Home / Canadahye  / Որքա՞ն ժամանակում են Կանադա ներգաղթած սիրիահայերն ու հայաստանցիները կարողանում բնակարանատեր դառնալ. Մոնրեալահայ բրոկերի նախաձեռնությունը

Որքա՞ն ժամանակում են Կանադա ներգաղթած սիրիահայերն ու հայաստանցիները կարողանում բնակարանատեր դառնալ. Մոնրեալահայ բրոկերի նախաձեռնությունը

 

Մոնրեալ (Նորանոր) _ Կանադան, որ 2016թ-ից ներգաղթի ակտիվ քաղաքականություն է իրականացնում ու ընդունում ոչ միայն պատերազմական Սիրիայից գաղթած քաղաքացիներին, այլև տարբեր երկրների մասնագետներին, արդյո՞ք հնարավորություն տալիս է հեշտությամբ լուծել բնակարանային խնդիրները:

 

Այս հարցը մնում է առաջնայիններից մեկը, քանի դեռ բազմաթիվ հայեր ոչ միայն Սիրիայից, այլև հենց Հայաստանից. Լիբանանից մեկնում են Կանադա հիմնական բնակություն հաստատելու նպատակով: Իսկ թե ինչ ժամանակահատվածում ու ինչ պայմաններով է հայերին հաջողվում բնակարանատեր դառնալ այս երկրում, հարցի շուրջ Noranor.ca-ը զրուցել է մոնրեալահայ անշարժ գույքի վաճառքի մասնագետ Հովիկ Խաչերյանի հետ:

 

Առիթը առաջիկայում նախատեսված հայերեն սեմինարն է, որ նախաձեռնել են Խաչերյանն ու իր գործընկեր Հարրի Օհաննիսյանը՝ նպատակ ունենալով նորեկներին ծանոթացնել շուկայի իրավիճակին:

 

ԻՆՉՊԵ՞Ս ՏՈՒՆ ԳՆԵԼ

Միայն առաջիկա հանդիպումը չէ, որի մասին պատմում է Խաչերյանը: Որքա՞ն ժամանակ է պահանջվում, որպեսզի նորեկ հայերը կարողանան բնակարան ձեռք բերել, ի՞նչ պայմաններ են հարկավոր, ինչպիսի՞ դժվարությունների են հանդիպում և ինչպե՞ս են ազդում Մոնրեալի անշարժ գույքի շուկայի տատանումները գործընթացի վրա: Այս հարցերն է մանրամասնում ոլորտի մասնագետը:

 

Շատ մարդիկ տուներ գնում են, ու լսում էինք պատմություններ, որ չէին կարողանում տակից դուրս գալ, քանի շատ ծախսեր կային հետը

 

«Շատ ծանոթացանք հայերու հետ վերջին երկու-երեք տարիներուն, որ ուզում էին տուն գնել և հարցնում էին՝ ինչ անել, ուրիշ տեղից էին եկել, իրենց ստեղ չէին բացատրել՝ ինչպես է աշխատում, ինչպես պետք է պատրաստվել, որպեսզի կարողանանք տուն ձեռք բերել: Երբ որ հասկացանք, որ նույն հարցերը առաջ են գալիս շատերի մոտ, ասացինք` սեմինար անենք, խոսենք՝ ինչպես պատրաստվել, որոշ օրենքներ ներկայացնել, գաղափար տանք՝ տուների գներն ինչ են ամեն մեկ թաղամասի մեջ, ինչքան գրպանը պետք է փող ունենա: Շատ մարդիկ տուներ գնում են, ու լսում էինք պատմություններ, որ չէին կարողանում տակից դուրս գալ, քանի շատ ծախսեր կային հետը»,-ներկայացնում է Խաչերյանը:

 

Նա ծնվել է Կանադայում, իսկ ծնողները 28 տարի առաջ գաղթել են Սիրիայից, հետևաբար Հովիկը լավ է պատկերացնում այն նորեկ սիրիահայերի վիճակն, ովքեր թողել են իրենց ունեցվածքն ու դատարկաձեռն եկել նոր երկիր:

 

Շատ լավ հասկանում եմ մարդկանց, որ Սիրիա ունեին տուն, ունեին բիզնես, ու հիմա ստեղ նոր են սկսում

 

«Սրտիս մոտ է այս իրականությունը, դրա համար շատ լավ հասկանում եմ մարդկանց, որ Սիրիա ունեին տուն, ունեին բիզնես, ունեին խանութ, ունեին լիքը բաներ, ու հիմա ստեղ նոր են սկսում, փորձում են նպատակներին հասնել, իհարկե, հայաստանցիների առջև էլ ենք բաց»,-նշում է նա:

 

ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ

Խոսելով ժամկետների մասին՝ ոլորտի մասնագետը տարանջատում է սիրիահայերի երկու խումբ, որոնք ժամանում են Մոնրեալ ֆինանսական տարբեր կարգավիճակներում:

 

Եւ ոչ մեկին հարցում մը չէ՝ արդյոք տուն գնեմ, թե չգնեմ, գլխավոր հարցն է, թե երբ պատրաստ կարող եմ լինել տուն գնելու համար

 

«Առաջինը, որ Սիրիայից եկել են այստեղ, կարողացել են, որոշ չափով, ինչ որ ունեն Սիրիայում վաճառել ու գալ  այստեղ, բանկի հաշվի մեջ գումար ունեն, իսկ ուրիշները կան, որ ոչինչ չեն կարողացել վաճառել, եկել են ոչ  մի բանով: 95 տոկոսը ժողովրդին առաջին երկու տարվա մեջ վարձով է ապրում, դրանից հետո սկսում են տուն առնել, ամեն տեղ մարդիկ ըսել են՝ տուն գնեցեք, ընդամենը մի քանի հարյուր ավելի եք վճարում ամեն ամիս, ու տունը ձեզ է մնում: Իսկ Սիրիայում ընդունված չէ վարձով ապրելը, ամեն մարդ տուն է գնել, հաճախ ունեն 2-3 տուն: Եւ ոչ մեկին հարցում մը չէ՝ արդյոք տուն գնեմ, թե չգնեմ, գլխավոր հարցն է, թե երբ պատրաստ կարող եմ լինել տուն գնելու համար»,-նկարագրում է բրոկերը:

 

Եթե ընտանիքում կա առնվազն երկու աշխատող, ապա շատ հեշտությամբ կարողանում է լուծել խնդիրը, հավատացնում է Հովիկ Խաչերյանը, իսկ թե որոնք են նրանց դժվարությունները, մասնագետը նշում է.

 

Իրենց մուտքին համեմատ իրենց ուզած տունը չեն կրնա գտնել

 

«Շատ նորեկներ, քանի որ լեզուն չգիտեն, սահմանափակված են՝ ինչ գործ կրնան ընեն, դրա համար իրենց մուտքին համեմատ իրենց ուզած տունը չեն կրնա գտնել, և իրենց ժամանակ է պետք՝ ներդրում անեն, լեզու սովորեն, քանի իրենք մասնագետ եղել են, բիզնես են արել, կամ, օրինակ, հոգեբան են եղել, ստեղ գալիս են ու սուպերմարկետի մեջ աշխաստում են կասսայի աշխատող»:

 

ԲԱՆԿԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ

Ոչ պակաս կարևոր է երկրորդ դժվարությունը, որին բախվում են նորեկները: Սիրիայում նրանք սովորաբար չեն օգտվել վարկերից, այնինչ Կանադայում, որպեսզի հիփոթեքով կարողանան բնակարան ձեռք բերել, պետք է ապացույց ունենան, որ ի վիճակի են կանոնավոր ու պարտաճանաչորեն ստանձնել վարկառուի պարտականությունները:

 

Այստեղ քեզի ինչ-որ ձևով պարտադրում է, որ դու վարկով ապրես, որ ցույց տաս, որ պատասխանատու անձ մըն ես

 

«Դա ավելի մեծ դժվարություն է, քանի հաճախ Սիրիայում մարդիկ առանց վարկի ապրում են, փող են աշխատում ու ծախսում են, այստեղ քեզի ինչ-որ ձևով պարտադրում է, որ դու վարկով ապրես, որ ցույց տաս, որ պատասխանատու անձ մըն ես, ու պետք է բանկին  վստահություն ներշնչես»,-ասում է կանադահայ երիտասարդը:

 

Մոնրեալում համեմատաբար ապահով է շուկայի իրավիճակը, նույնը չի կարելի ասել Տորոնտոյի ու Վանկուվերի մասին, որտեղ անշարժ գույքի գները շատ ավելի արագ են աճում, քան քաղաքացիների եկամուտները:

 

Այնտեղի ապրողների մոտ այն երազանքը, որ մի օր տուն ունենամ, դժբախտաբար անհետացավ

 

«Տորոնտո ու Վանկուվեր վերջին 6-7 տարվա ընթացքին տեսանք՝ տուների գները կրկնապատիկ, եռապատիկ աճեցան, և այնտեղի ապրողների մոտ այն երազանքը, որ մի օր տուն ունենամ, դժբախտաբար անհետացավ, քանի այլևս հեշտ չէ տուն գնել աշխատավարձով:  Մոնրեալի շուկայում, այո՛, գները բարձրանում են, բայց 5-10 տոկոս, ոչ կրկնապատիկ: Դա թույլ է տալիս, որ աշխատավարձը մոտ մնա տուների գներին»,-ասում է բրոկերը: