Home / Armenia  / Կշարունակվե՞ն օպտիմալացված նախարությունների նախագծերն ու ծրագրերը

Կշարունակվե՞ն օպտիմալացված նախարությունների նախագծերն ու ծրագրերը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _Նախարարությունները, որոնք նոր իշխանությունների ցանկությամբ լուծարվելու կամ վերամիավորվելու են այլ գերատեսչությունների հետ, անցած 8 ամիսների ընթացքում հանդես եկան նոր ծրագրերով ու նախագծերով: Խոսքը, ինչպես արդեն հայտնի է, մշակույթի և Սփյուռքի նախարարությունների մասին է:

 

Երկու գերատեսչությունների երիտասարդ ղեկավարներն էլ, փորձելով գերազանցել նախորդներին ու ապացուցել, թե կարող են ավելի արդյունավետ աշխատել, հանդես եկան նոր ծրագրերով: Դրանցից էին օրինակ «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը, որի  իրականացման նպատակով օգոստոս ամսին ԿԳ նախարարության բյուջեից որոշվեց 50 մլն դրամ փոխանցել Մշակույթի նախարարությանը:

 

Իսկ նախորդ տարեվերջին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ներկայում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր ընտրված Մանե Թանդիլյանի հետ ներկայացրին սոցիալական նախագիծ, որն ուղղված էր թոշակառուներին:

 

Իսկ Սփյուռքի նախարարությունը հանդես եկավ «ՆերՈւժ» դրամաշնորհային ծրագրով:

 

ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԵՆ

Արդյո՞ք գերատեսչության օպտիմալացումից հետո սրանք կյանքի կկոչվեն, այսօր ԱԺ-ում 7-րդ գումարման նստաշրջանի առաջին նիստի ընթացքում Noranor.ca-ի հետ զրույցում նախկին նախարարները, այսօր արդեն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները անդրադարձել են հարցերին:

 

Փոփոխություն տեղի չի ունենա, միայն արդյունավետությունը բարձրացնելու առումով նախարար-փոխնախարարների ինստիտուտն է կրճատվում

 

Ի պատասխան Մակունցն ասաց. «Եթե օպտիմալացումը տեղի ունենա նախատեսված տարբերակով, որն արդեն հրապարակվել է, ապա որևէ խնդիր ես չեմ տեսնում, որ ծրագրերը կիսատ մնան, մշակույթի նախարարության հիմնական գործառույթներն անպայման պահպանվելու են, և այն նախագծերը, որոնք մեկնարկը տրվել էին, կային նախագծեր, որոնք պլանավորվել են, բոլորը շարունակվելու են իրագործվել, այսինքն՝ այդ առումով փոփոխություն տեղի չի ունենա, միայն արդյունավետությունը բարձրացնելու առումով նախարար-փոխնախարարների ինստիտուտն է կրճատվում, համապատասխանաբար հայեցողական պաշտոններ են, ինչպես նաև օժանդակ վարչությունները, կառույցները միավորվելու են որոշակի սկզբունքով»:

 

Հատկացումների նվազեցում տեղի չի ունենալու մշակույթի նախարարության

 

Նշենք, որ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարություններընախատեսված է միավորեն կրթության և գիտության նախարարության հետ: Իսկ ֆինանսավորումը, որը ծրագրերից մեկի համար նախատեսված էր իրականացնել ԿԳ նախարարության բյուջեից, նույնկերպ շարունակվելո՞ւ է, նախկին նախարարը պատասխանեց. «Ուզում եմ հրապարակել պաշտոնապես, որ հատկացումների նվազեցում տեղի չի ունենալու մշակույթի նախարարության: Այն բյուջեն, որ նախագծված է եղել Մշակույթի նախարարության համար, այդ բյուջեն պահպանվելու է»:

 

 

ԸՍՏ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ

Սփյուռքի նախարարության «ՆերՈւժ» ծրագիրը լայն արձագանք էր գտել սփյուռքահայ երիտասարդների շրջանում, ովքեր տարբեր սթարթափեր էին ձգտում իրականացնել Հայաստանում: Այն իրականացվում էր FAST եւ IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) եւ Impact Hub Yerevan-ի հետ համատեղ: Ծրագրի հաղթողներին նախատեսված էր տրամադրել մինչև 15 մլն դրամ աջակցություն՝ Հայաստանում սթարթափ ծրագիրն իրականացնելու համար:

 

Լուծարվող գերատեսչության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը վստահեցրեց, որ ծրագիրը չի դադարեցվելու:

 

Ծրագիրը շարունակվելու է անպայման, անկախ նրանից, թե ով է լինելու իրավահաջորդը

 

«Ծրագիրը շարունակվելու է անպայման, անկախ նրանից, թե ով է լինելու իրավահաջորդը: Շարունակվելու է նաև գործընկերների միջոցով, և բոլոր այն մասնակիցներն, ովքեր հաղթել են, հնարավորություն կունենան իրենց ներկայացրած ծրագրերը ավարտին հասցնել»,-ասաց Մխիթար Հայրապետյանը:

 

Հաջորդ տարվա ծրագրի շարունակականությունն իրավահաջորդը կորոշի առաջինի արդյունավետությունից ելնելով

 

Նա նշեց, որ մի քանի հարյուր դիմորդներից 70-ն անցել էին եզրափակիչ փուլ, որից էլ ընտրվել են 9 մասնակիցներ: Նրանք բոլորն էլ կկարողանան իրենց սթարթափ գաղափարները կյանքի կոչել, իսկ արդյո՞ք նախարարության բացակայության պայմաններում ծրագիրը շարունակական կլինի. «Իմ քայլը» դաշինքի նորընտիր պատգամավորը նշեց. «Հաջորդ տարվա ծրագրի շարունակականությունն իրավահաջորդը կորոշի առաջինի արդյունավետությունից ելնելով»,-շեշտեց նախկին նախարարը: