Home / Canadahye  / Ի՞նչ գործառույթներ է իր վրա վերցնելու Մոնրեալի նորաբաց ՀՅԴ կենտրոնը, ո՞ր կառույցները կտեղակայվեն այնտեղ. Սարգիս Նոխուդյան

Ի՞նչ գործառույթներ է իր վրա վերցնելու Մոնրեալի նորաբաց ՀՅԴ կենտրոնը, ո՞ր կառույցները կտեղակայվեն այնտեղ. Սարգիս Նոխուդյան

 

Մոնրեալ (Նորանոր) _ Տարիներ առաջ նվեր ստացած տունը, որը բավականին հին էր և երկար ժամանակ սպասում էր վերանորոգման, իր դռներն է բացել մոնրեալահայերի առջև՝ որպես ՀՅԴ «Արմեն Կարո եւ Շաքե Կյունճյան» կենտրոն: Միայն անցյալ տարի բարերարների հովանավորությամբ վերանորոգվել է և հանձնվել շահագործման:

 

Կենտրոնը գտնվում է Մոնրեալի Հայ կենտրոնի և Սուրբ Հակոբ ազգային վարժարանի հարևանությամբ: Իր գործունեությամբ այն կբեռնաթափի Հայ կենտրոնի ծանրաբեռնվածությունը, նոր գաղափարների ու ծրագրերի իրագործման հնարավորություններ կստեղծի: Այս մասին Noranor.ca-ի հետ զրույցում վստահեցրել է ՀՅԴ «Միհրան Փափազյան» կոմիտեի ատենապետ Սարգիս Նոխուդյանը:

 

ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«Տարիների ընթացքում աշխատանքներ եղան մեջը, բայց ամբողջական աշխատանքներ չեղան, միշտ մտորումների մեջ էինք, որ նվիրատուներ ըլլան, երեք կամ չորս ծրագիրներ ունեինք, յուրաքանչյուրը տարբեր բյուջեով, անցյալ տարի խոստում մը ունեցանք Կյունճյանների ընտանիքի կողմից, նրանք խոստացան տան առաջին հարկը նորոգել»,-շենքի նորոգության պատմությունն է ներկայացնում Նոխուդյանը:

 

Անցած տարվա հուլիսին սկսված աշխատանքներն ավարտվեցին, այսօր շենքը պատրաստ է իր դերն ունենալ հայապահպան ծրագրերում: Մոնրեալի գաղութի մեծացմանը զուգահեռ ավելանում է Հայ կենտրոնի ծանրաբեռնվածությունը, որտեղ գործում են տասնյակ հայկական կազմակերպություններ: Պարոն Նոխուդյանը թվարկում է դրանք.

 

Բավական գործուներություն կտարվի Հայ կենտրոնեն ներս, տեղ մը եկած էր, որ սրահներու գործածության համար բավական նեղ կացության մեջ էինք

 

«Մոնրեալի հայ գաղութը կընդարձակվի, մանավանդ բավական մեծ հոսք եղավ Սիրիայեն, և այս կենտրոնի մեջ կգործեն բավական մեծ թվով միություններ, Սուրբ Հակոբ եկեղեցին՝ իր հոգաբարձությամբ, ՀՕՄ-ը, Համազգայինի «Սանահին» մասնաճյուղը, Հոմենըթմենը, Կանադայի երիտասարդական միությունը, կոմիտեին նստավայրն այստեղ է, հոն կա «Հորիզոն» շաբաթաթերթի խմբագրատունը, այսինքն՝ բավական գործուներություն կտարվի Հայ կենտրոնեն ներս, տեղ մը եկած էր, որ սրահներու գործածության համար բավական նեղ կացության մեջ էինք»:

 

ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Այսուհետ ՀՕՄ-ի «Սոսե» մասնաճյուղն ու Հոմենըթմենի «Սանահին» մասնաճյուղը կտեղափոխվեն նոր կառույց, բացի դրանից այն մի շարք գործառույթներ էլ է վերցրել իր վրա:

 

Համազգայինը ցուցասրահեն անկախ հոն երաժշտանոցի հիմք պիտի դնե

 

«Կենտրոնեն ներս հիմնեցանք արհեստավարժ խոհանոց և ցուցասրահ, որ նաև անշուշտ գեղարվեստական նկարներու կամ քանդակներու ցուցադրության հետ կառնչվի, այս սրահն այլ նպատակներու ալ կարելի է օգտագործել, ՀՕՄ-ը պիտի գործածե խոհանոցը կամ գրասենյակը, իսկ Համազգայինը ցուցասրահեն անկախ հոն երաժշտանոցի հիմք պիտի դնե՝ դաշնամուրի, ջութակի, սոլֆեջոյի և այլնի դասավանդումներով, այս մեկը պիտի ըլլա առաջին քայլը ապագայի ծրագիրներու, ցույց կու տա՝ որքանով երաժշտանոցի անհրաժեշտություն ունի գաղութը»,-ներկայացնում է  ՀՅԴ «Միհրան Փափազյան» կոմիտեի ատենապետը:

 

Փոքրիկ տան մեջ որոշ ջերմ մթնոլորշտ մը, գաղութին մեջ նոր շունչ մը, ոգի մը մտցնելու, հայապահպանման նպաստող շատ կարևոր աշխատանք պիտի ըլլա

 

Գրական հավաքներ, ֆիլմի ցուցադրություններ կամ քննարկումներ, թեյի, սուրճի հավաքներ, տարբեր մշակութային հարցերի քննարկումներ, ժողովներ ու հանդիպումներ. Այս և այլ նպատակներով կենտրոնի սրահը կհյուրընկալի մոնրեալահայ մտավորականների, հասարակական ու քաղաքական գործիչների: «Փոքրիկ տան մեջ որոշ ջերմ մթնոլորշտ մը, գաղութին մեջ նոր շունչ մը, ոգի մը մտցնելու, հայապահպանման նպաստող շատ կարևոր աշխատանք պիտի ըլլա, որ մեր գաղութի մնալու և հայ գոյատևելու աշխատանքին պիտի նպաստե»,-վստահեցնում է ՀՅԴ ներկայացուցիչը:

 

Սարգիս Նոխուդյանի համոզմամբ, այս կառույցի գոյությամբ այլևս նեղություն չեն զգա ինչպես աշխատակիցները, այնպես էլ բոլոր այն մոնրեալահայերն, ովքեր ընդգրկված են տարբեր կազմակերպություններում՝ արվեստագետներ, մարզիկներ, արտիստներ ու այլք:

 

Քանի գաղութը կմեծնա, և մարդիկ կուզեն հայկական իրականության մեջ ներկա ըլլալ, իրենց պիտի ընտրանքներ տանք

 

«Հայ կենտրոնին մեջ բավական ընդարձակ աշխատանքներ կտանին, օրինակ Համազգայինն ունի պարախումբ, որը 3-4 տարեկանեն մինչև երիտասարդ խումբը կհասնի: Քանի գաղութը կմեծնա, և մարդիկ կուզեն հայկական իրականության մեջ ներկա ըլլալ, իրենց պիտի ընտրանքներ տանք, որ կարողանան իրենց նախասիրածը ընտրեն, օրինակ Հոմենըթմենն ունի խումբեր, որ տղաքը, աղջիկները պիտի շաբաթական հանդիպումներ, խաղեր ունենան, սկաուտական մեծ կազմ է, այսինքն՝ կենտրոնը սկսած են, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա գործունեությունը շարունակել»,-կարծում է մոնրեալահայ գործիչը:

 

Նրա կարծիքով՝ Համազգայինի երաժշտական դպրոցի հիմնումը կլինի լավագույն ծրագրերից մեկը հայ համայնքի համար:

 

ՈՐՊԵՍ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔ

Վերջերս բավական մեծ աղմուկ բարձրացավ ՀԲԸՄ-ի կողմից Տորոնտոյի հայկական դպրոցի տարածքի վաճառքի կապակցությամբ, այսինքն՝ հայկական կալվածքի օտարումը վատ ազդեցություն կարող էր ունենալ համայնքի վրա: Այս իրավիճակին հակառակ՝ Մոնրեալում նոր կենտրոն է հիմնվում, որը կարող է ազգանպաստ դերակատարում ունենալ: Նոխուդյանը նշում է

 

Դյուրին աշխատանք չէ, այս բոլորը պահելու համար  դժվարություններով կանցնին

 

«Ինծի համար ցավ է, որ նման բան կպատահի, որովհետև իրականության մեջ հայկական բոլոր կառույցների մնայուն ներկայությունը, իրենց դերակատարությունը ոչ միայն Կանադայի մեջ, սփյուռքի որևէ գաղութի մեջ շատ կարևոր է: Ես կհասկնամ կառույց մը պահելու դժվարությունները, մանավանդ Կանադայի մեջ, դյուրին աշխատանք չէ, այս բոլորը պահելու համար  դժվարություններով կանցնին: Հավանաբար կհամախմբվինք իրարու մոտ բոլոր միություններով, և հիմնական հաջողության բանալին մեր աշխատաոճին մեջ միակամ լինելն ու միասին որոշում կայացնելն է, թե ինչպես կարելի է այս լուրջ հարցերեն դուրս գալ»: