Home / Armenia  / Այնճարցի բժիշկը, ով ձգտում է զավակների ապագան կառուցել Հայաստանում, մեծ սպասումներ ունի հայրենի իշխանություններից

Այնճարցի բժիշկը, ով ձգտում է զավակների ապագան կառուցել Հայաստանում, մեծ սպասումներ ունի հայրենի իշխանություններից

 

Այնճար (Նորանոր) _ Լիբանանի Այնճար քաղաքի վրա քաղաքական ու սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման հետևանքները նույնքան ուժգին չեն ազդում: Համընդհանուր արտագաղթի ալիքը նույն թափով չի հասել այստեղ, միայն սիրիական պատերազմի հետևանքով Այնճար եկած հայերն են հեռացել Հայաստան կամ Կանադա ու Գերմանիա:

 

Իսկ լիբանանյան դժվարին կացությունից հնարավոր է եղել խուսափել մեկ պատճառով. Հայերն են այստեղ տերն ու տիրականը, տեղացի ատամնաբույժ Խաժակ Այնթապյանը, ով երկու տարուց ավելի է՝ իր ջանքերն ու մասնագիտական հմտությունները ծառայեցնում է համայնքին, ասում է.

 

Կարողանում ենք գյուղի հայկականությունը պահել, պահել ենք, որովհետև մինչև այսօր դիմադրել ենք, որ օտարները չգան

 

«Տեղի կառավարումն ամբողջությամբ հայերի ձեռքում է, ՀՅԴ-ի կողմից է կառավարվում, Դաշնակցական կոմիտե ունենք, գյուղի կարիքները հոգում է: Ջրի, էլեկտրականության խնդիր չենք ունենում: Այնճարն ունի քաղաքապետական խորհուրդ, 15 անդամներով՝ հայ, բարեբախտաբար կարողանում ենք գյուղի հայկականությունը պահել, պահել ենք, որովհետև մինչև այսօր դիմադրել ենք, որ օտարները չգան, տարածքներ վերցնեն»:

 

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Ոչ միայն Այնճարում, այլև Լիբանանի մյուս քաղաքներում էլ հայերն ինքնության պահպանման խնդիր չունեն, հայկական միջավայրը պահպանված է, միայն թե վերջերս նաև հայերի արտագաղթը զգալի չափերի է հասել, մի մասը նաև հայրենադարձվում է: Նման նպատակներ ունի նաև Այնթապյանը:

 

Երկու աղջիկ զավակ ունեմ, կուզենամ, որ իրենք անպայման Հայաստանում սովորեն, վերջում էլ հնարավորություն ստեղծեմ, որ բնակվեն այնտեղ

 

«Ես ունեմ հեռանկար Հայաստան հաստատվելու, հիմա տակավին ծրագիր չունեմ, իմ գործը հաստատել եմ Այնճարում երկար տարիներ, բայց երկու աղջիկ զավակ ունեմ, կուզենամ , որ իրենք անպայման Հայաստանում սովորեն, ամեն ինչ կանեմ, որ Երևանում սովորեն, և եթե վերջում էլ հնարավորություն ստեղծեմ, որ բնակվեն այնտեղ, այստեղ չմնան»,-ասում է այնճարցի հայը:

 

Եթե բոլորը մտածեն Հայաստան փոխադրվել, դա ես կնկատեմ որպես հայ ժողովրդի փրկություն

 

Իսկ նման մոտեցումը չի վտանգի գաղութի գոյությունը, ընդհակառակը, համարում է, որ սա պետք է լինի ցանկացած հայի ձգտումը: Ասում է.«Եթե բոլորը մտածեն Հայաստան փոխադրվել, դա ես կնկատեմ որպես հայ ժողովրդի փրկություն: Ճիշտ է, Լիբանանը հայերի համար շատ ապահով և հարմարություններ ստեղծած երկիր է, բայց չեմ տեսնում հայերի ապագան Միջին Արևելքում, որովհետև այստեղ պայմանները դեպի լավը չեն գնում, ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև քաղաքական, թեև Լիբանանը մեզ համար երկրորդ հայրենիք է եղել, ուրիշ երկիր չեմ տեսել, որ նույնքան հնարավոորթւյուն կստեղծի հայերին, որքան Լիբանանը»:

 

ՆԵՐԳԱՂԹ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ

Իսկ որպես հայ՝ ուշադիր է հետևում հայրենիքում տեղի ունեցող զարգացումներին: Հեղափոխության ձեռքբերումների մասին խոսելը վաղ է համարում, դեռ կառավարությանը ժամանակ է պետք:

 

Այնճարից երիտասարդ կա, որ Հայաստան գնացել է ոչ միայն սովորելու, նաև գործ անելու

 

«Հեղափոխությունից առաջ գիտենք՝ ինչ վիճակի մեջ էր Հայաստանը, և սփյուռքահայերը մեծ կապվածություն չունեին Հայաստանի հետ, որովհետև գիտեին՝ Հայաստան գործի երկիր չի, եթե գործ անես, քեզ կխաբեն, իսկ հեղափոխությունը հույս ներշնչեց, Այնճարից երիտասարդ կա, որ Հայաստան գնացել է ոչ միայն սովորելու, նաև գործ անելու»,-ասում է լիբանանահայը:

 

Հիմա ժամանակն է հետևելու ու հասկանալու՝ արդյոք այս երիտասարդները կմնա՞ն հայրենիքում, թե կվերադառնան: Այդ ժամանակ միայն կարելի է գնահատել նոր իշխանության ստեղծած տնտեսական, ներդրումային իրավիճակը երկրում:

 

Մեր նպատակն այնպիսի ներգաղթ կազմակերպելն է, որ երիտասարդությունը գնան այնտեղ ապահովված լինելու հույսով, այսինքն՝տնտեսական պատճառներով ներգաղթ լինի

 

«Ներգաղթում են ոչ թե զգացական, այլ տնտեսական պատճառներով, գնում են նրանք, ովքեր ուզում են ավելի լավ ապրել, իսկ զգացական պատճառներով ներգաղթողները նյութապես ապահովվածներ են: Մեր նպատակն այնպիսի ներգաղթ կազմակերպելն է, որ երիտասարդությունը գնան այնտեղ ապահովված լինելու հույսով, այսինքն՝տնտեսական պատճառներով ներգաղթ լինի, տակավին արդյունքի մասին խոսելը շուտ է. եթե գնացին 25- կամ 30 երիտասարդ, տեսնենք՝ քանիսը կվերադառնան, քանիսը ճիշտ գործ կգտնեն, բայց ներգաղթի ուղղությամբ կազմակերպված աշխատանք չկա, ոչ Հայաստանում, ոչ սփյուռքում»,-կարծում է լիբանանահայը:

 

ԽՍՏԱՊԱՀԱՆՋ ՍՓՅՈՒՌՔԸ

Ըստ նրա՝ Հայաստանի նոր ղեկավարները պետք է փորձեն հնարավորինս քիչ սխալվել, քանի որ հատկապես սփյուռքը խոշորացույցի տակ հետևում է նրա գործողություններին, որոնց թվում արդեն վհատեցնող քայլեր եղել են: Խոսքը Սփյուռքի նախարարության փակման մասին է.

 

Չտեսա այն աջակցությունը, որի կարիքն ուներ ժողովուրդը

 

«Սփյուռքի հետ կապը միշտ էլ լավ չի եղել, սփյուռքը վերածել միայն ներդրողի կամ նյութական աղբյուրի, արդեն լավ չէ, սփյուռքն ինքը այսօր ահագին կարիք ունի պետական նեցուկի, մանավանդ Միջին Արևելում ապրողներս զգում ենք զորակցության կարիք: Վերջին տարիներին երկու մեծ գաղութ կորսվեցավ, ճիշտ է, Հայաստանը չէր կարող մեծ ներդրում աներ, բայց չտեսա այն աջակցությունը, որի կարիքն ուներ ժողովուրդը»,-նշում է լիբանանցի ատամնաբույժը:

 

Նախարարը սփյուռքի համար հույս ներշնչող անձ մըն էր, երբ այցելում էր մի որևէ գաղութ, ժողովուրդը զգում էր՝ իրեն տիրություն անող մեկն է եկել

 

Սփյուռքի նախարարության գոյությունը կարևորելով՝ նա մի օրինակ է բերում. «Սփյուռքի նախարարությունը փակելը ճիշտ չէր, ինչքան էլ որ նախկինը լավ չէր աշխատում, շքանշաններով էր զբաղված, բայց նախարարը սփյուռքի համար հույս ներշնչող անձ մըն էր, երբ այցելում էր մի որևէ գաղութ, ժողովուրդը զգում էր՝ իրեն տիրություն անող մեկն է եկել, ինքզինքը ապահով էր զգում: Պետք էր պահել և բարելավել և ոչ թե փակել»:

 

Կարող է նույնիսկ երկու օրհներգ լինել, սփյուռքահայությունը չի փոխի, համառորեն կպահի «Իմ հայրենիքը»

 

Նույն բացասական ազդակները սփյուռքը ստացավ նաև օրհներգը փոխելու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների առաջարկի պատճառով, վստահ է նա, ևս մեկ հարցում համոզված է: Նշում է. «Եթե նույնիսկ որոշի քայլերգը փոխել, ես գիտեմ կարող է նույնիսկ երկու օրհներգ լինել, սփյուռքահայությունը չի փոխի, համառորեն կպահի «Իմ հայրենիքը»:

 

Անկախ այս ամենից, նա դրական սպասումներ ունի նոր իշխանությունից, և ասում է. «Կարելի եղածին չափ քիչ պետք է սխալվեն, սփյուռքի ժողովուրդը խոշորացույցով է դիտում ամեն քայլը, պետք է զգույշ լինեն, չպետք է փորձեն անցյալը ջնջել, դա դիմադրության կարժանանա հատկապես սփյուռքում, որ ազգային արժեքներին ձեռք չտան, իսկ պրոֆեսիոնալ առումով ես սպասումներ ունեմ»: