Home / Canadahye  / Բաբկեն արք. Չարյանը ուրախ է, որ սիրիահայերը գաղթում են Կանադա, ոչ թե այլ երկրներ, որտեղ ձուլումն ավելի արագ է տեղի ունենում

Բաբկեն արք. Չարյանը ուրախ է, որ սիրիահայերը գաղթում են Կանադա, ոչ թե այլ երկրներ, որտեղ ձուլումն ավելի արագ է տեղի ունենում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Մոնրեալում տեղի է ունեցել ամենամյաԱռաջնորդի ընթրիքը, իսկ Տորոնտոյում այն կանցկացվի փետրվարի 2-ին: Ի նպաստ Կանադահայոց առաջնորդարանի՝ բազմաթիվ բարերարներ իրենց հանգանակությունն են կատարում, որպեսզի հնարավոր լինի քրիստոնեական դաստիարակությանն ու առաջնորդարանի գործունեության կազմակերպմանն ուղղած ծրագրեր իրագործել:

 

Հանգանակածը մեծ գումարներ չեն, բայց գոնե մեր ընթացիկ աշխատանքներու բյուջեները կապահովենք

 

«Այն, ինչ որ մենք որպես բյուջե նկատի առած էինք, և ժողովի կողմեն կվավերացվի, այդ բյուջեներու սահմանագծի մեջ թե՛ կծասխենք, թե՛ բյուջեն կապահովենք: Հանգանակածը մեծ գումարներ չեն, բայց գոնե մեր ընթացիկ աշխատանքներու բյուջեները կապահովենք, եթե առանձին ծրագիրներ ունենք, առանձին բարարներ կգտնենք»,-Noranor.ca_ի հետ զրույցում մանրամասնում է Կանադահայոց թեմի առաջնորդ Բաբկեն Արք. Չարյանը:

 

ՀԱՎԵԼՅԱԼ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Որպես օրինակ՝ ներկայացնում է այն ծրագրերը, որոնց համար առանձին բարարների աջակցության կարիքն են ունեցել: Ասում է. «Շուտով պիտի պատարագի մասին ֆիլմ մը պատրաստենք մեր ընտանիքներու ու երիտասարդներու համար, հասկնալի դարձնելու, բացատրելու, թե ինչով կարևոր է պատարագը, անիկա ինչ կու տա մեզի, այս ծրագրի համար առանձին բարերար գտած ենք»:

 

Մեկ այլ բարերարի աջակցության կարիք ունեն «Նարեկ»-ի, «Աղոթարան սաղմոսով»-ի հրատարակման համար: Իսկ միջոցները ծախսվում են նաև տարբեր տոների, միջոցառումների անցկացման համար: Քրիստոսի անվանակոչության, Սուրբ Սարգսի, Տյառնընդառաջի, Վարդավառի և մյուս տոների անցկացումից բացի կազմակերպում են քրիստոնեական դաստիարակության և հայեցի դաստիարակության ծրագրեր:

 

«Ունինք երիտասարդական համախմբում մը, Մոնրեալի ու Տորոնտոյի կես ճամփան տեղ մը կա հատուկ, հոն կհավաքվինք և այնտեղ լսարաններ կընենք, պատարագներ, և այնպիսի նյութերու մասին կխոսինք, որոնք կհետաքրքրեն այսօրվա երտասարդը: Երիտասարդներու առօրյայի հետ կապված մարտահրավերներուն կանդրադառնանք, ունինք նաև կիրակնօրյա դպրոցներու աշխատանոց, ուսուցիչներ կհամախմբինք մեր թեմի կիրակնօրյա դպրոցներու: Բոլոր եկեղեցիներու դպրաց դասերու համախմբում կկատարենք»,-թվարկում է թեմի առաջնորդը:

 

ԱՌԱՋԻԿԱ ԾՐԱԳՐԵՐ

Նա առանձնացնում է նաև անցած տարի Գեղարքունիքի մարզի սահմանամերձ մի գյուղում խաղահրապարակի կառուցումը: Առաջիկայում ևս կարևոր անելիքներ է պլանավորել առաջնորդարանը, որոնցից թեմի առաջնորդն առանձնացնում է մի քանիսը.

 

Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին  նվիրված համանվագ մը տեղի կունենա Լավալի մեջ, նաև գիտաժողով

 

«Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին  նվիրված համանվագ մը տեղի կունենա Լավալի մեջ, նաև գիտաժողով, ինչպես նաև Մոնրեալի ու Տորոնտոյի ամենօրյա դպրոցներու աշակերտներու՝ պատանիներու գիտաժողով մը՝ իրենց ավելի ուղղորդելու, թե ինչպես հայեցի դաստիարակություն մը ստանալ, ինչպես պետք է հայերեն արտահայտվիլ, այն արժեքներու մասին, որոնք կարևոր են մեր կյանքին մեջ: Ունինք նաև ծրագիր առաջնորդ և երիտասարդ, մեր համայնքներու մեջ կշրջինք, իրենց հետ զրուցել ու երբեմն ալ հարցումներու պատասխանել»:

 

ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՁՈՒԼՈՒՄԸ ԿՈՒՇԱՑՆԵ

Համայնքում, որտեղ Բաբկեն Սրբազանը ծառայում է ավելի քան երկու տարի, հիմնական խնդիրը, ինչպես սփյուռքի մյուս գաղութներում, ձուլման վտանգն է, որը կանխելու գործում առաջնորդարանը իր անելիքն ունի:

 

Այսօր մենք հոսանքն իր վեր կթիավարենք, այստեղ հայ մնալը, հայեցի շունչ փոխանցելն այնքան էլ դյուրին չէ

 

«Կարևոր է ռազմավարությունը ճշտել առաջիկա 5-10 տարիներու համար, որովհետև այսօր մենք հոսանքն իր վեր կթիավարենք, այստեղ հայ մնալը, հայեցի շունչ փոխանցելն այնքան էլ դյուրին չէ, բայց Կանադայի մեջ ունինք ամենօրյա դպրոցներ, որու մեջ մեր երեխաները հայերեն կխոսին, հայորեն կմեծնան: Ուսուցիչներու պատրաստության խնդիրը կա, այնպիսի ծրագիրներ պետք է դրվին, որ պատանիին գրավիչ դառնան, համաշխարհայնացման այս դարում մշակույթներն իրար խառնված են, ձուլումն ավելի դյուրին է, բայց երբ աշխատանքը միասնական է, ավելի կուշացնե»,-նշում է հոգևոր առաջնորդը:

 

Համայնքը վերջին տարիներին, պայմանավորված սիրիահայերի ներգաղթով ու Կանադայի կառավարության բաց դռների քաղաքականությամբ, մեծացել է, ներգաղթում են Հայաստանից, Լիբանանից, իսկ մեծամասնությունը սիրիահայեր են: Մտահոգիչ է, որ չեն նախընտրում հայրենիքը, առավել ևս ցավալի, երբ Հայաստանից են արտագաղթում ու նախընտրում Կանադան, բայց Բաբկեն Սրբազանը մի սփոփիչ հանգամանք է նշում.

 

Ուրախ եմ, որ Կանադա եկած են, քան թե Եւրոպա կամ ավելի հեռավոր տեղեր, որտեղ ավելի դյուրին կձուլվեին

 

«Բոլորս ալ կփափագինք, որ Հայաստան երթան ավելի, քան այս ափերը գան, բոլորիս փափագն է ու վախճանական նպատակն է ադիկա, բայց ուրախ եմ, որ Կանադա եկած են, քան թե Եւրոպա կամ ավելի հեռավոր տեղեր, որտեղ ավելի դյուրին կձուլվեին, քան այստեղ, որ ավելի հայկական իմաստով համայնքային, մշակութային, մարզական, հոգևրոր կյանք կա:  Ափսոս, որ Սիրիան այդ վիճակի մատնվեցավ, այդ կազմակերպված, հին գաղութը, երանի, ավելի մեծ թիվով Հայաստան մնային, ավելի կշեննար, և կտեսնեմ երբեմն Հայաստանի մեջ, որ բավական մասնակից են այդ կյանքին»,-կարծում է Սրբազան հայրը: