Երեք զավակների մայրը, ով օժանդակում է, որպեսզի Տորոնտոյի հայկական դպրոցը շարունակի հայեցի դաստիարակություն տալ հայ մանուկներին

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Տորոնտո (Նորանոր) _ Նատաշա Բաքոսը Տորոնտոյում է ծնվել, նրա երեք դուստրերը՝ ևս: Դպրոցահասակ աղջիկները հաճախում են Հայ կենտրոնի վարժարան, իսկ երիտասարդ մայրը ոչ միայն վճարում է ուսման համար, այլև ջանք չի խնայում, որպեսզի հայկական դպրոցը այլ եկամուտներ ևս կարողանա ապահովել ու շարունակել կրթել հայ մանուկներին:
Կարողանան փոքրիկներս երթան այդ դպրոցը և հայեցի մեծնան, հայությունը մնա
«Ես կսիրեմ, անոր համար ուզեցի դպրոցին ալ օգնել, որ կարողանան փոքրիկներս երթան այդ դպրոցը և հայեցի մեծնան, հայությունը մնա: Մեր խումբին մեջ կան 20 տարբեր մայրիկներ, որ կօգնեն, մեր ժամանակը կու տանք, այսօր նույնիսկ առտվա ժամուն դպրոց գացինք, որ ճաշ եփենք»,-պատմում է Նատաշա Բաքոսը:
ՄԻՋԻՆՔԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Նա դպրոցի ծնողական խորհրդի անդամներից մեկն է, բացի այս և 3-7 տարեկան զավակներին մեծացնելուց հասցնում է նաև մարզել կանանց, մարզասրահ է հիմնել: Նաև չի զլանում՝ որպես դպրոցի ծնողական խորհրդի անդամ, ակտիվորեն միջոցառումներ կազմակերպել, ջանք ներդնել՝ դպրոցին օգնելու համար: Դրանցից մեկն էլ առաջիկայում նախատեսված «Միջինքի» արարողությունն է: Նախաձեռնությունը՝ դպրոցից, կազմակերպչական ջանքերը՝ երիտասարդ մայրիկներից:
Ինչ-որ դրամ կելնե, դեպի դպրոց կերթա իրենց օգնության համար
«Միջինքին, ով որ հարս կըլլա այդ տարվան ընթացքին, կու գան, իրենց նվեր կու տանք, իրենց և իրենց ընտանիքներուն անդամներին կպատվենք, ամենքն ալ տիկիններ կմասնակցեն, պահքի ճաշերով, երաժշտությունով, պարով կանցկացնենք Միջինքը: Դպրոցն է ընողը, ինչ որ դրամ կելնե, դեպի դպրոց կերթա իրենց օգնության համար»,-պատմում է միջոցառման կազմակերպիչներից մեկը:
Հանգանակություն հաջողվում է կատարել, միայն թե արարողության ավանդական ծիսակարգերը չեն պահպանվում, այդ առաքելությունը ՀՕՄ-ն է իրականացնում, իրենք ստանձնել են տոնական տրամադրության ապահովումը:
ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
Նատաշա Բաքոսը լուրջ ծրագրեր ունի նաև սեփական մարզասրահի մեծացման շուրջ: Առողջ ապրելակերպը ոչ միայն իր նախընտրությունն է, այլև ձգտում է ուրիշներին էլ վարակել նման կենսակերպով:
«Նոր է տակավին իմ ըրածս, դասերը տարել եմ և կամաց-կամաց պիտի մեծցնեմ մարզանքիս ճյուղը: Մարզանք կընեն, որ տիկինները նիհարեն, զորանան, ուժ ունենան: Մեծամասնությունը հայ է, որովհետև դպրոցին ու ակումբին մայրիկները կու գան, բայց օտարներն էլ ոչ չեմ ըսեր»,-ասում է մարզասրահի հիմնադիրը:
Տորոնտոյում կենսապայմանները լավ են, բայց կան երազանքներ, որոնք դեռ պետք է իրականանան: Կանադահայ երիտասարդը դեռ չի եղել հայրենիքում, դրա հնարավորությունը չի ունեցել, քանի դեռ զավակները փոքր էին, հիմա արդեն ասում է՝ պատրաստ է Հայաստան այցելելու: Նշում է.
«Ես դժբախտաբար տակավին չեմ այցելկած, կփափագիմ, բայց մամաս հոն էր քանի մը ամիս առաջ, ես երեք հատ պստիկ ունիմ, հիմա որ մեծ են, կփափագեի այցելել Հայաստան»:
Հայաստանը չի տեսել, բայց իր համար օտար չէ հայրենիքը, գուցե և ավելի հոգեհարազատ դառնա ու այցելելուց հետո որոշեն հաստատվել այնտեղ, իսկ մինչ այդ հետևում են նրանց, ովքեր հիմնական կամ ժամանակավոր կեցություն են ապահովում հայաստանում: Ասում է.
Կա հույս, որովհետև ամեն ինչերը հոս ձգեցին, գացին և ուրախ կյանք սկսեցին
«Գանք, տեսնենք, կրնա ըլլալ, որ սիրահարվինք մեր Հայաստանին, չեմ գիտեր ճակատագիրը ինչ որոշած է, բայց եթե լավ ըլլա, ինչո՞ւ չէ: Գիտեմ քանի մը ընտանիքներ, որ հոստեղեն ելած են ու հոն փոխադրված են, գիտեմ, որ կես տարին հոն կապրին, կես տարին հոս կապրին: Կա հույս, որովհետև ամեն ինչերը հոս ձգեցին, գացին և ուրախ կյանք սկսեցին»: