Արևոտ Երևանի սառցե քանդակը. Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը, ով տարիներ առաջ մասնակցել է Կանադայի սառցե քանդակի փառատոնին, այս մշակույթը տեղափոխում է Հայաստան
ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Երևան (Նորանոր) _ 2011թ-ին քանդակագործ Հայկ Թոքմաջյանը Կանադայի Էդմոնտոն քաղաքում մասնակցում էր Սառցե քանդակի միջազգային փառատոնին: Տարիներ անց էլ սառցե գործերի ջերմ հիշողություններն չեն լքում արվեստագետին, ով այս տարիներին ջանք ու եռանդ չի խնայել այս մշակույթը Հայաստան բերելու համար, սակայն չի հաջողվում:
«ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՔԱՆԴԱԿԸ
Միայն մեկ անգամ՝ 2012թ-ին Երևանի Կենդանաբանական այգում է մի գործ ունեցել, երկար ջանքերից հետո Նկարիչների միության հետ որոշել են այս ձմեռվանից ևս մի հիշողություն կերտել. Հենց Նկարիչների միության բակում Հայկ Թոքմաջյանի շնորհիվ ամբողջանում է «Ստեղծագործություն» անունը կրող սառցե քանդակը:
Հայաստանն արևոտ երկիր է, բայց ունենում ենք ցուրտ ձմեռ, և այդ ժամանակահատվածը պիտի օգտագործենք սառույցի այգիների ձևավորման վրա
«Մենք ամենուր տեսնում ենք, Ռուսաստանն ամենամոտն է, ուր շատ են արվում տարբեր սառցե քանդակներ: Հայաստանն արևոտ երկիր է, բայց ունենում ենք ցուրտ ձմեռ, և այդ ժամանակահատվածը պիտի օգտագործենք սառույցի այգիների ձևավորման վրա, որ մարդիկ դեկտեմբերի կեսից գոնե մինչև մարտ կարողանան դիտել, հիանալ, առնչվել, վայելել: Ե՛ւ տրամադրությունը կբարձրանա, և ոգևորություն կառաջացնի: Այո՛, մնայուն չէ, այ տեսեք, երեկ ինձ տեղեկացրին, որ պոկվել է, գիշերը չեմ քնել, թե չվերջացնե՞մ գոնե, մի քանի օր մնա: Հուսանք, որ կմնա»,-Noranor.ca-ի հետ զրույցում պատմում է Հայկ Թոքմաջյանը:
Հայաստանում պետք է իրականություն դառնա սառցե կոմպոզիցիաների ստեղծման գաղափարը, կարծում է նա, համեմատաբար ձյունառատ բնակավայրերում, ինչպիսիք են Ծաղկաձորը, Դիլիջանը, Աշոցքը, պետք է զարդարված լինեն այս բացառիկ արվեստի գործերով:
Շատ ոգևորված են քաղաքացիները, մոտենում են, ասում են՝ պետք է շատ լինի, հրապարակներ, այգիներ
«Շատ ոգևորված են քաղաքացիները, մոտենում են, ասում են՝ պետք է շատ լինի, հրապարակներ, այգիներ: Մոտավորապես 10-20 մասնակիցներ են ներգրավվում ու աշխատում են մի քանի հոգով մի գործի վրա, պետք է արագ անես, որ մնա, իսկ կտորները մեծ են լինում: Եթե լինի, ներգրավված կլինեն ճարտարապետներ, նկարիչներ քանդակագործներ: Ես դասավանդում եմ ճարտարապետաշինարարական համալսարանում, իմ ուսանողները անհամբերությամբ սպասում են, թե երբ իրենց ասեմ, որ ինչ-որ մի տեղ առնչվեն այս գործին, շոշափեն, զգան, ինչպես է արվում»,-ասում է քանդակագործը:
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԻ ՊԱՏՐԱՆՔԸ
Իսկ թե ինչպես է արվում, պատմում է. Քարի, բրոնզի կամ այլ նյութի համեմատ ավելի դյուրին է տաշվում, տարբեր են և՛ նյութը, և՛ ստեղծագործական ոճը, և՛ պահպանման ժամանակահատվածը: Ափսոսում է, որ ջանքերը մեկ-երկու ամսից ջուրն են լցվելու, բայց գոնե հիմա կարողանում է հաճույք ստանալ ու տրամադրություն փոխանցել քաղաքացիներին: Ասում է.
Չի մնում ֆիզիկապես, բայց մնում է մեր մեջ, մեր հիշուղություններում, մեր պատկերացումներում, մեր երևակայության մեջ
«Տարբեր են արտահայտչամիջոցները, բավական կամակոր է, խարիզմատիկ է, թանկարժեք քարերի պատրանքն ունի իր մեջ, որը պետք է բերել և ցուցադրել: Չի մնում ֆիզիկապես, բայց մնում է մեր մեջ, մեր հիշուղություններում, մեր պատկերացումներում, մեր երևակայության մեջ»:
Ուզում էինք կապել հեղափոխության, նոր ժամանակահատվածի, ազատության գաղափարի հետ, բայց մենք նկարիչների միությունում ենք, և այն էլ նոր կյանք է ապրում
Պարզած ձեռքի շուրջ ծավալվում է ստեղծագործությունը, որի թեմատիկան նկարչությունն է: Այն ընտրվել է միության ղեկավարության հետ քննարկումների արդյունքում: «Ուզում էինք կապել հեղափոխության, նոր ժամանակահատվածի, ազատության գաղափարի հետ, բայց մենք նկարիչների միությունում ենք, և այն էլ նոր կյանք է ապրում: Որոշեցինք նկարիչների հետ կապել, սա Սեզանի գործն է, ստեղծագործություն, հենց ինքը ստեղածգործություն է»,-ասում է քանդակագործը:
Ստեղծագործություն թափանցիկ նյութով, որն ասելիքը փոխանցում է լույսի ու ստվերի խաղի միջոցով: Հմուտ քանդակագործի ձեռքի տակ նյութը շունչ է առնում, նոր ձև ու ոճ ստանում: