Home / Canadahye  / Ինչո՞ւ է Մոնրեալը զիջում Տորոնտոյին «Հայաստան» համահայկական հիմնադրամին օգնելու հարցում. Ատենապետը՝ պատճառների ու մարտի 2-ին սպասվող մեծ հանդիսության մասին

Ինչո՞ւ է Մոնրեալը զիջում Տորոնտոյին «Հայաստան» համահայկական հիմնադրամին օգնելու հարցում. Ատենապետը՝ պատճառների ու մարտի 2-ին սպասվող մեծ հանդիսության մասին

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Հայաստան համահայկական հիմնադրամի Մոնրեալի մասնաճյուղն այս տարի մի կարևոր նպատակի է ծառայեցնելու իր հանգանակած միջոցները. Դրանք հատկացվելու են առողջապահական օղակին՝ կանխածին երեխաների ու շնչառական դժվարություններ ունեցող անձանց համար ապարատներ ձեռք բերելու նպատակին:

 

26 տարի առաջ Մոնրեալում Թովմաս Ֆրունճյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց հիմնադրամի Մոնրեալի մասնաճյուղը: Համահայկական նախաձեռնությանը մաս կազմելը հայրենասեր մոնրեալահայը ստանձնեց պարտքի ու պատասխանատվության զգացումով:

 

Ամեն տարի մեր ծրագրերը լիուլի կըլլան, և ես շատ գոհ եմ մեր մասնակցությամբ

 

«Ես աս գործին մեջ մտած եմ, որովհետև Հայաստանը կսիրեմ ու կուզեմ հայրենիքիս օգտակար կըլլամ, սիրով կընեմ, որովհետև գիտեմ, որ իմ ժողովուրդիս օգտակար կըլլամ: Ամեն տարի, երբ որ ժողովներու կերթանք, մեր ըրածի արդյունքը կտեսնենք, ամեն տարի մեր ծրագրերը լիուլի կըլլան, և ես շատ գոհ եմ մեր մասնակցությամբ»,-Noranor.ca-ին պատմում է Թովմաս Ֆրունճյանը:

 

ԲԱՐԻ ՆԱԽԱՆՁ ՏՈՐՈՆՏՈՅԻ ՀԱՆԴԵՊ

Հիմնադիր ատենապետը աշխատանքի բերումով որոշ ժամանակ դադարեցրել էր համագործակցությունը, վերջին չորս տարիներին վերստանձնել է սիրով, բայց այն արդյունքները, որ գրանցում է մասնաճյուղը, դեռևս չի գոհացնում Ֆրունճյանին: Կանադայի օժանդակությունն ամեն տարի զգալի է եղել հիմնադրամին, բայց մեծ մասամբ՝ Տորոնտոյի նվիրաբերությունների շնորհիվ:

 

Քվեբեկ նահանգի նվիրաբերությունը 40-50 հզր է տարեկան

 

«Ես բարի նախանձ ունիմ Տորոնտոյին, շատ կփափագեի, որ Մոնրեալի մեջ ալ անձինք այդպիսի նվիրատվություններ ընեին: Կերևի, թե Տորոնտոյի մեջ մեծահարուստներ կան, որ շատ մեծ գումարներ կհավաքեն, դժբախտաբար Մոնրեալի մեջ այդպիսի անձինք չունինք: Հավաքածները ընդհանրապես քանի մը հարյուր դոլար է կամ 1000 դոլար մեկ անձե, կան մեկ–երկու անձ, որ տարեկան 5-10 հազար կու տան, բայց դժբախտաբար Քվեբեկ նահանգի նվիրաբերությունը 40-50 հզր է տարեկան»,-ասում է  ատենապետը:

 

ՊԱՏՃԱՌԸ՝  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ

Մոնրեալահայերի հնարավորությունների ու ցանկության պակա՞սը, թե՞ կառույցի ախատանքն է պատճառը, որ մեծ նվիրատվություններ չեն լինում: Ֆրունճյանը վստահեցնում է՝ ամեն ջանք գործադրում են միջոցները կենտրոնացնելու հայրենիքում կարևոր գործի կատարմանը, սակայն  մի քանի պատճառներ կան:

 

Մինչև այսօր կըսեին՝ ինչո՞ւ պիտի օգնենք Հայաստան, այնտեղ օլիգարխներ կան, մեծահարուստներ կան, թող անոնք օգնեն

 

«Մինչև այսօր կըսեին՝ ինչո՞ւ պիտի օգնենք Հայաստան, այնտեղ օլիգարխներ կան, մեծահարուստներ կան, թող անոնք օգնեն: Այս է պատասխանը այն անձանց, որ փախնել կուզեն և չեն ուզե տա: Իսկ վստահության հարց պիտի չըլլա: Այո, վերջերս Հայաստան հիմնադրամի մեջ խնդիրներ եղան, շտկվեցան բարեբախտաբար, մեծ վնաս մը չհասցուց հիմնադրամին: Նոր տնօրինություն կա, և հուսով ենք, որ այս տարի հունիսին տարեկան ժողովը կունենանք հոգաբարձուների հետ Հայաստանի մեջ, նոր ծրագիրներ կան, նոր միջոցներ ձեռք առնենք, որ ժողովուրդն ավելի վստահությամբ գա և ավելի մասնակցի»,-նշում է Մոնրեալի պատասխանատուն:

 

Բացի սրանից, մեկ այլ պատճառ ևս տեսնում է կառույցի ատենապետը: Մոնրեալի հայկական բոլոր կազմակերպությունները ֆինանսական աջակցություն են փնտրում, հետևաբար ասում է.

 

Ժողովուրդն ալ շվարած է՝ որ մեկին պիտի հասնին՝ դպրոցի՞ն, եկեղեցո՞ւն, կուսակցություններո՞ւն պիտի տան

 

«Մոնրեալում եկեղեցիները դրամի պետք ունին, սրահները դրամի պետք ունին, դպրոցները դրամի պետք ունին: Ժողովուրդն ալ շվարած է՝ որ մեկին պիտի հասնին՝ դպրոցի՞ն, եկեղեցո՞ւն, կուսակցություններո՞ւն պիտի տան: Պայմանները նպաստ չեն մեզի համար, շատերը կմտածեն, որ մենք առաջ պիտի Մոնրեալի մեջ եղած կազմակերպություններուն օգնենք, իսկ Հայաստանը երկրորդ կարգին կու գա»:

 

Անկախ պատճառաբանություններից կարողանում են տարբեր ծրագրեր կյանքի կոչել, վերջին 4 տարիներին հանգանակած գումարով, օրինակ, Արցախի Ասկերանի շրջանի Խնացք համայնքի գյուղապետարանի շենքն են կառուցել, որն ունի տարբեր սրահներ՝ համակարգչային, բժշկական սենյակներ, հանդիսությունների սրահ և այլն:

 

ՄԵԾ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ

Պատճառները չպետք է արդարացում լինեն աշխատանք չտանելու, ուստի Մոնրեալի կառույցի ատենապետը վերջին երկու տարիներին համայնքում հատուկ միջոցառում է կազմակերպում մոնրեալահայերին ոգևորելու համար: Պատմում է.

 

Չնչին գումարով կու գան, մենք, անշուշտ, ծախսերը կվճարենք, իրենք ալ սիրով կմասնակցեն ձեռնարկին

 

«Հայաստանեն երգիչներ կբերենք, լավ երգիչներ են, բայց մեծ գումարներ չենք տրամադրե իրենց, ինչպես որ Մոնրեալի մեջ որոշ եկեղեցիներ կընեն՝ 15-20 կամ 30 հզր վճարումներ, այդպիսի բան չունինք: Չնչին գումարով կու գան, մենք, անշուշտ, ծախսերը կվճարենք, իրենք ալ սիրով կմասնակցեն ձեռնարկին: Ասիկա երկրորդ տարին է, որ կընենք, անցյալ տարի 400 հոգի եկած էր, բայց վերջիվերջո արդյունքը նույնն է. 40-50 հզր կհավաքվի, և անոր համաձայն ծրագրեր կընենք»:

 

Այս տարի միջոցառումը նախատեսված է մարտի 2-ին, Հայաստանից Մոնրեալ կժամանեն տաղանդավոր երիտասարդ կատարողներ Սոնա Ռուբենյանն ու Վարդան Բադալյանը: Թովմաս Ֆրունճյանը կոչ է անում Քվեբեկի հայերին մասնակցել այս կարևոր ձեռնարկին.

 

Իմ կոչն է, որ մեր հայ երեխաները հիվանդ չձգեն

 

«Այս տարվա ծրագիրը շատ կարևոր է. այս շնչառական մեքենաները բազմաթիվ երեխաներու կյանք կփրկեն: Իմ կոչն է, որ մեր հայ երեխաները հիվանդ չձգեն, և իրենց պետք է օգնենք»,-հորդորում է մոնրեալահայը:

 

Նախաձեռնության ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալ նաև հիմնադրամի Մոնրեալի մասնաճյուղի տարիների աշխատանքին, կտեսնեն, թե ինչ նպատակի է օգտագործվել իրենց համայնքի կողմից մինչ այժմ ցուցաբերած օգնությունը:

 

Իսկ թե ինչ նպատակի են ծառայեցնում այն, որոշում են հիմնադրամի ղեկավարության հետ միասին: Առաջարկվող ծրագրերից իրենք են ընտրում, թե որի համար են պատրաստ նվիրաբերել իրենց օգնությունը: