Home / Armenia  / Իմ նավի խարիսխը Հայաստանում է մնացել. հայ դերասան, երաժիշտ Ստեփան Գանտրալյանն արդեն 20 տարի ստեղծագործում է Գերմանիայում

Իմ նավի խարիսխը Հայաստանում է մնացել. հայ դերասան, երաժիշտ Ստեփան Գանտրալյանն արդեն 20 տարի ստեղծագործում է Գերմանիայում

Բեռլին (Նորանոր) _ Ստեփան Գանտրալյանի 13-14 լեզուներով համերգների ընթացքում մի քանի հայերեն կատարումները պարտադիր են, հայերենն այն միջոցն է, որի շնորհիվ դերասան-ռեժիսոր, երգիչ, երգահան Ստեփան Գանտրալյանը կայացավ օտար միջավայրում:

 

Երբ որ հասկացա, որ ես անկրկնելի եմ իմ ինքնությամբ ու փորձեցի վերադառնալ ինքնությանը, կարծես կախարադական փայտիկի օգնությամբ ամեն ինչ փոխվեց

 

«Սկզբում ես փորձում էի լինել գերմանախոս դերասան, խաղացել եմ գերմաներենով ու առանց ակցենտի: Քանի դեռ անընդհատ փորձում էի լինել տեղի դերասաններից մեկը, անընդհատ ոտքս քարի էր առնում, ու երբ որ հասկացա, որ ես անկրկնելի եմ իմ ինքնությամբ ու փորձեցի վերադառնալ ինքնությանս, երբ որ հասկացա, որ ես հայ դերասան եմ, ես Ստեփանն եմ, կարծես կախարադական փայտիկի օգնությամբ ամեն ինչ փոխվեց»,-պատմում է Գանտրալյանը:

 

ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՆ ՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Երբ մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինն ավարտելուց հետո երկրորդ կրթությունն էր ստանում Երևանի ազատ հումանիտար համալսարանում, տեղեկացավ, որ Թյուրինգիայի կառավարությունը թոշակ է տալիս Գերմանիայում վերապատրաստվելու համար, շատերը դիմեցին: Ճակատագրի բերումով  նրան հաջողվեց ստանալ այդ թոշակը, իսկ մեկ տարի անց արդեն երկրորդ անգամ մեկնեց Գերմանիա վերապատրաստման: Մինչ այդ ռեժիսորը բավական հիասթափություններ էր ապրել Հայաստանում: 88-ի շարժման ոգևորությանը հաջորդել էր հիասթափության շրջանը: Դերասանը հիշում է.

 

Մենք մոմի լույսով ներկայացումներ ենք խաղացել Երևանի Երիտասարդական փորձարարական  թատրոնում

 

«Այդ ժամանակ արվեստն անհնար էր Հայաստանում, իսկ ես այդ բոլոր դժվար տարիներին Հայաստանում էի, մենք մոմի լույսով ներկայացումներ ենք խաղացել Երիտասարդական փորձարարական  թատրոնում:  Տասնյակ տարիներ աշխատել եմ, այդ ընթացքում երկրորդ համալսարանս ավարտեցի,  մշակութաբանություն, գերմանիստիկա, նաև լեզվաբանություն, փիլիսոփայություն: Երբ երկրորդ անգամ եկա Գերմանիա, հայտնի թատրոնում վերասպատրաստվում էի ռեժիսուրայի գծով, ու ինձ առաջարկեցին աշխատանք, մեծ հայտնի թատերական նախագիծ կար՝ Մետաքսի ճանապարհ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագիծ էր, որով պետք է թատրոնը համաշխարհային ճամփորդություն կատարեր Գյոթեի «Ֆաուստ» պիեսով»,-պատմում է դերասանն, ով այդ ընթացքում պետք է լիներ այդ մեծ բեմադրության Հայաստանի համակարգողը:

 

Մի նախագիծ էր, որի ընթացքում բոլոր երկրներից պետք է դերասանները միանային, և դառնար ամբողջական ներկայացում, սակայն դեպքերի բերումով, Հայաստանը դուրս մնաց: Ռեժիսորը պատմում է:

 

«Հոկտեմբերի 27-ի դեպքերը եղան, և կես ժամը մեկ լուրերով ցույց էին տալիս Գերմանիայում, բոլորը նստած նայում էին թատրոնում և ասում, որ չեն ուզում Հայաստանը մասնակցի: Ես փորձում էի բացատել, որ Հայաստանը միայն այդ դեպքը չի, բայց  Հայաստանը դուրս մնաց»:

 

ՀԱՅ ԵՐԳՈՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ

Հեղինակային երգերով հանդես եկող արվեստագետը նաև երաժշտական ասպարեզում հաջողությունների հասավ: Իսկ վերջին 6 տարիներին, ասում է, թողել է թատրոնն ու զբաղվում է հիմնականում երաժշտությամբ: Ազատ արվեստագետը կարողանում է անձամբ ընտրել իր երգացանկը, համերգների ծրագրերը, ու սա հնարավորություն է տալիս, որ հայկականն իր ուրույն տեղն ունենա նրա երգարվեստում:

 

«Դա ամենակարևորն է, որովհետև եթե ես ուրիշ լեզուներով էլ եմ երգում, այդ ծրագրի մեջ, անկախ թեմայից ու վերնագրից, անպայման հայկական երգեր կան, նաև իմ գրած տեքստով ու երաժշտությամբ: Այս վերջին շրջանում ամբողջովին հայկական երկու ծրագիր եմ արել տարբեր կիթառահարների հետ, մեկը կոչվում է «Արմենիա մոն ամուղ», երկրորդը՝ «Իմ Հայաստան», իսկ մի քանի օր առաջ համերգ ունեցա Ազնավուրին նվիրված, երգում էի մեծամասամբ Ազնավուր, բայց տարբեր լեզուներով, թե ֆրանսերեն, թե գերմաներեն ու հայերեն թարգմանած»,-նկարագրում է երաժիշտը:

 

Երբ որ հայ երգը ուղղում ես իրենց, որոշակի խնդիր ունես լուծելու

 

Իր գործունեության նման բազմաբնույթ է նաև երգացանկը, հայ երգիչը կարողացավ ժամանակին Բեռլինի գերհագեցած հանդիսատեսին իր երաժշտական գեղագիտությունն ու ճաշակը թելադրել: Ասում է. «Հասկացա, որ պիտի հայ երգով գերմանական միջավայր մտնեմ: Բեռլինը շատ խայտաբղետ բնակչություն ունի, իհարկե գերմանական քաղաք է , բայց աշխարհի բոլոր կողմերից հավաքված արվեստագետներ ու արվեստով հետաքրքրվող մարդիկ կան, ու երբ որ հայ երգը ուղղում ես իրենց, որոշակի խնդիր ունես լուծելու»:

 

Ինձ հետաքրքրում է հայ երաժշտությունը ուրիշ մի տեղ տանել, բառերը, երաշժտությունը, հարմոնիաները մնում են

 

Տարբեր ծրագրերի շարքում հանդես է գալիս ևս մեկով՝ բոստոնահայ ջազկիթառահարի նվագակցությամբ ներկայացնում ժողովրդական ու գուսանական երգեր: «Հետաքրքիր է, որ հայ երգը ուրիշ շրջանակի մեջ է տեղադրվում, երբ երաժշտությունը համեմում ես նոր երանգներով, երբ երկու արվեստագետ հանդիպում են ու իրար ընդառաջ են գալիս: Ոչ թե օտար երաժիշտը պետք է փորձի հայկական երաժշտություն անի, որն անհնար է, այլ հայ երաժշտությունը ուրիշ մի տեղ տանել, բառերը, երաշժտությունը, հարմոնիաները մնում են, ու ամեն անգամ մի նոր գույն է ավելանում»,-ներկայացնում է նախաձեռնության գաղափարը:

 

Խոսելով այն ազդեցության ու տպավորությունների մասին, որ թողնում է հայ երգն ու երաժշտությունը օտար հանդիսատեսի վրա՝ արվեստագետը մի դեպք է հիշում.

 

Հանդիաատեսը փորձում է բառից այն կողմ տեսնել, էմոցիոնալ դաշտ է ստացվում

 

«Այստեղ հայկական մշակույթի օրեր էին, Եւրոպական մշակույթների թանգարանը մի շարք միջոցառումներ էր պատրաստել, իմ մենահամերգով փակվեց, դեսպանն էր եկել, քաղաքական գործիչներ, բայց ուրախացա, որ ահագին հայ երիտասարդ էր եկել: Տպավորությունը հետաքրքիր էր, որ մի մասով ներկայացնելով իմ գրած երգերը, մյուսով հայկական ժողովրդական երգեր, նկատեցի, թե անկախ նրանից, ինչ լեզվով ես երգում, հանդիսատեսը փորձում է բառից այն կողմ տեսնել, էմոցիոնալ դաշտ է ստացվում, ու դու դա զգում ես քար լռությունից կամ ոգևորված խոսակցություններից»:

 

ԻՄ ԽԱՐԻՍԽԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Հայաստանն ուղեկից է հայրենիքը թողած հայ արվեստագետին, որքան էլ հիասթափություններով է հեռացել, ոչ միայն երկրի ընդհանուր վիճակի, այլև թատրոնում հանդիպած խոչընդոտների պատճառով: Արդյունքն այն է, որ հայ արվեստագետն արդեն 20-րդ տարին է՝ ստեղծագործում է Գերմանիայում, բայց կապը չի կորցնում հայրենիքի հետ:

 

Մարդիկ քեզ ճանաչում են, հայկական թեման բավարար է, որ դիմեն

 

«Արևմուտռքում արվեստով զբաղվել նշանակում է զրկանքների գնալ, հրաժարվել շատ բաներից, ֆանատի պես կենտրոնանալ:  Ժամանակի ընթացքում կոմերցիան շատանում է, արվեստը նվազում է, բայց ուրախ եմ, որ ամեն տարի կամ 1-2 կարևոր ծրագիր է լինում, որ հնարավորություն է տալիս, որ մարդ ստեղծագործի: Օրինակ՝ 15 թ-ին ֆիլմ նկարեցին ֆրանսիացիները 7 հայի հետ, որոնց թվում ես ու աղջիկս գնացինք Արևմտյան Հայաստան: Ֆիլմը կոչվում է «Ճանապարհորդություն դեպի Անատոլիա», որը «Ոսկե ծիրանի» հայկական շրջանակներում ցույց տվեցին: Ծրագրեր հաճախ են լինում, և եթե մարդիկ քեզ ճանաչում են, հայկական թեման բավարար է, որ դիմեն»:

 

Իսկ հայկական ինքնությունը հաճախ է մտորելու առիթ տալիս, որ հայրենիքում ինչ-որ բան ես թողել, ու այդ զգացողությունն է, որի մասին խոսելով՝ գերմանահայ արվեստագետը նշում է, թե գուցե օր ծերության վերադառնա Հայաստան:

 

«Նավը որ խարիսխ է գցում, իմ խարիսխը Հայաստանում է մնացել: Ընդհանրապես անհնար է միաժամանակ ապրել տարբեր իրականություններում: Ես փաստորեն ապրում եմ մի քանի իրականության մեջ, ես ապրում եմ այստեղի մշակութային կյանքով, բայց ուշքս, միտքս Հայաստանն է, թե ինչ է կատարվում, առանց Հայաստանի իմ գոյությունը համարում եմ անիմաստ»:

 

Նա ձգտում է նաև իր արմատների մասին գիրք գրել, հետաքրքրված է պատմությամբ, ու այդ ընթացքում պարզել է, որ մայրական կողմից իր նախնիները Ադանայից են՝ Արծրունիների ժառանգորդներ: «Ազգականս պատմում է, որ երբ մի քանի դար առաջ Ադանայից տեղափոխվել են Անատոլիայի խորքերը, ստիպված են եղել ծպտվել ուրիշ ազգանունների տակ, կեսը դարձել են Թորոսյան, կեսը Թաշչյան»: