Home / Armenia  / Ինչպես ամերիկացի Ալեքսը եկավ Հայաստան, սովորեց բազմաբարբառ հայերենը, արևային ջեռուցման ծրագիր իրականացրեց Սիսիանի՝ իր գյուղի դպրոցում

Ինչպես ամերիկացի Ալեքսը եկավ Հայաստան, սովորեց բազմաբարբառ հայերենը, արևային ջեռուցման ծրագիր իրականացրեց Սիսիանի՝ իր գյուղի դպրոցում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Սիսիան (Նորանոր) _ Եռամսյա պարապմունքներից ու մոտ երկու տարի Հայաստանում ապրելուց հետո ամերիկացի Ալեքս Ուելնան  ոչ միայն  հայերեն խոսում է ու գրում, այլև տիրապետում է հայերենի բարբառներին: Երբ որպես կամավոր մեկնել է Սիսիանի տարածաշրջանի Աղիտու գյուղ աշխատելու, սկզբից  անսովոր է թվացել տեղացիների խոսքուբառը, պատմում է.

 

Գիտեի, որ մի լեզու եմ իմացել, իսկ նրանք լրիվ ուրիշ լեզու էին խոսում

 

«Սկզբից դժվար էր, խոստովանեմ, գիտեի, որ մի լեզու եմ իմացել, իսկ նրանք լրիվ ուրիշ լեզու էին խոսում, բայց մի քանի ամիս ապրելուց հետո հնարավոր էր ընդունել և հասկանալ: Ակցենտը մի փոքր ուրիշ է, բայց նույն լեզուն է: Ասում են՝ երևանցիները և սիսիանցիները չեն հասկանում իրար, բայց մի քիչ խոսեն, կհասկանան: Զարմանում եմ՝ այդքան տարբեր բարբառներ կան այս փոքրիկ երկրում»:

 

Ամերիկացի երիտասարդ Ալեքս Ուելնան Հայաստանում է ապրում արդեն երկու տարի, այստեղ է ԱՄՆ «Խաղաղության կորպուս» ծրագրի շրջանակներում: Հայերենի եռամսյա դասընթացներից ու անգլերենի ուսուցման մեթոդիկային տիրապետելուց հետո, ծրագրի համաձայն, անգլերեն է դասավանդում Աղիտու գյուղի դպրոցում, ապրում է հյուրընկալող ընտանիքում, նրանց վարքուբարքով: Բայց ուսուցումը երիտասարդի միակ առաքելություն չէ. Նա կարճ ժամանակում կյանքի է կոչել մի քանի այլ կարևոր ծրագրեր ևս:

 

ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ ԴՊՐՈՑՈՒՄ

Հայաստանում ոչ միայն դասավանդում է, այլև ծանոթանում Հայաստանի հարուստ մշակույթին ու սովորություններին, իսկ հիմնական աշխատանքին զուգահեռ նաև նախաձեռնել է անգլերենի կոնֆերանս, կազմակերպել ամառային ճամբար, անգլերենին լավ տիրապետող աշակերտների համար անցկացրել հատուկ դասեր, իսկ ամենակարևոր ծրագիրը դպրոցի ջեռուցման հարցի լուծումն էր:

 

Որոշել ենք Խաղաղության ծրագրի միջոցով արևային էներգիայի համակարգ ստեղծել դպրոցում

 

«Իմ դպրոցը փոքր է, մենք ջեռուցման խնդիր ենք ունեցել, էլեկտրոնային վառարաններով ենք տաքացնում, որոշել ենք Խաղաղության ծրագրի միջոցով արևային էներգիայի համակարգ ստեղծել դպրոցում, դրամաշնորհ ենք գրել, շահել ենք և տեղադրել ենք վահանակները, որից տարիներ շարունակ կարող է օգտվել դպրոցը»,-պատմում է ամերիկացի կամավորը:

 

ԳՅՈՒՂԻ ՄԱՍԻՆ՝ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔՈՎ

Գյուղի կամ դպրոցի մասին պատմում է առաջին դեմքով, այնպես, կարծես իր ծննդավայրի մասին է խոսում, սա արդյունք է այն դրական տպավորությունների, որոնք ուղեկցել են երիտասարդին մոտ երկու տարվա ընթացքում.

 

 

 

Այս նկարում հավաքում եմ ընկույզ մեր բակում,-պատմում է Ալեքսը

Այս նկարում հավաքում եմ ընկույզ մեր բակում,-պատմում է Ալեքսը

Սա իմ գյուղն է, ասում է երիտասարդը

 

 

Հազվադեպ է հանդիպում երկիր, որ կարող է փոխել ամբողջ կառավարությունն ու վնաս չտալ, դա շատ տպավորիչ դաս է տվել ինձ

 

«Դժվար է մի խոսքով ասել՝ ինչքան ամուր են կապերը, ինչքան տպավորվել է Հայաստանն իմ մեջ: Գիտեմ՝ երկիրր է, որը շատ բարդ և ցավալի պատմություն ունի, բայց նաև շատ ուժեղ մարդիկ ունի, կարող և տաղանդավոր երիտասարդներ, որ հիմա գալիս է ու կարող է առաջ տանել Հայաստանը: Իսկ Թավշյա հեղափոխությունը ցույց է տվել, որ Հայաստանը միասնական երկիր է, կարող է միասնական որոշումներ կայացնել, հազվադեպ է հանդիպում երկիր, որ կարող է փոխել ամբողջ կառավարությունն ու վնաս չտալ, դա շատ տպավորիչ դաս է տվել ինձ, այդ հայացքով տեսնում եմ Հայաստանը»,-ասում է Աղիտուի դպրոցի ուսուցիչը:

 

Հետաքրքիր զուգադիպությամբ նոր կառավարության անդամներից մեկը՝ մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցն է ծրագրի մի խումբ կամավորների, այդ թվում Ալեքսին ուսուցանել հայերեն:

 

Այստեղ իմ գործընկերուհին ու աշակերտներս են

Այստեղ իմ գործընկերուհին ու աշակերտներս են,-ասում է Ալեքսը

 

 

ԱՄԵՆԱՄԵԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Երկիրը, որի մասին ունեցած տեղեկությունները միայն պատմական ամենակարևոր տեղեկություններով էին սահմանափակվում, հիացնում է նրան իր մշակույթով ու  հյուրասիրությամբ: Հենց այս լավագույն սովորություններն էլ երկամյա ծրագրի ավարտից հետո իր հետ կտանի ԱՄՆ:

 

Իմ փոքր համայնքում, մարդիկ ընդունում են հյուրերին, գործերը թողնում են, սեղան են գցում, կոֆե են հյուրասիրում մարդկանց

 

«Երևի ամենամեծ մշակութային տարբերությունը հյուրասիրությունն է, հատկապես իմ փոքր համայնքում, մարդիկ ընդունում են հյուրերին, գործերը թողնում են, սեղան են գցում, կոֆե են հյուրասիրում մարդկանց, այնպես են անում, որ հյուրերն իրենց լավ են զգում, դա ուզում եմ ավելի շատ տեղափոխեմ իմ միջավայր, կձգտեմ ավելի շատ հասկանալ օտար մարդկանց: Հիմա գիտեմ, որ եթե մշակութային, լեզուների տարբերություններ կան, այդ ամենը հաղթահարելի են»,-ասում է Ալեքս Ուելնան:

 

Տեղյակ է, որ Լոս Անջելեսում հայկական մեծ համայնք կա, որի հետ կապ հաստատելը կօգնի նաև պահպանել լեզուն, բայց մինչ այդ վստահաբար չի մոռանա Հայաստանի իր ընկերներին:

 

«Չեմ ուզում մոռանալ լեզուն, ափսոս կլինի այսքան խոսել եմ և մոռանամ: Ուզում եմ կապ պահել ընկերների հետ, ինձ հյուրընակող ընտանիքի հետ: Չեմ ովորել հայերեն , որպեսզի հետագայում աշխատեմ, բայց կփորձեմ պահպանել»:

 

Հասկանան, որ հնարավորություններ ունեն արտասահմանում սովորել, աշխարհը մեծ է

 

Իսկ Սիսիանի հեռավոր այս գյուղի երեխաներին ոչ միայն տաք ու անգլերենի գիտելիքներ կթողնի, այլև այս ընթացքում իր ձեռք բերած փորձն այս մասին. «Այս ամբողջ ընթացքում փորձել եմ երեխաներին համոզել, որ անգլերենը պետք կգա, ներկայացնել իմ փորձը, ճամփորդությունը, հասկանան, որ հնարավորություններ ունեն արտասահմանում սովորել, աշխարհը մեծ է»: