Խաբեությո՞ւն, թե՞ օրինական գործունեություն. Կանադայի ներգաղթը խթանելու նպատակով Հայաստանում բացված հերթական կազմակերպությունն ու հայերի զայրույթը
ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Երևան (Նորանոր) _ Al-rashed միջազգային կազմակերպությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ օգնում է Հայաստանի քաղաքացիներին գաղթել Կանադա: Մի շարք մասնագիտությունների տեր անձանց կազմակերպությունը հրավիրում է դիմումներ ներկայացնել և օգտվել իրենց առաջարկությունից: Հայտարարության մեջ մասնավորապես նշում է.
«2019 – 2021 թվականներին ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն, միգրանտներ արդեն գաղթել են Կանադա: Աշխատանքի համար պահանջվող մասնագիտություներից են ինժեներություն, բժշկություն, հաշվապահություն, համակարգչային և բազմաթիվ այլ մասնագիտություններ: Այս առաջարկը համապատասխանում է բոլոր օրենքներին, որոնք գործում են Կանադայում: Al-Rashed International ընկերությունը Ձեզ կտրամադրի բոլոր իրավական խորհրդատվությունները Ձեր փաստաթղթերը ներկայացնելու համար: Մենք կօգնենք Ձեզ ձևակերպել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, մինչև կստանանք Ձեզ համար կարևոր վիզայի պատասխանը: Al-Rashed միջազգային միգրացիոն կազմակերպությունը օրինական է, լիցենզավորված և պաշտոնապես հաստատված Կանադայի կողմից»:
Կազմակերպության հայտարարության բովանդակությունը հիշեցնում է անգլերենից ինքնաբերաբար թարգմանված տեքստ՝ առանց հստակ հղումների, առանց հիմնավոր փաստարկների, ինչն էլ քաղաքացիների շրջանում տարակուսանք է առաջացնում: Հայտարարությանը հաջորդում են մեկնաբանությունները, թե արդյո՞ք իրականում այն օգնում է մարդկանց, թե արաբական ինչ-որ կազմակերպության հերթական խաբեություններից մեկն է, որ փորձում է թակարդը գցել անտեղյակ քաղաքացիներին:
Noranor.ca-ը կապ հաստատեց ընկերության հետ՝ ճշտելու՝ այն ինչ պահանջներ է ներկայացնում քաղաքացիներին և իրավական ի՞նչ հիմքերով է իր գործունեությունն իրականացնում:
Ընկերության փոխտնօրեն Վիկա Նազարյանը, ներկայացնելով պայմանները, ասաց. «25 հզր դրամ վճարում եք կատարում, անձնագրով մոտենում եք և Ձեր դիմումն ուղարկում ենք, 5 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանը գալիս է: Վճարումը կատարվում է Ձեր տվյալները Կանադայի դեսպանատուն ուղարկելու համար»:
Ներկայացնում ենք հետագա զրույցն ամբողջությամբ, եզրակացությունը՝ թողնում ընթերցողին:
ՆՈՐԱՆՈՐ Վճարում կատարելուց հետո որքա՞ն է դիմումի հաստատման հավանականությունը: Ի՞նչ հմտությունների հիման վրա է որոշվում՝ արդյո՞ք ես շանմս ունեմ մեկնել Կանադա:
ՎԻԿԱ ՆԱԶԱՐՅԱՆ Կոնկրետ հատուկ բան չկա, որ դրանով պայմանավորված կանցնես, եթե սովորած եք, լեզուն ինչ չափով գիտեք, դրանից է կախված: Եթե չես տիրապետում լեզվին, բնականաբար նաև այդ դեպքում հնարավորություն կա, պետք է ներկայացնեք, ինչ մակարդակի գիտեք, որովհետև եթե գնաք, երեք տարի մնալուց հետո քաղաքացիություն եք ստանում, պետությունն էլ ձեզ սովորեցնում է ֆրանսերեն կամ անգլերեն:
ՆՈՐԱՆՈՐ Իմ տեղեկություններով՝ Կանադայի ներգաղթի ծրագրերը պահանջում են լեզվին տիրապետելու որոշակի մակարդակ, այսինքն՝ Դուք երաշխավորում եք, որ առանց անգլերենի իմացության հնարավո՞ր է հաստատվի դիմումը:
ՎԻԿԱ ՆԱԶԱՐՅԱՆ Կոնկրետ այս ծրագրի համար չկա քննություն: Սա իմիգրացիոն ծրագիր է, ու քանի որ 2019-21 թթ-ին մոտավորապես մեկ մլն ամբողջ աշխարհից մարդ է պահանջում, գնում եք, երեք ամիսը ձեր հաշվին է, մնացածը պետությունն է պահում մեկ տարին, կարող եք գնալ-գալ, ուղղակի ցույց տաք, որ 36 ամիս այնտեղ եք մնացել, ծրագիրը 3 000 դոլար է, ու փուլերով եք վճարում, եթե ընտանեկան է, ավելի մատչելի է: Հետո պայմանագիր է կնքվելու մեր հետ, որ եթե հանկարծ դուք եք հրաժավում կամ մեզ հետ խնդիր է լինում՝ թղթերի հետ կապված, գումարն ամբողջությամբ հետ ենք վերադարձնում:
ՆՈՐԱՆՈՐ Քաղաքացիների շրջանում տարակուսանք կան Ձեր ընկերության գործունեության ու առաջարկած ծառայության օրինականության նկատմամբ: Ի՞նչպե՞ս կարող եք հիմնավորել Ձեր գործունեության օրինականությունը: Խնդրում եմ ներկայացրեք՝ ի՞նչ ընկերություն է, երբվանի՞ց է գործում և ո՞րն է նպատակը:
ՎԻԿԱ ՆԱԶԱՐՅԱՆ Կազմակերպությունը վաղուց գործում է, բայց Հայաստանում նոյեմբերի 1-ից: Մենք 15 մասնաճյուղ ունենք, Հայաստանինը 16-րդն է, բայց 8 տարի է՝ զբաղվում է իմիգրացիոն ծրագրով:
Մենք լրիվ լիցենզավորված ենք, օրինական է մեզ մոտ ամեն ինչ, այնպես չի, որ մենք քաղաքի կենտրոնում օֆիս ենք վարձել նորմալ, օրինական, լրիվ լիցենզավորված, ու պետք է դնենք, ինչ-որ խաբեությամբ զբաղվենք, որովհետև մեզ համար էլ լավ չի, ունենք արդեն 16 հոգի դիմողներ, որից արդեն 8 հոգին առաջին փուլի համար վճարումը կատարել են:
ՆՈՐԱՆՈՐ Կա՞ն քաղաքացիներ, որոնց դիմումները հաստատվել են:
ՎԻԿԱ ՆԱԶԱՐՅԱՆ Շատ կան, երկուսինը մերժվել է, 14-ը անցել են, 25 000 ովքեր որ վճարել են, հաջորդին անցել են: Հիմա անգլերենի իմացությունը պարտադիր հարցնում են, հիմա մենք ռոմանոգերմանականից դասախոս ունենք, ինքը սերտիֆիկատ ունի, որ կօգնի իր գործի համար, և հետագա իր հնարավորություննեդրի համար ավելի լավ է:
Իսկ քաղաքացիներին վրդովվեցնում է ոչ միայն ընկերության առաջարկի իրական լինել-չլինելու հանգամանքը, այլև արտագաղթին միտված գործունեությունը: Ներկայացնենք նաև նրանց արձագանքները հայտարարությանը:
ԿԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ – ֆեյսբուքյան օգտատեր Իմ հաղթանակած հայ ժողովո՛ւրդ, մի՛ ենթարկվեք այդ սադրանքներին, պետք չէ հեռանալ մեր երկրից, պետք է ուս ուսի տալ և վերականգնել մեր հրաշք երկիրը: 30 տարի քանդել ու խարխրել են մեր երկրի հիմքերը, և հիմա մենք պետք է այնքան ուժ ու կորով ունենանք, որ վերականգնենք ու շենացնենք այն: Ոչինչ միանգամից չի լինում, միայն ցանկություն և համբերություն է պետք, և մենք այդ էլ կհաղթանակենք:
ԶԵՄՖԻՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ – ֆեյսբուքյան օգտատեր Ինչո՞ւ են մոլորեցնում ժողովուրդին, ուզում ենք նոր-նոր ոտքի կանգնել, ստեղծել մերը, ո՞ւր եք տանում, համոզում, խաբում, ո՞ւմ եք ուզում հանձնել Հայաստանը, մեր լեզուն: Սա էլ բիզնես է, իրենց համար էժան աշխատուժ, հազար ամոթ երկիրը լքողներին, նրանք հայ չեն:
ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ – ֆեյսբուքյան օգտատեր Մարդն ազատ է իր որոշումների մեջ, կարծում եմ՝ մարդն ինքը պիտի որոշի, թե որտեղ է ուզում ապրել և աշխատել, եթե դուք հայրենիքում եք ուզում ապրել և աշխատել, դա ձեր գործն է, բայց կխնդրեմ իմ փոխարեն որոշումներ մի կայացրեք, լա՞վ:
ՊԵՏՐՈՍ ԿԱՐԻԳՅԱՆ –ֆեյսբուքյան օգտատեր այս ինչ կապիկություն է, մենք հայրենադարձություն ենք քարոզում, արաբները եկել են մեր երկիր հայաթափման նպատակով: Սրանց դուրս պետք է շպրտել, խելքի եկե՛ք, հայ ժողովուրդը մի՛ քաջալերեք: