Home / Canadahye  / Մոնրեալաբնակ Զավեն Թաթուլյանը Կանադայում ապրում է հնարավորություններից օգտվելու համար, իսկ Հայաստանում՝ ինչ-որ բան տալու համար

Մոնրեալաբնակ Զավեն Թաթուլյանը Կանադայում ապրում է հնարավորություններից օգտվելու համար, իսկ Հայաստանում՝ ինչ-որ բան տալու համար

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Սուրբ Սարգսի տոնն օրեր առաջ Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էր համախմբել ավելի քան 200 մոնրեալահայերի: Եկեղեցական տոնի խորհուրդն ու ավանդական հայկական ծիսակարգը միավորելով՝ հայ համայնքը հնարավորություն ուներ զգալ քրիստոնյա Հայաստանի շունչը: Միջոցառումը նախաձեռնել ու կազմակերպել էր Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նորաստեղծ երիտասարդական միությունը:

Մեկ ամիս առաջ է հիմնվել միությունը մի խումբ մոնրեալահայերի միասնական ջանքերով, իսկ տոների անցկացումը նրանց նպատակներից մեկն է միայն: Կամավորական թիմը մտադիր է օժանադակել հայերին բազմաթիվ հարցերում, ուշադրության կենտրոնում լինելու են հատկապես արևելահայերենի ուսուցումն ու նորեկներին օգնելը բնակարանային, աշխատանքի հարցերում:

 

Նորեկ էմիգրանտներին, կապ չունի՝ որ երկրից, օգնություն ցուցաբերել հենց օդանավակայանից սկսած, դիմավորել, բերել, գույքային հարցերով օգնել:

 

«Երիտասարդներով հավաքվեցինք, մտածեցինք, որ կարելի է երիտասարդական միություն ստեղծել, մեր նպատակը հայությանը համախմբել ու հայանպաստ գործեր անել, օրինակ՝ նորեկ էմիգրանտներին, կապ չունի՝ որ երկրից, օգնություն ցուցաբերել հենց օդանավակայանից սկսած, դիմավորել, բերել, գույքային հարցերով օգնել: Օրինակ՝ մարդ կա, որ տանը գույք ունի, սպասք ունի, որ ուզում է մեկին նվիրի, էդ աշխատանքները կոորդինացնել, նաև ուղղություն տալ, որ աշխատանք գտնեն»,-Noranor.ca-ի հետ զրույցում պատմում է միության ատենապետ Զավեն Թաթուլյանը:

 

ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ

Զավենն իր ընտանիքի հետ Կանադա է գաղթել 2012թ-ին, Հայաստանից: Մասնագիտությամբ փաստաբան Զավեն Թաթուլյանի համար սա ոչ թե սոցիալական բարեկեցության ձգտում էր, այլ նոր հնարավորություններն օգտագործելու փորձ, ինչը յուրացնելու համար ժամանակ պահանջվեց:

 

Ոչ մի կազմակերպություն չի օգնել, ու հենց դա ենք ուզում անել, այսինքն՝ այն, ինչի կարիքն ինքներս ունենք

 

«Ոչ մի կազմակերպություն չի օգնել, ու հենց դա ենք ուզում անել, այսինքն՝ այն, ինչի կարիքն ինքներս ունենք: Երբ որ մենք ժամանեցինք Կանադա, ինչ-որ կառույց, որ կարողանար հեշտացնել մեր գործը, չկար, բայց եթե լիներ, ես ավելի շուտ ամեն ինչի հասած կլինեի: Երբ գալիս ես, չես ճանաչում, մեկը չկա, որ ասի, որ համալսարանական կրթության սիստեմն այսպես է: Ինֆորմացիան երբ չունես, ժամանակ ես կորցնում որակավորմանդ անհամապատասխան գործերի վրա, իսկ եթե մեկը Կլինի, որ ճիշտ խորհրդատվություն տա,  ժամանակ չես կորցնի, և ինչքան արագ համապատասխան աշխատանք գտնեն, այնքան ավելի համայնքի շահերից կբխի»,-ներկայացնում է մոնրեալաբնակ հայը:

 

Մեկնելով Կանադա՝ Զավենը ընդունվեց համալսարան, վերաորակավորվեց իր մասնագիտության մեջ, ավարտեց նաև մագիստրատուրան, իսկ այսօր որպես իրավաբան՝ աշխատում է նոտարական գրասենյակում:

 

ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Սա չի խանգարում իրավաբանին ներգրավվել նաև համայնքային կյանքում: Նման աշխատանքաների իրականացումն առանցքային նշանակություն ունի համայնքի պահպանման գործում: Նկատելով, որ տեղում միայն արևմտահայերն են սովորում, որոշել են նաև արևելահայերենի կիրակնօրյա դասընթացներ կազմակերպել:

 

Սկսել ենք կազմակերպչական աշխատանքները կիրակնօրյա արևելահայերենի դասընթացների, գրքերը պատվիրված են

 

«Մեկ ամսվա ընթացքում սկսել ենք կազմակերպչական աշխատանքները կիրակնօրյա արևելահայերենի դասընթացների, գրքերը պատվիրված են, շուտով կգան: Մի քանի ամսից օֆիցիալ ձևով կսկսենք օժանդակությունը նոր ժամանող հայերի, ավելի շատ ժամանում են, երբ օրերը տաքանում են, գարնան վերջին»,-նշում է իրավաբանը:

 

Անցյալ տարի Հայաստանից ժամանողների թիվը մեծ չի եղել, ի տարբերություն 2016-17թթ-ի, երբ ոչ միայն սիրիահայերին ընդունեց Կանադան, այլև ներգաղթելուհնարավորություն տվեց ավելի վաղ էմիգրացիոն ծրագրին դիմած հայաստանցիներին:

 

ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ի տարբերություն ներգաղթողների, Զավենը վստահեցնում է, որ շատ են Հայաստան վերադառնալու տրամադրություններ ունեցող հայերը, մի քանիսը վերադարձել են:

 

Ես Հայաստանում եմ պատկերացնում իմ երեխաների ապագան, բայց Կանադան նոր հնարավորություն է

 

«Ցանկություն ունեցողներ կան, մանավանդ Թավշյա հեղափոխությունից հետո  ոգևորվածություն կա, որ ուզում են վերադառնա: Մեկը ես ուզում եմ վերադառնալ: Ես Հայաստանում եմ պատկերացնում իմ երեխաների ապագան, բայց Կանադան նոր հնարավորություն է, որ կարող ես ավելի արագ զարգանաս, շատ հարցերում կարող է նպաստել, որ կրթություն ձեռք բերես, լեզուներ սովորես, երեխաները երկրորդ անձնագիր ունենան: Բայց բնականաբար Հայաստանում եմ պատկերացնում մեր կյանքը»,-վստահեցնում է երիտասարդ մոնրեալահայը:

 

Եթե Կանադայից դրական սպասումների ակնկալիքներ կային, ապա հայրենիք վերադառնալու ցանկությունը բոլորովին էլ ակնկալիքներով չի պայմանավորված, ասում է.

 

«Ճիշտն ասած՝ մտածում եմ՝ ես ինչ կարող եմ Հայաստանին տալ կամ իմ երեխաները, ոչ մի բան չեմ սպասում»:

 

Ինչ վերաբերում է երիտասարդական միության միջոցով հայրենակիցներին օգնելուն, ապա Զավեն Թաթուլյանը կոչ է անում նրանց, ովքեր պատրաստվում են մեկնել Մոնրեալ, ֆեյսբուքյան էջի միջոցով դիմեն: Արդեն պատրաստ են օգնել նրանց ավելի արագ ինտեգրվել կանադական միջավայրին: