Home / Armenia  / Արցախաբնակ երիտասարդ սիրիահայ բժիշկ Գառնիկ Ջոզիկյանը խորհուրդ է տալիս հայերին տուն գալ, ապրել Հայաստանում կամ Արցախում

Արցախաբնակ երիտասարդ սիրիահայ բժիշկ Գառնիկ Ջոզիկյանը խորհուրդ է տալիս հայերին տուն գալ, ապրել Հայաստանում կամ Արցախում

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Արցախ (Նորանոր) _ Ապրիլի 2-ը Արցախում բնակվող սիրիահայ բժիշկ Գառնիկ Ջոզիկյանի ծննդյան օրն է: 2016-ի ապրիլին տարեդարձը պատճառ չեղավ, որպեսզի Արցախում պատերազմական իրավիճակի մասին լուրը լսելուն պես նա շտապեր Մարտակերտի շրջանի հիվանդանոց ու իր մասնագիտական օգնությունը ցույց տար վիրավոր զինվորներին:

 

Ե՛ւ հպարտություն, և՛ տխրություն էինք ապրում

 

«Գիշերն իմացել եմ, լուսադեմին թողել-եկել եմ Մարտակերտի շրջան, հիվանդանոց, կռվի իրավիճակ էր, ծանր իրավիճակ, հույզերով լի, և՛ հպարտություն, և՛ տխրություն էինք ապրում»,-այսօր արդեն զգացողություններն է վերհիշում Գառնիկ Ջոզիկյանը, ով նաև պատերազմից հետո շարունակեց ապրել Արցախում:

 

ԱՐՑԱԽԸ՝ ՏՈՒՆ

Հակամարտության գոտի լինելը մտավախության պատճառ չէ բժշկի համար, մանկահասակ երեխաների հետ նա շարունակում է ապրել մի բնակավայրում, որտեղ հաստատվել էր դեռևս 2013թ-ին:

 

Ի՞նչ տարբերություն՝ պատերազմն այստե՞ղ է, թե՞ Երևանում

 

«Ի՞նչ տարբերություն՝ պատերազմն այստե՞ղ է, թե՞ Երևանում, եթե այստեղ նորմալ չի, հինգ րոպե հետո էլ նույնը Երևանում կլինի: Ի՞նչ է,  Հայաստանը վտանգված չէ՞, ամեն օր տեսնում ենք Տավուշի շրջանը կրակում են գյուղերի վրա»,-կարծում է բժիշկը:

 

Գառնիկ Ջոզիկյանը, ով ծնվել է Սիրիայում, ուսում ստանալու նպատակով եկել է Հայաստան, 2002թ-ից ապրել հայրենիքում, իսկ ուսումն ավարտելուց հետո չի վերադարձել Սիրիա, ավելի ուշ, երբ այցելեց Արցախ, այն դարձավ իր տունը: Մինչ այդ այս բնակավայրի մասին պատկերացումներ ուներ, որոնք որևէ առնչություն չունեին իրականության հետ:

 

Չքնաղ տեղ է Արցախը

 

«Ես որ նոր եկել էի, չէի պատկերացնում, բայց չքնաղ տեղ է Արցախը»,-ասում է ու հավատացնում, որ սա այլևս հոգեհարազատ վայր է իր ընտանիքի համար: Իսկ որպեսզի ԼՂ վերաբնակեցումն ավելի նպատակային լինի, հարկավոր է շատերին ուղղորդել, ծանոթացնել: Հավելում է.

 

ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

«Պետք է ավելի ճանաչելի դարձնել Արցախը, թեկուզ էքսկուրսիաների տեսքով մարդկանց ուղարկի Հայաստանի կառավարությունը մեկ-երկու օրով, դա մեծ ծախս չի: Մարդիկ քարտեզի վրա գիտեն, բայց չեն պատկերացնում, քանի չեն այցելել: Շատ ժամանակ ճանապարհից են խուսափում, տեղանքին ծանոթ չեն, բայց հիմնականում պատկերացում չունեն, ավելի ճանաչելի պետք է դարձնել Արցախը, մարդիկ տեսնեն՝ ինչ է կատարվում, մարդիկ ինչպես են ապրում, չմտածեն քարուքանդ տեղ է՝ պատերազմական վտանգներով»:

 

Իսկ այն սիրիահայերը, ովքեր գալիս-հաստատվում են, հաճախ դժգոհում են, որ կառավարությունն իր խոստումները չի կատարում, Ջոզիկյանը համաձայն չէ, վստահ է, որ բնակարանի և այլ աջակցության ծրագրերը լիարժեք իրականացվում են, այլ հարց է, եթե մարդկանց պահանջներն են ավելանում:

 

Ինքն անձամբ սպասումներ չունի որևէ կառավարությունից, այն մարդկանցից է, ով եկել է Արցախ ոչ թե ինչ-որ բան ստանալու, այլ տալու մտադրություններով:

 

Ամեն մարդ մի լումա էլ իր կողմից պիտի դնի, որ կարողանա ինչ-որ բան ստանալ

 

«Ամեն մարդ եթե գա միայն պետությունից ուզի այսինչ բանը, այնինչ բանը, իհարկե ճիշտ չի, ամեն մարդ մի լումա էլ իր կողմից պիտի դնի, որ կարողանա ինչ-որ բան ստանալ: Միայն տքնաջան աշխատանքով կարելի է արդյունքի հասնել, պետք է շատ աշխատել: Ոչ մի տեղ չկա, որ նստես, քեզ բան տան, ուղղակի մեր ազգի մեջ մի գիծ կա, որ ավելի հույզերով ենք առաջնորդվում, որոնք պետք է մի փոքր կողքի դնել, ավելի ռեալ դատել»,-կարծում է բժիշկ Ջոզիկյանը:

 

ԹՈՂ ՏՈՒՆ ԳԱՆ

Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է գնահատի՝ ինչ է ցանկանում ստանալ, հետո միայն որևէ բնակավայր ընտրելու քայլին գնալ, նույնը Արցախի պարագայում, ըստ Ջոզիկյանի՝ կարիքները տարբեր են, բայց իր խորհուրդը՝ մեկը. «Համենայնդեպս ես իմ կողմից խորհուրդ եմ տալիս մարդիկ ուրիշ երկրներից տուն գան, ապրեն Ղարաբաղում կամ Հայաստանում: Իմ անձնական մոտեցումն է»:

 

Ես իմ ապագան տեսնում եմ Ղարաբաղում կամ Հայաստանում

 

Իսկ արդյո՞ք մտահոգ չէ իր զավակների ապագայով, նրանց համար լիարժեք կրթություն ու միջավայր ապահովելու մղումներ չունի՞, պատասխանում է. «Ամեն մարդ էլ կցանկանա իր երեխային ավելի բարձր մակարդակի ուսման տալ, ավելի լավ կրթություն տալ, ժամանակը կգա, կերևա, միգուցե Հայաստանո՞ւմ էլ չկա այդ մակարդակի, գո՞ւցե ուղարկեմ արտասահման, համենայնդեպս ես իմ ապագան տեսնում եմ Ղարաբաղում կամ Հայաստանում»:

 

Իսկ Արցախում ոչ միայն կարելի է ապրել, այլև նպաստել երկրի կառուցման գործին, այս հարցում էր հորդոր է ուղղում սփյուռքահայերին: «Նրանք թող ավելի շատ ներգրավվեն հայրենիքի շինության գործին, ամեն տեղ էլ խնդիրներ կան, ամեն տեղ էլ լավն ու վատը կան, այնպես չի, որ ասում են գնացինք, փող դրինք, չաշխատեցինք, թող հույզերը մի կողմ դնեն, ռեալ մտածեն, որ իրենց գումարները ներդնեն, որ չասեն, վայ գնացինք, խաբեցին»,-ասում է արցախաբնակ հայը:

 

Իսկ ներդրումները նաև Արցախում կարդարացնեն իրենց, եթե ճիշտ գնահատեն հնարավորությունները, իսկ կառավարությունն էլ, նրա համոզմամբ, անպայման կօգնի այս հարցում: