Home / Canadahye  / Եզակի երկիր Արցախը. Կանադացի ռեժիսոր Էվան Հադֆիլդի բնորոշումն ու ֆիլմը՝ ԼՂ-ի մասին. Առաջիկայում այն կքննարկվի Տորոնտոյում հեղինակի մասնակցությամբ

Եզակի երկիր Արցախը. Կանադացի ռեժիսոր Էվան Հադֆիլդի բնորոշումն ու ֆիլմը՝ ԼՂ-ի մասին. Առաջիկայում այն կքննարկվի Տորոնտոյում հեղինակի մասնակցությամբ

Տորոնտո (Նորանոր) _ «Այս տեսանյութը նկարահանելով այս հողակտորի վրա՝ ես կդասվեմ այն հարյուրավոր լրագրողների ու պաշտոնյաների շարքին, ովքեր հայտնվել են «սև ցուցակում»՝ պարզապես այցելելով հակամարտության գոտում գտնվող այս երկիր». Սա մի հատված է Արցախի մասին պատմող ֆիլմից, որի հեղինակը՝ Էվան Հադֆիլդը, 2018թ-ին այցելել է Արցախ ու Հայաստան:

 

Հադֆիլդը կանադացի կինոռեժիսոր է, ով տեսանյութերի շարք է պատրաստում եզակի, հետաքրքիր ու չբացահայտված երկրների մասին: Արցախի ու Հայաստանի մասին իր երեք կարճամետրաժ վավերագրություններում նա վեր է հանում հայ ժողովրդի տխուր ճակատագրի մասին պատմող իրողությունները՝ խոսելով ամուր կամքի մասին, զարմանք արտահայտելով, թե ինչպես է արցախցին դեռևս չճանաչված հողակտորի վրա իր տունն ու եկեղեցին կառուցում, ինչպես է հայը պահում Արցախը մի երկրից, որի բյուջեն անհամեմատ մեծ է Հայաստանի կամ Արցախի հնարավորություններից:

 

Առաջիկայում Տորոնտոյում տեղի կունենա հանդիպում Էվան Հադֆիլդի հետ: Այն նախաձեռնել է Տորոնտոյի հայ ակումբի երիտասարդական միությունը: Փոխատենապետ Նժդեհ Ծատուրյանը հիացմունքով է խոսում այն աշխատանքի մասին, որը կատարել է կանադացի ռեժիսորը: Վստահ լինելով հանդերձ, որ կարող է սպառնալիքների ու ճնշումների տակ հայտնվել, ռեժիսորը չի խորշում ոչ միայն այցելել Արցախ, այլև պատմել ու խոսել իրական փաստերով, ոչ թե այն արձանագրություններով, որոնք պաշտոնական աղբյուրներն են ներկայացնում:

 

Եւ ժողովրդի  մասին է խոսում, և բնության, և պատերազմի մասին, հիմիկվա իրավիճակն էլ է ցույց տալիս

 

«Մենք շատ տպավորված էինք և շատ ուրախ, որ ինքը՝ որպես կանադացի, որոշել է երթալ Արցախ, այնտեղի ժողովուրդին լսել և իրենց կերպարը ցույց տալ:  Իրականությունն է ցույց տվել, մեծ հեղինակություն ունի, շնորհակալ ենք դրա համար: Արցախի պատմությունն է՝  լավ ձևով ներկայացված, և ժողովրդի  մասին է խոսում, և բնության, և պատերազմի մասին, հիմիկվա իրավիճակն էլ է ցույց տալիս»,-ներկայացնում է Նժդեհ Ծատուրյանը:

 

ՆԱԵՎ ԿԱՆԱԴԱՑԻՆԵՐԻՆ

Սա մի պատմություն է, որի մասին պետք է տեղեկացնել ոչ միայն հայ, այլև կանադացի հանրությանը: Այս համոզմանն են եկել երիտասարդները ֆիլմերին ծանոթանալուց հետո, ուստի կարծում են, որ հանդիպմանը ներկա պետք է գտնվեն նաև կանադացիները:

 

Կանադացիների համար էլ հետաքրքիր կլինի, որ Արցախի մասին լսեն, շատերը գուցե առաջին անգամ, Հայաստանի մասին լսեն և տեղեկանան, իմանան՝ ինչ խնդիրներ ունի

 

«Բավականին հետաքրքրություն կա գաղութից, ժողովուրդին առաջարկելու ենք հարցերը պատրաստեն: Վստահ եմ, որ շատ աշխույժ մասնակցություն կլինի: Շատ կուզենք, որ մեր մասնակիցների կեսը հայ լինի և կեսը կանադացի: Հայերը կկարողանան այս չափ յուրահատուկ կերպարը տեսնեն, ով՝ որպես կանադացի, գնացել է Հայաստան, իր վրա ինչ տպավորություն է թողել: Կանադացիների համար էլ հետաքրքիր կլինի, որ Արցախի մասին լսեն, շատերը գուցե առաջին անգամ, Հայաստանի մասին լսեն և տեղեկանան, իմանան՝ ինչ խնդիրներ ունի»,-ասում է տորոնտոհայ երիտասարդը:

 

ԵՐԱԶԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Ոչ միայն լսեն ու ծանոթանան, գուցե նաև ցանկություն ունենան այցելոլու այս երկիր, ճանաչելու ու ապրելու: Նժդեհ Ծատուրյանն ինքը Հայաստանի հետ կապված երազանքներ ունի, որոնք իրականացնելու հնարավորություն կստեղծվի շատ շուտով: Պատմում է, թե ինչպես.

 

Անհամբեր սպասում եմ, որ ես էլ կարողանամ Հայաստան, Արցախ լինել

 

«Այս հունիսին «Դեպի Հայք» ծրագրով երթալու եմ Հայաստան մի տարով, անհամբեր սպասում եմ, որ ես էլ կարողանամ Հայաստան, Արցախ լինել: Առաջուց Երևանում եմ լինելու, հույս ունեմ, որ մի քանի ամիս էլ կկարողանամ Արցախում լինել»:

 

Ուզում եմ ես էլ նույն փորձառությունն ունենալ, որ Հայաստանի հետ կապն ուժեղացնեմ

 

Իսկ թե ինչու որոշեց մասնակցել «Դեպի Հայքին», ասում է. «Մոտ 10 ընկերներս «Դեպի Հայք» ծրագրով գնացել էին Հայաստան, որոշները՝ 4-5 ամսով, որոշները՝ 1 տարով, ամենքը շատ լավ փորձառություն էին ունեցել, իրենց կապը Հայաստանի հետ, ընդհանուր գիտելիքները Հայաստանի մասին շատ էին բարձրացել, ուզում եմ ես էլ նույն փորձառությունն ունենալ, որ Հայաստանի հետ կապն ուժեղացնեմ, Հայաստանի մասին ավելին սովորեմ առիթ ունենամ սովորել ու աշխատել»:

 

Պատահական չէ, որ խոսում է նաև աշխատելու մասին: Չի բացառվում, որ Հայաստանում մեկ տարի ապրելուց հետո վերադառնալու ցանկությունը նվազի: «Ես կարող եմ ասել, որ իմ ընկերներիս շատերի մեջ ցանկությունը կա, որ կապը ամրապնդեն, մյուսներն էլ որոշում են ավելի երկար ժամկետով մնալ, աշխատել ու ապրել»:

 

Եւ սա պատահական չէ, անգամ օտարազգի Էվան Հադֆիլդն է նկատում. Չէ՞ որ սա եզակի երկիր է: