Home / Armenia  / Ոգևորությունից հիասթափությո՞ւն, թե՞ նոր իշխանություններին տրվող մի նոր հնարավորություն. Քաղաքացիների արձագանքը իշխանության քայլերին

Ոգևորությունից հիասթափությո՞ւն, թե՞ նոր իշխանություններին տրվող մի նոր հնարավորություն. Քաղաքացիների արձագանքը իշխանության քայլերին

 

Երևան (Նորանոր) _ Վերջին շրջանում, ի տարբերություն հեղափոխությանը հաջորդած ամիսների, կտրուկ ավելացել է քննադատությունը իշխանությունների  հասցեին: Այսպես կոչված, էյֆորիան նահանջել է, նոր իշխանությունների վարկանիշը՝ նվազել, այս մասին են վկայում քաղաքացիների տրամադրությունները: Բայց այդ անկումը հուզական տրամադրությունների հետևանք չէ, այլ նոր իշխանության գործողությունների, ինչպիսիք են թանկացումները, ինքնապարգևատրումները, օրհներգի ու դրոշի փոփոխության մասին գաղափարները, մարտի 1-ի գործի՝ ոչ ակնկալվող ընթացքը և այլն:

 

Ի՞նչ տեղի ունեցավ. էյֆորիկ տրամադրություններին հաջորդեց հիասթափությո՞ւնը, թե՞ հանրությունը դեռ սպասումներ ունի, թե՞ դեռ կան վարչապետի խոսքերից ոգեշնչվողներ, ովքեր հույսով սպասում են նոր հաջողությունների: Noranor.ca-ը քաղաքացիների հետ զրույցում փորձել է հասկանալ տրամադրությունները:

 

 

ՀՈՒՅՍԸ ՎԵՐՋՈՒՄ Է ՄԱՀԱՆՈՒՄ

Սովորական բանվորի կյանքում ոչինչ չի փոխվում, թոշակառու Օնիկը առաջվա նման իր բեռն է տանում, ու այս եղանակով առօրյա ծախսերի համար գումար վաստակում, իսկ ծախսերն աճում են գների բարձրացման հաշվին, ուրեմն նա պետք է մի քիչ ավելի ջանք թափի, թեև արդեն տարիքն առել է, բայց լավատես ծերունին հույսը չի կորցնում, ասում է.

 

Երևի դուք թոշակառու չեք, ձեր համար հեշտ է, բայց թոշակառուի համար շատ դժվար է

 

«Լավ բան չեմ տեսնում, վրաս ազդում են, հույսով եմ՝ լավ կլինի, հույսը վերջում է մահանում, չէ՞, բայց դեռ լավ բան չենք տեսնում, երևի դուք թոշակառու չեք, ձեր համար հեշտ է, բայց թոշակառուի համար շատ դժվար է»:

 

Սպասելիքներ երևանցի Ալինա Բարսեղյանն էլ ունի, աշխատանք չունի, փոփոխություններ դեռ չի տեսել, բայց 10 ամիսը, կարծում է, բավարար չէր իշխանությանը լուրջ քայլեր անելու համար:

 

Գիտե՞ք՝ մարդիկ այս թանկացումներից սթրեսներ են տանում, ուզում ենք, որ բարելավվի, հանգիստ լինի ապրելը, բայց դեռ հույս ունենք

 

«Արդեն ռեալ դատում է հասարակությունը, ինչ-որ մաս կա, որ դեռ այդ ազդեցության տակ է, բայց գիտակցության են եկել, սա թանկանում է, նա թանկանում է, գիտե՞ք՝ մարդիկ այս թանկացումներից սթրեսներ են տանում, ուզում ենք, որ բարելավվի, հանգիստ լինի ապրելը, բայց դեռ հույս ունենք»,-նշում է կինը:

 

ԱՌԱՆՑ ԻՆՁ ԷԼ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՂԱՎ

Ծաղկավաճառ Ագնեսա Նորոյանը Վրաստանից է, աղջիկն է ապրում Երևանում, հաճախ գնում-գալիս է, այստեղ էլ անգործ չի նստում, մանուշակներ է վերավաճառում: Ասում է՝ հեղափոխությունն առանց իր մասնակցության է եղել, բայց արդյունքները նաև իր վրա են ազդում: Ասում է. «Չէի մասնակցում հեղափոխության, առանց ինձ էլ հեղափոխություն եղավ, էլ ինչի՞ մասնակցեմ»:

 

Իսկ Վրաստանից իր հետ ինչ-որ բան բերել չի կարողանում, նախկինում ավելի հեշտ էր, հիմա խնդիրներ կան, ասում է.

 

Օրինական է, բայց ով որ շատ է բերում, իր համար նորմալ է,  ով որ փոքր է բերում, նա չի կարողանում

 

«Գալիս-գնում եմ, մտածում էինք՝ տամոժնու հարցը լավ կլինի, բայց ավելի վատ եղավ: Օրինական է, բայց ով որ շատ է բերում, իր համար նորմալ է,  ով որ փոքր է բերում, նա չի կարողանում: Ես ոչ բերում եմ, ոչ տանում եմ, որ չեն թողնում»:

 

Հայկ Այտիշևչը կարծում է, որ քիչ բան չի արել նոր իշխանությունը, ճիշտ է՝ բացասական երևույթներ էլ կան, բայց որ երկրում ժողովորդավարություն է հաստատել, դա արդեն իսկ կարևոր առաջընթաց է: Քաղաքացին ձեռք է բերել խոսքի իրավունք:

 

«Լավ բան էր, որ դեմոկրատիան մի քիչ ավելացել է, դեպի վատը թանկացումն է, կրճատումները աշխատողների, մանավանդ դասախոսների համալսարանոններում և մնացած տեղերում, միակողմանի չի, երկուսն էլ կա»:

 

Հրաշքը հրաշքների աշխարհում է, ոչ թե ռեալ կյանքում, դրա համար պետք է մի քիչ սպասել

 

Արդյո՞ք առաջվա նման հասարակությունն իշխանությունից հրաշքներ է սպասւմ, ասում է. «Իհարկե հրաշքներ չեն կարող լինել, և հրաշքը հրաշքների աշխարհում է, ոչ թե ռեալ կյանքում, դրա համար պետք է մի քիչ սպասել: Իսկ մեծամասնության մոտ էյֆորիան անցել է, հիասթափություն կա, երբ գնում են խանութ, գնում են աշխատանքի, լսում են, որ երկու ամսիւց կրճատվելու են»,-նշում է Այտիշևչը:

 

 

ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՂԱՎ

Երկար տարիների մանկավարժ տիկին Արևիկը, ով չցանկացավ ազգանունը նշել, կարծում է, որ ոչինչ չի փոխվել, բացի իշխանությունից:

 

Պետք է առաջին նախագահին Լևոն Տեր-Պետրոսյանին  դատեն, բայց հիմա մենք մեկին ենք ցուցադրական դատում

 

«Ներկա պահին միայն իշխանության փոփոխություն է, ուրիշ բան չկա, որովհետև պետք է առաջին նախագահին Լևոն Տեր-Պետրոսյանին  դատեն, բայց հիմա մենք մեկին ենք ցուցադրական դատում, հասկացանք առաջին երեք ամիսը, երկու ամիս հետո մի տարի կլրանա, էդքան դժվա՞ր էր պարզաբանել,  մարտի մեկի երեխանրի գլուխները կերան, ո՞վ պատասխանեց, ո՞նց են հիմիկվա իշխանությունները նայելու այն մայրերի երեսներին, որոնք մարտի 1-ին կորցրել են երեխանր: Պետք է շարունակական լիներ և ավելի խորը լինեին, իսկ այսպես միայն իշխանության պատի տակի կռիվներ են ուրիշ ոչ մի բան»,-համոզված է կինը:

 

Նույնը նաև սոցիալական ոլորտում: Ռազմավարական նշանակության որևէ ենթակառուցվածք Հայաստանը դեռ չի կարողացել վերադարձնել, քայլեր էլ չեն արվում, ասում է տիկին Արևիկը՝ հավելելով.

 

Մեզ եկավ ասաց՝ մեր բանակը կպահենք, մինչև օրս 1000 դրամ մենք ենք տալիս

 

«Մեզ եկավ ասաց՝ մեր բանակը կպահենք, մինչև օրս 1000 դրամ մենք ենք տալիս, գազի հարցերը կլուծենք, ես գտնում եմ, որ գազի հարցերն այն ժամանակ էլ լուծելի չէր, որովհետև մեր նախկին իշխանությունը վաճառեց ինչ ուներ-չուներ, նորմալ պետությունները վերադարձնում են այն, ինչ խլել են իրենցից, իսկ մեզ մոտ ի՞նչ կա՝ Վեոլիա ջո՞ւր, օդանավակայա՞ն, հեռախոսակա՞պ, ի՞նչ ունենք մերը: Այն բաները, որոնք իրավունք չունեին տալու, դրանց համար երեքին դատել է պետք, ոչ թե մեկին, ու վերադարձնել այն, ինչ որ տվել են»,-ասում է նա:

 

Անկախ այս ամենից՝ կինը դեռ սպասումներ ունի, հավատում է, ասում. «Հիմա էլ հույսով ենք, որ մի բան կանեն, հայ ազգը խելացի ազգ է, հնարավոր չէ,  եթե մինչև հիմա դեռ գոյություն ունենք, խելքի հաշվին է»: