Home / Armenia  / Կանադահայ երիտասարդ Շանթը, ով կարծում է, թե Հայաստանը երազի երկիր չէ, բայց 6 տարի է՝ ապրում է Հայաստանում

Կանադահայ երիտասարդ Շանթը, ով կարծում է, թե Հայաստանը երազի երկիր չէ, բայց 6 տարի է՝ ապրում է Հայաստանում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) _ Կանադայում ծնված ու մեծացած, բայց իրեն սիրիացի համարող Շանթը՝ 80-ականներին Սիրիայից Կանադա գաղթած ծնողների զավակը, որոշել է ապրել Հայաստանում: Դեռ 6 տարի առաջ է այս որոշումը կայացրել, որքան էլ որ երկիրը, որի մասին երանությամբ խոսում ու պատմում էին, չէր կարելի երազի երկիր համարել:

 

Շատ դժգոհ էի՝ տեսնելով, որ երազած երկիր մը չէ

 

«Ընտանիքի մեջ եմ մեծացել, ուր սորվել ենք հայրենիքը սիրել, և երբ տարիներ առաջ եկա, առաջին անգամ տեսա Հայաստանը, շատ դժգոհ էի՝ տեսնելով, որ երազած երկիր մը չէ, իրավիճակը լավ չէ, բայց ասեցի՝ ես հայ եմ, եթե հայը չսարքե երկիրը, ո՞վ պիտի օգնե, և ուզեցի օգնել, և գալով ու փողերս այստեղ ծախսելով՝ արդեն օգնում եմ»,-Noranor-ին պատմում է Շանթը:

 

Երիտասարդին հանդիպեցինք «Հալեպի շուկա»-ում, եկել էր այստեղ առևտրով զբաղվող սիրիահայ բարեկամին այցելության: Տեսնում  է, թե ինչպես է օրեցօր ծաղկում սիրիահայերի բիզնեսը Հայաստանում, սակայն իր գործունեության հարցում դեռևս տարակուսում է: Դաշտը, որտեղ ցանկանում է ներդրում կատարել, կայուն չէ:

 

ՄՏՔԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Կանադայում Շանթը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում էր մասնագիտացված, ասում է՝ վաճառել է այնտեղի բիզնեսն ու որոշել Հայաստանում աշխատել: Հարազատները ի սկզբանե դեմ էին, բայց հետո հավանություն տվել են:

 

Սկիզբը մի քիչ տխուր էին, տղան գնացել էր, բայց երբ եկան այստեղ այցելելու, տեսան՝ ինչքան ուրախ եմ

 

«Սկիզբը մի քիչ տխուր էին, տղան գնացել էր, բայց երբ եկան այստեղ այցելելու, տեսան՝ ինչքան ուրախ եմ, միտքի առողջության տարբերությունները կան: Այնտեղ օրեր կան, որ մարդոց երես չես տեսներ, այստեղ դուրս կելլեմ, կխոսիմ մարդոց հետ»:

 

Երկու կյանք ունես, որ մեկն ավելի առաջ գնում է, դրանով առաջանում ես

 

Գոհ է, բայց ասում է՝ երկու կյանքով ապրելը դյուրին չէ, Կանադայից մեկ օր առաջ է վերադարձել: «Այնտեղ ընտանիքս է, ամեն մարդ էնտեղ է, հարազատներս ամեն տարածված են աշխարհի շուրջ, երկու կյանք ունես, որ մեկն ավելի առաջ գնում է, դրանով առաջանում ես»:

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ՝ ԱՆՀՈՒՍԱԼԻ

Հայաստանը նախընտրելի կդառնա, եթե ուսումնասիրությունները հաջողության հույսեր ներշնչեն: Ուսումնասիրում է անշարժ գույքի շուկան՝ տվյալ ոլորտում ներդրում անելու միտումներով, սակայն իրավիճակը, գների բարձրացումը մտահոգում է:

 

Եթե մարդիկ ուզում են այս երկրի մեջ ապրել, ամենակարևոր բաժին մըն է, որ տուն մը գնեն

 

«Ուզում եմ բիզնես ընել, սղություն է, հեղափոխությունեն հետո տունին գիները բարձրացան, սովետական ժամանակներեն տուները չեն նորոգված, պիտի առնես, ուզած ձևով նորոգես , ապրես մեջը, թե չէ ինչ որ կա շուկայի վրա, սիրուն չի: Եթե մարդիկ ուզում են այս երկրի մեջ ապրել, ամենակարևոր բաժին մըն է, որ տուն մը գնեն»:

 

Նա կարծում է, որ ավելի մեծ հաջողության շանսեր ունեն նրանք, որոնք Հայաստան գալիս են սեփական մեծ միջոցներով, հաջող առևտրականներ են կամ գործարարներ, որոնց բիզնես հաճախորդներն արտերկրից են:

 

«Հայկական շուկայում առևտուր անելն այլ կերպ հնարավոր չի, մեկ տարի կդիմանաս, երկու տարի, նայած գրպանդ ինչքան փող ունես»,-ասում է երիտասարդը:

 

Հույս ունի, որ կկարողանա իր տեղը գտնել Հայաստանի շուկայում, դրանով օգտակար լինել հայրենիքին, ինչպես սիրիահայերը, որոնք կարողացան իրենց բիզնեսներն ստեղծել ու պահպանել: Բայց որքան էլ հաջողեն, Սիրիայի իրենց կյանքի պայմանները չեն վերադառրձնի, վստահ է Շանթը, Կանադայի օրինակով էլ է համոզվել:

 

Սիրիա թե թագավոր էին, հոնտեղ պարզ անձ մըն են

 

«Շատ մը անձեր Կանադայի մեջ երկու գործ աշխատում էին, հանգիստ չէ, ինչ ձևով որ ապրում էին Սիրիա, Կանադայում ոչինչ է, Սիրիա թե թագավոր էին, հոնտեղ պարզ անձ մըն են»,-համեմատում է նա: