Home / Canadahye  / Հայաստանից 4 տարի առաջ ժամանած Վարդանուշ Կոբալյանն ու իր ընտանիքը երբևէ չեն լքի բազմամշակութային Կանադան

Հայաստանից 4 տարի առաջ ժամանած Վարդանուշ Կոբալյանն ու իր ընտանիքը երբևէ չեն լքի բազմամշակութային Կանադան

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Ֆրանսերեն լեզվի դասընթացների ժամանակ, որոնց մասնակցում էր նաև Հայաստանից ժամանած Վարդանուշ Կոբալյանը, ներկա էին լինում տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Բազմամշակութային Կանադան մեկ հարկի տակ էր համախմբում բոլորին, և դասընթացը վերածվում էր ոչ միայն լեզվի ուսուցման, այլև մշակույթների փոխանակման մի հետաքրքիր հարթակի:

 

Եղել է օր, երբ ամեն մեկն իր ազգային ուտելիքն էր բերում,  բաժանում էինք, և դա շատ հետաքրքիր էր

 

«Սկզբից որ եկել էինք և ֆրանսերեն էինք սովորում, ամեն մեկն իր կուլտուրան էր պատմում, իր երկրից էր պատմում, կարծես արդեն բոլոր երկրներին ծանոթ լինենք, գիտենք իրենց  մշակույթը, խոհանոցը: Եղել է օր, երբ ամեն մեկն իր ազգային ուտելիքն էր բերում,  բաժանում էինք, և դա շատ հետաքրքիր էր»,-մոտ 4 տարի առաջ տեղի ունեցածն է հիշում այսօր արդեն Կանադայի քաղաքացի Վարդանուշ Կոբալյանը:

 

Սա մի դրվագ է բազմաթիվ մշակույթներ համատեղող Կանադայի կյանքից, որին մաս են կազմում նաև հայաստանցիները:

 

 

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

Վարդանուշ Կոբալյանն էլ ընտանիքի հետ 2014թ-ին է ներգաղթել  Մոնրեալ: Երեխաները, որ արդեն ավարտական դասարանում ու քոլեջում են ուսանում, հեշտությամբ են հարմարվել միջավայրին: Այն, ինչ փնտրում էին հայրենիքից հեռու, կարծես գտել են: Ընտանիքը գոհ է, լուծվել են ուսման ու աշխատանքի հարցերը, թեև ոչ առանց դժվարությունների:

 

Ոչինչ նման չէ Հայաստանին, բայց եթե լեզվի իմացություն կա, դժվար չի լինում

 

«Դժվարություններ կան իհարկե, սկզբում ամեն ինչ փոխվում է, ոչինչ նման չէ Հայաստանին, բայց եթե լեզվի իմացություն կա, դժվար չի լինում: Մենք լեզուն կատարելագործեցինք, դպրոցները, քոլեջները աշխատում են, երեխաները երկու լեզուն էլ տիրապետում են՝ անգլեեն , ֆրանսերեն»,-պատմում է մայրը Noranor.ca-ի հետ զրույցում:

 

Երկրի թիվ մեկ պահանջներից է մասնագիտական հմտությունները համապատասխանեցնել տեղի աշխատաշուկայի նորմերին: Ամուսինները չդժվարացան, վերապատրաստվեցին, այսօր Վարդանուշն աշխատում է ապահովագրական ընկերությունում:

 

Եթե ցանկություն կա, կարող ես նորից սկսել, կամ այստեղ գալով՝ կարող ես նոր կարիերա ստեղծել ու աշխատել

 

«Այստեղ պիտի վերապարաստվես իրենց ծրագրով, միայն կոմպյուտերային աշխատանքներն են, որ միանգամից կարող են աշխատել: Այդ ամենը գիտեինք, բայց եթե ցանկություն կա, կարող ես նորից սկսել, կամ այստեղ գալով՝ կարող ես նոր կարիերա ստեղծել ու աշխատել: Ես էլ սովորել եմ, ունեցել եմ իմ սերտիֆիկատը, որ իրավունք ունեմ աշխատելու ֆինանսական ոլորտում: Աշխատանքը սկզբում դժվար է լինում, որովհետև հաճախորդներ պիտի հավաքես, գործ ունենաս, դա էլ տարիների ընթացքում հավաքվում է»,-պատմում է ընկերության աշխատակիցը, ով այսօր այնքան առաջընթաց է ապահովել, որ ի վիճակի է նաև սեփական գրասենյակը հիմնել:

 

ԱՌԱՆՑ ՄՏԱՎԱԽՈՒԹՅԱՆ

18 և 22-ամյա երեխաների համար շատ ավելի հեշտ էր նոր միջավայրում հարմարվելը, հավատացնում է մայրը՝ դրանում առաջնային գործոն համարելով այն բազմաթիվ ծրագրերն ու միջոցառումները, որում ներգրավվում են երիտասարդները: Մտավախություն չունի նաև նրանց ինքնության պահպանման հարցում, քանի որ տեսնում է, թե հայկական համայնքը կարճ ժամանակում ինչպիսի հարուստ պատմություն է կերտել:

 

Հանդիպում ենք շատ ընտանիքների, որ երեխաներն այստեղ են ծնվել, բայց հայկական դպրոցում են սովորել, խոսում են հայերեն

 

«Մտավախություն չունեմ, որովհետև կան հայկական մասնավոր դպրոցներ, կիրակնօրյա դպրոցներ կան, կապված է ժողովուրդը եկեղեցու հետ, ամեն մի առիթ, տոն նշվում է:  Մեծ հայկական համայնք ունենք, դպրոցներում արևմտահայերեն, արևելահայեեն դասեր կան: Հանդիպում ենք շատ ընտանիքների, որ երեխաներն այստեղ են ծնվել, բայց հայկական դպրոցում են սովորել, խոսում են հայերեն»,-պատմում է կանադաբնակ կինը:

 

 

ԱՎՏՈԲՈՒՍԻ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ

Հայկական ավանդույթներով, բայց կանադական օրենքներով շատ արագ հարմարվում են կենցաղին, երբեմն զարմանում զարգացած երկրի ապրելակերպով, հաճախ հիանում, մի դեպք է հիշում.

 

Զարմացել ենք երբ առաջին անգամ ավտոբուս պիտի նստեինք, ու շարքով մարդիկ կանգնում են

 

«Զարմացել ենք, երբ առաջին անգամ ավտոբուս պիտի նստեինք, ու շարքով մարդիկ կանգնում են, մեկ շարքով, իսկ Հայաստանում մարդիկ չգիտես ինչպես են երթևեկում: Մարդիկ միշտ ուրախ են, գոհ են»,-ասում է նա:

 

Հիմնական չենք վերադառնա

 

Այս ամենից հետո ընտանիքը չի մտածում երբևէ Հայաստան վերադառնալու մասին, կայցելեն հայրենիք, սակայն ապագան Մոնրեալում են տեսնում: «Դեռ չենք եկել Հայաստան, չգիտենք էլ՝ երբ կգանք: Ցանկություն կա, ուղղակի տեխնիկան զարգացած է, շատ ենք խոսում բարեկամների հետ, ոնց որ մի տեսակ կոտրվում է էդ կարոտը, գնալ-գալ ուզում ենք, բայց մտածում ես՝ մի քիչ ավելի կարգավորվես, մի քիչ ավելի առաջ գնաս, հետո գնալը երբեք չի խանգարի: Իսկ հիմնական չենք վերադառնա»,-կարծում է մոնրեալահայը:

 

Իսկ հայ ընտանիքների թիվը Մոնրեալում ավելանում է, Հայաստան վերադառնալու մասին խոսակցություններ Վարդանուշ Կոբալյանը լսում է, բայց վերադառնալու դեպքեր չի նկատել: Ասում է.

 

«Մինչև հիմա տեսնում եմ, որ նորից գալիս են, նորեկ ընտանիքների եմ հանդիպել, խոսում են հետ գնալու մասին, բայց չեմ տեսել, որ հետ են գնում, մշտական հետ գնացողներ չեմ տեսել, գալիս են, բայց մշտական չէ, միգուցե սպասում են կարգավորվի երկիրը»: