Home / Canadahye  / Կանադայում ռեստորանային գործ ուսանած Արամայիս Խաչատրյանը Կանադայի բարքերը չի ընդունում, Հայաստանի` վերաբերմունքը. Նախընտրում է ապրել Ռուսաստանում

Կանադայում ռեստորանային գործ ուսանած Արամայիս Խաչատրյանը Կանադայի բարքերը չի ընդունում, Հայաստանի` վերաբերմունքը. Նախընտրում է ապրել Ռուսաստանում

 

Մոսկվա (Նորանոր)  _ 26-ամյա Արամայիսը Կանադայում երկու տարի ուսանելուց հետո Մոսկվայի ռեստորաններից մեկում մենեջեր է աշխատում, ղեկավարում է 50-հոգանոց  անձնակազմ, գոհ է ու հպարտ իր ձեռքբերումներով: Հայոց բանակում ծառայելուց հետո երիտասարդը շատերի նման որոշել է արտագնա աշխատանքի մեկնել Ռուսաստանի Դաշնություն:

Բանակից հետո աշխատանքի փնտրտուքներով հայտնվեցի Մոսկվայում

 

«Բանակից հետո աշխատանքի փնտրտուքներով հայտնվեցի Մոսկվայում, 3 տարի մատուցող աշխատեցի ու շատ էի ուզում սովորել: Ռուսաստանի ամենաթանկ ռեստորաններից մեկն էր, որտեղ մատուցողի համար հատուկ պահանջներ կային. հասակը բարձր պետք է լիներ՝ 1,90-ի մոտ, մենք անպայման ռեստորանի միջոցով օրը 2 ժամ պարապում էինք սպորտզալում, որ սպորտային կեցվածք ունենայինք, այնտեղ հայեր չէին աշխատում, միայն ես էի»,-պատմում է Արամայիս Խաչատրյանը:

 

ԿԱՆԱԴԱՀԱՅ ԶՈՒՅԳԻ ԱՌԱՋԱՐԿԸ

Միակ հայը լինելու հանգամանքն էլ նպաստեց, որպեսզի Արամայիսն իր ցանկացած կրթությունն ստանա: Ռեստորան հաճախած կանադահայ ամուսինները սկսում են հետաքրքրվել տղայով ու առաջարկում օգնել նրան ուսման հարցում: Պատմում է.

 

Գնալուց առաջարկեցին, որպեսզի ուսում ստանամ Կանադայում իրենց միջոցներով

 

«Այդ կանադահայ զույգը սկսեց ամեն օր գալ ճաշելու, մոտ մեկ ամիս եկավ, իսկ գնալուց առաջարկեցին, որպեսզի ուսում ստանամ Կանադայում իրենց միջոցներով: Սկզբից լուրջ չվերաբերվեցի, բայց գնալուց մեկ ամիս չէր անցել, զանգեցին ու ասացին, որ պետք է սկսես թղթերդ պատրաստել գալու համար»:

 

ԿԱՆԱԴԱՅԻ ՎԱՆՈՂ ԲԱՐՔԵՐԸ

Նա պատրաստվում է ու մեկնում Կանադա, երկամյա կրթություն ստանում է, սակայն տեղի բարքերը բոլորովին չեն գրավում նրան: «Հայ համայնքը դաստիարակված է քրիստոնեական բարքերով: Բագրատ Արքեպիսկոպոսի աշխատանքը ահռելի է այդ գործում: Բարքերը շատ ազատ են: Ուղղակի այնտեղի հայերի մեծ մասը մեծահարուստ է և ունի իր բիզնեսները, իրենց չի մտահոգում բարքերը, իրենց երեխաները չեն աշխատում ուսման կամ ապրուստ վաստակելու համար: Փակ են պահում իրենց երեխաներին»,-պատմում է մոսկվաբնակ հայը:

 

Կանադայում չեմ մտածել ապրել, որովհետև ինձ միշտ դուր չեն եկել մարդիկ, չկա ջերմություն, չկա ընկերություն, չկա մարդկային վերաբերմունք

 

Հենց այս վանող բարքերի պատճառով էլ Արամայիսն անմիջապես վերադառնում է, բայց ոչ թե հայրենիք, այլ դարձյալ Ռուսաստան, իսկ Կանադայում մնալու մասին անգամ չի մտածում: Ասում է. «Կանադայում չեմ մտածել ապրել, որովհետև ինձ միշտ դուր չեն եկել մարդիկ, չկա ջերմություն, չկա ընկերություն, չկա մարդկային վերաբերմունք: Այո՛,  բարի են,  կիրթ են, բայց ապրում են ռոբոտի նման: Եղանակն էլ դուր չի գալիս՝ միշտ անձրև, օրերով չի կտրվում»:

 

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՄ ՏԵՂԸ ՉԻ

Իսկ Հայաստան վերադառնալու մասին երիտասարդը չի մտածում, կարծում է, որ հայրենիքում հնարավոր չէ նորմալ պայմաններ ապահովել, այնինչ Մոսկվայում կարճ ժամանակում կարողացել է որոշ հաջողությունների հասնել:

 

Երեւանում փորձել եմ ապրել, աշխատել, բայց չի ստացվել

 

«Ես Հայաստանում ապագա չեմ տեսնում, արդեն տուն ունեմ գնած Մոսկվայում, ճիշտ է, փոքր է՝ 25 քառ մետր, բայց դե իմ տարիքում մեծ բան է, որ այդքանի հասել եմ, համ էլ Երևանում ապրելուց օգուտ չի լինի, իսկ այստեղից ես կարողում եմ օգնել հայրենակիցներիս:  Ինձ այստեղ սիրում են բոլորը, իսկ Երեւանում փորձել եմ ապրել, աշխատել, բայց չի ստացվել»,-ասում է ռեստորանի մենեջերը:

 

«Հայաստանն իմ տեղը չի»,-ասում է ցավով ու հայրենիքից հեռու ապրելով՝ երազում երկրի պայծառ ապագայի մասին:

 

Առաջինը խնդրում եմ, որ մեր ազգը մի քիչ երջանիկ սկսի ապրել

 

«Մի երազանք ունեմ, որ Հայաստանի ժողովուրդը սկսի մի փոքր լավ ապրել, որ հայը մի քիչ ուրախ ու երջանիկ ապրի: Ամեն օր գնում եմ եկեղեցի ու առաջինը խնդրում եմ, որ մեր ազգը մի քիչ երջանիկ սկսի ապրել»,-հավաստիացնում է արտագաղթած հայը: