերը արել եմ սոլո համերգով, ապա հաջորդ քայլը մասնավոր երաժշտական դպրոց բացելն էր, երեխաներին սովորացնելը»,-պատմում է դպրոցի հիմնադիրը:

 

Մարդիկ փնտրում են մի հաստատություն, որը բնակավայրին մոտ է

 

Ջութակ, դաշնամուր և վոկալ. Այս ուղղություններով են հմտանում երեխաներն, ովքեր գալիս են այս դպրոց: Նրանք մեծամասամբ չինացիներ են, նախկին ԽՍՀՄ երկրներից կան երեխաներ ու մեկ հայ, ասում է տնօրենը: «Մարդիկ փնտրում են մի հաստատություն, որը բնակավայրին մոտ է, քաղաքը մեծ է»,-ներկայացնում է հայերի քիչ թվի միակ պատճառը:

 

Ավելի քիչ դասավանդել և ավելի շատ երգել. Ահա այն հիմնական նպատակը, որ դրել էր իր առաջ մասնագետը և այն հաջողությամբ իրականացնում է, արդյունքը լինում են իր սաների արձանագրած հաջողություններն ու ձեռքբերումները, հպարտությամբ է ասում.

 

Եւ եթե երեխաներին ուղարկել եմ փառատոնների, անպայման առաջին կամ երկրորդ տեղ զբաղեցրած եկել են

 

«Երեխաների համար փառատոններ լինում են, նրանց զարգանալու համար կարևոր են: Եւ եթե երեխաներին ուղարկել եմ փառատոնների, անպայման առաջին կամ երկրորդ տեղ զբաղեցրած եկել են, երբ գնացել են քննություններ հանձնելու, բարձր գնահատականներով եկել են: Դա կարող եմ համարել իմ Հայաստանի կոնսերվատորիայում ստացած կրթության արդյունքը»:

 

ՀԱՅԿԱԿԱՆԸ՝ ՕՏԱՐՆԵՐԻՆ

Իսկ հայկական երգարվեստը, դասական երաժշտությունը փոխանցել նաև այլազգիներին փորձում է, բայց հաճախ այն ընկալելի չի լինում, ասենք, չինացիների պարագայում: Նշում է.

 

Խաչատրյանը ոչ բոլորին է հասկանալի

 

«Երբեմն ստացվում է, երբեմն՝ չէ, ասենք թե Խաչատրյան կա ծրագրում, երբ պատրաստվում են քննություններ հանձնել, Խաչատրյանը ոչ բոլորին է հասկանալի»:

 

Բայց փոխարենը հայկական մշակույթը բարձր են գնահատում գերմանացիները, համոզվել է Ալինա Ռասկինը Գերմանիայում տեղի ունեցած համերգների ժամանակ: Խոսքն արդեն իր համերգներին է վերաբերում, որոնցից տպավորությունները ջերմ են, հաճելի:

 

«Ես այս ճանապարհը սկսել եմ Երևանում ու մեկնել եմ Իսրայել, այնտեղ եղել է պրեմիերա, ես մասնակցել եմ Իսրայելի «Իստոկի» կոչվող մրցանակաբաշխությանը:  Շատ համերգներ եմ երգել, իսկ Կանադայում ավելի դժվար էր, որովհետև ոչ ոք չէր ճանաչում: Փորձել եմ գործունեություն ունենալ Գերմանիայի հետ, ես գնում էի Գերմանիա, և ամեն համերգի մեջ անշուշտ եղել է հայկական ծրագիր»,-ասում է, մանրամասնում տպավորությունները.

 

Կոմիտասին լսելիս արցունքներն աչքերին եկել ասել են՝ այդ ի՜նչ էիք երգում, ի՜նչ հրաշք երաժշտություն էր

 

«Գերմանիայում եղել է, երբ Կոմիտասին լսելիս արցունքներն աչքերին եկել ասել են՝ այդ ի՜նչ էիք երգում, ի՜նչ հրաշք երաժշտություն էր, գերմանացիները շատ լավ են հասկանում, իսկ Կանադայում այստեղ բնակչությունը դեռ երիտասարդ է, դեռ զարգացման ճանապարհ ունի անցնելու»:

 

ԵՐԱԶԱՆՔ, ՈՐՆ ԻՐԱԿԱՆԱՆԱԼՈՒ Է

Կանադաբնակ հայուհին, չնայած դժվարություններին, կարողացել է ճանապարհ հարթել, բայց դեռևս մի կարևոր նպատակ ու երազանք ունի, որը, վստահ է, իրականանալու է:

 

Իմ երազանքներից մեկն է. Հայաստանում ունենալ համերգ

 

«Իմ երազանքներից մեկն է. Հայաստանում ունենալ համերգ, ես այդ ուղղությամբ աշխատում եմ, և հավանաբար կիրականանա: Ամենացանկալի երկրներից մեկը, որտեղ կուզեմ ամեն տարի բերեմ երեխաներիս, Հայաստանն է, կուզեմ իմ փոքրիկ երեխան այցելի Թումո ամառային դպրոց,  գոնե ամառները այցելի, տանը մենք հայերեն ենք խոսում, երեխաները հայերեն գիտեն, խոսում են, շուտով կսկսի գրել հայերեն, հեռուստատեսությունով միացնում ենք հայերեն»,-ասում է կանադաբնակ հայուհին:

 

Ստացվել է այնպես, որ երկարամյա ընդմիջումից հետո նա Հայաստան է ժամանել հենց հեղափոխության օրերին, ու տպավորությունները, որ ստացել է, ոչ միայն հիացական են եղել, այլև ինչ-որ չափով ազդել են իր հետագա ծրագրերի վրա:

 

Ժողովրդի ուրախությունը, փայլուն աչքերը ես տեսել եմ

 

«Ապրիլի 18-ին եկա Հայաստան, բոլորը մարտի մեկն էին հիշեցնում: Երբ եկա, միայն ոտքով կարելի էր տեղափոխվել, ճանապարհները փակ էին, բայց ժողովրդի ուրախությունը, փայլուն աչքերը ես տեսել եմ, իսկ դրանից առաջ Հայաստանում էի շատ վատ ժամանակ՝ 2013-ին, երբ մարդիկ անհույս վիճակում էին: Երբ մեկնեցի, շատ երկար ժամանակ չունեի վերադառնալու ցանկություն»:

 

Այստեղի հայերը ձեռք են բերել նոր տուն, իրենց հին տունը ծաղկեց հանկարծակի

 

Այսօր արդեն մտածում է հաճախակի այցելությունների մասին: Ասում է. «Իրականում անկախ նրանից, որքան լավ ես դու քեզ զգում այլ երկրում, հոգով, մտքով միշտ Հայաստանում ես լինում, դրա համար երբ տեսա, թե ոնց էր Հայաստանն իմ աչքերի առաջ փոխվում, դառնում մեկ այլ երկիր, դա պատմական իրադարձություն էր, և ես շատ ուրախացա, ու այստեղի հայերը ձեռք են բերել նոր տուն, իրենց հին տունը ծաղկեց հանկարծակի»:

 

ՈՒՂԻՂ ԿԱՊ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՋԵՎ

Ալինա Ռասկինն ուղղակի կապ է տեսնում նոր Հայաստանի զարգացման ու սփյուռքում հայի ինքնության պահպանման միջև, վստահ է, որ հենց Հայաստանի վիճակով է պայմանավորված հայկական գաղութների ճակատագիրը: Բացատրում է այսպես.

 

Եթե Հայաստանը շարունակի ծաղկել, ոչ թե գնա դեպի անկում, որը որ կար մինչ օրս, այդ դեպքում աշխարհի հայությանը ոչինչ չի սպառնա

 

«Այսօրվա Հայաստանի համար մենք այստեղ շատ ուրախ ու հպարտ ենք, մեր երեխաները դա տեսնում են, մեզանից վարակվում են այդ տրամադրություններով: Եթե Հայաստանը շարունակի ծաղկել, ոչ թե գնա դեպի անկում, որը որ կար մինչ օրս, այդ դեպքում աշխարհի հայությանը ոչինչ չի սպառնա»:

Այդ հարցը կտան՝ որտեղից են եկել, դա շատ պինդ մասնիկ է, որին ոչինչ չի կարող սպառնալ

 

Իսկ եթե ոչ, ապա վստահ է, որ ցանկացած մարդ, անկախ նրանից, թե ինչպես է ապրում երիտասարդությունը, կյանքի մի փուլում ձգտում է գտնել իր արմատները: Այս ձգտումը կարծում է, որ արթուն կլինի բոլոր սփյուռքահայերի սրտերում. «Անպայման մարդիկ կլինեն, որ կպահպանեն ինքնությունը, որովհետև այդ հարցը կտան՝ որտեղից են եկել, դա շատ պինդ մասնիկ է, որին ոչինչ չի կարող սպառնալ»: