Home / Canadahye  / Մոնրեալում բնակվող պարսիկ Արաշ Թեյմուրյանը, ում հայկական արմատների մասին վկայում է միայն ազգանունը

Մոնրեալում բնակվող պարսիկ Արաշ Թեյմուրյանը, ում հայկական արմատների մասին վկայում է միայն ազգանունը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Միակ բանը, որ Իրանում ծնված Արաշին հուշում է հայկական արմատների մասին, ազգանունն է. Թեյմուրյան: «Ես պարսիկ եմ»,-ասում է հայերենով, որը սովորել է Հայաստանում անցկացրած 7 տարիներին: Իսկ իրականում պարսի՞կ է, հա՞յ, թե՞ պարսկահայ, Արաշ Թեյմուրյանին մինչ օրս պարզել չի հաջողվել, միայն թե խոստովանում է՝ ներքին ամուր կապ է զգում Հայաստանի հետ:

 

Արաշը ծնվել է Իրանում, 7 տարի ուսանել Երևանի պետական կոնսերվատորիայում, այնուհետ վերադարձել Իրան, որտեղ կարճ ժամանակ դասավանդել է, իսկ այնտեղից էլ տեղափոխվել Կանադա: Այսօր նա ապրում է Մոնրեալում, բայց որպես երաժիշտ, ստեղծագործել չի հասցնում. 7 ամիս առաջ հիմնել է Հարմոնիայի երաժշտության ու արվեստի ակադեմիան (Harmony Academy of Music & Arts), որտեղ ուսանողներին հավասարապես ուսուցանում է հայկական ու պարսկական երաժշտություն:

 

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ԴԱՍԱԽՈՍԸ

Հաճույքով է հիշում Հայաստանն ու կոնսերվատորիայի իր դասախոս Իսրայելյանին, «ամենալավ դասախոսն է աշխարհում»,-ասում է ու հավելում, որ նույնիսկ Կանադայում ուսումը շարունակելիս չի հանդիպել նման լավ մասնագետների, որից հետո Թեհրանում աշխատել է երկու տարի, բայց հեռանկարային չի եղել:

 

Իմ հայրը պատմել է, շատ հետաքրքիր է, որ փոխվել է ամեն ինչ, միայն մեր ազգանունն է մնացել

 

«Արվեստի ոլորտում դժվար է աշխատել Պարսկաստանում, դրա համար որոշեցի գալ Կանադա, գնացի մի հատ էլ Մոնրեալի համալսարան: Ուզում եմ համեմատել՝ իմ կուլտուրան արդեն մի քիչ հայերին է մոտեցել: Պատմությունը գիտեմ, որ հայերի հետ հարաբերություն ունեցել ենք, իմ հայրը պատմել է, շատ հետաքրքիր է, որ փոխվել է ամեն ինչ, միայն մեր ազգանունն է մնացել, և հիմա ես չեմ կարող ասել՝ հա՞յ եմ, թե՞ պարսիկ, հիմա չգիտեմ էլ մաքուր պարսի՞կ եմ, թե՞ մաքուր հայ եմ»,-անկեղծորեն պատմում է Թեյմուրյանը:

 

Անկախ ազգությունից, Թեյմուրյանը հիացմունքով է խոսում Հայաստանի մասին, որտեղ ոչ միայն մշակույթին ծանոթացավ, այլև լեզուն սովորեց:

 

Երբ մտածում եմ Հայաստանի մասին, իմ սիրտը կանգնում է, էդքան սիրում եմ այնտեղը

 

«Հայաստանն իմ հայրենիքի նման է, մի քիչ ավելի շատ:  Երբ մտածում եմ Հայաստանի մասին, իմ սիրտը կանգնում է, էդքան սիրում եմ այնտեղը, բայց այսպես եղավ, ստիպված այդպես արեցի, պետք էր Կանադա գնայի, դրա համար վերադարձա Պարսկաստան, այնտեղից Կանադա, բայց հիմա էլ ես խոսում եմ, կապ ունեմ իմ դասախոսի հետ»,-ասում է պարսկահայը:

 

ՀԻՄՆԵՑ ԱԿԱԴԵՄԻԱ

Կանադայում նրան հրավիրում են ակադեմիայում աշխատելու, սակայն ծրագրերը փոխվեցին, երաժիշտը որոշեց իր ակադեմիան հիմնել:

 

Որակով և հզոր ակադեմիա ունենանք Մոնրեալում

 

«Ասացի՝ լավ, ես գլխավոր եմ, պիտի առաջ գնամ, ու մի ակադեիա էլ ես պիտի բացեմ: Հիմա էլ սիրով մենք աշխատում ենք, որակով և հզոր ակադեմիա ունենանք Մոնրեալում, մինչև հիմա էլ կարծեմ հաջողություն ունեցել ենք»,-ասում է հիմնադիրը:

 

Կանադացիներն էլ որ գալիս են, էլի բացատրում եմ ՝ ինչ է մեր հայ երաժշտությունը, ինչ է պարսկական երաժշտությունը

 

100-ից ավելի ուսանողները հայեր են, պարսիկներ, այլազգիներ, բայց բոլորին միավորում է մեկ բան. «Կանադացիներն էլ որ գալիս են, էլի բացատրում եմ ՝ ինչ է մեր հայ երաժշտությունը, ինչ է պարսկական երաժշտությունը, շատ եմ խոսել նրանց հետ Կոմիտասի վրա, բացատրել եմ՝ որտեղից ենք եկել, ոնց ենք աշխատում»,-պատմում է երաժիշտը, ով, սակայն, անձամբ ստեղծագործելու ժամանակ չի ունենում: Ակադեմիայի հիմնումը ստիպեց կենտրոնանալ բիզնեսի զարգացման ուղղությամբ: Պատմում է.

 

Միշտ պետք է ապացուցենք՝ ով ենք, որտեղից ենք եկել

 

«Միայն այս գործի վրա եմ աշխատում, ժամանակ է լինում՝ կոմպոզիցիայի վրա եմ աշխատում: 5 ամիս է՝ ավելի քիչ եմ աշխատել, կենտրոնացել եմ բիզնեսի վրա: Այստեղ այդպես է, որ միշտ պետք է ապացուցենք՝ ով ենք, որտեղից ենք եկել»:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՓՈՐՁԱԴԱՇՏ

Կոմպոզիցիայի վրա աշխատելն այսօր բազմազբաղ կանադահայի երազանքն է, իսկ մինչ այդ դեռ շատ անելիքներ ունի. Մտադիր է ավելացնել ուսանողների թիվն ու մեծացնել ակադեմիայի տարածքը, իսկ խնդիրներ, վստահեցնում է, չի ունեցել, ու դարձյալ պատճառը Հայաստանն է: Ասում է՝ մարդը, ով Հայաստանում կարողացել է հաղթահարել դժվարությունները, այլևս երբեք որևէ տեղ խնդիր չի ունենա:

 

Կանադա երբ որ եկա, արդեն ոնց որ ամեն ինչ գիտեի, ոչ մի խնդիր չունեինք

 

«Ես որ եկա Հայաստան, շատ խնդիրներ ունեցա, դուք կարող եք հասկնալ՝ մի բառ հայերեն չգիտեի, 7 տարվա ընթացքում շատ բաներ սովորեցի: Կանադա երբ որ եկա, արդեն ոնց որ ամեն ինչ գիտեի, ոչ մի խնդիր չունեինք: Մարդիկ, որ ինձ նման եկել են այստեղ, ոչ մի խնդիր չունեն, մարդ եթե Հայաստանում է ապրել, եթե հայերեն խոսում է, ամեն տեղ էլ կարող է ապրել, որովհետև Հայաստանում ամեն ինչ կսովորի»,- համոզված է նա:

 

Տղան Հայաստանում է ծնվել, դուստրը՝ Կանադայում

 

Երկիրը, որտեղ շատ բան է սովորել ոչ միայն երաժշտության ասպարեզում, այլև կյանքում կիրառելու համար, թանկ է դարձել Արաշ Թեյմուրյանի համար: Բազմաթիվ գեղեցիկ հիշողություններ են կապված երկրի հետ, իսկ ամենակարևորը իր որդու ծնունդն է եղել. Տղան Հայաստանում է ծնվել, դուստրը՝ Կանադայում: Հետևաբար ձգտում է կապը պահպանել երկու երկրների հետ էլ: Ասում է.

 

«Իհարկե, մտածում եմ վերադառնամ Հայաստան, կարելի է, որ գոնե տարվա մեջ 6 ամիս այնտեղ գնամ, այդ կյանքը որ անցել ենք, մի անգամ էլ զգանք, շատ լավ ժամանակներ էին»: