Home / Armenia  / «Սուպերվարչապետը» կհրաժարվի՞ իր լիազորություններից, և ինչո՞ւ է ուշանում կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծի ներկայացումը ԱԺ-ին. խմբակցությունների արձագանքը

«Սուպերվարչապետը» կհրաժարվի՞ իր լիազորություններից, և ինչո՞ւ է ուշանում կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծի ներկայացումը ԱԺ-ին. խմբակցությունների արձագանքը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ 7-րդ գումարման ԱԺ-ի օրակարգում ընդգրկված էր «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով, ինչպես հայտնի է, կրճատվելու է նախարարությունների թիվը՝ 17-ից հասնելով 12-ի:

 

Կառավարությունն ուշացնում է նախագծի ներկայացումն, ինչը խորհրդարանական երեք խմբակցությունները տարբեր կերպ են մեկնաբանում: Noranor.ca-ն այսօր զրուցել է խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ հետաքրքրվելով ինչպես ձգձգման պատճառներով, այնպես էլ նախագծով ենթադրվող փոխությունների հանդեպ իրենց վերաբերմունքով:

 

ՄԵՆՔ ԴԱԿՈՂՆԵՐ ՉԵՆՔ

Իրեն ընդդիմադիր քաղաքական ուժ հայտարարած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հորդորում է կառավարությանը արագացնել նախագծի ներկայացումը, քանի որ ԱԺ-ն իրավունք ունի ծանոթանալ, քննարկել ու տեսակետներ հայտնել մի նախագծի շուրջ, որով փոփոխության է ենթարկվելու կառավարման համակարգը:

 

Պահանջում եմ , որ շուտ ուղարկեն, որովհետև մենք դակողներ չենք, որ բերեն մի օրում, արագ-արագ կարդանք, դակենք, գնան

 

«Ես կառավարության մեր ընկերներին հորդորում եմ հնարավորինս շուտ ուղարկել խորհրդարան, որովհետև մենք պետք է ժամանակ ունենանք պատրաստվելու և հասկանալու, թե ինչ տեսլական ունի նոր կառավարությունը իր կառուցվածքի վերաբերյալ,  որը նշանակում է կրճատումներ, որը նշանակում է համակարգային փոփոխություններ, և նաև որը ես ենթադրում եմ, պետք է նշանակի սուպերվարչապետական համակարգի վերափոխում, հետևաբար պահանջում եմ , որ շուտ ուղարկեն, որովհետև մենք դակողներ չենք, որ բերեն մի օրում, արագ-արագ կարդանք, դակենք, գնան»,-ասաց Մարուքյանը:

 

Խոսելով ըստ այդ նախագծի նախատեսվող օպտիմալացման մասին՝ վերահաստատեց, որ իրենք կողմ են ուռճացված կառավարության կադրերի կրճատմանը, բայց դա չի նշանակում, թե կողմ են ցանկացած կրճատման: Ասում է. «Պետք է տեսնենք տեսլականը, ո՞նց է օպտիմալանում, ի՞նչ կադրեր են կրճատվելու, Եթե սփյուռքի նախարարությունը  հանձնակատար է դառնում, դա եղավ նույն նախարարությունը՝ խորհրդարանական վերահսկողությունից դուրս, եթե կոմիտե լինի, օրինակ ԱԳՆ կազմում, միգուցե ընդունելի լինի»:

 

«Լուսավոր Հայաստան»-ին սպասվող օպտիմալացումների շարքում առավել մտահոգում է հարցը, թե արդյո՞ք արդյունքում գերատեսչությունները դուրս կմնան խորհրդարանական վերահսկողությունից, այդ դեպքում իրենք լուրջ խնդիր են տեսնում, հատկապես, եթե հարցը վերաբերի ուժային կառույցներին:

 

Հարցը վերաբերում է նաև ոստիկանություն, ԱԱԾ և հարկահավաք մարմին, որոնք որ պիտի լինեն  խորհրդարանական վերահսկողության տակ

 

«Միայն սփյուռքի նախարարության հարցը չի: Հասարակության ուշադրությունը բևեռել են Սփյուռքի և մշակույթի նախարարությունների վրա, այստեղ հարցը վերաբերում է նաև ոստիկանություն, ԱԱԾ և հարկահավաք մարմին, որոնք որ պիտի լինեն  խորհրդարանական վերահսկողության տակ, մեծ հաշվով ինձ մյուսները ավելի քիչ են հետաքրքրում, քան սրանք»,-ասաց խմբակցության ղեկավարը:

 

ԿՈՂՄ ՉԵՄ ՈՐԵՎԷ «ՍՈՒՊԵՐ» ՄՈՏԵՑՄԱՆ

Բարգավաճ Հայաստան խմբակցությունը, ի տարբերություն ընդդիմադիր գործընկերոջ, դեմ է օպտիմալացմանը, կողմ՝ կադրերի վերանայմանն ու գործառույթների փոփոխությանը: Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նորմալ է համարում կառավարության նախագծի ուշացումը, ենթադրում է, որ հասարակական արձագանքը հաշվի առնելով՝ կառավարությունը վերանայում է նախագծի որոշ կետեր:

 

Նույն հաջողությամբ ԿԳ ոլորտում էլ լուրջ հաջողություններ չունեն, ի՞նչ անենք, լուծարե՞նք այդ նախարարությունը

 

«Ոչ թե ինչ-որ երևակայական, այլ իսկապես բուն բովանդակային առումով սփյուռքի և մշակույթի նախարարությունները հայ  ժողովրդին անհրաժեշտ են, հայ ժողովուրդն իր գոյության համար որքան պարտական է բանակին, այնքան էլ պարտական է մշակութային գործիչներին, եթե ինչ-որ մեկը չի կարողանում կազմակերպել այդ նախարարության աշխատանքը, չի նշանակում, որ նախարարությունը պիտի լուծարել: Նույն հաջողությամբ ԿԳ ոլորտում էլ լուրջ հաջողություններ չունեն, ի՞նչ անենք, լուծարե՞նք այդ նախարարությունը: Այսինքն՝ պետք է փորձենք եղածը ճիշտ կազմակերպել, ոչ թե գնալ մի ճանապարհով, որը կհարուցի հայ ժողովորդի ու սփյուռքի զայրույթը»,-Noranor-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանը:

 

Ինչ վերաբերում է վարչապետի լիազորությունների կրճատմանն ու, ինչպես քաղաքական դաշտում է որակվում, «սուպերվարչապետական» համակարգի վերանայմանը, Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորն ասաց.

 

Կողմ չեմ որևէ սուպեր մոտեցման, պետք է լինի իշխանությունների տարանջատման սկզբունքի իրացում

 

«Կողմ չեմ որևէ սուպեր մոտեցման, պետք է լինի իշխանությունների տարանջատման սկզբունքի իրացում, հակառակ դեպքում լուրջ խնդիրներ կունենանք»,-կարծում է նա:

 

ԲԾԱԽՆԴԻՐ ՄՈՏԵՑՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը՝ երկար տարիներ մշակույթի նախարարության ենթակայությամբ աշխատած Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը ևս կողմ է նախարարության լուծարմանը, օպտիմալացումն էլ համարում է ճիշտ լուծում, իսկ լավագույն կադրերը, նրա համոզմամբ, կպահպանվեն:

 

Տեղակալները պետք է հզոր տեղակալներ լինեն հսկա կառույցը առաջ մղելու համար

 

«Եթե լավ աշխատողներ են, վստահ եմ, որ ոչ մի տրամաբանություն չի լինի, որ լավ կադրերից կառավարությունը հրաժարվի, ես քանի որ աշխատել եմ մշակույթի նախարարության ենթակայության, և գիտեմ, որ արդյունավետությունը շատ վատ է, թանգարաններ, թատրոններ, իրենք են հիմնական աշխատանքը տանում, իսկ  նախարարությունը թղթաբանական քաշքշուկների մի հաստատություն է եղել, կարծում եմ, որ կրթություն և մշակույթ անքակտելի ճյուղեր են, և եթե այս տարբերակը լինի, տեղակալները պետք է հզոր տեղակալներ լինեն հսկա կառույցը առաջ մղելու համար»,-ասում է Թուխիկյանը:

 

Նաև սփյուռքի նախարարության վերամիավորումն է տեղին համարում՝ կարծիք հայտնելով, որ վերջինիս գործառույթները մշտապես վերաբաշխված են եղել տարբեր նախարարությունների, հետևաբար էական դեր չի կատարել:

 

Ուշացումը խոսում է այն մասին, որ շատ բծախնդիր և պատասխանատու մոտեցում է կառավարության կողմից

 

Ինչ վերաբերում է նախագծի ուշացմանը, ասում է. «Գործընթացի մեջ է, տարբեր առաջարկներ կան, և դրանք քննարկման փուլում են, ուշացումը խոսում է այն մասին, որ շատ բծախնդիր և պատասխանատու մոտեցում է կառավարության կողմից, հուսանք, որ շատ ոչ հեռու ապագայում նախագիծը կներկայացվի և ԱԺ-ում քննարկման կարժանանա»:

 

Իսկ գործընկերների կողմից արագացնելու հորդորին արձագանքում է այսպես. «Չի կարելի ամեն ինչ հապշտապ անել, ամեն ինչ տրամաբանություն ունի, համբերություն է պետք»: