Home / Canadahye  / ՏՏ ոլորտի մասնագետ Բալիկ Տողրամաճյանը, ով Սիրիայից Կանադա ներգաղթելուց հետո անգլերեն սովորելու ու մասնագիտությամբ վերապատրաստվելու կարիք չի ունեցել

ՏՏ ոլորտի մասնագետ Բալիկ Տողրամաճյանը, ով Սիրիայից Կանադա ներգաղթելուց հետո անգլերեն սովորելու ու մասնագիտությամբ վերապատրաստվելու կարիք չի ունեցել

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ Երբ 2017թ-ին Բալիկ Տողրամաճյանն ու իր մայրը Լաթաքիայից տեղափոխվեցին Կանադա, ստիպված էին հաստատվել Բրիտանական Կոլումբիայում. Այս նահանգի առաջարկած ծրագրով էին ներգաղթել, մեկ տարվա ընթացքում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ Բալիկը կարողանում է խորացնել իր մասնագիտական գիտելիքներն ու տեղափոխվել Տորոնտո, որտեղ գործունեության առավել լայն հնարավորւթյուններ է տեսնում:

 

 

ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

Տողրամաճյաններն, ի տարբերություն մյուս սիրիահայերի, Կանադա են ներգաղթել անգլերենի իմացությամբ ու մասնագիտական գիտելիքներով, իսկ լեզվի իմացությունը կարևորագույն պահանջն է այս երկրում կայանալու համար, հաստատում են բոլոր տեղացիներն ու ներգաղթյալները: Նաև ՏՏ ոլորտի կրթությունը կարևոր առավելություն էր Բալիկի համար:

 

Բավական երկար փնտրելեն ետք էր, որ կրցա պրակտիկա անցնել, դու նոր ավարտած ուսանող ես, և երբ որ կուզես պրակտիկա անցնիլ, կառավարությունը կքաջալերե

 

«Դժվար չէր, հոգնության պատճառ էր, բավական երկար փնտրելեն ետք էր, որ կրցա պրակտիկա անցնել, դու նոր ավարտած ուսանող ես, և երբ որ կուզես պրակտիկա անցնիլ, կառավարությունը կքաջալերե, որ նորավարտներուն գործի առիթ տա, լավ հնարավորություն էր այսպիսի պրոգրամի մեջ գտնվել, այդ պատճառով դիմեցի կազմակերպությանը: Ծախս մը չունի, երբ որ դուք լավ աշխատող ըլլաք, գործատուն չի վճարե, կառավարությունն է վճարողը, այդ ժամանակեն ետք կրնա հիմնական աշխատող առնե: Ինքը աշխատանքեդ որոշ չափով օգտվեցավ, որովհետև դրամ կշահե, և ես բավականին օգտվեցա»,-պատմում է Բալիկը:

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը բազմաճյուղ է, հնարավորությունները՝ լայն, հետևաբար Բալիկից լրացուցիչ կրթություն չի պահանջվել, ի տարբերություն այլ մասնագիտությունների, որոնց պարագայում նորեկների վերապատրաստումը պարտադիր է, համեմատություններ է անցկացնում.

 

«Այ Թի տեխնոլոգիաները համաշխարահին է, ոչ արխիտեկտուրա է, որ իրեն հատուկ կանոններ ունի, ոչ ինժեներինգ է, որ Սիրիա տարբեր սիստեմներ ունի, հոս տարբեր: Ես ինչ էլ կտեսնիմ իմ շրջանակես, բիզնես, օրինակ  ամեն տեղ նույնն  է, եթե բանկինգի մեջ պիտի աշխատիս, հոս ուրիշ է, բժշկությունը նույնն է, բայց սիստեմը տարբեր է»:

 

ԿԱՆԱԴԱՅԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱՐ

Այն, որ Սիրիայից տեղափոխվելու են Կանադա, մայր ու դուստր այս հարցում չեն տարկուսել. Այստեղ հարազատներ ունեին, բայց դա չէր հիմնական պատճառը:

 

Ասիկա լավ ընտրություն էր ինծի համար, թե անգլերեն գիտենք, թե աշխատելու, թե ուսանելու իրավունք

 

«Ընդհանրապես ես որոշած էի Կանադա տեղափոխվիլ, Հայաստան էլ ունեինք ծանոթներ, հորեղբայրս պատերազմեն վերջ Հայաստան տեղափոխված է, Հայաստանի ապրուստով, աշխատանքով, մուտքով շատ դժվար կապրին: Կանադան ինծի համար այդ առավելությունն ուներ, որ հայկական գաղութ կար, եկեղեցի կար, մամաս ալ կրնար աշխատիլ և ակտիվ անձ մը ըլլալ, որովհետև անգլերեն գիտի, ամեն մարդ կրնա աշխատանքով ապրիլ, նույնիսկ եթե ամենապարզ գործն ունիս, պիտի Սիրիայեն ելնեինք, որ մամաս հետս ըլլար, ասիկա լավ ընտրություն էր ինծի համար, թե անգլերեն գիտենք, թե աշխատելու, թե ուսանելու իրավունք»,-ասում է տորոնտոբնակ հայուհին:

 

Իսկ Հայաստան մի քանի անգամ այցելելու հնարավորություններ ունեցել են, բայց հաստատվելու ցանկություն՝ ոչ: Այստեղ չկան աշխատանքի լավ պայմաններ ու բարձր մակարդակի ընկերություններ, կարծում է երիտասարդը:

 

Մենք շատ կսիրենք Հայաստան, բայց քանի որ «ուր հաց, հոն կաց» կըսենք, ուր որ կրնաս ապրուստդ ապահովել, հոն կերթաս,

 

«Կրնա ըլլալ, որ լավ աշխատանք էլ կա, ունիմ ընկերներ, որ Հայաստանի  մեջ են, բայց չեմ տեսնե Հայաստանի մեջ պայմաններ: Կանադայի մակարդակի կոմպանիաներ եթե ըլլան, մենք շատ կսիրենք Հայաստան, բայց քանի որ «ուր հաց, հոն կաց» կըսենք, ուր որ կրնաս ապրուստդ ապահովել, հոն կերթաս, եթե Հայաստանի մեջ կրնան ըլլալ այդպիսի գործեր ու մուտքեր, որով կրնաս ապրիս, ինչո՞ւ չէ»,-ասում է ՏՏ մասնագետը:

 

Մեկ տարվանից մի փոքր ավելի ժամանակահատվածում շատ չեն հասցրել լիարժեք ինտեգրվել կանադահայ համայնքում, նկատել են, որ մասնագիտություն ու գիտելիքներ ունեցող սիրիահայերը տարբեր բնագավառներում աշխատում են, հաջողությունների հասնում:

 

Կտեսնիմ, որ շատ սիրիահայեր կանադահայերու հետ միասնաբար շատ լավ գործունեություն կտանին Կանադայի գաղութի մեջ

 

«Երբեմն առիթներ կըլլան ձեռնարկներուն ներկա գտնվիլ, Համազգայինի և այլ ելույթներու ներկա կգտնվիմ, կտեսնիմ, որ շատ սիրիահայեր կանադահայերու հետ միասնաբար շատ լավ գործունեություն կտանին Կանադայի գաղութի մեջ»,-հավաստիացնում է նա: