Home / Armenia  / Ֆիլիպինցի Մոլդեզ ամուսիններն, ովքեր Երևանում տուրիստական ընկերություն են հիմնել, իրենց ու 4 զավակների ապագան տեսնում են միայն Հայաստանում

Ֆիլիպինցի Մոլդեզ ամուսիններն, ովքեր Երևանում տուրիստական ընկերություն են հիմնել, իրենց ու 4 զավակների ապագան տեսնում են միայն Հայաստանում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Երբ երկու տարի առաջ Էլլեն և Լիտո Կարմելիտո Պետոտերո Մոլդեզները այցելեցին Հայաստան, երկիրը ֆիլիպինցի ամուսիններին թվաց խաղաղ, հանգիստ, բնակիչները՝ հյուրընկալ ու սրտաբաց: Իսրայելում աշխատող բազմազավակ ամուսինները չէին ցանկանում երեխաներին մեծացնել մի երկրում, որտեղ հաճախ պատերազմներ են տեղի ունենում: Հետևաբար երկար ժամանակ չպահանջվեց որոշում կայացնելու համար:

 

Նրանք որոշեցին ընտանիքով հաստատվել Հայաստանում և այստեղ հիմնել տուրիստական ընկերություն: Մինչ տեղափոխվելն իրավաբանի միջոցով կարգավորեցին ընկերության ստեղծման, գրանցման հարցերը, իսկ երբ ժամանեցին Հայաստան, այլ բան չէր մնում անելու, եթե ոչ միայն աշխատել:

 

ՎՈՉՆԵՐ-Ը՝ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՊԱՎՈՒՄ

Երկու տարի է՝ գործում է Vochnner (Վոչներ) ընկերությունը, որքան էլ անսպասելի է, սա հայերեն հապավում է, որը պարզաբանում է Լիտո Կարմելիտո Պետոտերո Մոլդեզը. «Voch-ը հայերեն ոչ-ն է, որ նշանակում է no, no limits, չկան սահմաններ, չկա սահմանափակում, այսինքն՝ բոլոր մարդիկ կարող են գալ այստեղ»:

 

Չորս զավակների հայրը դեռևս հայերեն չի խոսում, սակայն հպարտությամբ է ասում, որ երեխաներն արդեն որոշ չափով խոսում են և իրենցից ավելի շատ սկսել են սիրել Հայաստանը: Ֆիլիպինցի ամուսիններն իրենց ու երեխաների ապագան տեսնում են միայն Հայաստանում, իսկ այդ ապագան պատկերացնում են երջանիկ, ապահով ու բարեկեցիկ:

 

Երեխաներիս ապագան տեսնում եմ Հայաստանում, որ սովորեն, ունենան իրենց աշխատանքը

 

«Պլաններ ունենք, որ մեր երեխաներն այստեղ սովորեն, մեր ավագ որդին շուտով կընդունվի Ամերիկյան համալսարան, ու մեր երեխաներն ավելի շատ են ուզում ապրել Հայաստանում, ավելի շուտ են սովորում հայերեն, քան մենք: Երեխաներիս ապագան տեսնում եմ Հայաստանում, որ սովորեն, ունենան իրենց աշխատանքը, նաև տեսնում ենք, որ շատերը ետ են գալիս Հայաստան՝ այստեղ ներդրումներ անում, ինչը շատ ուրախալի փաստ է»:

 

ԶԱՐԳԱՑՆԵԼ ԲԻԶՆԵՍԸ

Այդ ոգևորությունն ունեն նաև իրենք, որ մտադիր են ոչ միայն պահպանել տուրիստական ընկերությունը, այլև զարգացնել գործարարությունը Հայաստանում, ներդրումներ կատարել:

 

Ապագայում ծրագիր ունենք այստեղ հիմնել ավելի շատ բիզնեսներ՝ ռեստորան, հյուրանոց

 

«Հուսով ենք, որ ապագայում կտեսնեք մեր աճը, ապագայում ծրագիր ունենք այստեղ հիմնել ավելի շատ բիզնեսներ՝ ռեստորան, հյուրանոց, շատ հնարավոր է, որ տեսնեք Վոչներ հյուրանոց»,-ասում է հայաստանաբնակ ֆիլիպինցին:

 

Իսկ Հայաստանը, բացի հյուրընկալությունից, նաև մատչելի երկիր է, ասում է. «Հայաստանում շատ ավելի էժան է կյանքը, գրանցվելը, ապրելը, քան, ասենք, Աֆղանստանում, որտեղ կռիվ էր գնում աֆղանների ու կորեացիների միջև, որոնք դուրս էին մղում կորեացիներին իրենց երկրից, իսկ այստեղ ամեն ինչ էժան է, մարդիկ շատ ընկերական են»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎՆ ՈՒ ՎԱՏԸ

Առիթներ ունեցել են օգտվել հայկական հյուրընակությունից, տպավորված են այն դրական էմոցիաներով, որ ստացել են հայ ընտանիքների միջավայրում գտնվելու ժամանակ, սակայն կան նաև բացասական երևույթներ, որոնց հետ առնչվել են արդեն բիզնեսում, պարոն Մոլդեզը մի օրինակ է բերում.

 

Տաքսու վարորդը մեր տուրիստին օդանավակայանից հյուրանոց հասցնելու համար վերցրել է 21 հզր դրամ

 

«Մարդիկ ընդհանուր առմամբ այստեղ դրական են, հյուրընկալ, բայց երեկ մի դեպք էր եղել, երբ տաքսու վարորդը մեր տուրիստին օդանավակայանից հյուրանոց հասցնելու համար վերցրել է 21 հզր դրամ: Պետք է քայլեր անենք, որ կանխենք նման անարդարացի վերաբերմունքը մեր հյուրերի նկատմամբ, մենք աշխատում ենք տարբեր ընկերությունների հետ, որոնց միջոցով մենք ավելի քիչ գումարով հյուրերին հասցնում ենք իրենց ուզած տեղը»:

 

Նման երևույթները, սակայն, չեն հիասթափեցրել նորեկներին, ավելին, իրենց պարտավորված են զգում արդար գործելու կանոններ մտցնել այս դաշտ: Իսկ իրենց տուրիստների թիվը դրանից չի նվազում, սակայն երկրից տպավորությունները կարող են բացասական տարրեր պարունակել:

 

Ֆիլիպինցիների հիմնած ընկերության հիմնական այցելուներն էլ իրենց համերկրացիներն են, նորաստեղծ բիզնեսի հիմնադիրները մտավախություն չունեն տեղի մրցակցությանը չդիմանալու. Ֆիլիպինցիները հետաքրքրված են ձյունառատ Հայաստանով ու գալիս են հիմնականում ձմռանը, այցելում Ծաղկաձոր, իսկ նրանց մեծ թիվը բավական է բիզնեսը ծաղկեցնելու, երկրին էլ տնտեսական օգուտներ տալու համար, վստահ է ընկերության հիմնադիրը, ասում է.

 

Մտավախություն չունենք, որ մրցակցությանը չենք դիմանա

 

«Մենք շատ ընկերներ ունենք աշխարհի տարբեր երկրներում, 2 մլն-ից ավելի ֆիլիպինցիներ, որոնք կգան և կբնակվեն մեր հյուրանոցում, այնպես, որ մտավախություն չունենք, որ մրցակցությանը չենք դիմանա»:

 

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

Իսկ գործունեությանը խոչընդոտող էական հանգամանքներ չկան, եթե հաշվի չառնենք նշված դեպքերը, վստահեցնում են ընկերության ներկայացուցիչները՝ հավաստիացնելով նաև, որ երկրում տեղի ունեցած փոփոխություններն էլ իրենց դերն ունեցել են:

 

Մինչ այդ մենք ամեն բանի համար վճարում էինք, իսկ հիմա վճարում ենք միայն այն ամենի դիմաց, ինչն օրենքով սահմանված է

 

«Մենք շատ ուրախանում ենք, երբ տեսնում էինք, որ ուսանողները գալով Հրապարակ, աջակցում էին Թավշյա հեղափոխությանը, որից հետո փոփոխություններ տեղի են ունեցել նաև  մեր բիզնեսում, մինչ այդ մենք ամեն բանի համար վճարում էինք, իսկ հիմա վճարում ենք միայն այն ամենի դիմաց, ինչն օրենքով սահմանված է, այնուհետև կառավարության վերաբերմունքը բիզնեսի նկատմամբ փոխվել է, վերացրել է մենաշնորհներն ու թույլ է տալիս մարդկանց ապրանքներ ներմուծել»,-ասում է ֆիլիպինցի ներդրողը: