Home / Canada  / Կանադաբնակ սիրիահայ Զավեն Պողոսյանը հուսախաբ է ու մտահոգ Հայաստանի նոր իշխանության քայլերից

Կանադաբնակ սիրիահայ Զավեն Պողոսյանը հուսախաբ է ու մտահոգ Հայաստանի նոր իշխանության քայլերից

 

Տորոնտո (Նորանոր) _ Զավեն Պողոսյանը 1990-ականների սկզբին երազում էր տեղափոխվել Հայաստան, բայց հայտնվեց Կանադայում: «Գիտե՞ք ինչ տեղի ունեցավ, իմ պատասխանատուներս ինծի գրեցին, որ հիմա քու ատենդ չէ, որովհետև  ամբողջ կուսակցությունը վտանգի կենթարկվի»,-ասում է դաշնակցական Պողոսյանը:

 

Սիրիահայ մանկավարժը ապրել է Սիրիայում, կարճ ժամանակով Կանադայում, իսկ մոտ 25 տարի դասավանդել է Քուվեյթի հայկական վարժարանում: Մանկավարժական առաքելությունն ավարտելուց հետո վերադարձել էր ծննդավայր, սակայն Սիրիական պատերազմը խաթարեց խաղաղ կյանքը: 2014թ-ին վերադարձավ Կանադա, որտեղ մայրն էր ապրում:

 

Եկած եմ, բայց նպատակս, որ Հայաստան հաստատվիմ

 

«Ժամանակին երբ որ Կանադա եկա, ես և մայրս էինք, մայրս նախապես եկած էր, ես չմնացի, վերադարձա Քուվեյթ, իմ գործիս, 99-ին չկրցա Կանադա գալ, շատ փորձեցի, որովհետև մայրս ու եղբայրս հոս էին: 2014-ին ես Հալեպ էի, եղբայրս՝ հոս, եղբայրս մահացավ: Ես քանի մը ամիս վերջ կրցա վիզա առնել և Կանադա գալ, և միակ պատճառը, որ մայրս առանձին չէի կրնա ձգել, 90 տարեկան էր, անցյալ տարի հոգին ավանդեց: Եկած եմ, բայց նպատակս, որ Հայաստան հաստատվիմ»,-պատմում է Զավեն Պողոսյանը:

 

ԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՓՈԽՎԵՐ

Հիմա դեռևս հեռվից, բայց համակ ուշադրությամբ է հետևում հայաստանյան իրադարձություններին: Այն, որ երկիրը փոփոխության ուղին բռնեց, լավ է, ասում է, կարիքը կար:

 

Ուրախ եմ, որ այդ կացության փոփոխությունը իրար դեմ պայքարով կամ արյունահեղությամբ չեղավ

 

«Հայաստանի մեջ կացություն մը կար, որ պետք է փոխվեր: Նախկին կացությունը, կրնա ըլլալ 10 հոգի, 10 ընտանիք ամբողջ երկիրը կկառավարեր, չեմ գիտեր՝ ինչ ըրած էին երկիրը: Հիմա ժողովրդի մեծ մասը Հայաստանի մեջ փայլուն ապագա պիտի ունենար, բայց այս երեսուն տարվա մեջ դժբախտաբար չեղավ: Պահ մը կմտածեիր, որ խորհրդային օրերուն շատ ավելի շեն էր Հայաստանը, շատ ավելի արդյունաբերություն ուներ, ի՞նչ եղավ 30 տարվա մեջ, որ պետք է ավելի առաջ երթար: Ուրախ եմ, որ այդ կացության փոփոխությունը իրար դեմ պայքարով կամ արյունահեղությամբ չեղավ»,-ասում է 25 տարվա մանկավարժը:

 

ՀՈՒՍԱԽԱԲ ԵՄ ԵՎ ՄՏԱՀՈԳ

Ուրախ է նախնական զարգացումների համար, և ակնկալում էր, որ դրան պիտի հաջորդեն նույնքան տրամաբանական զարգացումներ, սակայն լուրերը, որ հասնում են Հայաստանից, Պողոսյանին մտահոգություն են պատճառում:

 

Ինչ որ ըրած են, խեղկատակություն է, ասոր կբռնեն, անոր բաց կթողնեն, ժողովուրդի աչքերուն փոշի անելու նման

 

«Շուրջ 10 ամիս անցավ, ես որպես դուրսեն դիտող՝ հուսախաբ եմ, նաև մտահոգ եմ: Ժողովուրդին վիճակին բան մը չփոխվեցավ, նյութական իմաստով, առօրյայով, գործի ասպարեզի մեջ մասնավոր բաներ չկան, արդարադատության կողմե ինչ որ խախտված էր, մասնավոր փոփոխություն չեղավ, ինչ որ ըրած են, խեղկատակություն է, ասոր կբռնեն, անոր բաց կթողնեն, ժողովուրդի աչքերուն փոշի անելու նման»,-կարծում է կանադաբնակ սիրիահայը:

 

Ի՞նչ է նպատակը, Հայաստանը պարպիլ, օկ, հանգիստ թող զգան, անոնք, որոնք ղեկի վրա նստած են

 

Սոցիալական ոլորտից բացի նրան մտահոգում է արտաքին քաղաքականության ասպարեզում անորոշ իրավիճակը: Ասում է. «Ադրբեջանը, Թուրքիան ատամները սրած, մենք ելել ենք քայլերգ փոխենք, չգիտեմ ինչով կզբաղվինք: Ի՞նչ է նպատակը, Հայաստանը պարպիլ, օկ, հանգիստ թող զգան, անոնք, որոնք ղեկի վրա նստած են, թող քաջություն ունենան հայտարարելու պարզապես, որ վազ անցեք»:

 

ՄԵԿ ՀՈԳԻՈՎ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ

Նրան վրդովվեցնում են քայլերգի, դրոշի փոփոխության մասին լուրերը, իսկ անունը, որ տվել են հազարմայա պետությանը, տեղին չի համարում: «Ինչ ասել է «Նոր Հայաստան», հարց է ուղղում նա ու հավելում.

 

Առաջ մեկ հոգիով կդառնար, հիմա նույնն է

 

«Ես չեմ կրնա համոզվիլ, որ երկիրը մեկ հոգիով կդառնա երկիր, առաջ մեկ հոգիով կդառնար, հիմա նույնն է, հինգ հոգիով կդառնար առաջ, հիմա ալ նույնն է»:

 

Հիմա նոր մարտահրավերներ են ծառանում երկրի առջև, մտահոգ է նաև օտարերկրացիների ներգաղթով, որոնց հոսքը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ երկրի համար: Մանրամասնում է.

 

Հայաստանը կրնա աշխարհին մշակույթ բաժնե, արվեստագետ բաժնե, մենք հիմա մնացինք օտարամոլության տակ

 

«Հայաստանը պետք չունի ԼԳԲՏ-ն օրինականացնելու, Հայաստանը կրնա աշխարհին մշակույթ բաժնե, արվեստագետ բաժնե, մենք հիմա մնացինք օտարամոլության տակ:  Պակիստանցի, պարսիկ կշատնան, ադ ալ ուրիշ սխալ մըն է:  Հայաստան ապրողները գործ չունին, դուրսեն կբերեն աշխատելու: Եթե ես ապրել եմ, մենք աշխատող ժողովուրդ ենք, մենք պետք չունինք օտարը բերելու այդքան ներս մտցնելու: Եւրոպայի մեջ ինչ կպատահի, երբ որ կշատնան անոնք, Եւրոպայն ինքը ձերբազատվել կուզե, բայց ասոնք մեծ երկիրներ են, մենք կխոսինք ընդամենը 30 հզր կմ-ի մասին, կուզեն օտար բաներ մտցնեն, ինչու, չեմ գիտեր»:

 

Անկախ այս ամենից, Հայաստանը իր տունն ու հայրենիքն է, որտեղ ապրել ցանկանում է սիրիահայը, իսկ Կանադայում առայժմ որևէ զբաղմունք չունի, անգամ Սիրիա վերադառնալու մասին է մտածում, որտեղ դեռ տուն ու ապրուստ ունի: Մինչ այդ պետք է Կանադայի քաղաքացիություն ստանա, որից հետո կորոշի անելիքը: