Home / Canadahye  / 10 տարի առաջ Հայաստանից արտագաղթած Խաչատուր Մկրտչյանն ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան. Կանադայի անակնկալներն ու վերադարձի նպատակը

10 տարի առաջ Հայաստանից արտագաղթած Խաչատուր Մկրտչյանն ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան. Կանադայի անակնկալներն ու վերադարձի նպատակը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Մկրտչյանները 11 տարի առաջ Կանադա մեկնեցին երկու դուստրերի հետ, տարիներ անց Հայաստան վերադարձան երեք դուստրերով: Ավելին, հենց աղջիկները պատճառ դարձան հայրենադարձության. ծնողները որոշեցին, որ նրանք ավագ դպրոց պետք է գնան հայրենիքում: Կանադան բազմաթիվ առավելություններից բացի ուներ նաև վատ բարքեր ու սովորություններ:

 

Մասնագիտությամբ հաշվապահ Խաչատուր Մկրտչյանը Noranor.ca-ի հետ զրույցում պատմում է, թե ինչպիսին էին պատկերացնում Կանադան և ինչպիսին էր այն իրականում,  ինչ խնդիրների բախվեցին, ինչ դժվարություններ հաղթահարեցին ու ինչու ի վերջո որոշեցին մոտ մեկ տասնամյակ այնտեղ ապելուց հետո վերադառնալ Հայաստան:

 

Հացի խնդիրը չէր, որ նրանց ստիպեց արտագաղթել, այլ մեկ այլ միջավայրում ավելի լայն հնարավորություններ գտնելու ու ինքնահաստատվելու հեռանկարը, վստահեցնում է Խաչատուր Մկրտչյանը՝ հավելելով. «Պարզապես ասում էինք, որ այստեղ ավելի սահմանափակ են դառնում հնարավորությունները, և այլ երկրում հնարավոր կլինի ավելի շատ բանի հասնել, ինքնահաստատվել»:

 

ՄԵՔԵՆԱՆ ԿՈՏՐԵՑԻՆ

Պատկերացումները, որ ունեին անծանոթ երկրի մասին, դրական էին, սպասելիքները՝ զարգացած երկրին համապատասխան, բայց իրականությունը այնքան «գունավոր ու գեղեցիկ չէր, որքան թվում էր»,-ասում է Խաչատուրը՝ ավելացնելով: Ապրում էին Վանկուվերում, առաջին երկու տարին՝ Ռիչմոնդ քաղաքում: Համեմատաբար լավ կլիմա ունեցող քաղաքում նրանց սպասում էին անակնկալներ՝ մեկը մյուսի հետևից: Դրանք բոլորովին էլ հարմարավետ բնակարանի, բարձր վարձատրությամբ հաճելի աշխատանքի ու օրինապահ երկրի մասին չէին:

 

Ինչո՞ւ, պարզապես, որովհետև մեքենայի մեջ եռագույն դրոշ էր կպցրած, ու այդ թաղամասում թուրքեր կային

 

«Մեքենաների պարկինգում իմ մեքենան երկու անգամ կոտրեցին: Ինչո՞ւ, պարզապես, որովհետև մեքենայի մեջ եռագույն դրոշ էր կպցրած, ու այդ թաղամասում թուրքեր կային, ենթադրում եմ՝ դրա համար էր, որովհետև չէին թալանել, տպավորություն էր, որ վատություն են արել: Իսկ երբ զանգեցի ոստիկանություն, հարցրին՝ ինչ-որ մեկին կասկածո՞ւմ եք, թշնամի ունե՞ք, ինչ-որ մեկին տեսե՞լ եք, ասացի՝ ոչ, ասին՝ ոչ մի բանով չենք կարող օգնել, իսկ ապահովագրական ընկերությունն ասաց՝ քանի որ դեպքը փոքր է, Դուք ինքներդ պետք է անեք»,-պատմում է Կանադայի ներգաղթյալը:

 

Երկրորդ անգամ մեքենան կոտրեցին նույնիսկ այն բանից հետո, երբ Խաչատուրը այնտեղ փակցրել էր ծանուցող գրություն, որ մեքենայի մեջ որևէ արժեքավոր իր չկա:

 

ՏԱՆԸ ՄՈՒԿ ՀԱՅՏՆՎԵՑ

Հաջորդ անակնկալն արդեն իրենց բնակարանում էր, իսկ համապատասխան կառույցների արձագանքը՝ նույնքան անտարբեր: Պատմում է այդ մասին:

 

Զանգեցի քաղաքապետարան, կենդանիների դեմ պայքարի ծառայություններ, ու ի՞նչ, փորձում էին հոգեբանական օգնություն ցույց տալ, թե ոչինչ, դա ընդամենը մուկ է

 

«2010թ-ին իրականությանը բախվեցինք, այսինքն՝ տանը մուկ հայտնվեց, ու մենք մտածում էինք՝ ցիվիլ երկիր է, կզանգենք ծառայությանը, կգա, կկարգավորի: Բայց զանգեցի քաղաքապետարան, կենդանիների դեմ պայքարի ծառայություններ, ու ի՞նչ, փորձում էին հոգեբանական օգնություն ցույց տալ, թե ոչինչ, դա ընդամենը մուկ է և այլն, ասացի՝ ես հոգեբանական խնդիր չունեմ, չեմ զանգել թեժ գիծ, որ խորհուրդներ տաք, պետք է գաք, մկների դեմն առնեք: Շենքի մենեջերին դիմեցի, էլի չօգնեցին, որոշեցինք տեղափոխվել Հյուսիսային Վանկուվեր, մի քիչ ավելի լավ թաղամաս է, ավելի լավ մարդիկ են ապրում, ու ավելի նոր շենք ընտրեցինք, որ նույն խնդիրը չլիներ»,-ներկայացնում է ընտանիքի հայրը:

 

ՍԿՍԵԼ ՆՈՐԻՑ

Բարձրակարգ հաշվապահի համար, ով Հայաստանում լուրջ հաջողություններ ուներ ու հաշվապահական ընկերություն էր հիմնել, հարթ չէր նաև աշխատանքի կարգավորման հարցը: Այս պարագայում նա շեշտում է մի կարևոր հանգամանք. Կանադայում Հայաստանի հաշվապահական համակարգի մասին տեղեկությունները բավական ցածր մակարդակի են, այսինքն՝ այն, ինչին նրանք փորձում են ծանոթանալ համացանցի միջոցով, այնքան էլ իրական պատկերը ցույց չի տալիս, ու խոսքը միայն այս մասնագիտության մասին չէ:

 

«Ես մտածում էի, որ գնամ այնտեղ, պետք է շարունակեմ իմ փորձը, բայց պարզվում է, որ ոչ թե պետք է շարունակեմ, այլ նորից սկսեմ, ու վատն այն է, որ օրինակ՝ բժիշկները գնացել են Հայաստանից, գրեթե բոլորը բուժքույրեր են աշխատում, տղաները՝ ֆերշերներ, մի դաս իջել են ներքև, այս խնդիրը կար»,-ներկայացնում է հաշվապահը:

 

Անկախ ցանկությունից, նա որոշեց ընդունել Կանադայի աշխատաշուկայի խաղի կանոններն ու որոշեց որակավորման վկայականներ ստանալ, երկուսուկես տարում հանձնեց բոլոր քննությունները, որոնց համար 7 տարի ժամկետ էր տրվում: Կարողացավ աշխատանքի հարցերը լուծել, բայց երբ հասավ երեխաների՝ ավագ դպրոցում սովորելու ժամանակաշրջանը, հասկացավ, որ այնտեղի բարքերը կարող են վատ հետևանքներ ունենալ: Հենց սա էլ նրանց հիմնական վերադարձի պատճառ դարձավ:

 

ՍՏԵՂԾՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

Այն ջանքերը, որ ներդրել էր մասնագետը Կանադայում, չի ափսոսում, ասում է. «Ոչինչ չէի կորցնի, հմտություններն ու փորձը ձեռք էի բերել, շարունակելու եմ օգտագործել»:

 

Աշխատանքի առումով չէ, զուտ բարոյական արժեքների առումով է մեր երկիրը նախընտրելի

 

Հայաստանում ամեն ինչ շատ ավելի լավ է, բայց ոչ աշխատաշուկան. «Հեղափոխությունից հետո լիահույս եմ, որ կկարգավորվի, բայց աշխատանքի շուկան հուսադրող չէ, աշխատանք գտնելը դժվար է: Աշխատանքի առումով չէ, զուտ բարոյական արժեքների առումով է մեր երկիրը նախընտրելի, մտերմիկ, հարազատ բաները, որ այնտեղ չկային, դրա կարիքն ունեինք: Երբ երեխաները մեծանում էին առանց տատիկ-պապիկի, առանց հորեղբայր ու հորաքույր, այդ բարեկամական մթնոլորտում չէին, չէին զգում ջերմությունը, սառն էին մեծանում, մենք դա էինք զգում»:

 

Իսկ անցնող տասնամյակների կարևոր ձեռքբերումը համարում է այն, որ երեխաների համար ինչպես հայրենիքում, այնպես էլ Կանադայում կարողացան հարմար կեցության միջավայրեր ձևավորել: Այլ հարց է, թե հետագայում նրանք որտեղ կտեսնեն իրենց ապագան:

 

Ստեղծում եմ այլընտրանքը, որ իրենք ուզած ժամանակ կարողանան ապրել Հայաստանում

 

«Իմ ծնողները սովետական միությունում որ ապրում էին, երբեք չէին մտածում, որ այդ երկիրը կարող է մի օր քանդվել, ու մեզ համար չէին ստեղծել ալտերնատիվը, հետո կանգնեցինք իրականության առաջ: Վստահ չեմ, որ Կանադան կշարունակի հարատևել, միգուցե և հարատևի, բայց եթե ես հիմա իմ երեխաներին տարա Կանադա, կտրեցի Հայաստանից, իրենք մոռանալու են լեզուն, դառնալու են կանադացի: Ու եթե Կանադան հայտնվի այդպիսի վիճակում, իմ երեխաները կմեղադրեին ինձ: Դրա համար ստեղծում եմ այլընտրանքը, որ իրենք ուզած ժամանակ կարողանան ապրել Հայաստանում, տիրապետում են ամեն ինչին, ու նույն ձևով էլ այնտեղի լավին են տիրապետում»,-կարևորում է հայրենիք վերադարձած հայը: