Home / Canadahye  / Ճիշտ որոշո՞ւմ, թե՞ դավաճանություն ազգային արժեքներին. ՀՀ օրհներգը փոխելու ցանկությանը տրված բնորոշումներ Հայաստանից ու Կանադայից

Ճիշտ որոշո՞ւմ, թե՞ դավաճանություն ազգային արժեքներին. ՀՀ օրհներգը փոխելու ցանկությանը տրված բնորոշումներ Հայաստանից ու Կանադայից

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ, ՏՈՐՈՆՏՈ (Նորանոր) _ Հայաստանում ու սփյուռքում ապրող հայ ժողովուրդը ՀՀ ազգային օրհներգի փոփոխության վերաբերյալ այս օրերին հակասական կարծիքներ է հայտնում: Հարցը, հիշեցնենք, օրակարգում է հայտնվել նորընտիր ԱԺ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունից հետո, որով նա առաջարկել էր վերադարձնել Խորհրդային Հայաստանի հիմնը՝ Արամ Խաչատրյանի հեղինակությամբ:

Ազգային օրհներգի փոփոխության հարցը պարբերաբար քննարկման առարկա էր դառնում, բայց այս անգամ այն հնչում է իշխանության առանցքային ներկայացուցիչների կողմից, ինչին հասարակությունը քաղաքական ենթատեքստ է տալիս: Հետաքրքիր է, որ հենց քաղաքական կողմնորոշումներն էլ ազդում են ազգային հիմնի փոփոխության հարցում արտահայտած կարծիքների վրա:

 

Հաշվի առնելով խնդրի արդիականությունը՝ Noranor.ca-ը հետաքրքրվել է հայ և կանադահայ արվեստագետներից ու մտավորականներից, թե ինչպիսին է նրանց մոտեցումն այս հարցին, արդյո՞ք համաձայն են նոր իշխանության ներկայացուցիչների առաջարկին, թե՞ կարծում են, որ հիմնը պետք է պատմություն ունենա, իսկ գործող օրհներգը անցել է այդ ճանապարհը, համապատասխան է ազգային օրհներգի չափանիշներին:

 

Ներկայացնենք նրանց տեսակետները.

 

 

ՆՈՒՐՀԱՆ ԱՐՄԱՆ Կանադահայ կոմպոզիտոր, Սինֆոնիա Տորոնտո նվագախմբի հիմնադիր-ղեկավար

Երևան կատարած իմ հյուրախաղերի ժամանակ ինձ միշտ հաճույք էր պատճառում  մեր ազգային հիմնի կատարումը ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին: Ես զգում էի այն կապը, որ կար նվագախմբի ու հանդիսատեսի միջև:

Իմ կարծիքով՝ նման հարցերը հայտնվելուն պես դառնում են շատ վիճելի: Հետևաբար նման մեծ փոփոխությունը պետք է տեղի ունենա միայն կոնսենսուսով: Եթե շատ մեծ տարակարծություններ կան, պետք է հանրաքվե անցկացվի:

Որպես սփյուռքում ապրող հայ՝ ես կհարգեմ ու կընդունեմ ցանկացած որոշում, որը կկայացնի հայ ժողովուրդը ազգային օրհներգի հարցում:

 

 

ՎԱՀԱԳ ՌԱՇ  ռոք-երաժիշտ, երգիչ

Գտնում եմ, որ պետք է փոխել օրհներգը, քանի որ գործող հիմնը Գլազումովի ստեղծագործությունն է։ Իմ կարծիքով, ճիշտ կլինի Արամ Խաչատուրյանի երաժշտությունն օգտագործել` նոր բառերով: Ռուս կոմպոզիտորի ստեղծագործությամբ չէի ուզի՝ լիներ մեր ազգի խորհրդանիշներից մեկը: Իսկ Արամ Խաչատրյանի երաժշտության մեջ խրոխտ ոգի կա, ու հարմար է հիմնի կառուցվածքին, ընկալելն էլ բավական հեշտ է: Հիմնը պետք է բարդ երաժշտական լուծումներ չունենա, որպեսզի նույնիսկ երեխան հանգիստ երգի:

 

 

ՍԻՄԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  Simone de Beauvoir ինստիտուտի գիտաշխատող, Կանադայի Կոնկորդիա համալսարանի դասախոս

Ժողովուրդի ձայնով ընդունված էր ու է։ Հարկ է մնա այդպես ու վերջ։ Գործնական հարցերով թող պարապին կամ զբաղին…վարկերու բարձր տոկոսեն գյուղեր դատարկված են: Դրամատուներու բարձր վարկային տոկոսները հարկ է նվազին։ Նախկին պարտքերը չեղյալ նկատվին… Շատ հարցեր ունինք անլույծ:

 

Իսկ օրհներգը լավագույնն է։ Փոփոխության կարիք չկա:

 

Երգը գրված էր գրաքննության ժամանակ. փոխանակ հայ աղջկա, իտալացի օգտագործած էր հեղինակը, սակայն հայությունը տեղյակ էր, իսկ եղանակը շատ գեղեցիկ է:

 

ԶԱՎԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ Կանադաբնակ մանկավարժ, Քուվեյթի հայկական վարժարանի նախկին ուսուցիչ

Հայրենիքին, հայ ժողովուրդին ( երկրագունդին վրայ գտնվող) և ազգային պատմության և արժեքներուն աններելի ոճրագործություն, դավաճանություն է հիմնի փոփոխության ցանկությունը: Եւ հաշիվ կպահանջվի նույն ժողովուրդին կողմե, ոչ թէ դուխով:

 

Միայն մեկ օրինակ տվեք, թե որ երկրի քայլերգը փոխված է: Հասարակությունը կուզե արդի երաժշտությա՞մբ… Խնդալիք հասարակություն է և զուրկ զգացումներե:

 

Իսկ իշխանությունը ժողովուրդին պետքերով եթե զբաղվի,  լավ ըրած կըլլա:  Հայաստանի անուն մըն ալ թող ընտրեն և նոր դրոշակ մը,  ( թերևս ալ այդ ծիածանի գույներովը) «Նոր  հայրենիք» ամեն ինչով…արդեն օտարներն ալ երթալով շատանում են, նոր ժողովուրդ: Կեցցեն: