Home / Armenia  / Ներառական կրթության փոխարեն հատուկ դպրոցներ. Ինչո՞ւ են ծնողները գերադասում երկրորդը, որո՞նք են համընդհանուր ներառման վտանգները

Ներառական կրթության փոխարեն հատուկ դպրոցներ. Ինչո՞ւ են ծնողները գերադասում երկրորդը, որո՞նք են համընդհանուր ներառման վտանգները

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Արթիկ (Նորանոր) _ 2019 թվականի ընթացքում Երևանում նախատեսվում է անցում կատարել համընդհանուր ներառական կրթության: Շիրակի մարզում ևս կսահմանափակվի հատուկ դպրոցների դերը, այսինքն՝ այս հաստատություններ հաճախող երեխաները կհաճախեն հանրակրթական ներառական դպրոցներ:

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔ

Արտյոմ Վարդանյանը սովորում է Արթիկի թիվ 2 դպրոցում, որտեղ արդեն 4-րդ տարին ներառական ուսուցում է իրականացվում: «Առաջ որ մե բանմ կուզեի ըսել, չէի կրա, հմի չկա էդ խնդիրը»,-առանց հուզական որևէ դրսևորման պատմում է տղան, որի հետ զրույցի ընթացքում լեզվական որևէ խնդիր այլևս նկատելի չէ: Լոգոպեդի 4 տարիների աշխատանքի արդյունքը նկատելի է:

 

Գերակտիվ էր, անընդհատ կռիվների մեջ էր, հիմա փոխվել է, անգամ խոսքն է ուղղվել

 

«3-4 տարի աշխատել ենք  իր հետ, ամենաուշը մեկ տարի հետո արդյունք կար, Արտյոմից բողոքում էին, որ գերակտիվ էր, անընդհատ կռիվների մեջ էր, հիմա փոխվել է, անգամ խոսքն է ուղղվել, հասել ենք կակազության վերջին փուլին, անգամ հանրության առջև է ելույթ ունենում».-պատմում է դպրոցի լոգոպեդ Լուսինե Մարտիրոսյանը:

 

Ներառական թիմի անդամը վստահեցնում է, որ Արտյոմին օգնել է ոչ միայն մասնագիտական  մոտեցումը, այլև ընկերները, միջավայրը, որտեղ այլևս բացակայում են կարծրատիպերը: Ասում է. «Մենք փորձում ենք այնպես անել, որ բոլորը լինեն հավասար, անգամ ներառական կրթության մեջ մեր երեխաները մասնակցում են ընդհանուր միջոցառումներին»:

 

Դպրոցի տնօրենը՝ Սուսաննա Պետոյանը հաստատում է լոգոպեդի խոսքերը՝ հավաստիացնելով, որ անգամ կարիք չի եղել երեխաների հետ հոգեբանական աշխատանք տանելու: «Երբ ծնողներից մեկը երեխային բերեց հատուկ դպրոցից, նա դասի ժամանակ ամեն ինչ կարող էր անել, ուսուցչին խփել, կծել, գոռալ, աուտիկ երեխա է, ոչինչ չես կարող անել, ու մեր երեխաները ոչ միայն ընդունել են, այլև օգնում են: Պետք է տեսնել, թե ինչքան սիրով են օգնում նրանց: Գոնե այդտեղ հասել ենք առավելագույն արդյունքի»,-ասում է նա:

 

ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ ԴՊՐՈՑՈՒՄ

«Հույս Արթիկ» հաշմանդամների աջակցման կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշանիկ Մաթևոսյանը, ում որդին՝ Էդգար Չթեյանը, ունի թույլ արտահայտված մտավոր հետամնացություն, հակառակն է պնդում:

 

Ամբողջ դասարանը կարող է դեմ գնալ իրեն, որովհետև ինքը մի քիչ հետ է իրենցից մտավոր կարողություններով

 

«Շրջապատը պետք է ընդունի իրենց այնպես, ոնց որ կան, բայց ոչ մեկը չի աշխատում այդ ուղղությամբ, հենց իմ երեխան ներառականի երեխա է, բայց ներառված չէ դպրոցում, հոգեբանը մինչև հիմա ոչ մի երեխայի հետ ոչ մի բառ չի խոսել, որովհետև դասղեկը թույլ չի տվել, տնօրենը թույլ չի տվել: Ամբողջ դասարանը կարող է դեմ գնալ իրեն, որովհետև ինքը մի քիչ հետ է իրենցից մտավոր կարողություններով, կարող են ձեռ առնել, կռվել, ծեծել և այլն»,-ներկայացնում է Շուշանիկ Մաթևոսյանը:

 

Էդգարը չի դժգոհում իր նկատմամբ դրսևորած վերաբերմունքից, երեխան, որ աչքի էր ընկնում զուսպ պահվածքով, ոգևորությամբ էր խոսում ուսման մասին՝ ասելով. «Ես լավ եմ սովորում, դասերին ակտիվ մասնակցում եմ, պատասխանում եմ դասերին, մայրենին եմ սիրում և ռուսերենը»:

 

Բոլոր ծնողներն ինձ համոզում էին, որ բողոքեմ, այդ երեխան դուրս գա, իրենք չգիտին, որ ես աշխատում եմ ներառականը մտցնեմ դպրոց

 

«Միայն մայրենին ու ռուսերենն է, որ ներառում են իրեն դասին, մնացած ոչ մի դասին ներառված չի,-շարունակում է մայրը՝ հավելելով,- բացի դրանից, դասարանի երեխաներն էլ չեն ընդունում իրեն, կարող է երեխաները ձեռ առնեն, նորմալ երևույթ է, թե դուք գործ չունեք, ինչ ուզում է, թող անի: Այս վերաբերմունքն է, ու դասարանում էլի կան երեխաներ, որ բոլորը կանգնել էին դեմ: Էդգարի հետ էր խնդիր եղել, բոլոր ծնողներն ինձ համոզում էին, որ բողոքեմ, այդ երեխան դուրս գա, իրենք չգիտեին, որ ես աշխատում եմ ներառականը մտցնեմ դպրոց, որ բոլոր երեխաները ներառվեն, մի բան էլ ուզում էին՝ բողոքեմ»:

 

Սա էլ ընտանիքների վերաբերմունքի մասին է վկայում, որը կարող է ավելի վատթար դրսևորում ստանալ, երբ դպրոցներն անցնեն համընդհանուր ներառման: Սա չեն բացառում ինչպես դպրոցի աշխատակիցները, այնպես էլ «Հույս Արթիկ« կազմակերպության հիմնադիրը:

 

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ

Հաջորդ ուսումնական տարվա սկզբից Արթիկի հատուկ դպրոցը կվերածվի աջակցման կենտրոնի, իսկ բոլոր երեխաները պետք է տեղափոխվեն հանրակրթական դպրոցներ: Դպրոցներում իրավիճակը վերահսկելի կլինի միայն այն դեպքում, եթե վերջիններս համալրված լինեն համապատասխան մասնագետներով, կարծում է լոգոպեդ Լուսինե Մարտիրոսյանը:

 

Եթե իրազեկ չեն ոչ  մանկավարժական կոլեկտիվը, ոչ երեխաները, ոչ ծնողները, բնական է, որ մեծ աղմուկ կբարձրանա, բայց չպիտի վախենան

 

«Վտանգ չեմ տեսնում: Եթե իրազեկ չեն ոչ  մանկավարժական կոլեկտիվը, ոչ երեխաները, ոչ ծնողները, բնական է, որ մեծ աղմուկ կբարձրանա, բայց չպիտի վախենան, որովհետև այս ուսուցումն էլ ունի իր դրական կողմերը, տալիս է հնարավորություն անգամ մանկավարժներին, որ դասը տալիս պետք է կարողանան այնպես մատուցել, որ առաջինը հասանելի լինի ներառականի երեխային, եթե իրեն հասանելի եղավ, մյուսներին արդեն հասանելի կլինի»,-ասում է լոգոպեդը:

 

Դպրոցի տնօրենը՝ վստահեցնում է, որ ներառական թիմն ունակ է համապատասխան աշխատանք տանելու, 4 տարիների աշխատանքը թույլ է տվել համոզվել, որ անգամ անկառավարելի վարքով երեխաներն են կարողանում ներառվել դասապրոցեսում, իսկ իրենք պարտավոր են ընդունել ցանկացած երեխայի:

 

Չունենք այդպիսի աշակերտներ, որոնց ուղղորդած լինեն հատուկ դպրոցներ

 

«Մենք պարտավոր ենք ցանկացած երեխայի, եթե ուզում է հանրակրթական դպրոցում սովորել, ապահովել նրա ներառական կրթությունը, չունենք այդպիսի աշակերտներ, որոնց ուղղորդած լինեն հատուկ դպրոցներ, այս տարի հատուկ դպրոցներն էլ կփակվեն, բա ի՞նչ ենք անելու, երեխաները հաճախելու են հանրակրթական դպրոց»:

 

ՆԵՐԱՌԱԿԱՆԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ

Այս հարցին հակափաստարկներ ունի «Հույս Արթիկ» կազմակերպության հիմնադիրը: Շուշանիկ Մաթևոսյանը անձամբ է հանդիպում տարածաշրջանի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին, համոզվում, որ նրանք ցանկանում են երեխաներին միայն հանրակրթական դպրոց ուղարկել, բայց կարճ ժամանակ անց հրաժարվում են որոշումից:

 

Չգիտես ինչ պատճառներով հատուկ դպրոցում են, որտեղ զարգացում չեն ունենում

 

«Երեխաներից շատերը կարող են գնալ ներառական դպրոցներ, ստանալ ուսում և առաջընթաց կունենան, բայց չգիտես ինչ պատճառներով հատուկ դպրոցում են, որտեղ զարգացում չեն ունենում: Ծնողներ կան, որ սկզբից շատ են ասում՝ անպայման հանրակրթական դպրոց պիտի գնան, շատ լավ կլինի, բայց երբ հերթը հասնում է գնալուն, չգիտես ինչու որոշում են, որ հատուկ դպրոցն իրենց համար ավելի լավ է»,-ասում է նա:

 

Նման դեպք պատահել է Արթիկի տարածաշրջանի Փոքր Մանթաշ գյուղի երեխաներից մեկի հետ: Տեղաշարժման խնդիրներ ունեցող երեխայի համար  պատրաստ են եղել բոլոր հարմարությունները ստեղծել, սակայն ծնողն ի վերջո հրաժարվել է: Պատմում է Շուշանիկ Մաթևոսյանը.

 

«Տնօրենն ասաց՝ թույլտվություն է պետք, բայց ներառական կրթության համար թույլտվության կարիք չկա, դա ծնողի իրավունքն է: Ծնողի հետ խոսեցի, 10 րոպեում կարծիքը փոխեց, թե հատուկ դպրոցում շատ լավ է: Հիմա ոնց որ ծնողին դեմ գնայի, մտափոխվում է, բայց պարզ է, որ ցանկացած ծնող էլ ուզում է իր երեխայի առաջընթացը տեսնել»:

 

Իսկ Հատուկ դպրոցում բացի խնամքից, երեխան որևէ գիտելիք չի կարող ստանալ, համոզվել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կինը: Շատ ծնողները հենց այդ խնամքն էլ մեծ աջակցություն են համարում, երբ ստիպված չեն լինում երեխային տեղափոխել, հոգ տանել նրա մասին:

 

Առաջիկա սեպտեմբերից ստիպված կլինեն նոր պայմաններին հարմարվել, «Հույս Արթիկ»-ի նախագահը չի բացառում, որ որոշ ծնողներ նույնիսկ հրաժարվեն երեխաներին ուղարկել հանրակրթական դպրոցներ ավելորդ դժվարություններից խուսափելու համար:

 

85 ՏԱՐԵԿԱՆ ԴՊՐՈՑԸ

Իսկ նրանց համար, ովքեր պատրաստ են, արդյո՞ք դպրոցները հարմարեցված են: Թիվ 2 դպրոցի տնօրենն ասում է. «Ամենացավալի կետը հարմարեցումների խնդիրն է: Մեր դպրոցը  85 տարեկան է: Մեր երեխաներից մեկը խնդիր ուներ տեղաշարժման, ծնողը գրկած բերում էր, բոլոր աշխատողները, եթե նրան անհրաժեշտ էր տեղափոխել, գրկելով տեղափոխում էինք, սայլակներ չունեինք, բայց կարողանում էինք ապահովել, որ երեխան սանհանգույց գնա, կարողանա ճաշարան գնալ, դրա համար այս տարի ճաշարանը տեղափոխեցի առաջին հարկ, որպեսզի նման երեխաների համար տեղաշարժն ավելի հեշտ լինի»:

 

Առաջիկայում, սակայն, դպրոցը հիմնանորոգվելու է, հարմարեցումներ լինելու են: Կառավարության միջոցներով նախատեսված է հիմնանորոգել 26 դպրոց, որոնցից մեկն էլ լինելու է Արթիկի երկրորդ դպրոցը: